ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀՌՈՄԻ ԴԷՄ
(ՄԱՍ Գ)

Ազգն իր գոյությունը պահպանում է ոչ միայն քաղաքական իշխանությամբ, այլև՝ մշակույթով, ազգային հիշողությամբ, ստեղծագործ ուժով…
Ավետիս Ահարոնյանն իր ճամփորդական մտորումներով անդրադառնում է նոր ինքնության ձևավորման գործում պատմական անցյալի, ազգային մշակույթի դերին:
Հայ մտավորականն Իտալիայում անցյալի կոթողների առջև խորհում է քաղաքակրթության ազդեցության, ինքնաքննության շուրջ…
Ինչպե՞ս է ժողովուրդը պահպանում իր հիշողությունը, ինչպե՞ս է արվեստը նպաստում ազգային ինքնագիտակցության զարգացմանը…
«Իտալական էսքիզներ»-ի շարունակությունը՝ ստորև:
Սկիզբը՝ նախորդ հրապարակումներում:

Գ.
ՄԵԾՆ ՏԻԳՐԱՆԻ «Ո՛Չ» -Ը
Պատմութիւն չեմ գրում, այլ պատմա-գեղարուեստական նշմարներ: Բայց ինչպէ՞ս չյիշատակեմ Տիգրան Մեծի եւ Հռոմի առաջին պատգամաւոր՝ Կլաւտիուս Ապպիուսի բախտորոշ հանդիպումը Անտիոքում, որ այդ ժամանակ Հայ Արքայից-Արքայի գերիշխանութեան տակ էր: Անշուշտ, հռոմայեցիները անծանօթ չէին Տիգրանին. սակայն, Անտիոքի տեսակցութիւնը կատարւում էր այնպիսի արտասովոր պարագաներում, որ կարելի էր այն անուանել իրապէս դրամատիկական:
Միհրդատ արդէն պարտուած էր Լուկուլլոսից եւ մազապուրծ ու փախստական նետուել էր Հայաստանի սահմանները՝ ապաստան եւ հովանի հայցելով իր փեսայից՝ Հայոց մեծազօր արքայից: Տիգրան գիտէր, թէ Հռոմի պատգամաւորը եկած էր յանուն Լուկուլլոսի պահանջելու, որ Միհրդատը Հռոմին յանձնի:
Հայ միապետը ընդունեց Ապպիուսին իր արքայական բոլոր շուքով եւ փայլով: Նա նստած էր ոսկեհուռ գահոյկի վրայ՝ շրջապատուած իր զօրավարներով, բարձրաստիճան պալատականներով ու խորհրդականներով. գայիսոնը ձեռքին ու մարգարտաշար թագը՝ գլխին:
Տիգրան արդէն վաթսունը վաղուց անց՝ տարեց մարդ էր: Տարիները, սակայն, ոչ ծռել էին նրա թիկունքը, իր առնական կորովն ու զօրութիւնը եւ ոչ իր արքայական կեցուածքը:
Նա մի հուժկու տղամարդ էր. հռոմայեցիների պէս սափրած ու ջղուտ՝ նա իր տարիքից շատ աւելի երիտասարդ էր թւում: Նրա ուժեղ պրոֆիլը (կիսադէմ), ուր իշխում էր վայելչաձեւ քիթը եւ սեղմ ու յամառ ծնօտը, իր բարձրադիր ու հպարտ ճակատը, իմաստուն ու խորունկ աչքերը եւ իր ամպրոպային ու խոհուն հայեացքը՝ համակ վայելչութիւն էր ու զօրութիւն եւ անբռնադատ, ինքնաբուխ վեհափառութիւն: Գէթ այսպէս ենք տեսնում նրան իր թողած դրամների վրայ, որոնք լաւագոյնն են համարւում դրամագիտութեան պատմութեան մէջ:

Հայոց արքայի առջեւը նստած էր Ապպիուս Կլաւտիուս՝ երիտասարդ հռոմայեցին, Լուկուլլոսի պատգամաւորը, որ, հակառակ իր տարիքին, իր մեծ ու զօրաւոր հայրենիքի աշխարհակալական ոգին ու գիտակցութիւնը ունէր եւ պահում էր իրան փորձուած ու տարեց մարդու պաղարիւն հանդարտութեամբ:
Ու նստած էին դէմ յանդիման ոչ երկու մարդ, այլ երկու աշխարհ, Արեւելք եւ Արեւմուտք:
Այդ օրն, այդ ժամին, Անտիոքում, Հայոց արքայի պալատում բազմաթիւ ազգերի բախտն էր վճռւում դարերի համար: Ո՞ւմ պիտի պատկանէր Ասիան՝ Հայաստանի՞ն, թէ՞ Հռոմին: Հայոց ծեր արքան նայում էր յօնքերի տակից իր առջեւ նստած համարձակ երիտասարդին: Նա ոչ միայն արդէն գիտէր այս հռոմայեցու գալու նպատակը, այլ եւ քաջածանօթ էր այն բոլոր դաւերին, որ Ապպիուս Կլաւտիուս իր ճամբին նիւթել էր իր դէմ, իր իսկ երկրի մէջ: Իր գործակալները ժամ առ ժամ իրազեկ էին պահել Արքայից-Արքային իր հիւրի նենգաւոր ձեռնարկների մասին եւ լաւատեղեակ էր, թէ իր հպատակ իշխաններից որո՞նք են ծածուկ դաշինք կռել իր դէմ:
Պլուտարքոս ի զուր է փորձում մեզ համոզել, թէ Տիգրան սոսկ մի արեւելեան բռնաւոր էր՝ անպարփակ գոռոզութեամբ լցուած եւ գերի իր բուռն ու տարերային խառնուածքի յեղյեղումներին եւ մանաւանդ՝ ցասումին:
Տիգրանի դիւանագիտական կարողութիւնը անվիճելի է. նա գիտէր կշռել իր խօսքն ու արարքը: Այլապէս նա անկարող պիտի լինէր քսանեւհինգ տարուց ի վեր վարել Առաջաւոր Ասիայի ժողովուրդների բախտը: Նա խորապէս ըմբռնում էր վայրկեանի ճակատագրական արժէքը. գիտէր ո՞վ է նստած իր առջեւ, թէեւ հռոմայեցին ճգնում էր իր շարժուձեւին տալ պարզ ու անմեղ բնոյթ: Այս էր պատճառը, անշուշտ, որ նրա սրատես աչքերի մռայլի վրայ նուրբ, հեգնական ժպիտ կար, որ Պլուտարքոս անճշդօրէն անուանում է՝ «բաց ու խնդուկ դէմք»:

Տիգրան զուսպ ու քաղաքավար ընդունեց Ապպիուսին, որ նրան յանձնեց Լուկուլլոսի նամակը, ուր հռոմայեցի զօրավարը դիտաւորեալ ձեւով բաց էր թողել Արքայից Արքայի տիտղոսը … Տիգրան սաստիկ խոժոռուեց. սա նրա ամենազգայուն տեղն էր եւ, հակառակ իր ներքին սուր խռովքին, նա դարձեալ զսպեց իրան: Նա լաւ հասկացաւ, որ Լուկուլլոսի այս արհամարհական վերաբերմունքը՝ դէպի իր անձը վայելչութեան պակասից աւելի մեծ քաղաքական ակտ էր. բիրտ՝ իր ձեւով եւ ծանրակշիռ՝ իր ենթադրեալ հետեւանքներով:
Նրա համար այլեւս պարզ էր, որ Հռոմը ուրանալով իր տիտղոսը՝ անուղղակի կերպով հրաժարւում է ճանաչել իր տիրապետութիւնները եւ իր հիմնած կայսրութիւնը:
Արեւելքի եւ Արեւմուտքի մեծ ու պատմական պայքարն էր վերսկսւում:
Տիգրանի լսածը ճիշդ էր: Լուկուլլոս իր նամակով պահանջում էր Միհրդատին, ինչ որ Ապպիուս հաստատեց նաեւ բերանացի աւելացնելով, որ ինքը եկել է յատկապէս Պոնտոսի թագաւորին տանելու, որը Լուկուլլոսի յաղթանակներին է պատկանում եւ եթէ Տիգրանը մերժէ, այն ժամանակ պատերազմ պիտի լինի:
Լռութիւն տիրեց:
Երիտասարդ հռոմայեցու այս յայտարարութիւնը յանդուգն էր: Արքայի շրջապատը շնչարգել սպասում էր, թէ ի՞նչ պիտի պատասխանի Տիգրանը: Եւ յանկարծ, քար լռութեան մէջ լսուեց մռայլ արքայի խօսքը:

«Ո՛Չ»,- ասաց Տիգրան, թաւ ու հանդարտ ձայնով.— «Ո՛չ, Միհրդատ Հայոց Արքայից-Արքայի հիւրն է եւ ձեզ չի՛ յանձնուի երբեք: Ու եթէ Հռոմին պատերազմ է պէտք, նա կը կարողանա՛յ ինքզինքը պաշտոլանել:
Այդպէ՛ս ասացէք ձեզ առաքողին»:
Նա դիտմամբ զօրավար չանուանեց Լուկուլլոսին, ինչպէս որ նա միտումնաւոր անգիտացել էր իր «Արքայից-արքայ» տիտղոսը: Այս ձեւով էլ, իր հրամանով խմբագրուեց իր պատասխանագիրը հռոմայեցի զօրավարին:
Ունկնդրութիւնը վերջացաւ: Հայաստանի եւ Հռոմի միջեւ պատերազմ էր:
Տիգրան իր ծանր սուրը վճռապէս նետեց Մարսի կշիռքին մէջ…
Միհրդատի՞ համար:
Ո՛չ, անշուշտ:
Տիգրան հրաշալի կերպով գիտէր, որ Լուկուլլոսի կողմից Միհրդատին պահանջելը սոսկ պատրուակ էր իրեն կռիւ յայտարարելու համար: Նա խորապէս համոզուած էր, որ Հայաստանի դէմ պատերազմը արդէն իսկ վճռուած էր Ապպիուսի գալուց շատ առաջ:
Տիգրանը, որ ոչ միայն զինու զoրութեամբ, ապա եւ քաղաքագէտի իր արտակարգ կարողութիւններով յաջողացել էր գրեթէ ողջ Փոքր Ասիան՝ Միջագետքով իր իշխանութեան տակ առնել, այնքան անխոհեմ ու անհեռատես չէր լինի, որ հեշտութեամբ իր պետութիւնը վտանգի ենթարկէր Միհրդատի համար, թէկուզ նա լինէր իր սիրելի կնոջ՝ Կլէոպատրայի հայրը:

Ազգերի մեծ բախումները անհատների քմահաճոյքներից չեն ծագում, եւ ոչ էլ մէկի սիրուն. Տրովադայի պատերազմը՝ որպէս թէ գեղանի Հեղինէի համար, մարդկութեան մանկութիւնն օրօրող սիրուն առասպել է:
Պատերազմների իսկական պատճառները վրիպում են ամբոխների տեսողութիւնից եւ միշտ մնում ծածուկ, եւ բանակները շարժւում են շատ յաճախ գրաւիչ պատրուակներով:
Պոնտոսի հետ իր հաշիւները կարգադրելէն ետքը ընչաքաղց Հռոմը իր գիշատիչ հայեացքը ուղղել էր դէպի Հայաստան: Տիգրան այդ շատ լաւ գիտէր ու շատ շուտ ըմբռնեց, որ Լուկուլլոսի հանդէպ նուաստացումներ ընդունիլ եւ կամ խեղճանալ ու ստորնանալ ոչ միայն անարժան է իր արքայական փառքին եւ քաղաքական վարկին, այլ եւ միանգամայն անօգուտ է իր եւ իր պետութեան խաղաղութեան համար:
Եւ Հռոմի մարտահրաւէրը նա ընդունեց արքայավայել եղանակով:

Այս պատերազմի ելքը Հայաստանի համար ձախող եղաւ: Լուկուլլոս եւ իրեն յաջորդող Պոմպէոս Հռոմի փառքն ու զօրութիւնը Պոնտոսից յետոյ Հայաստանում բարձրացրին:
Քիչ վերեւ մենք տեսանք, որ դա անխուսափելի էր շատ պատճառներով:
Սպասո՞ւմ էր արդեօք Տիգրան այս հետեւանքներին: Հաւանաբար — ոչ: Բայց, ինչ եւ լինէր, նա չէր կարող առանց կռուի գլուխ ծռել Հռոմին: Այլապէս, ինքն իր ձեռքով պէտք է քանդէր քսանհինգ տարուայ ճիգերով բարձրացուած՝ հսկայ ու փառաւոր կայսրութեան կառուցուածքը:
Ի դէպ է այստեղ յիշատակել, որ Տիգրան Մեծի այս բախտորշ «ո՛չ»-ը, որպէս մեր ցեղային խառնուածքի արտայայտութիւն, յետագային մեր պատմութեան ամենէն տագնապալի շրջաններում մի ապշեցուցիչ զուգադիպութեամբ կրկնուեց: Ամէն անգամ, որ Հայ ժողովուրդը կոչուեց իր վճռական խօսքն ասելու իր հայրենիքի անկախութեան կամ օտար բռնաւորին համակերպեպուելու մէջ, նրա պատասխանը միշտ եղաւ մի կուռ ու գիտակից՝ «ո՛չ»:
Այսպէս, Տիգրան Մեծից մօտ հինգ դար յետոյ, երբ պարսից՝ Յազկերտ Բ պահանջեց Հայ ժողովուրդից իր խղճմտանքի եւ իր ազատութեան ուրացումը, Հայ ազգը մէկ անձի պէս վերստին ծառացաւ եւ արտասանեց իր արհամարհական ու համարձակ «ո՛չ»-ը: Եւ 451 թուին Աշտիշատի Հայոց ազգային ժողովը, հակառակ արտասովոր, դժուարին պարագաներին, անմիջապէս գտաւ իր ազգային հերոսը, որ մարմնացնում էր ցեղի կամքը եւ Վարդանի հզօր աջի մէջ դրեց հայկական հինաւուրց սուսերը:

Եւ այնուհետեւ, քանի՜ — քանի՜ անգամ, Հայ ժողովուրդը, յաճախ անգլուխ, իր հայրենիքը բաժան — բաժան՝ ոտքի ելաւ հզօրագոյն թշնամիների դէմ իր ազատութեան եւ իր արդար, անկաշկանդ խղճմտանքի համար:
Թող յիշատակեմ դրանցից գէթ ամենավերջինը՝ մեր օրերում, մեր աչքի առջեւ կատարուածը, որ այնպէս յիշեցնում է Վարդանանց նուիրական պատերազմը: Խօսքս 1918-ի գարնան, Ալեքսանդրապոլում գումարուած Հայոց Ազգային Ժողովի մասին է: Ռուսները՝ խոյս տուած Կովկասից, մեր շրջապատի հարեւանները՝ մեր դէմ, թրքական արշաւը սպառնական առաջխաղացութեամբ դէպի մեր սահմանները, եւ մեր բանակը՝ թէեւ անձնուէր, արի, բայց սակաւաթիւ ու տակաւին մատաղ. եւ ահա, այդ տագնապալի ժամին ազգի ներկայացուցիչները, ինչպէս հինգերորդ դարում, կոչուած են ընդունելու պայքար կամ ստրկութիւն: Թուրքը պահանջում է ընդունել Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը: «Ո՛Չ», վերստին պատասխանում է Հայոց Ազգային Ժողովը միաձայն եւ ընդունում է պատերազմը թշնամու գերազանց ուժերի դէմ:
Յետին թուով քաջահմուտ դիւանագէտներ կը ծնին, որոնք կը փորձեն գուցէ ստուեր ձգել ազատատենչ ազգի գերագոյն հոյակապ գրոհի վրայ: Համակերպութեան իմաստուն ասպետներ կը գան, որոնք քրմական ծիրանի հագած, նեղ աչքերով կը դիտեն պատմութեան փոթորկաշունչ ընթացքը եւ դատապարտութեան կամ գռեհիկ քննադատութեան փորձեր կանեն ազգի տագնապալի օրերի առաջնորդների հասցէին: Այս բոլորը հասկանալի է եւ տրամօրէն անխուսափելի: Բայց, ահեղ ու վճռական պայքարով կրած պարտութիւնը մի իմաստ ունի, որ վրիպում է մտավախների աչքերից եւ լռելեայն ղեկավարում է պարտառուած ու նկուն ժողովուրդների բախտը:
Ազատազուրկ ու բեկանուած ազգերը յաճախ արցունքի ու կսկիծի միջից արիութիւն են քաղում: Պարտութեան կիզիչ յուշերը եւ ատամների կրճտոցը երբեք չեն մնում առանց հետեւանքի:
Շարունակությունը՝ հաջորդիվ…

Լուսանկարում՝
Գիյոմ Արալի անձնական հավաքածուից՝
Տիգրան Մեծի կիսադեմը


