«ԱՐԵԳԱԿՆ ԱՐԴԱՐ ԵՎ ԵՐԿԻՆՔԸ՝ ՆՄԱՆ ՍՆԴՈՒԿԻ»… (ՄԱՍ Բ)

Հազարամեակների խորքից հնչող փառաբանմամբ է ցարդ Հայը ողջունում Արևածագը.
«Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար»…
Եվ գովերգում է Լույսը Կենսաբեր բազմալույս Արեգակի, որը «ճառագայթիւք իւրովք լուսաւորէ զամենայն տիեզերս»…
«Ակն Արեգի», «Աղբիւրն զգալի լուսոյ», որն երկիր է առաքում իր լույսը ճաճանչագեղ և իր փայլակնաբորբ ճաճանչներով «հառնում սերմերը, բույսերը, նորոգում կյանքը»…
Մինչդեռ 6-րդ դարում Կոսմաս Հնդկաչուն իր «Քրիստոնեական տեղագրություն» գրքում պատկերում էր «արտասովոր առանձնահատկություններով կառուցված երկիրը»՝ «սնդուկում պարփակված, ջրերով շրջապատված», «տիեզերական փակ համակարգը»՝ հիմք ընդունելով Հին կտակարանի նկարագրությունները և ծաղրելով հերքում էր «երկրի գնդաձևության հեթանոսական ըմբռնումը» («Գիրք Դ․ Ամփոփում՝ Տիեզերքի աստվածաշնչյան նկարազարդումներով և հեթանոսական ըմբռնման՝ գնդաձև տիեզերքի հասկացության հերքմամբ»):

Շարունակելով նախորդ հրապարակումը՝ կրկին մեջբերենք ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեն Արևշատյանի՝ «Անանիա Շիրակացու բնափիլիսոփայական հայացքները» հոդվածից.
…«Միջնադարյան տիեզերագիտության համար գայթակղության քար էր դարձել այն հարցը, թե ինչի՛ վրա է հենվում, ինչպե՛ս է ծանրությունը պահում Երկիրը: Առավել տարածված էր այն տեսակետը, որ պաշտպանում էր Կոսմաս Հնդկաչուն՝ որ երկիրը, որպես քառանկյունաձև հարթություն, հենվում է ջրերի վրա:
Շիրակացին հանդես է գալիս այդ տեսակետի դեմ: Նա գրում է.
«Ես չեմ հասկանում, եթե Երկիրը հենված է ջրերի վրա, ապա ինչպե՞ս այդպիսի քանակությամբ ջրային բնության վրա չընկղմվելով պահվում է Երկրի անչափելի ծանրությունը, և (ջուրը) ճեղքելով չի տարածվում երկրի բոլոր կողմերում, և նա չի ընկղմվում ջրերի մեջ»:

Շիրակացին «խելահեղ» է անվանում այն «հեթանոս փիլիսոփաներին» (իսկ իրականում՝ դա Կոսմաս Հնդկաչուի՛ և եկեղեցու՛ տեսակետն է), որոնք ասում են, որ «Ծովը շրջապատում է Երկիրը, և Երկիրը գտնվում է ծովի վրա, ինչպես մի կղզի, և ջուրը գտնվում է օդի վրա և շրջապատված է (բոլոր) կողմերից»: Դա հակասում է տարրերին բնորոշ՝ ծանրության սկզբունքին:
Ծովերը գտնվում են երկրի վրա, և «Երկրից դուրս չկա այլ ծով»:
Շիրակացին փորձում է բանական պատճառներով բացատրել Երկրի՝ տիեզերքի կենտրոնում գտնվելու վիճակը՝ մերժելով այն ջրերի վրա տեղադրումը: Նա պնդում է, որ Երկիրն իր նման դիրքը պահպանում է երկնային գոտիների արագ շրջապտույտի շնորհիվ և երկու հակընդդեմ ուժերի՝ Երկրի ծանրության և քամիների ուժերի, որոնք հավասարակշռում են միմյանց: Երկրի ծանրությունը ձգում է նրան ներքև, իսկ հողմերի ուժը՝ վերև, և այսպես հավասարակշռված այն պահպանում է իր կայուն դիրքը տիեզերքի կենտրոնում:
Մեծ հետաքրքրություն էր ներկայացնում Շիրակացու՝ Արևի և Լուսնի խավարումների պատճառներին տված բացատրությունը: Դրանց խավարումները, ըստ Շիրակացու, տեղի են ունենում այն ժամանակ և այն պատճառով, որ Լուսինը, Արևը և Երկիրը հայտնվում են մի գծի վրա:
Արևի խավարման ժամանակ Լուսինն է անցնում Երկրի և Արևի միջև, և Լուսինը ժամանակավորապես ծածկում է Արևի սկավառակը, իսկ Երկիրը հայտնվում է Արևի և Լուսնի միջև, մենք տեսնում ենք Երկրի ստվերը Լուսնի վրա: Դրանով մեկ անգամ ևս համոզվում ենք, որ Երկիրը գնդաձև է, քանի որ տեսնում ենք, որ նրա ստվերը կլոր է»…

…«Ի հակադրություն տիրապետող եկեղեցական դրույթի՝ Շիրակացին համարում է, որ Լուսինը չունի սեփական լույս, որ նա իր լույսը ստանում է Արևից: Լուսինը նման է Արևի դեմ դրված հայելու և արտացոլում է նրա լույսը»…
…«7-րդ դարում եկեղեցական-աստվածաբանական աշխարհայացքի գերիշխանության պայմաններում Անանիա Շիրակացին հանդես եկավ իր ժամանակի համար առաջադեմ գաղափարներով, հաստատեց անտիկ աշխարհի բնագիտական մտքի ներկայացուցիչների հետ ամուր կապերը և դրեց բնափիլիսոփայական մտքի հիմքերը տիեզերագիտության, աստղաբաշխության, մաթեմատիկայի բնագավառներին նվիրված իր աշխատություններով»…

Նույն հեղինակը՝ անդրադառնալով 5-րդ դարերի 70-ական թվականներին Տարոնի գավառի Ներդին գյուղում ծնված՝ Հայոց հնագույն աշխարհընկալման ավանդությունների ազդեցության շնորհիվ իր հայացքներով, իմաստուն մտքով փիլիսոփայության մեջ աշխարհիկ ուղղությունը զարգացնող Դավիթ Անհաղթին, գրում է. (մեջբերումը՝ «Դավիթ Անհաղթը և Հին Հայաստանի փիլիսոփայական միտքը» հոդվածից).
«Հայ փիլիսոփայական գիտության զարգացման գործում Դավիթ Անհաղթը, V—VI դարերի այդ խոշորագույն իմաստասերը, խաղացել է չափազանց կարևոր և, առանց վերապահության կարող ենք ասել, վճռական դեր։ Նա գիտության մի խիզախ բարենորոգիչ էր, որն իր երկերով լայն ճանապարհ բացեց հայ գիտական մտքի աշխարհիկ ուղղության համար։
Քրիստոնեական գաղափարախոսության գերիշխանության պայմաններում նա հանդես եկավ որպես իմացաբանության, տրամաբանության, բարոյագիտության, գեղագիտության և այլ փիլիսոփայական գիտությունների բուն հիմնադիրը և խոր հետք թողեց հետագա դարերի գիտական մտքի զարգացման վրա։

Դավիթ Անհաղթի փիլիսոփայական ժառանգությունը, որն իր գաղափարական ակունքներով կապված է անտիկ աշխարհի փիլիսոփայական դպրոցների հետ, մեծ հետաքրքրություն է ներկայացնում համաշխարհային գիտության պատմության համար»…
… «Սակայն փիլիսոփայական մտքի վերելքի համար վճռական նշանակություն ունեցավ այսպես կոչված հունաբան դպրոցի գրական-գիտական գործունեությունը, որը հին հայկական գիտության ու գրականության մեջ դրեց աշխարհիկ ուղղության հիմքերը։
Ժամանակի խոշորագույն գիտական կենտրոններ Ալեքսանդրիայում, Աթենքում և Կոստանդնուպոլսում իրենց կրթությունը ստացած հայ հունասերների թարգմանչական լարված գործունեությունը էական նշանակություն ուներ հայ փիլիսոփայական մտքի ապագայի համար։
Նրանց գործունեության հետևանքով քրիստոնեական ջատագովությունը ետ մղվեց գաղափարական կյանքի առաջին գծից։

V—VI դարերի ընթացքում հունաբան դպրոցի կողմից կատարված Արիստոտելի, Պլատոնի, Փիլոն Ալեքսանդրացու, Պորփյուրի, Անանուն մեկնիչի երկերի թարգմանությունները հայ հին մտավորականներին տվեցին նոր գաղափարներ ու տեսություններ, որոնք համապատասխանում էին Հայաստանի աշխարհիկ մշակույթի զարգացման պահանջներին։
Եվ ամենևին պատահական չէ, որ հայ փիլիսոփայական մտքի ամենակարկառուն ներկայացուցիչ Դավիթ Անհաղթը ծնվեց հենց այդ միջավայրից, հայ նորպլատոնական հունասերների շարքերից, որոնք մեծ դեր խաղացին հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի պատմության մեջ»։
«Պետք է հատուկ շեշտել այն հանգամանքը, որ Դավիթ Անհաղթի շնորհիվ Հայաստանում տարածվեց նորպլատոնականության այն տարատեսակը, որն
ընդունված է անվանել «նորպլատոնականության Ալեքսանդրյան ուղղություն»՝ ի տարբերություն Աթենյան և Ասորական դպրոցների: Այդ ուղղությունը պահպանել և փոխանցել է հաջորդ սերունդներին, հատկապես վաղ միջնադարի փիլիսուիաներին, անտիկ աշխարհի առաջադեմ գիտական միտումները։

Ճիշտ է, Ալեքսանդրյան դպրոցի, ինչպես և նորպլատոնականության մյուս հոսանքների
համար բնորոշ է Պլատոնի, Արիստոտելի, Պյութագորասի և ստոիցիզմի ուսմունքների սինկրետիկ զուգակցումը՝ իդեալիստական հիմքի վրա։ Սակայն ի տարբերություն Աթենյան և Ասորական դպրոցների, ալեքսանդրացի նորպլատոնականները մեծ ուշադրություն էին հատկացնում բնագիտությանը և. մաթեմատիկային, իսկ նորպլատոնականության երփներանգ փնջում մյուս նոր-պլատոնականներից ավելի շատ էին շեշտում Արիստոտելի տրամաբանական ուսմունքը և նրա իմացաբանությունը, որոնց մեջ մատերիալիստական, գիտական միտումները արտահայտվում էին առավել հստակ»…
