«ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԽԱՂԵՐ»

Հայոց հնագույն վիպասանքից փրկված երգերի չնչին պատառիկներ դարեդար բանավոր՝ «բերանացի» փոխանցվելով՝ հետագայում հայտնվել են ձեռագիր մատյաններում՝ մեզ հասցնելով հեռավոր օրերի շունչն ու ոգին…
«Ո՞ տայր ինձ զծուխ ծխանի,
Եւ զառաւօտն Նաւասարդի,
Զվազելն եղանց,
Եւ զվագելն եղջերուաց.
Մեք փող հարուաք,
Եւ թմբկի հարկանէաք,
Որպէս օրէն է թագաւորաց»…
Նավասարդյան խաղերին մի հոդվածով տասնամյակներ առաջ անդրադարձել է Կ. Աթոյանը, որը հրապարակում ենք ստորև։

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԽԱՂԵՐ
Բոլոր հնագույն ժողովուրդների, այդ թվում և Հայերի մոտ, դեռ հեթանոսական ժամանակաշրջանից սկսած, մեծ տեղ են տրվել մասսայական տոնահանդեսներին և ծիսակատարություններին, որոնցում այլ արարողությունների հետ միասին անցկացվել են նաև սպորտային հանդեսներ-խաղեր:
Այդ տոնախմբություններում մտցված սպորտային հանդեսները հին Հայերի կողմից դիտվել են որպես ֆիզիկական հատկությունների (ուժի, ճարպկության, արագության, դիմացկունության, ճկունության) զարգացման, ինչպես նաև բարոյա-կամային հատկությունների դաստիարակման միջոց:
Հին հայկական տոնախմբությունների մեջ կարևոր է հիշատակել Նավասարդյան հանդեսները, որոնք իրենց մեջ ընդգրկել են ժողովրդական մի շարք խաղեր: Ինչ խոսք, հետաքրքիր է, թե որտեղի՛ց են այդ տոնախմբությունները կամ խաղերը ստացել «նավասարդյան» անվանումը: Քանի որ հին Հայերը իրենց ամենամեծ և ամենաբազմախումբ (ազգային) տոնը անցկացրել են նավասարդ ամսին, որը համապատասխանում է այժմյան օգոստոս, և մասամբ էլ՝ սեպտեմբեր ամսին, ուստի և այդ տոները կոչվել են «նավասարդյան», իսկ այդ տոների ծրագրում տեղ գտած սպորտային հանդեսները՝ «նավասարդյան խաղեր»:

Հին Հայերի մոտ ֆիզիկական կուլտուրայի և դրանում ընդգրկվող միջոցառումները կապված են Հայաստանի գեղատեսիլ վայրերի հետ, որի գրկում և անցկացվել են ժողովրդական տոնախմբություններն ու սպորտային հանդեսները:
Նույնիսկ օտարազգի մատենագիրներն էլ են խոսում այն մասին, որ հին Հայերը սիրել են բացօթյա պայմաններում անցկացնել մի շարք մասսայական հանդեսներ: Նավասարդյան տոնախմբությունները և դրա ծրագրում տեղ գտած սպորտային հանդեսները կենտրոնացված են եղել և անցկացվել են Բագրևանդի Շահապիվան «գեղեցկատես» և «ծաղկաբույր» վայրում:
Նավասարդյան տոնախմբությունները, այդ թվում և սպորտային հանդեսները, անցկացվել են բազմամբոխ ժողովրդի մասնակցությամբ:
Հայ պատմագիրները նկարագրում են, որ այդ տոնախմբություններին մասնակցելու համար եկել են Հայաստանի բոլոր ծայրամասերից, ժողովուրդը ոտքով (օր ու գիշեր) կտրել և անցել է հարյուրավոր կիլոմետրեր, որպեսզի մասնակցի իր ազգային տոնին, իսկ նրանց որոշ մասն էլ՝ սպորտային հանդեսներին: Թե ո՛ր ժամանակից են սկսել անցկացվել նավասարդյան սպորտային հանդեսները կամ տոնախմբությունները, առաջին անգամ հաղորդում է Ալիշանը, ըստ որի նավասարդյան տոնախմբությունները առաջին անգամ անցկացվել են մեր թվարկությունից 2492 տարի առաջ: Եթե այդ թվականը ճիշտ է, ապա պետք է ասել, որ նավասարդյան տոնախմբությունները, որոնց թվում և նավասարդյան սպորտային հանդեսները, ունեն մոտավորապես 4450 տարվա պատմություն: Սպորտային հանդեսները անցկացվել են 6 օր տևողությամբ:

Տոնախմբության 6-րդ օրը նվիրված է եղել Հայոց «նախահայր» Հայկին, որը, ըստ ավանդության, գոտեմարտի մեջ մտնելով Ասորեստանի բռնակալ Բելի հետ, հաղթել է նրան և Հայաստանը ազատագրել կործանումից: Հայկին նվիրված տոնը անցկացվել է օգոստոսի 11-ին:
Հայկի հիշատակին նվիրված տոնակատարությունների սպորտային հանդեսներում հատկապես մեծ տեղ են գտել մենամարտային ձևերը (ըմբշամարտ, նիզակամարտ, սուսերամարտ և այլն), որի ընթացքում կտրիճ երիտասարդները, ցուցաբերելով իրենց ուժը և ֆիզիկական այլ հատկությունները, ցանկացել են նմանվել քաջ Հայկին:
Սպորտի այս ձևերը, ինչպես ուժային այլ խաղեր, ժողովուրդը ցուցադրել է նաև Վահագնին նվիրված օրը, որը ըստ ավանդության, համարվում էր քաջության դիցը:

Տեղեկություններ կան, որ այս երկու դիցաբանական հերոսներին նվիրված արարողություններում տեղ են տրվել նաև «հատուկ խաղերի», բայց թե ի՛նչ խաղեր են դրանք, այդ մասին ոչինչ չի նշվում: Ուստի, հաշվի առնելով այն, որ Վարդավառի տոնախմբություններում անցկացվել են ինչպես շարժական, այնպես էլ սպորտային և ռազմական զանազան խաղեր, պետք է ենթադրել, որ այդ խաղերը տեղ են գտել նաև Նավասարդյան տոնախմբություններում կամ սպորտային հանդեսներում, քանի որ Վարդավառի տոնախմբություններն իրենց բնույթով համարյա նույն նավասարդյան տոնախմբություններն են կամ նրա շարունակությունը քրիստոնեության շրջանում:
Հին հայկական նավասարդյան սպորտային հանդեսները իրենց բնույթով նմանվել են հունական աշխարհահռչակ օլիմպիական խաղերին:

Մեր պատմիչներից տեղեկանում ենք, որ հունական օլիմպիադաներում հաղթողները որպես պարգև ստացել են դափնեպսակ: Նույնպիսի պարգևատրում եղել է նաև Նավասարդյան խաղերի հաղթողների համար: Միաժամանակ հաղթողներին հանձնվել են նաև այլ նվերներ: Հաղթողների պարգևատրումը տեղի է ունեցել թագավորի կամ նախարարների ներկայությամբ:
Այդ երկու հնագույն հանդեսների նմանողական հատկանիշներից մեկն էլ այն է, որ եթե հունական օլիմպիական խաղերում ավանդույթ է եղել օլիմպիական կրակի վառումը, ապա նույն տիպի արարողություն տեղ է գտել նաև Նավասարդյան տոնախմբություններում:
Տեղեկություններ կան, որ Նավասարդյան հանդեսների անշեջ կրակը վառվել է Բագրևանդ քաղաքի «Միրհական Մեհեանի» վրա՝ այնքան ժամանակ, մինչև ավարտվել են տոնահանդեսները:
Նավասարդյան սպորտային հանդեսներում մեծ տեղ է գտել մարմնի ներդաշնակ կամ գեղեցիկ զարգացման (կառուցվածքի) գաղափարը, մի բան, որ իր արտահայտությունն է գտել նաև հույների մոտ:

Տեղեկություններ կան, որ նավասարդյան սպորտային հանդեսներում գոտեմարտիկներից շատերը իրենց մարմինն օծել են զանազան յուղերով, որը ծառայել է նախ՝ այն նպատակին, որ բռնվածքները դժվարանան, երկրորդ՝ որպեսզի մարմինը փայլի, ստանա գեղեցիկ տեսք և, երրորդ, ինչպես 5-րդ դարի Հայ մատենագիր Եղիշեն է ասում, այդ օծումը ունեցել է նաև զորացուցիչ նշանակություն:
Նույնը տեսնում ենք նաև հունական պրոֆեսիոնալ ըմբիշների մոտ, որոնք իրենց մարմինը օծելուց հետո, շփվել են նաև չոր ավազով:
Հայ ժողովուրդը՝ չնայած քրիստոնեության բուռն դիմադրությանը,
կարողացել է պահպանել հեթանոսական ժամանակաշրջանից ժառանգած Նավասարդյան տռնախմբությունները, սպորտային հանդեսները, որովհետև այդ տոնախմբությունները՝ բացի այլ նպատակներից, համարվել են նաև հին հայկական սպորտային խոշորագույն և ամենամասսայական միջոցառումները: Այս հանդեսներում ժողովուրդը գտել է ֆիզիկապես բազմակողմանիորեն զարգացման բուն միջոցները, մշակել, դաստիարակել և զարգացրել է մի շարք բարոյա-կամային և ֆիզիկական հատկություններ, որոնք տվյալ ժամանակաշրջանում անհրաժեշտություն էին նաև օտարազգի բռնակալների դեմ պայքարելու գործում:

Այժմ մի քանի խոսք մրցությունների մասին:
Տեղեկություններ կան, որ Նավասարդյան սպորտային հանդեսները անցկացվել են կազմակերպված ձևով և տեղի են ունեցել հատուկ ծիսակատարությունների ավարտումից հետո, որին մասնակցել է ամբողջ բազմությունը: Գլխավոր և մասսայական մրցությունները անցկացվել են հատուկ ասպարեզներում (մեր մատենագիրների կողմից հաղորդած տվյալների համաձայն՝ «ասպարեզ» ասելով հասկացվում է ձիարշավի, խաղերի, ըմբշամարտի, վազքերի և այլնի հրապարակները):
Մրցություններին մասնակցել են ինչպես պատանիները, այնպես և՝ մեծահասակները:
Բացի անհատական մրցություններից մրցումներ են անցկացվել նաև գավառների մարզիկների միջև: Նավասարդյան տոնախմբություններում մեծ տեղ են գտել ըմբշամարտի, կամ, ինչպես պատմագիրներն են նշում՝ «գիրկընդխառն կռվի» մրցությունները, որին մասնակցել են և՛ պատանիները, և՛ մեծաճասակները:
Մրցել են նաև կռփամարտիկները (բռնցքամարտ):
Նրանք իրենց ձեռքներին կրել են կաշվե կամ շորե հատուկ կապեր, որը փսխարինել է ձեռնոցներին: Որպես ռազմական խաղ, շատ տարածված է եղել սուսերամարտը, որի ժամանակ մենամարտողները՝ հարվածներից պաշտպանվելու համար, իրենց վրա կրել են նաև վահաններ:
Հետաքրքրականն այն է, որ սպորտային մենամարտի ձևերում մենամարտիկները ժողովրդին զվարճություն պատճառելու համար դիմակավորվել են՝ հագնելով զանազան զգեստներ, ապա նոր մենամարտել (պետք է ենթադրել, որ այսպիսի հանդեսները համարվել են նաև թատերական տեսարաններ):

Նավասարդյան սպորտային հանդեսների ծրագրում մեծ տեղ են գտել նաև վազքերի հետ կապված զանազան խաղերը, տարբեր տարածությունների վազքի մրցությունները, նիզակամարտը և նիզակի նետումը, շարժական ու ռազմական զանազան խաղերը և այլն: Այս հանդեսներում մեծ տեղ են գտել և ժողովրդին մեծ զվարճություն պատճառել ձիասպորտի հետ կապված զանազան վարժությունները (ձիարշավները, ձիերի վրա զանազան խաղերը), գնդիով խաղը, որը պետք է համարել մականախաղի մի նմուշ,
որտեղ խաղացողները գնդակին հարվածել են փայտերով:
Բացի վերը նշվածներից՝ ժողովուրդը Նավասարդյան տոնախմբություններում օգտագործել է նաև զանազան ջրախաղեր, գոմշաթողը (ցլամարտ), աղավնիներ թռցնելը և այլն:
Չպետք է կարծել, թե հնում Հայերը ամեն ժամանակաշրջանում մասնակցել են այսպիսի բազմապիսի տոնախմբությունների: Մեր նախնիները այսպիսի միջոցառումներ անցկացրել են ժամանակավոր բնույթ կրած խաղաղ տարիներին: Նման բազմամբոխ խնդությունները, որոնց թվում և սպորտային մասսայական հանդեսները, բազմիցս խանգարվել են օտարազգի բռնակալների արշավանքների պատճառով:

Բացի օտարազգի թշնամիներից, հեթանոսական շրջանից սկիզբ առնող հին Հայկական մշակույթի դեմ մեծ արշավանք կազմակերպեց նաև քրիստոնեությունը:
Քրիստոնեությունը՝ Հայաստանում պետական կրոն ճանաչվելուց հետո, սկսեց անողոք պայքար մղել հեթանոսական ժամանակաշրջանում ստեղծված դարավոր մշակույթի ամեն մի բնագավառի, այդ թվում և սպորտային հանդեսների նկատմամբ՝ դրանք անվանելով «սատանայական» ներկայացումներ:

Չնայած այն բանին, որ քրիստոնեությունը խոչընդոտ հանդիսացավ ժողովրդական հին տոնախմբությունների և սպորտային հանդեսների անցկացմանը և իր պայքարի ընթացքում հասավ որոշ «հաջողությունների», այնուամենայնիվ, նա չկարողացավ լիովին վերացնել դրանք:
Նավասարդյան տոնախմբությունները և դրանցում տեղ գտած սպորտային հանդեսները իրենց նմանողական հատկանիշներով, դարից դար և սերնդից սերունդ անցնելով՝ թարմ կերպով պահպանվել են մինչև մեր օրերը:
Հայ ժողովուրդը իր բազմադարյան գոյության ընթացքում կերտել է հարուստ ու բովանդակալից մշակույթ, որի բաղկացուցիչ մասերից մեկն է ֆիզիկական կուլտուրան, որն իր մեջ ընդգրկում է ֆիզիկական դաստիարակության մի ամբողջ համակարգ: Այս համակարգում տեղ գտած սպորտային հանդեսները և դրանցում ընդգրկված սպորտային զանազան խաղերն ու վարժություններն իրենց ծագումը, ինչպես նաև
զարգացումը մեծ մասամբ ստացել են Նավասարդյան հանդեսներից:
Կ. ԱԹՈՅԱՆ
Ֆիզիկական կուլտուրայի Հայկական պետական ինստիտուտի ավագ դասախոս



