«ԼԵՌՆԵՐՈՒ ԽՈՐՀՈՒՐԴԸ»

«ԼԵՌՆԵՐՈՒ ԽՈՐՀՈՒՐԴԸ»

Մշակույթը մարդու և, ընդհանրապես, հասարակության պատմական զարգացման որոշակի մակարդակի արգասիքն է, որն արտացոլում է անհատի կամ տվյալ հանրության, ազգի աշխարհայացքը, մտածելակերպը, կենսաձևը, արժեհամակարգը, ավանդույթները, վարքուբարքը…

Բնությունը, միջավայրը մեծապես ազդում են մարդու մտածողության ձևավորման վրա և պայմանավորում են մշակույթի բնույթը:
Հայոց բազմահազարամյա մշակույթը, տոնածիսական համակարգը խարսխված են ազգային աշխարհընկալման հիմքերի վրա։

Այս լեռների մեջ յուր ավանդներով
Մի պարզ ժողովուրդ ապրում էր սիրով,
Եվ նորա հոգին հստակ էր և վես
Իրան լեռների, աղբյուրների պես։ (Թումանյան, «Անուշ»)

Աշխարհաշեն, աշխարհը կերակրող շինականի, գյուղացու համար Բնությունն իր տեսանելի և աներևույթ ուժերով կենդանի մի ողջ համակարգ է, որի մի մասնիկն էլ ինքն է՝ մարդը:
Նա զրուցում է Բնության՝ աղբյուրի, լեռների, գետերի հետ, ունկնդրում հովի զրույցը… «Դու իմ ապուպապ Քրմանց Քրիստոփորի շինածն ես, աղբյո՛ւր» (Սերո Խանզադյան «Հորս հետ և առանց հորս», էջ 224):

Բազմաթիվ Հայ գրողներ են պատկերել իրենց Հայրենի գյուղն իր շրջակա լեռներով ու ձորերով, ուրույն կյանքով ապրող բնակիչներով…
Հայ մարդու ներաշխարհի արտացոլանքն է հուշագրություններում թե գեղարվեստական արձակում, ականատեսի վավերագրական նկարագրություններում…

Ինքնակենսագրական հատվածներով մի շարք պատմվածքներ է ստեղծել Սասնո Խուլբ գավառակում ծնված Հայ հասարական գործիչ, պատմաբան Կարո Սասունին (1889֊1977)՝ անմահացնելով իր մանկության նահապետական գյուղի բնակիչներին…

«Լեռներու գագաթները մօտ են երկնքին,
Իսկ լեռնական մարդիկ՝ Արարչին»: (Կ. Սասունի)

«Մեր գիւղը կը կոչուէր Ահարոնք, կամ Ահրոնք: Քիւրտերը զայն կը կոչէին Հընզէ, որուն աւելի հին անունն էր Հանձէ: (…) Ահարոնքը կարեւոր գիւղ մըն էր՝ ինկած Հանտոք լերան հարաւ-արեւմուտքը, Տալվորիկի արեւմտեան սահմանին վրայ, Սպիտակ Խազակ լերան ստորոտը, Տիգրիսի ճիւղին (որ կու գայ Դարկօշ եւ Հանտոք լեռներէն) ձախ կողին վրայ, երեք քիլոմեթր գետէն հեռու, դէպի լեռն ի վեր: «Գիւղը այգիներու, պարտէզներու, պտղատու ծառերու ընդհանուր ցանց մը կը կազմէր, ու իր աղբիւրներով, պզտիկ ջրվէժներով եւ անհամար առուակներով դրախտային պատկեր մը ունէր: Գիւղին ետեւը կը ցցուէր լեռը՝ մօտ 1000 մեթր գիւղէն բարձր եւ կը կոչուէր Սարբանակ: Անկէ վեր կու գար Սպիտակ Խազակը, Հասամտինի բարձր սարահարթը Դրուկ Սարուկը, եւ այդ ընդարձակ 15-20 քիլոմեթր տարածութիւնը գիւղին լեռնամասերն էն՝ կաղնիի անտառներով ծածկուած, մարգագետիններու լայն տարածութիւններով եւ գետակներով, որոնք վար կ՛իջնէին գիւղին աջ ու ձախ կողմերէն եւ Տիգրիսին միանալու համար: (…)
«Գիւղի թէ՛ գետային, թէ՛ լեռնային մասերու մէջ որսի անհամար կենդանիներ կային: Անհաշիւ էր կաքաւըիր տեսակներով, կային վայրի բադեր: Վայրի այծի երամները կը մօտենային գիւղին, երկու քիլոմեթր հեռաւորութեան վրայ: Վայրի գազաններէն առատ էին արջեր, գայլեր ու աղուէս, եւ գետին մէջ ջրշուն, բնական է` նաեւ առատ ձուկ: Ընտանի կենդանիներու բոլոր տեսակները կային, բայց ամէնէն առատը այծն էր»:
(Կ. Սասունի, «Մեր ընտանիքը (Յուշեր մանկական եւ պատանեկան օրերէն. մեր տունը)»: Այս գրութիւնը, 52 էջ, մեզի փոխանցուած՝ իր որդի եւ թարգմանիչ Բաբգէն Սասունիէն, յօրինուած է Պէյրութ, 1942-1943: Հեղինակը կը ճշդէ. «Գրուած է զաւակներուս համար (…) որոնք զրկուեցան մեծ հօրմէ ու մեծ մօրմէ եւ նախնիքներու յիշողութենէն»,- գրել է Անահիտ Տէր Մինասեանը:

«Լեռներու խորհուրդը» գրքի՝ Լեւոն Նաիրցու գրած գրախոսականից վերցված հատվածներ՝ ստորև:

«Իր հերոսները մի-մի հսկաներ են կարծես, որոնք «սովորաբար կը քալեն երկաթէ քայլերով, հաստատուն, դանդաղ ու միակերպ, պղնձէ արձան մը»: («Առքօ-Մօսօ»):
Պաշտամունք ունի այդ արտաքուստ կոպիտ ու անտաշ, բայց ներքուստ այնքան մարդկային ապրումներ ունեցող ազնիւ ու շիտակ լեռնցու հանդէպ, որը խիզախ է ու քաջ, ինչպէս կարող է լինել միայն լեռնցին, եւ արի ու քրտնաջան, ինչպէս ամէն մի Հայ շինական:
«Ժողովուրդ մը արօրին վրա հակած, բայց երբեմն թուր-կեծակին բռնող, վէրքերով լի, բայց արի, կեղէքւած, բայց հպարտ, անանուն, բայց իմաստուն ու անձնուրաց»:
Մենք լաւ գիտենք,- ամէն Հայ գիտէ, թէ ինչպիսի ահ ու դողով է նա իր վար ու ցանքսն անում: Քանի՜-քանի անգամ «Տէր Աստւած» պիտի կանչի, մինչեւ որ քրտինքի վաստակը տուն հասցնի…
Բնութիւնը որքա՜ն արհաւիրքներ ունի պահած՝ նրա քրտինքի արդար աշխատանքը իր գլխին հարամ անելու: Պէտք է խորը ճանաչել այդ ժողովուրդը, պէտք է սիրել նրան՝ այսպիսի տողեր գրել կարենալու համար:

«Դուք տեսա՞ծ էք կորեկի կալերը եւ այն սրտհատնում աշխատանքը, որ լեռնական գիւղացին կը կատարէ կալը տուն փոխադրելու ատեն, աչքը միշտ երկնքի ամպերուն յառած: Դուք չափա՞ծ էք սրտի այն յուսահատ մորմոքը, որ գիւղացին կունենայ, երբ կալը անձրեւի տակ կը մնայ»: («Անմահը»):

Գիւղագիր է Վիգէն Գլակը — Սասունին: Նրա գիւղը մեր այնքան սիրելի, պարզունակ ու անզարդ գիւղն է, իր աթարի դէզերով, իր ձիւների տակ կորած գետնափոր խրճիթներով, իր «աղօթատեղիի մը պէս խորհրդաւոր» թոնրատնով, ուր «եօթը պորտէն ժառանգութիւն մնացած» թոնիրի ծուխը ամէն լուսաբաց պալան-պալան դէպի երկինք է բարձրանում աղօթքի պէս. ուր «սեւ սիւներն ու գերանները սեփ-սեւ պատերուն վրայ եպենոսեայ կամար են կապած»:

Ճի՜շտ է նկատել Սասունին — «հեթանոսական մեհեան» է մեր թոնրատունը, ու մեր մամիկները՝ Հայ օջախի կրակն ու ծուխը անմար պահող մի-մի քրմապետուհիներ… (Էնոնք ողջ մնան»):

Ձմեռը գիւղում…
Ո՞վ չգիտէ մեր լեռների ձմեռը: Ո՞վ չգիտէ, թէ ինչպէս լեռնային մեր գիւղը ձմեռները արջի պէս քուն է մտնում, «կրիայի պէս իր պատեանին մէջ քաշւում» եւ միայն ինչ որ «պատահարի» սպասում, «տարին անգամ մը դուրս պոռթկալու իր անշարժ ու լուռ կեանքէն»:
Այդ արտակարգ «պատահարներից» է, անշուշտ, եւ Բարիկենդանը՝ գիւղի տանիքների վրա եղած իր պարերով, ուրախութիւններով ու քէֆերով:

Վիգէն Գլակը գիտէ, երբ պէտք է, մի քանի բառով, վարպետ վրձինի մի քանի հիւթեղ շարժումով պատկերացնելու մեզ այդ գիւղը.
«Ահա մշուշի մէջ անորոշ երերում մը, եւ բարտիին գլուխը կը ցցւի տարածութեան վրայ. ապա անյայտէն մեր տունը կը բարձրանայ վեր ու մէկէն գիւղը իր այգիներով ու արտերով, բլուրներով ու ձորերով կը փռւի դիմացս»:

Շա՜տ գեղեցիկ, կենդանի ու շարժուն մի պատկեր է գիւղական առաւօտը, երբ գիւղը հէքեաթների այն քնած քաղաքի նման, կարծէք կախարդական մի ինչ որ գաւազանի ուժով, արթնանում է իր խորը քնից,- միանգամից, յանկարծակիօրէն, «պայթումով», ինչպէս Սասունին է ասում.
«Աքաղաղը, կոչնակն ու ժամկոչը լռութիւնը կը ճեղքէին:
Արեւը սարի գլխէն , համատարած հեղեղատի մը պէս, գիւղն ու այգիները կողողէր: Հարսն ու կովը, հաւն ու ուլը, լծվարն ու եզը իրար կը խառնւէին:
Նախիրի բառաչ, իշու զռոց, կանաց կռիւ, հնձւորի հայհոյանք»…
Եւ այս բոլորը խառնւած պառաւների ու ծերունիների «բարի լոյս», «ողորմի աստուած ձեր ծնողաց»-ի հետ: («Որսորդը»):

Իր հայրենի բնութեան սիրահարն է Վիգէն Գլակը:
Լեռների երգիչն է նա, եւ պատահականութիւն չէ, անշուշտ, որ նրա պատմւածքների այս անդրանիկ ժողովածուն «Լեռներու Խորհուրդը» խորագիրն է կրում:
Ընդհանրապէս նկարագրութիւնների մէջ ժլատ՝ նա բանաստեղծական թափ ու աւիւն է ստանում, երբ պէտք է նկարագրել հայրենի սարն ու ձորը, արեւածագն ու փոթորիկը: Շատախօս չէ իր նկարագրութիւնների մէջ. «Ամպի կտոր մը իր թեւը բացաւ Դարկոշի գագաթին վրայ, հետզհետէ ծաւալեցաւ եւ վար կախւեցաւ դէպի անդունդները»…
Ընդամենը մի քանի բառ, եւ մեր աչքի առջեւ պարզւում է մի ամբողջ տեսարան, բայց այդ մի քանի բառը, որ նա տալիս է որպէս նկարագրութիւն,- տալիս է խտացած, ճշգրիտ եւ պատկերաւոր:
Գեղեցիկ է փոթորիկի տեսարանը («Լէյլան»), երբ քարաւանը՝ կորած Դարկոշի անհասանելի բարձունքներում, կեանքի եւ մահւան պայքար է մղում բնութեան տարերքի դէմ:
Գեղեցիկ է, մանաւանդ, Տիգրիսի նկարագրութիւնը, որն արժէ, որ մի քիչ երկար մէջբերումներով կարդանք՝ գաղափար կազմելու համար Կ. Սասունիի բանաստեղծական թափի մասին…

«Հազար — հազար դարեր բնութեան անողոք պայքարը յորձանք տալով անցած էր այս խորխորատներէն վար:
Տիգրիսը տէգի պէս խրած էր սէգ լեռներու կողերուն մէջ, ճեղքած էր անոնց հաստաբեստ կուրծքն անչափելի անդունդներով: Ու միապաղաղ լեռը՝ երկու կտորի բաժնւած՝ գագաթները դէմ-դէմի կը կենային հորին վրայ, խրոխտ ու արհամարհական նայուածքներ խոնարհելով վիշապին, որ դարերով գալարւած կը մնար իրենց պատւանդաններուն:
Մինչ գագաթներէն վար, հովտի ընդմէջէն, լեռան աղիքները դուրս թափւած էին, ժայռերը ճեղքւած ու տապալւած: Հսկայ քարերը ալիքներէն ծեծւած ու կլորցած էին. սղոցւած ծառի մը պէս՝ լերան կողերը խաւ առ խաւ բացւած էին, բիւրաւոր դարերու այս անվերջանալի ճակատամարտին պատմութիւնն արձանագրելու համար»…

Ու մի քիչ վար. «Իսկ լեռն՝ իր արգանդի խորքերէն դղրդալով, տեղ — տեղ կը սեղմեր իր քարէ բռունցքները Տիգրիսի կոկորդին՝ խեղդելու չափ ամուր:
Գետը վիշապի պէս կը ֆշար, շունչը կը կտրեր, բերանը կը փրփրէր, մարմինը կը գալարւէր, յուսահատօրէն ժայռերը կը խածոտեր ու, վերջապէս, ազատւած այդ քարէ բռունցքէն, լեղապատառ կ’ոռնար, առանց ետեւ նայելու կը սուրար դէպի հարաւ, ու ալիքները սրարշաւ իրարու ուսին վրա կը ցատկէին՝ հալածւած եղջերուների խելայեղ վազքին պէս»: («Լէյլանը»):

…«Բայց Կ. Սասունուն զբաղեցնողը այս արտաքին նկարագրութիւնները չեն: Նրան հետաքրքրողը, գլխաւորը, էականը մարդու ներքին աշխարհն է, մարդկային հոգու թաքթաքուն ծալքերը:
Վերցնենք, օրինակ, նրա պատմւածքներից մէկը միայն — «Անմահը»: Այստեղ գիւղը իր պարզ ու անպաճոյճ արտաքինով միայն ֆոն է: Էականը մարդկային փոխյարաբերութիւններն են — բարդ, խճողւած, կրքերով ու հակասութիւններով լեցուն: Մարդիկ կոպիտ են իրարու հանդէպ, անխիղճ, քարսիրտ: «Բռնակալ» է այստեղ աղան, «անողոք» հարկահաւաքը, տէրտէրն ու երէցփոխը ժողովուրդը հարստահարելով են զբաղւած:
Եւ հասկանալի է, անշուշտ, թէ ինչո՞ւ Ջաջէի նման մի պարզ հովիւ, ծնած ու մեծացած մարդկանցից հեռու, լեռան վրա, իր գիւղ մտնելու առաջին իսկ օրից իրեն գտաւ հակասութիւնների մի խոր լաբիւրինթոսում՝ «ստութեան, անիրաւութեան եւ կեղծիքի» մի աշխարհում, ուր գառնակեր գայլերը շատ աւելի էին, քան այնտեղ — իր Սպիտակ Խազակի գագաթին:


Նա՝ այդ խորը, զգայուն հոգին, գիտակից իր ներքին արժանիքներին եւ հակամէտ փիլիսոփայելու, «այդ անլեզու մարդը, որ իր հոգու հազար — հազար ծալքերու մէջ բնածին մտածման ու դատողութեան կրակն անթեղած պահեց մինչեւ վերջ»,- բնականօրէն չէր կարող, չպիտի հաշտւէր իր շրջապատի հետ…
Եւ ըմբոստացաւ գիւղի եւ գիւղական յոռի բարքերի դէմ: Լինելով կոպտութեան աստիճանի ճշմարտախօս, նա անողոք խարազանողը եղաւ մարդկային պակասութիւնների:
Գիւղացիները վախենում էին նրանից, «գիւղի մէջ Ջաջէն ու կարկուտը հոմանիշ դարձան»: Եւ չնայած այս բոլորին, ակնածանք ունէին նրա հանդէպ եւ «շիտակ, աննկուն եւ արդարութեան համար բռնկւող մարդուն «Ջաջէի կտորն է» կ’ասէին»:
Ջաջէն մանուկ հասակից, դեռ այնտեղ՝ լեռների վրա, լսել էր իր հօրից ու մօրից, որ Աստւած է երկրի ու երկնքի արարիչը, որ Աստւած ողորմած է, արդարամիտ, թոյլերի պաշտպան:
Նա գիտէր քահանայի բացատրութիւններից, որ «արար Աստւած զմարդ ըստ պատկերի իւրում», նշանակում է, որ «Աստւած մարդս ստեղծած է ճիշտ իր բնաւորութեան պէս, իր դէմքի նման, իր խալիպով»…

Ու Ջաջէն դառնում է մտածկոտ, ինքնամփոփ, միշտ աւելի հակամէտ փիլիսոփայելու:
Նա «հետզհետէ հեռացաւ մարդոցմէ եւ որքան խոտելի գտաւ զանոնք, այնքան սրեցան իր եւ Աստծոյ յարաբերութիւնները:
Անոր ներաշխարհի մէջ փոթորկալի վէճեր տեղի կունենային ու անոր միտքը հակւած էր հիմնական դրդապատճառը հարւածելու, յղկելու: Ու այսպէս դէմ — դէմի կը կենար Արարչին»…
Ու մի օր էլ՝ ողջ գիւղի ներկայութեամբ, զայրացած նա շպրտում է քահանայի երեսին.
«Տէրտէ՜ր, ուրեմն դուն, երեցփոխ Շամասը, ժամկոչ Եղօն, գող Կիկօն Աստծոյ բնաւորութիւն եւ դէմք ունի՞ք: Ես ձե՛րն էլ, ձեր Աստծու՛ն էլ…
Ուրեմն, Աստւած ձեր ակռաներուն պէս ակռանե՞ր ունի. դե՛հ, գացէ՛ք, գացէ՛ք, Աստծոյ պատկերը շալկեցէ՛ք ու լափեցէ՛ք գիւղը:»:

Խզումը՝ իր եւ Աստծոյ միջեւ դառնում է անխուսափելի: Ջաջէն դառնում է անաստւած, նա «այլեւս հաղորդութիւն չառաւ, ժամտուն չմտաւ»…
Ու այսպէս մինչեւ իր մահը: Նա գիտէ, որ ուզի թէ չուզի՝ միեւնոյն է՝ պիտի մեռնի, նա զգում է այդ, սակայն չի կարողանում հաշտւել այդ մտքի հետ:
Եթէ մարդը Աստծու ստեղծածն է, իր պատկերի համաձայն, ապա ինչո՞ւ համար է մահը:
Աստւած անմահ է, մարդը՝ ինչո՞ւ մահկանացու:
Մահւան զգացումը, որ շատ — շատերին դէպի համակերպում է տանում, ընդհակառակը, Ջաջէին դէպի ըմբոստացում է առաջնորդում: Նա չի ուզում տեղի տալ առանց պայքարի եւ մեռնելու վայրկեանին «խանչալը» ձեռքն առած ճչում է.
«Ես իմ հոգին Գաբրիէլ հրեշտակին չե՛մ տար… Եթէ մօտենան՝ կը զարնե՛մ… ես նորէն Սպիտակ Խազա՛կ կուզեմ երթալ»…

Գրանցվեք մեր էլեկտրոնային լրատվական նամակներին, որպեսզի էլեկտրոնային փոստով տեղեկացված լինեք, երբ նոր հոդվածներ կհրապարակվեն: