«ԹԱԳՎՈՐԻ՛ ՄԵՐ, ԴՈՒ՛ՐՍ ԱՐԻ»…

«Գյուղական հարսանիք»  Լուսանկարը՝ «Հայոց հարսանիքի համայնապատկեր» էջից՝ շնորհակալությամբ
«Գյուղական հարսանիք»
Լուսանկարը՝ «Հայոց հարսանիքի համայնապատկեր» էջից՝ շնորհակալությամբ

Հայոց ազգային զանազան ծեսերից, տոնախմբություններից՝ «Հարսանեկանն» ամենից ուրախն ու երջանիկն է, թերևս:

Նոր Ընտանիքի, նոր «Պտղաբերության» սկիզբն ազդարարող այս ծեսը մեր ազգային հնագույն հավատալիքների, արարողությունների հարուստ շտեմարան է՝ խտացված բազմաշերտ իր ծիսակարգով:

Վենետիկում, Մխիթարյան միաբանության անդամներին Հայ երաժշտությանը նվիրված իր ուսումնասիրություններին ծանոթացնելիս, Կոմիտասն ասել է.

«Հայ գյուղացու հարսանեկան ծեսը մի ամբողջական օպերա է». (մեջբերումը՝ Մարիաննա Տիգրանյանի՝ «Հայոց ավանդական հարսանեկան գովերգերը հնագույն ծեսի համատեքստում» հիանալի աշխատությունից, ուր մանրամասն ներկայացված են «Ծիսական գովերգերը», բուսական ու կենդանական խորհրդանիշների դերն ու նշանակությունը, «Հինադրեքը»՝ որպես ծիսական հնագույն արարողակարգ… պսակված՝ «Լորկե» Հայկական ավանդական հարսանեկան շուրջպարով):

Ազգագրական ուսումնասիրություններում Հարսանեկան ծեսի նկարագրությունները կան՝ իր տարբեր փուլերով՝ նախապատրաստումից մինչև Հայրական տնից դուրս գալն ու առանցքային իրադարձությունը՝ Հարսի մուտքը փեսայի տուն: Եվ ողջ ընթացքում տոնախմբությունն ուղեկցվում է ծիսական գովերգերով, համեմվում երգիծական կատակախաղերով, կատակերգերով ու բարեմաղթանքներով՝ դրոշմված ազգային հավատալիքների կնիքով…

Կոմիտասագետ, խազագետ ու երգահան Արթուր Շահնազարյանն իր՝ «Կոմիտաս» աշխատության մեջ գրում է.

«Յուրահատուկ էին հարսանյաց երգերը. դրանց ելևէջները, Կոմիտասի համոզմամբ, գալիս էին հնագույն ժամանակներից:
Դրանք խորհրդավոր մեղեդիներ էին, որովհետև, ըստ ծեսի, պատկերում էր Արևի (փեսա) և Լուսնի (հարս) ամուսնությունը:

Յոթնօրյա ծեսի յուրաքանչյուր օրը նվիրված էր մեկ լուսատուի:

Առաջին օրը Լուսնի օրն էր: Այդ օրը եզը տանում էին հարսի տուն և այնտեղ զոհաբերում: (Հետագայում, Հարսանիքի կարևորագույն ծիսակատարություններից մեկը՝ «Եզմորթեքը», սովորաբար տեղի էր ունենում փեսայի տանը «Տաշտադրեքի»՝ Հաց թխելու ծեսի հաջորդ օրը՝ ուրբաթ առավոտյան՝ զուռնա-դհոլի նվագակցությամբ ու պարերի ուղեկցությամբ՝ մի բաց հրապարակում, ուր հավաքվում էր ողջ գյուղը…Կ.Ա.):

Հաջորդ` Երևակի օրը, հարսի ձեռքերին հինայով նկարում էին նախշ-խորհրդանիշներ, իսկ հարսի ընկերուհիները երգում էին հարսի համար:

Երրորդ` Փայլածուի օրը, գալիս էին՝ հարսին հայրական տանից տանելու. Հարսնառն էր:

Չորրորդ` կենտրոնական օրը, Լուսնթագի օրն էր, և կատարվում էր բուն պսակը եկեղեցում (հնագույն շրջանում՝ Քրմական արարողությամբ, Կ.Ա.), իսկ տանը շարունակվում էր ժողովրդական ծեսը:

Հաջորդ` Լուսաստղի օրը, առավոտից կերուխում էր, երգ ու պար, և անպայման պարում էին հարսն ու փեսան: Այդ պահին փեսան տան մեջ ցորեն էր շաղ տալիս` ստանալով ցանքսի իրավունք, քանի որ չամուսնացածները դրա իրավունքը չունեին:

Հրատի օրը (օր վեցերորդ) հարսն ու փեսան մտնում էին ամուսնական առագաստ:

Վերջին` յոթերորդ օրը, նվիրված էր Արևին:
Առավոտյան երիտասարդները հարսի ու փեսայի հետ բարձրանում էին տան կտուրը և Արևին ձոնված երգերով դիմավորում արևածագը:
Եվ ամեն օրն ու պահը ուներ իր հատուկ երգը:

Դա տիեզերական ծես էր, և ուրախությունը մարդու հոգում էր: Այդ հարսանիքին չկար հանդիսատես. բոլորը մասնակից էին:

Կոմիտասը զարմացել էր և ափսոսել, թե այսքան դարեր ինչո՞ւ որևէ մեկը ուշադրություն չէր դարձրել այդ ծեսին, ոչ ոք չէր գրանցել տարաշխարհիկ երգերը:

Ծեսի գլխավոր մասն է կազմում «Թագվորի ծառը»՝ Կենաց ծառի խորհրդանիշը:
Փեսային կոչում էին թագվոր, հարսին` թագուհի:
Ահա զարդարում են Կենաց ծառը և գովերգում: Ծառի գովքի երգում Կոմիտասը լսում է նախնյաց գողթան երգիչների հեռավոր արձագանքը.

Երկնից, գետնից սուրբ զորությունով,
Այն ծառն ծաղիկ էր,
Ծառ ծաղկեցավ,
Ծառ բազմեցավ`
Կանաչ ու կարմիր»:

Հազարամյակների խորքը ձգվող «արմատներով» «Թագվորածառը»՝ «Ուռքը», «Ուրցը», «Նուռքը», շուրջ մեկուկես մետր բարձրությամբ, մոտ 15-20 կիլոգրամ քաշով, յուրօրինակ «Կենաց ծառի» խորհուրդն ուներ՝ անցյալի, ներկայի ու ապագայի իմաստով. արմատները՝ «նախնիք», բունը՝ «Թագվորը՝ Փեսան», ճյուղերը, սաղարթները՝ «ժառանգները»:

Այն պատրաստվում էր հատուկ վարպետների կողմից, պտուղները շարում էին աղջիկներն ու կանայք, դասավորում-հարդարում էին «ազապները»:
«Փեսայի ծառի» պատրաստումն ուղեկցվում էր նրա տոհմի, գերդաստանի մեծարմամբ ու գովերգով…

«Ուրցը» շարելիս մրգերի առատությունը պարտադիր էր, հատիկը՝ լիության, միրգը՝ պտղաբերության խորհրդանիշն էր (հատուկ նշանակություն ունեին խնձորն ու նուռը)…

Հարսանեկան գովքերում հաճախ են հիշատակվում նաև ծաղիկները՝ Խունկի ծաղիկը, Անթառամը (Անմեռը, Արևոսկին), Շուշանը, Բալասանը (Հինածաղիկը)…

«Թագվո՛ր, ի՞նչ բերեմ քե նըման,
Քո կանաչ Արևն ի նման,
Անթառամ ծաղիկ, որ կուբացվեր,
Բացվեր Արևն ի նըման»…

Նաև՝ լուսատուները.

«Թագվո՛ր, ի՞նչ բերեմ քեզ նման,
Քո կանաչ Արևի նման:
Էն Արուսեակը, որ ծագէ,
Ծագել է Արևի նման»…

Անդրադառնալով Հայրական տնից Հարսին հանելու պահին, երբ խմբակային «Ելի՛ր, ելի՛ր» երգի ուղեկցությամբ ու արցունքոտ աչքերով աղջիկը ոտքի է ելնում՝ շարժվելու դեպի իր «առաքելությունը»՝ ստանձնելու ցեղը շարունակողի դերը, Ա. Շահնազարյանը գրում է.

«Հենց որ ոտքի ելնի, կսկսվի սրբազան խորհուրդը տիեզերական. նա է կրողը կյանքի, ինքը կյանքն է. նա կյանք կտա ու կծնի մի Արևամանուկ և նրա համար կերգի նախնիներից իրեն փոխանցված Արևամոր օրորը, և օրորոցից քիչ հեռու՝ օջախում, կբոցկլտա այն Կրակը, որ վառել են նախնիք հազարամյակներ առաջ քարանձավում ու պարել են շրջանաձև շորորը` դանդաղ ու վեհապանծ…

Նա ոտքի կելնի և կգնա արարելու մի նոր Կյանք, ոտքի կելնի ու կգնա շարունակելու Ցեղը ու փոխանցելու Ցեղի ոգին»:

«Շեմի ծիսերգերից» մեկում երգիծանքով ակնարկվում էր փեսայի տանը հարսի ապագա դերը՝ որպես օջախը երջանկացնող, շենացնող կամ, հակառակ դեպքում՝ դժբախտացնող…

Հարսին դիմավորելու նպատակով Փեսայի մորը տնից դուրս կանչող զվարթ ու կատակային խմբերգը՝ Կոմիտասի հանճարեղ գրառմամբ, հնչում էր համընդհանուր ուրախությամբ.

«Թագվորի՛ մեր, դու՛րս արի,
Տե՛ս՝ քեզ ինչե՜ր ենք բերել…
Թագվորի՛ մեր, դու՛րս արի,
Քեզ ջուր բերող ենք բերել:

Թագվորի՛ մեր, դու՛րս արի,
Քեզ թաղդ ավլող ենք բերել:
Թագվորի՛ մեր, դու՛րս արի,
Քեզ կով կթող ենք բերել:

Թագվորի՛ մեր, դու՛րս արի,
Քեզ ճաշ էփող ենք բերել:
Թագվորի՛ մեր, դու՛րս արի,
Քեզ գլուխ դըմբող ենք բերել»:

Կոմիտասյան գրառումներից մեկում հարսանքավորները՝ երկու խմբի բաժանված, հարց ու պատասխանի ձևով երգում-գովերգում-փառաբանում են Արևն ու Լուսինը խորհրդանշող Փեսային ու Հարսին…

«-Էն Արև, Երկնուց Արև, տեսե՛ք` էն ո՞րն է:
-Էն Արև, Երկնուց Արև, մեր Թագավորն է:
-Էն Լուսին ամպերի մեջ, տեսե՛ք` էն ո՞րն է:
-Էն Լուսին ամպերի մեջ մեր Թագուհին է»:

Տարիներ անց, ամբողջացնելով ծեսը, Կոմիտասն այն դիտարկում էր որպես վաղնջական առասպելի մի մասը՝ Արևի ամուսնությունը Լուսնի հետ…

«Ծեսը դարձել է կանաչ-կարմիր արև, ծիածանաթև շողշողուն երկինք, ճանապարհ դեպի հայրենի Կենաց ծառ, դարձել է հայրենի անդաստանների վրա թևածող ոգու երգ ու կանչ, ամուսնություն Երկնքի ու Երկրի, Արևի և Լուսնի, որից ծնվելու է Գողթան երգիչների երգած Վահագնը` արևաչ ու հրեղեն…»,- գրում է Արթուր Շահնազարյանը՝ Կոմիտասին նվիրված իր աշխատության մեջ:

Հարսանեկան ծեսի արարողակարգում, որպես հնագույն հավատալիքների վերապրուկ, թատերականացված կատակ-պար — ներկայացումներ են եղել, որոնք պահպանվել են ընդհուպ մինչև 20-րդ դարի 2-րդ կեսը՝ Տավուշի, Շիրակի, Ջավախքի գյուղերում…

Ահավասիկ Հ. Պիկիչյանի հիշատակումը՝ հարսանեկան խնջույքի թեժ պահին ներկայացվող «Այծապարի» առիթով, մեջբերված Մ. Տիգրանյանի վերոնշյալ ուսումնասիրությունից.

«Ականատեսների վկայությամբ, այծի փոստի վրա ամրացված պոզերով ու զանգակներով հատուկ վերնազգեստով ծպտված՝ «Այծի պար» պարողը հանկարծ հայտնվում էր՝ բոլորին վախեցնում ու ծիծաղեցնում, ապա գոտուց կախած թարմ ու չոր մրգերով լի զամբյուղի պարունակությունը բաժանում կանանց ու երիտասարդներին:
Ապա, կանանց ու տղամարդկանց քաշքշելով, հավաքվածների հրմշտոցից «սատկած» էր ձևանում, հետո վերակենդանանում, նվերներ ստանում և հեռանում»:

Չմոռանանք Հարսանեկան ծիսակարգի գեղեցիկ արարողություններից ևս մեկը՝ հնագույն ժամանակներից եկող «Հինադրեքն»՝ իր խորհուրդով ու հինագովերքի երգերով՝

«Ոսկի թասի մեջ
Հինան ենք շաղում,
Արծաթե սանրով
Ծամերն ենք սանրում»…

Ի վերջո, հիշենք նաև հնուց եկող՝ Հարսանեկան ծեսի խմբակային մի հրաշալի պար՝ հզոր ուժ ճառագող, «Գյովնդ»՝ «Գունդ» անունով, որի տարբերակներից է և «Թագվորի (Փեսայի) Գյովնդը»:

Այս շուրջպարը, որը միաժամանակ պարել են մի քանի հարյուր մասնակիցներով՝ ձեռքներին ճրագակալ-ջահերով, հետագայում՝ ձեռքները կրծքավանդակի բարձրությամբ ճկույթներով բռնած, չափազանց դանդաղ քայլերով են պարում (ըստ իս՝ Արևի շրջապտույտի, Կյանքի խորհուրդն է պարփակում)…

Հարսանեկան արծաթե գոտի, Ակն
Լուսանկարը՝ «Յուշամատեանի»՝ «Քարտէսներ. Խարբերդի վիլայեթ, Ակնի գավառ» էջից
Հարսանեկան արծաթե գոտի, Ակն
Լուսանկարը՝ «Յուշամատեանի»՝ «Քարտէսներ. Խարբերդի վիլայեթ, Ակնի գավառ» էջից

Յուրաքանչյուր գավառ իր հատուկ հարսանեկան տարազն ուներ, որի համար ընդհանուր, կարևոր բաղադրիչներից էին գոտին ու քողը:
Հարսանեկան զգեստի կարմիր, կանաչ գույները՝ ոսկեգույն ժապավենաթելերով, Կրակն ու Պտղաբերությունն էին խորհրդանշում, կրվող զարդեղենի նախշազարդերը, մոտիվները՝ բեղունությունը, պտղաբերությունն ու արգասավորությունը…

Հարսանեկան, ինչպես և ընդհանրապես՝ Հայ կնոջ տարազում գոտին, նրա ճարմանդը, զանազան կախազարդերը՝ կախիկ-բոժոժները, քունքազարդերը, քունքերի մոտի մարգարտաշարերը, ապարանջանը, թանկարժեք քարերով ու արծաթե, ոսկի մետաղադրամներով զարդարված ճակատազարդերը … չարը վանող հմայիլ-պահպանակների դերն ունեին:

Ճարմանդ
Ճարմանդ

«Տեղ ոսկի տեղայր
Ի փեսայութեանն Արտաշիսի,
Տեղայր մարգարիտ
Ի հարսնութեանն Սաթենկանն»։

Գողթան Երգերից մեզ հասած հիշյալ պատառիկն աշխարհաբարով՝

«Ոսկի անձրև էր տեղում
Արտաշեսի փեսայության ժամանակ,
Մարգարիտ էր տեղում
Սաթենիկի հարսնության ժամանակ»…

Սերնդեսերունդ փոխանցվող հարսանեկան գոտիներ

Լուսանկարը՝ «Մրտենի» էջից՝ շնորհակալությամբ
Սերնդեսերունդ փոխանցվող հարսանեկան գոտիներ
Լուսանկարը՝ «Մրտենի» էջից՝ շնորհակալությամբ
Գոտու մաս՝ Արցախի Հարսանեկան տարազից (19-րդ դար)
Հ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության Կենտրոնի հավաքածուից
«Հարսնառի» ժամանակ խնձորի՝ «նշան բռնելու» արարողությունը Գանձակում Նկ. Ռ. Մնացականյան  Լուսանկարը՝ «Արմտումարի» էջից՝ շնորհակալությամբ

«Հարսնառի» ժամանակ խնձորի՝ «նշան բռնելու» արարողությունը Գանձակում
Նկ. Ռ. Մնացականյան

Լուսանկարը՝ «Արմտումարի» էջից՝ շնորհակալությամբ

Օժիտի հանձնման արարողության մի պահ՝ Վանի շրջանում, 1900-ականներին

Լուսանկարը՝ «Արմտումարի» էջից՝ շնորհակալությամբ

Զուլումյանների հարսանիքը Խարբերդում, 1892 թվական

Լուսանկարը՝ «Արմտումարի» էջից՝ շնորհակալությամբ

Հարսանիք Սեբաստիայում (Սվաս)

Լուսանկարը՝ Հասմիկ Հարությունյանի հրապարակումից՝ շնորհակալությամբ
Հարսանիք Սեբաստիայում (Սվաս)
Լուսանկարը՝ Հասմիկ Հարությունյանի հրապարակումից՝ շնորհակալությամբ
«Եզմորթեք»

Լուսանկարը՝ «Հայոց հարսանիքի համայնապատկեր» էջից՝ շնորհակալությամբ
«Եզմորթեք»
Լուսանկարը՝ «Հայոց հարսանիքի համայնապատկեր» էջից՝ շնորհակալությամբ
Վանո Խոջաբեկյան (1875-1922)

«Փեսացուի հարսանեկան նվերները» (թուղթ, թանաք)

Հայաստանի Ազգային Պատկերասրահի ֆոնդապահոցից

Վանո Խոջաբեկյան (1875-1922)

«Փեսացուի հարսանեկան նվերները» (թուղթ, թանաք)

Հայաստանի Ազգային Պատկերասրահի ֆոնդապահոցից

Վանո Խոջաբեկյան (1875-1922)

«Փեսացուի հարսանեկան նվերները» (թուղթ, թանաք)

Հայաստանի Ազգային Պատկերասրահի ֆոնդապահոցից

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով