«ԻՆՉՈ՞Ւ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ (ԱՐՑԱԽ), ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ
ՀԱՄԱՁԱՅՆ, ՉԻ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ «ԼՐԱԲԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» քառամսյա հանդեսի 2023 թվականի 3-րդ հատորում (սեպտեմբեր-դեկտեմբեր) հրատարակվել է Փիլիսոփայական, գիտությունների դոկտոր Ալեքսանդր Մանասյանի՝
«ԻՆՉՈ՞Ւ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ (ԱՐՑԱԽ), ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ՉԻ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ» հոդվածը, որտեղից մեջբերում ենք փոքրիկ պատառիկներ։
«Ներածություն
Ղարաբաղյան հիմնախնդիրը կեղծ կարծրատիպերի ծուղակում
Քաղաքական շրջանակներում լայնորեն տարածված է այն կարծիքը, թե Լեռնային Ղարաբաղը (ԼՂ) միջազգային իրավունքով պատկանում է
Ադրբեջանին:
Առանց խնդրի հիմքերին դիմելու հենց իբր ինքնին ակնհայտ այդ գաղափարով է առաջնորդվել ԵԱՀԿ-ն իր հովանու տակ Արցախի՝ շուրջ երեսուն տարի ընթացող բանակցություններում՝ փնտրելով խնդրի այնպիսի լուծում, որ չխախտվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ինչ-որ կերպ ապահովվի նրա սահմաններում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Բանակցությունների ընթացքում ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ի Կանոնադրությանը և Հելսինկյան եզրափակիչ ակտի տառին ու ոգուն հակառակ, գերակա է դիտել պետությունների տարածքային ամբողջականությունը:

Մենք չենք քննի այդ մոտեցման քաղաքական շարժառիթները:
Մեր խնդիրն է ցույց տալ, որ իրավունքի տեսակետից Լեռնային Ղարաբաղը չի պատկանում Ադրբեջանին, և որ տարածքային ամբողջականության սկզբունքը չի վերաբերում նրան:
Միջազգայնորեն հայտնի փաստաթղթերում արձանագրված՝ լույսի պես պարզ այդ ճշմարտությունը և նրա իրավական հետևանքները տեսանելի չեն հանուրին, քանի որ դրանք փակված են մնացել հիմնախնդրի իրավական փաթեթում, որն այդպես էլ ԵԱՀԿ-ն չի բացել:
Այդ փաթեթի ուսումնասիրությանը ձեռք զարկող ցանկացած հետազոտող պետք է մեկնարկի Ադրբեջանական Հանրապետություն հասկացության բացորոշումից, քանի որ այդ «գլխարկի» տակ երեք տարբեր Ադրբեջան կա, և հաճախ պարզ չի լինում, թե Բաքուն ո՛ր մեկի անունից է խոսում»…

«Եզրակացություններ
Չկա իրավական որևէ հիմք պնդելու, թե Լեռնային Ղարաբաղը (Արցախը) 20-րդ դարում Անդրկովկասում «ադրբեջանական» կոչված երեք պետություններից որևէ մեկի մաս էր/է:
Թուրքերի կողմից հիմնած ԱԴՀ-ն, ստանալով Ազգերի լիգային անդամակցելու մերժումը, պատմությունը լքել է առանց հաստատված կամ ճանաչված սահմանների՝ առանց Արցախի:
Արցախը չի եղել նաև Խորհրդային Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի կողմից հիմնված Ադր.ԽՍՀ-ի սուվերեն տարածք, քանի որ`
1. Ադր.ԽՍՀ-ն ինքնիշխան պետություն չի եղել,
2. նրա սահմաններում Արցախը հայտնվել է Խորհրդային Ռուսաստանի կոմկուսի Կովկասյան բյուրոյի՝ 1921 թ. հուլիսի 5-ի չընդունված, բայց գործադրված «որոշմամբ», երբ նա արդեն հռչակված էր Խորհրդային Հայաստանի մաս,
3. Ադր.ԽՍՀ-ի ապօրինի կազմավորում լինելը Բաքուն ընդունել է 1991 թ. Ադր.Հ-ի անկախության մասին սահմանադրական ակտով, որից բխում է նաև Արցախը ոչ օրինական այդ կազմավորման սահմանները մտցնելու՝ Կովբյուրոյի «որոշման» ապօրինությունը:
Միջազգային իրավունքի տեսակետից Արցախը չի պատկանում նաև 1991 թ. ԽՍՀՄ-ի լուծարման ընթացքում հայտնված մերօրյա Ադրբեջանական Հանրապետությանը, որը վերականգնել է թուրքերի կողմից հիմնված, 1918-1920 թթ. գոյատևած ԱԴՀ-ն, որին Արցախը չի պատկանել:
1991 թ. դեկտեմբերի 10-ին հանրաքվեով Արցախը անկախություն է ձեռք բերել մերօրյա Ադր.Հ-ին չպատկանող տարածքներում:
1991-ին Եվրոպան դա անտեսել և միջազգային իրավունքն արհամարհելով որոշել է ԱԴՀ-ն ճանաչել Արցախով հանդերձ, երբ հայտնի էր, որ XX դարում «Ադրբեջան» անվան տակ հայտնված ոչ մի «պետություն», ներառյալ Ադր.Հ-ն, ասպարեզում չի հայտնվել ինքնորոշման ակտով (անկախության հանրաքվեով)»:
«Ամփոփում
20-րդ դարում Անդրկովկասում «Ադրբեջան» անունով Արցախի/Լեռնային Ղարաբաղի նկատմամբ (ԼՂ) հավակնող երեք ապօրինի կազմավորում է հայտնվել:
Առաջինը թուրքերի կողմից հիմնած Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունն էր (1918-1920 թթ.), որին Ազգերի լիգան 1920 թ. չի ճանաչել որպես պետություն, և որը պատմությունը լքել է առանց փաստորեն հաստատված կամ ճանաչված սահմանների, առանց Արցախի:
Նույն՝ 1918-1920 թթ. Արցախը եղել է դեֆակտո անկախ կազմավորում և ունեցել է լեգիտիմ իշխանություններ ի դեմս Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումարի (ԼՂ ԼՆՀ) և Ժողովրդական կառավարության:
1920 թ. ապրիլի 28-ին ԼՂ ԼՆՀ-ն Լեռնային Ղարաբաղը հայտարարել է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) անկապտելի մաս:
«Ադրբեջան» անվամբ երկրորդ ապօրինի կազմավորումը Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը (Ադր.ԽՍՀ) հիմնել է Խորհրդային Ռուսաստանի XI Կարմիր բանակը 1920 թ. ապրիլի 28-ին՝ որպես նոր տիպի ոչ ազգային, ինտերնացիոնալ, տիտղոսակիր ազգ չունեցող հանրապետություն:
Վերջինիս սահմաններում արդեն Խորհրդային Հայաստանի մաս հռչակված ԼՂ-ն մտցվել է Ռուսաստանի Կոմունիստական (բոլշևիկյան) Կուսակցության Կովկասյան բյուրոյի (Կովբյուրո) չընդունված, բայց գործադրված որոշմամբ:
Բռնակցմանը իրավական տեսք տալու համար Խորհրդային Հայաստանից օտարված ԼՂ-ի մի մասը ոչ ազգային այդ հանրապետության սահմաններում ունեցել է ինքնավար մարզի, իսկ ԽՍՀՄ կազմավորումից հետո՝ բոլոր ինքնավարությունների պես նաև ԽՍՀՄ ազգային-պետական համակարգի սուբյեկտի կարգավիճակ:

ԽՍՀՄ-ի օրոք Արցախը զանգվածային հանրագրերով պարբերաբար պահանջել է ուղղել 1921 թ. իր նկատմամբ թույլ տրված անարդարությունը: 1988 թ. դա ընդունել է համաժողովրդական շարժման բնույթ:
«Ադրբեջան» անունով երրորդ ապօրինի կազմավորումը՝ Ադրբեջանական Հանրապետությունն ասպարեզ է իջել ԽՍՀՄ-ի լուծարման ընթացքում:
1991 թ. հոկտեմբերի 18-ի՝ Պետական անկախության մասին սահմանադրական ակտով Բաքուն Ադրբեջանի խորհրդայնացումը որակել է որպես նրա բռնազավթում Խորհրդային Ռուսաստանի կողմից:

1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացել է Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեն մերօրյա Ադր.Հ-ին չպատկանող այն տարածքներում, որտեղ Բաքուն չէր հասցրել ավարտել էթնիկական զտումները:
Եվրոպան «չնկատեց» միջազգային իրավունքի տեսակետից անբասիր ձևով անկախություն հռչակած ԼՂ Հանրապետությունը:
1991-ի դեկտեմբերին, երբ ԽՍՀՄ-ի լուծարման գործընթացը մոտեցել էր վերջնագծին, Եվրոպական համայնքը որոշեց ճանաչել անհայտ կարգավիճակով ու սահմաններով Ադրբեջանական Հանրապետությունը, որտեղ մինչ այդ չէր եղել ինքնորոշման մասին որևէ ակտ և անկախության մասին որևէ հանրաքվե:
Իր հովանու տակ Ադր.Հ – ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման երեսուն տարի տևած բանակցություններում, հակառակ իրավական անհերքելի փաստերին, Եվրոպան «չտեսավ», որ ԼՂ Հանրապետությունը կայացել է Ադր.Հ.-ին չպատկանող տարածքներում, իր կառույցներում ու ՄԱԿ ընդունվելու անցագիր տալով ցեղասպան Ադրբեջանին:
2020-2023 թթ. Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով Արցախն այսօր Ադր.Հ-ի կողմից զավթված տարածք է»:
