ՎԵՐԱԴԱՐՁ՝ ԱՐՑԱԽ

Մեծ Քիրս լեռն Արցախում
Մեծ Քիրս լեռն Արցախում

Արցախ Աշխարհիս խախտված անդորրի խռովքն է մեր մորմոքված  սրտերում, ու մեր  Անմահ Քաջազունների  խրոխտ ու վեհ  հայացքներն են  մեզ ուղեկից…

Մեծ Հայքի արևելյան հատվածում սփռված՝ սաղարթախիտ անտառներով ու սառնորակ աղբյուրներով հարուստ վսեմաշուք Արցախն իր ռազմական ամրության շնորհիվ դարերի ընթացքում բազմիցս է դիմակայել օտարազգի հրոսակներին՝ պատերազմի ժամանակ բնության զանազան անկյուններում՝ անձավներում  ապաստանվելով  և երբեմն էլ որպես ռազմական կետեր ծառայեցնելով բնական քարայրները:

Այստեղ  սուրբ են  Լեռն ու Քարը, Աղբյուրն ու Ծառը՝ իրենց շուրջ հյուսված  զանազան ավանդապատումներով…

Լեռներին  սրբազան բնույթ վերագրելը (որպես դիցերի բնակավայր), հնագույն շրջանից ի վեր՝ առկա է   բազմաթիվ մշակույթներում:

Լեռը նաև հենց Դիցի խորհրդանիշն էր, նրա մի Մասը՝  Մասիքը կամ Մասունքը…

«Արարումը, Արարչագործությունն  ամենուր է»՝ Լեռներում,  Ջրերի ակունքներում…

«Վարանդացին հեռու անցեալում և մեծ մասամբ այժմս էլ աստուածացրել է ամբողջ բնութիւնը և ծունր դրել նրա առաջ: 

Քիրս  լեռը իւր  սպիտակափառ գագաթով նուիրական է եղել նրա համար.  շատերը ծունր չոքած  աղօթել են նրա առաջ:

Դեռ մինչև այժմս էլ Քիրսի աստուածացման վերաբերեալ աւանդութիւններ շրջում են ժողովրդի մէջ  և լերան վերայ  գտնուող բազմաթիւ  ուխտատեղիները խլել են նրանից  նրա աստուածացումը»:

Այսպես է սկսել  Հայոց   մեջ  գոյատևած  հավատալիքների   հետքերը քննող ազգագրագետ, բանահավաք ու հնագետ  Երվանդ Լալայանն  իր՝  Լեռների պաշտամունքին նվիրված  ուսունասիրությունը («Վարանդա», Երկրորդ տարի, Բ գիրք, 1897թ.)՝  շարադրելով տարբեր պատճառներով Լեռանը դիմելով իրենց քարի փոխակերպած կանանց ավանդույթները…

Վարանդան Մեծ Հայքի Արցախ աշխարհի գավառներից մեկն էր,  որը համապատասխանում է ներկայիս Շուշիի և Ասկերանի (մինչև 1930-ակաները՝ Խաչեն) շրջանների տարածքին:

Վարանդա անունն է կրում նաև Քիրս լեռան արևելյան լանջից սկիզբ առնող գետը, նաև՝ Արցախի Մարտունու շրջանի Մարտունի գյուղի երբեմնի անունն էր …

 Քիրս անունով գյուղեր կան Բիթլիսի, Սյունիքի շրջաններում…

Հայկական Լեռնաշխարհում՝ Արցախում Քիրսի լեռներով  էին նախկինում  բաժանվում  Վարանդայի և Դիզափայտի մելիքությունները:

Դիզափայտ (Արցախ)
Դիզափայտ (Արցախ)

Արցախի լեռնաշղթայի ամենաբարձր մասը միջին հատվածն է՝ Շուշիի մոտ,  Մեծ Քիրս լեռնագագաթը՝  Շուշիից 12 կիլոմետր հարավում՝ 2725 մետր բարձրությամբ,  անտառներով շրջապատված… 

Մեծ Քիրս լեռն Արցախում
Մեծ Քիրս լեռն Արցախում

 «Վարանդայում կան քարեր ու ժայռեր, որ պաշտւում են. ժողովուրդը ուխտի է գնում  նրանց,  մոմ վառում,  աղօթում  և մատաղներ կտրում» (Ազգագրություն, Բ գլուխ, էջ 188):

…«Մի մեծ ժայռ քար էլ Սխտորաշէնի մօտ կայ, որ կարծես մանհիր լինի:

Սրա առաջ չորս սրբազան ծառեր էլ կան, ծածկուած շորի կտորներով:

Բացի սովորական ուխտ անելուց եւ մոմեր վառելուց, ամէն մի անցորդ պարտաւոր է սուրբ քարի մօտից մի փոքրիկ քար վերցնել, դնել սուրբ  քարի վրայ եւ մի ուրիշը վայր ձգել:

Մի այսպիսի քար էլ Քարին-տակը գիւղում կայ»:

«Վարանդայում դեռ եւս մնացել է ջրի պաշտամունքը:

Մեղք են համարում ջրի վրայ թքել եւ կամ նախատինքով վերաբերուիլ:

Նորահարսը առաջին անգամ աղբիւրի մօտ գալով, զոհ է բերում նրան ցորեն:

Կիրակի օրերը մոմեր են վառում սուրբ համարուած աղբիւրների առաջ:

Առողջութիւն հայցող հիւանդը մոմեր է վառում, աքաղաղներ զոհում, երկրպագում եւ աղօթում աղբիւրների:

Աղբիւրներից մի քանիսը ամենայն տեսակ, իսկ միւսները մի մի որոշ հիւանդութիւնների բուժիչ սրբատեղիներ են համարւում:

Առաջիններից նշանաւոր են Շօշու գիւղում, ձորակի մէջ գտնուողը, Վերին Սզնէքում «Կանաչ խաչ» անուն աղբիւրը, Հղորդի գիւղում «Մոշ-աղբիւրը», որ իւր անունը ստացել է մօտի մոշի թփերից եւ որի մօտ մի մեծ, պաշտուող կաղնի ծառ կայ. Չանախչի գիւղում` «Մեծ աղբիւրը», որի վրայ մի քանի անգամ լոյս է իջել:

Ներքին Թաղավարդում երկու թքեռնի ծառերի տակ պաղպաչող «Կարմիր աղբիւրը», որի մօտով անցնողը պարտաւորուած մի բան է դնում աղբիւրի քարի վրայ եւ այնտեղից մի ուրիշ բան վերցնում»:

Հայոց  կյանքում  ծեսերի, տոների,   սրբավայրերի նշանակությունը,   նրանց դերն ու խորհուրդն ըմբռնելուն մեծապես նպաստում են  հնագույն  սկզբնաղբյուրները, նաև՝ մեզ հասած զանազան ավանդապատումները (շարունակությունն՝ այլ առիթներով)…

Քաջարի Հայկազունների բոցավառ հայացքի ներքո՝ կառուցենք նրանց սխրանքին  արժանի մի  Նոր Հայրենիք…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով