«ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»… (Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆ)

«ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»… (Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆ)

«…Երևակայեցե՛ք, թե քսան տարի է, ինչ որ դուք ծանոթ եք մի նշանավոր մարդու, դրա համար էլ ձեզ համարում են քսան տարեկան, մինչդեռ 50 կամ 60 տարեկան եք դուք։
Սրա նման մի բան է, որ սովորաբար ասում են՝ 35 տարի է, ինչ գոյություն ունի Հայկական հարցը, որովհետև 35 տարի է, որ դրված է եվրոպական դիվանագիտության առջև և էդ էլ հաշվում են Բեռլինի դաշնադրության օրից։
Մի հիմնական սխալ, որ մարդկանց մտածողությունը սահմանափակելով էս 35 տարվա ժամանակի ու դեպքերի շրջանակում, պատճառ է դառնում շատ սխալների։
Սակայն, եթե ազատվենք էդ մեծ սխալից, հարցին նայենք ավելի մեծ տարածության վրա, հեշտ էլ կճանաչենք նրա բնավորությունը, ավելի հաջող էլ կմոտենանք նրա բանական ու բնական լուծման հնարավորությանը։
Եվրոպական դիվանագիտության համար, այո՛, 35 տարի է, ինչ որ գոյություն ունի Հայկական հարցը, բայց մեզ համար էլ հո էդպե՞ս չի, 35 տարի չի, ինչ որ գոյություն ունի նա», — գրել է Հովհաննես Թումանյանը՝ «Հայկական հարցն ու իր լուծումը» հոդվածում, որն առաջին անգամ տպագրվել է 1913 թվականին՝ Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթի հունվարի համարներում։

Իր մշակութային և հասարակական գործունեությամբ միշտ շաղկապված Հայ ազգին՝ 1915-ին Արևմտահայ գաղթականների և որբերի խնամքով զբաղվելուց 2 տարի առաջ, նա վերլուծում էր «Հայկական հարցը» և ահազանգում.
«… Եվ ահա տաճկահայ ժողովուրդն իր հարցով նույնպես եղել է եվրոպական պետությունների հակամարտության դժբախտ զոհերից մինը, և անպայման ամենադժբախտը։
Ամենադժբախտը, որովհետև գտնվում էր Թյուրքիայի սրտում, ամենադժվար ու ամենավտանգավոր տեղում, և Թյուրքիան նրան բաց պիտի թողներ միայն իր վերջին շնչի հետ։
Եվ նա՝ Թյուրքիան, դիմել է, դիմում է ու կդիմի ամենահրեշավոր միջոցների՝ վերջ դնելու էդ ժողովրդին իր հարցի հետ միասին, Հայի հայրենիքի ու ազգային իրավունքների խնդիրը միանգամ ընդմիշտ փակելու համար»…

1915-ի մղձավանջային օրերին անձնուրացաբար նա փորձում էր փրկել «մարդակեր գազանի» ճիրաններից մազապուրծ Հայ գաղթականներին, որոնք տառապանքի ուղիներով հասել էին Էջմիածին:

«Հովհաննես Թումանյանը 1915-ի օգոստոսին խնդրել էր կաթողիկոս Գևորգ հինգերորդին թույլատրելու վեհարանը ժամանակավորապես օգտագործել գաղթականների հիվանդ, տառապող հազարավոր երեխաներին բուժօգնություն ցույց տալու, անօգնական Հայ մանուկներին համաճարակից փրկելու նպատակով։
Կաթողիկոսից մերժում ստանալով, Թումանյանը հաջորդ օրը վեհարանի փակ դռները բացել է տալիս, աղջկա և բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի հետ, ճերմակ խալաթներ հագած, սայլերով հարյուրավոր հիվանդ երեխաների հավաքում և վեհարանում սկսվում է նրանց բուժման գործը»,- հիշում է Փեսանդաշտից Էջմիածին հասած այդ որբերից մեկը՝ Ս. Ն. Ասլանյանը («Փեսանդաշտը պաշարված էր», էջ 258):

«Օգոստոսի 19-ի գիշերն էր: Արարատյան դաշտի անմոռանալի ծանր գիշերը…
Հայրիկս սև թիկնոցով, կեպին գլխին, շտապ դուրս եկավ սենյակից՝ գաղթականությունը շենքերում պատսպարելու, վազում էր կետից կետ, վրանից վրան… մի մեռնողից դեպի ուրիշ մեռնողը:
Կարգադրում էր, հրամայում, հայհոյում, կշտամբում, ժպտում, շոյում, զայրանում:
Մի օր էլ, տեղատարափ անձրևին, նա վազեց, բռնի կերպով բաց արավ նոր կառուցվող հայրապետական վեհարանը, որը մինչ այդ անձեռնմխելի էր: Գաղթականները լցվեցին ներս: Զայրացած կաթողիկոսը կշտամբում է պոետին, ասելով.

  • Դուք գիտեք , որ ես Ամենայն Հայոց Կաթողիկոսն եմ…
    Թումանյանը պատասխանում է.
  • Գիտեք , որ ես էլ Ամենայն Հայոց Բանաստեղծն եմ»: (Հ. Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի հուշերից):

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷՋՄԻԱԾՆԻ ՈՐԲԱՆՈՑԻՑ (Հ. Թումանյան)

«Էջմիածնի որբանոցը որբանոց չէր իսկապես, այլ մանուկների ապաստարան, որովհետև ծնող ունեցող երեխաներն էլ էին ընդունվում։ Դա մի պատսպարան էր, ուր հավաքվում, լցվում էին սովամահի ճանկերից խլված երեխաները ժամանակավոր, մինչև որ մեր քաղաքներից կհասնեին ու կտանեին նրանց։ Որբանոց չէր, ինչպես որբանոց չեն այժմյան մեր շատ որբանոցները, բայց անունը կպավ ու մնաց որբանոց։
Չեմ սխալվիլ, եթե ասեմ՝ հուլիսի վերջերից սկսած, ամիս ու կիսվա ընթացքում, մինչև տասը հազար երեխա մտավ Էջմիածնի որբանոցն ու դուրս եկավ էնտեղից, իսկ մեջը մնացողների թիվը եղավ 3500։
Ես էլ նրանցից մեկն եմ, որ էս երեխաների մեջն էի, բայց երբ էսօր նստում եմ ու աշխատում եմ վերհիշել, կարծես թե նրանց՝ երեխաներին չեմ տեսել։ Չեմ տեսել, չեմ ճանաչել առանձին-առանձին։ Սաստիկ, սաստիկ ծանր էր նրանց հետ խոսելն ու խոսեցնելը… Եթե խոսել ու խոսեցրել եմ, էն էլ շատ քիչ, պատահմունքով…


Սակայն շարունակ աչքիս առաջն է նրանց բազմությունը, նրանց վտիտ, քաղցած ու մերկ բազմությունը, որ անտառում կանգնած սպասում էր՝ մինչև ճեմարանը դատարկեն…
Դատարկ է արդեն…
Եվ նշան տալուն պես, միջօրեական թեժ արևի տակ, փոշու ամպեր բարձրացնելով, ագահությամբ հոսանք առավ դեպի ճեմարան…
Այնուհետև ճեմարանի մուտքի առջև…
Ահա հազարավոր մայրերի ոսկրացած բազուկների ու ձեռների անտառը, որ, ասես թե մի հսկայական փոթորկից կռացած, համատարած խուլ աղմուկի ու իրարանցումի մեջ, ամեն կողմից առաջ են հրում անթիվ, անհամար մանկական կմախքներ, կմախքներ, որ դեռ շնչում էին…


Հիշում եմ էն մանկական կմախքների խիտ-խիտ ու երկար շարքերը, երբ կերակրելու համար նստեցնում էին վերահսկող տիկիններն ու օրիորդները, որոնք, ազատարար ոգիների նման, անդադար պտտվում էին նրանց վրա, ոտից գլուխ ճերմակ վերնաշապիկներ հագած, ցավից և անտանելի ծանր օդից ու հոտից գունատված, դալկացած տիկիններն ու օրիորդները…
Խիտ-խիտ ու երկար շարքերով լուռ նստած՝ իրենց բազմահազար աչքերը անթարթ սևեռում էին դեպի դռները, որտեղից ներս էին բերելու թեյի, սուրճի կամ կերակուրի դույլերը…
Օրվա մեծ մասը թափված էին մերկ հատակներին, երկար նախասենյակներում և կամ ընդարձակ բակում, չէին կարողանում ոտի վրա մնան, ցավում էին նրանց նիհար սրունքներն ու մանկական ոտները, մի քանի հարյուր վերստ փախած, մի քանի հարյուր մետր ճամփա կտրած ոտները…


Հիշում եմ և էն լավ օրը, երբ առաջին անգամ վերահսկողները գանգատվեցին, թե արդեն չարաճճի են դարձել, դժվարացել է կառավարելը, երբ առաջին անգամ տեսանք, թե ինչպես էին նախասենյակներում կուտակած աշակերտական նստարանների արանքները լցվել կամ վրաները բարձրացել ու ոմանք զվարթ երգում են խմբով, ոմանք, նստարաններին հեծած, ձի են խաղում, ոմանք էլ կատակներ են անում, ուրախ-ուրախ ճչում, կրկչում…
Ու ամենքիս աչքերն էլ լցվեցին ուրախության արտասուքներով…
Հիշում եմ՝ ինչպես էին այնուհետև զույգ-զույգ, աշակերտական կարգով, երկար սյունակներով ձգված, միամիտ երգելով, իրենց հին վարժուհիների ու վարժապետների հետ, ճեմում ճեմարանի ծառուղիներում, մինչդեռ մեռելատար սելերը «մեռե՜լ… մեռե՜լ…» ոռնալով, հավաքում էին նրանց սովամահ եղած մայրերի չորացած դիակները, մայրերի, որ գալիս, ուժասպառ կուչ էին գալիս իրենց երեխաներից մոտիկ՝ որբանոցի պատերի տակ կամ հնձած խոտի նման խմբովին թափվում էին ծառաստանի ծառերի տակերին…
Վերջապես՝ ահա և ֆուրգոնների ու սելերի երկար շարքերը, որ նրանց, կարմիր ու ճերմակ բլուզներ հագած, մեջները լցրած տարան, ցրվեցին դեպի զանազան քաղաքներ…
Եվ, ո՞վ գիտի, այժմ էլ էն զանազան քաղաքներում երբ հարցնում են թե՝ մայր ունե՞ք, պատասխանում են՝ «այո՛», և դեռ գրել են տալիս իրենց մայրերի անունները, առանց իմանալու, թե նույնիսկ էնքան թաղողներ չէին գտնվում Էջմիածին, որ վրա հասնեին, թաղեին իրենցից շատերի մայրերին»…


«Զարկված Հայրենիքի» արնահոսող՝ հին ու նոր վերքերի ցավը հաղթահարելով, Թումանյանն իր Լույսն է սփռում՝ հույսով ու հավատով.
«Ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը՝ նո՜ր երգերով, նո՜ր խոսքով»…

Գրանցվեք մեր էլեկտրոնային լրատվական նամակներին, որպեսզի էլեկտրոնային փոստով տեղեկացված լինեք, երբ նոր հոդվածներ կհրապարակվեն: