«ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀՌՈՄԻ ԴԷՄ» (Մաս Ա)

«ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀՌՈՄԻ ԴԷՄ»
(Մաս Ա)

Մասիսի «խորհրդավոր հայացքի» ներքո՝ Իգդիրմավայում իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրած գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Ավետիս Ահարոնյանը 1919 — 1920 թվականներին Փարիզում էր՝ Խաղաղության խորհրդաժողովին Հայոց զույգ պատվիրակությունների անդամների հետ՝
Հայ ժողովրդի պայքարն ու արդար պահանջատիրությունը ներկայացնելու նպատակով:

Ինքնաճանաչման կարևորությունը գիտակցող մտավորականն ամենուր Հայրենիքի, Հայոց մշակույթի և ազգային հիշողության պահպանման խնդիրներն է բարձրաձայնել:
Իտալիայում իր ճանապարհորդության ընթացքում նա պերճախոս գրչով ընթերցողներին է հանձնել Հռոմում՝ Մարկոս Ավրելիոսի սյան առջև ունեցած մտորումները:
Հին Հռոմի ժառանգության մի մասնիկն է հիշյալ կոթողը, որը Հայ ժողովրդի մղած պայքարի հազարամյակների պատմության շրջաններից մեկի վկայությունն է նաև:

Ստորև գրառմամբ ներկայացնում ենք Ավետիս Ահարոնյանի՝ պատկերավոր և հուզական ոճով գրած՝ «Իտալական էսքիզներ» ուղեգրությունն ավարտող գլխի առաջին մասը, որը տպագրվել է «Հայրենիք» ամսագրում (1929, ապրիլ, թիվ 6):
Շարունակությունը՝ հաջորդ հրապարակումներում…

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀՌՈՄԻ ԴԷՄ
Գրեց՝ Ա. ԱՀԱՐՈՆԵԱՆ

Ա.
ARMENIS DEVICTIS
Հայաստանը գտայ Հռոմում. իմ խիզախ, իմ կորովի եւ ողբերգու հայրենիքը:
Անակնկալ չէր այս ինձ համար: Հին Հռոմը աշխարհագրութիւն գիտէր եւ սիրում էր պատմութիւն կերտել շատ հեռաւոր հորիզոնների տակ: Հայաստան նրան անծանօթ չմնաց, ինչպէս եւ Մերձաւոր Արեւելքի շատ ուրիշ երկիրներ:
Հայաստանը տեսայ Մարկոս Աւրելիոսի յաղթական սիւնի վրայ:
Եւ ահա, «Էսքիզներ»-իս այս վերջին գլուխը նուիրում եմ մեր աշխարհի հին ու նոր, չար ու բարուն: (Այս յօդուածաշարքը «Իտալական էսքիզներ» — ուն վերջին գլուխը կը կազմէ, զոր յարմար դատեցինք հրատարակել առանձին վերնագրի տակ):

Ահա երկու շաբաթից ի վեր է, որ դառնում եմ այս կախարդական քաղաքում, քայլերս ինձ գրեթէ մեքենայաբար առաջնորդում են դէպի Piazza Colonna հրապարակը, ուր 176 թուից ի վեր բարձրանում է Մարկոս Աւրելիոսի յաղթական սիւնը իր հօր՝ Անտոնիոս Պիոսի յիշատակին նուիրած: Հռոմէական Սենատը կանգնեցրեց այն՝ յաւերժացնելու համար փիլիսոփայ կայսեր փառքը եւ իր հոգեւոր հօր յիշատակը:
Քսան եւ վեց մէթր բարձրութիւն ունի այս մարմարակերտ սիւնը ու նրա վրայ օձապտոյտ բարձրաքանդակներով ձգւում են վեր Մարկոս Աւրելիոսի յաղթութիւնների պատկերները: Կատարին կայսեր արձանն է եղած սկզբում, որ Սիքստոս Ե Պապը վար առաւ ու նրա փոխարէն կանգնեցրեց այնտեղ Ս. Պօղոսի անդրին:

Այս կոթողի արուեստը նոյնն է՝ ինչ որ բոլոր նման կառուցուածքներինը Հռոմում —
թանձրութիւն, նազանքի պակաս ու ճաշակի խստութիւն:: Ինձ գրաւողը, սակայն, ինքն այս սիւնը չէ՝ որքան նրա պլատուանդանի վրայ խոշոր լատինական տառերով փորագրուած արձանագրութիւնը՝ Հայ ու Հայաստանի յիշատակութիւնով.

M. AVRELIUS IMP.
Armenis, Parthis, Germanis,
Bello Maximo devictic
Triumphalem Hanc colomnam
Rebus gestisinsignem Imp.
Antonio Pio patri dedicaviti.

Որ նշանակում է մօտաւորապէս հետեւեալը..
«Մարկոս Աւրելիոս իմպերատոր գերագոյն պատերազմի մէջ յաղթելով Հայերին, պարթեւներին, գերմաններին, այս յաղթական սիւնը՝ փառաբանութիւն իր կատարած գործերի, նուիրեց իր հօր՝ Անտոնիոս Պիոս իմպերատորին»:


Armenis ! …
Ի՜նչ ահաւոր անդունդ է մարդկային հոգին իր գաղտնածածուկ ու մեզ անյայտ իղձերով, որոնք անակնկալ կերպով յանկարծ փայլատակում են մեր ներքին խաւարի վրայ, որպէս մռայլ երկինքն ակօսող շանթեր: Եւ ի՜նչ դժբախտ, նա, այդ հոգին, որ յաճախ լռելեան գալարւում է մի մութ մորմոքիչ ցաւից, որ մենք վաղուց հետէ մաշուած, ամոքուած կարծելով ժպտում ենք աշխարհին, կեանքին: Դժբախտ ու հզօր միաժամանակ, քանի որ մեզնից ծածուկ եւ մեզնից անկախ նա մեր ներքին աշխարհի տէրն է ու վարիչը. աղբիւրը մեր մտածումների, իշխողը մեր կամքին, որ, աւա՜ղ, թշուառօրէն ազատ ու անկախ ենք համարում:
Նա ճամբաներ ունի՝ մեզ օտար ու անծանօթ, որոնցով գնում ենք հնազանդօրէն՝ հակառակ մեր կամքին, ու երբ անցնում ենք նրա քառուղիներով, զարմանքով ենք լսում մեր քով ոտնաձայնների զրնգոցը, մե՜նք՝ յաւիտենական խղճուկ ճամբորդներ:
Ու մեր կեանքն ընթանում է միշտ մեզնից ծածուկ արահետներով, որ կարծում ենք, թէ մենք ենք գծել:

Քանի՜ — քանի՜ անգամ եմ տեսել այս Piazza-ն ու միշտ նոր պատրուակով, բայց իրօք հոգուս խորքերում շարունակ հնչուել է մի հատիկ մոգական բառ՝ Armenis ! …
Ամբոխի եռուզեռ, կառքերի դղրդիւն, լրագրավաճառների կանչուըռտուք, փոշի, հրմշտուք, ու ես մենակ այս հրապարակի կեդրոնում հայեացքս շեշտ՝ դէպի այս կախարդիչ սիւնը:

Ի՜նչ դիւթանք, ի՜նչ գողտրիկ երազ, ի՜նչ փառք, որ դարերի խորքից է բարձրանում այս ժպտուն երկնքի տակ, մարդկային այս ժխորի մէջ: Մտերիմ հարազատի պատկեր, որ յանկարծ ցցւում է առջեւդ. պառաւած մօրդ քաղցրիկ օրօր, որ այս անգամ հնչւում է որպէս երկնային մեղեդի: Հոգիս՝ հնազանդ այդ ձայնին, բնաւեր թռչունի պէս կծկւում է պաղ մարմարին՝ հին յուշերի ջերմութիւնով տաքանալու համար: Իմ հայրենի օճաղի մոխիրներն եմ խառնում. կարդում եմ նորէն ու նորէն:

Armenia ! … իմ անո՜ւշ, ի՜մ անմահ հայրենիք, որ մի օր Հռոմի ահեղ զօրութեան հետ չափուեցիր: Եւ ո՞ւմ դէմ չճակատեցիր. ո՞ր աշխարհակալի, ո՞ր բռնաւորի դէմ չծառացար քո արդար, յաւերժապէս պայծառ խղճմտանքի եւ քո անբիծ բազուկների ազատութեան համար:
Armenia… իմ դժբախտ հայրենիք, մղձաւանջ է մեր ներկան այնքան փառքերից յետոյ, ամօթանք է մեզ ապրող սերունդներիս…

Այս ո՞ւր հասանք: Հռոմի հետ զարկուող Հայը բարբարոս թուրքի երեսից արար աշխարհում գլուխը դնելու տեղ չունի:

Armenia, Armenia «ահեղ եւ երեւելի» (Խորենացի) հսկաներից մնացած Armenia — երեսուն դարերի միջից հնչուող դիւթական երաժշտութիւն…

Շուրջս հեւքոտ կեանքը մեծ քաղաքի եռում է ու տնքում ցաւագարի պէս: Իր երէկն
ու այսօրը իրար խառնած այս ժողովուրդը ինչ — որ ջլախտաւոր դող ունի, որ ցնցում է նրան երազուն ու յանդուգն իղձերով:
Հայրենի աւերակների ձայնին հնազանդ՝ դէպի արեւելք են դարձած շատ հայեացքներ: Անցորդները ողջունում են իրար Կատոնների, Պոմպէոսների եւ Կեսարների պէս՝ աջ բազուկը դէպի հեռաւոր հորիզոնը տարածելով:
Թիկունքիս Consulta-ն է՝ արտաքին գործոց նախարարութիւնը, ուր երկաթէ մկաններով մի մարդ է նստած՝ հարուստ ու հզօր ծնօտներով ու որոնզէ կամքով, որ արեւմուտքին բռունցք է ցոյց տալիս, արեւելքին ժպտում…
Գիտեմ, Անգորայից դիւական գործակալներ են հասած, ողջ Առաջաւոր Արեւելքը պղծելուց, աւերելուց ու արիւնոտելուց յետոյ շտապել են նոր Հռոմ, հին հռոմէական բազուկի այս ողջոյնի իմաստը հասկանալու…

Միտքս դարձել է յորձանուտ մի գետ, որ «դարիւ — դարիւ» զարկուելով իր ծփանքների մէջ տանում է այնքա՜ն փառքեր ու այնքա՜ն փլուզումներ: Յաղթական վերելք ու աղէտաւոր անկումն, ռազմական խոյանք մրրկաշունչ երիվարներով եւ պատմութեան կսկիծ. նոր կորովի եւ նոր կեանքի փթթումն թշնամիների գերեզմանների վրայ եւ բարբարոս խաժամուժների նոր աւերած…
Եւ ազգերը շարաններով անցնում են աչքիս առաջից՝ մրրկով տեղահան եղած անտառների նման եւ սլանում են մեր աշխարհի վրայով՝ մերթ խորտակուած՝ մեր բանակների հարուածների տակ եւ մերթ յաղթական մեր թիկունքի վրայ քալելիս: Աշխարհում չկայ աւելի ողբերգօրէն մեծ եւ խորութեամբ ահաւոր, ալեկոծումներով շշմեցուցիչ եւ ցեղային կամքի ջլապինդ գալարումներով հարուստ ու երկաթէ կորովով դարբնուած մի ապշեցուցիչ պատմութիւն, քան մերն է:
Հայոց աշխարհի կեանքի րիթմը չափն է տիեզերական պատմութեան: Ազգերի ամբարշտութիւնը ու նրանց շարժուձեւի ներքին արժէքը մեր աշխարհում ի յայտ եկաւ:
Անգորայի գործակալներ են հասած Հռոմ…

Մեր ոսկիամայր Անահիտի ոսկէ արձանը փշրող հռոմայեցի զինուորը, ըստ աւանդութեան, զօսացաւ: Ճշմարի՞տ է այս, չգիտեմ:
Բայց, յայտնի է, որ Մարկոս Անտոնիոս՝ այդ սրբապղծութեան բուն հեղինակը, արժանապէս տուժեց այդ ոճիրը: Տասնեակ հազարաւոր տաճար ու յիշատակարաններ աւերող ու սրբապղծող թուրքը եւ միլիոններով անձեռագործ մարդկային տաճարներ ոչնչացնող այս բթամիտ ու վայրագ ցեղը մի՞թէ անպատիժ պիտի մնայ… Չգիտեմ: Անգորայից գործակալներ են հասած Հռոմ, սրա նոր ողջոյնի արժէքը հասկնալու…

Ու կարդում եմ վերստին.
Armenis … devietis … «Հայերը՝ պարտուած»: Կարդում եմ, եւ իմ մեծ նախնեաց այս պարտութիւնից բնաւ չեմ կարմրում, վասնզի մեր առջեւ Հռոմն էր, որ երբեք չէր յաղթուել: Եւ յետոյ այս ձախողանքի մէջ մենք բախտակից ունինք ահեղազօր պարթեւներին ու յաւէտ կատաղի գերմանացիներին:

Եւ ինչո՞ւ միայն սրանք. բրիտանական կղզիներից եւ Սպանիայից մինչեւ Պարսկաստան, Միջագետք եւ Արաբիա եւ Միջերկրականի շուրջը թառող բոլոր ազգերից ո՞րը դիմացաւ Հռոմի զօրութեան: Ո՞րը իր մէջքը չծռեց նրա լէգէոնների եւ օրէնքի առջեւ:
Այսօրուայ նոյնիսկ մեծ ազգերից ո՞րը չի ճաշակել Հռոմի տիրապետութեան խստութիւնը:
Սրանք ամէնքը անխտիր, ամէնքն իրենց հերթին դարեր շարունակ Կեսարների երիվարների ոտների փոշին շնչեցին եւ նրանց սմբակների ծանրութիւնը զգացին իրենց թիկունքին: Եւ քանի՜ քանիսն իրենց իշխաններից via Sacra-ով շղթայակապ անցան, յաղթական զօրավարների թափօրին շուք տուին ու գնացին կապիտօլեան Զեւսին տաճարում զոհուելու:

Հազարներով գալլեր, գերմաններ, բրիտանացիք՝ դարերի ընթացքին Հռոմի կրկէսներում՝ բարբարոսներին համահաւասար ծառայեցին ամբոխը զուարճացնելու: Քիչ անդին մենք կը տեսնենք, որ նոյն օրերում «թուով յոյժ ածու» Հայաստանը իր հայրենի սրբազան Արաքս գետի պէս միշտ էլ «կամրջընկէց» մնաց, անգամ Հռոմի խորտակիչ, տիեզերական զօրութեան յանդիման:

Շարունակությունը՝ հաջորդիվ…