«ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՌԱՆՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՉԻՆՉ Է»… (Ավետիս Ահարոնյան)

«Ահարոնեան իր ամբողջ կեանքը տուաւ իր պատկանած ազգին ու հայրենիքին, կէս դար շարունակ երգեց Հայ ժողովուրդի տառապանքը, տառապեցաւ ու չարչարուեցաւ իր ժողովուրդին հետ, անոր ազատագրութեան դատին զոհաբերեց իր գրիչն ու միտքը եւ ստացաւ այս վերջին ծանր հարուածը պարտականութեան ճամբուն վրայ, Հայ մշակոյթի սիրոյն:
Ահարոնեան, Րաֆֆիէն վերջ, ամենամեծ Հայ գրագէտն է, որ գիտցած է սերունդներու պաշտամունքին արժանանալ եւ հայրենասիրութեան կայծը սերմանել անոնց հոգիներուն մէջ անմեռ կերպով: Անոր հանճարեղ գրչին տակ այնքան սքանչելիօրէն պատկերացուած են Մասիսներն ու Արագածը, որոնք համայն Հայութեան պաշտամունքին առարկայ հանդիսացած են»: (Ասպետ Մանճիկեան)
Ստորև ներկայացնում ենք Ավետիս Ահարոնյանի՝ 1934 թվականի փետրվարին Մարսելում արտասանած վերջին ճառից որոշ հատվածներ՝ վերցված Բոստոնում հրատարակված «Վարագ» հանդեսից (1965 թ., Ապրիլ, Բացառիկ թիւ 49):

«Ավետիս Ահարոնեանի «կարապի երգն» է այս վերջին ճառը, որ ինքնամոռաց վերացումով կ’արտասաներ Մարսէյլի բեմէն, Հայութեան տառապանքի եւ յոյսերու մասին:
Հազարաւոր բազմութիւն վտարանդի Հայութեան՝ յափշտակուած կը լսէր զինքը, երբ յանկարծ սրտի լարերը կտրուեցան անոր եւ անզգայ ինկաւ շանթահար…
«Ժողովու՛րդ Հայոց, սիրելի՛ հայրենակիցներ…
Դուք ինձ խորապէս յուզեցիք: Շնորհակալ եմ ձեր յարգանքի բոլոր արտայայտութիւններից»…
«…Օրե՜ր ենք ապրում, օրեր անօրինակ, չարատանջ եւ անստոյգ, երբ իւրաքանչիւր Հայ անհատ ատելութիւն եւ կիրք է ամբարած իր հոգու խորքը: Այդ բոլորին խոսելու համար մէկ նիւթ կայ եւ այդ Հայ մշակո՛յթն է, որի մասին որոշեցի խոսել ես ձեզ:
Այդ նիւթն ընդհանրական է բոլորի համար — վէճ, կիրք, ճիգ չի՛ ընդունում:
Գեղեցկութիւն է հնուց, դարերէ մնացած, ցեղային գեղեցկութիւն եւ ճշմարտութիւն ցեղային: Յանուն նրա, բոլոր միւս ազգերի պէս, մենք էլ մեզ պիտի զգանք միաձոյլ, դիմագրաւենք բոլոր տեսակի պատահարները, որովհետեւ մեր ժողովուրդը առանց մշակոյթի ոչինչ է եւ մահուան դատապարտուած:
Հայ մշակո՜յթը, ցեղային գեղեցկութեամբ օժտուած եւ ինքնայատուկ դրոշմով, որ պէտք է տեւականացնենք:
Դիտու՞մ էք աշխարհը, ազգերը՝ նորաստեղծ թէ հին, բոլորը իրարու են սեղմուել, իւրաքանչիւրն իր տունն ու տեղն է շտկում, թիկունք է որոնում:
Դու՛, Հայո՛ց ժողովուրդ, քո օջախի, քո կտուրի մասին մտածելու փոխարէն կիրք ես փնտրում, ատելութիւն ես սերմանում:
Հայ ժողովուրդը մի առած ունի — «Աստուած սարը տեսել է՝ ձիւնը դրել»:
Ճշմարիտ է այդ առածը ամբողջ աշխարհի համար՝ բացի մեզնից: Մեզ համար չէ դա:

Մեր լեռների վրայ ձիւնն աւելի ծանր էր, քան մեր լեռների տարողութիւնը: Մեր երկրի ձիւնը շատ ծանր եղաւ, մեր ժողովրդի ցաւը ծանր եղաւ, մեր մէջքը խորտակեց եւ երկրէ — երկիր ընկանք: Ժամանակ է խորհենք, իրար հասկանանք:
Այս բոլորի դէմ խաղաղութի՛ւն փնտրիր, ժողովու՛րդ Հայոց, ներքին խաղաղութիւն. այն քեզ պէտք է քո հողի եւ ջրի չափ:
Այս փոքրիկ նախաբանից յետոյ ես կ’անցնեմ իմ բուն նիւթին:
Ի՞նչ է մշակոյթը գաղթաշխարհի համար եւ ի՞նչ է մշակոյթը հայրենիքին համար:
Մշակոյթը անսահման մէկ բան է՝ կապուած մի երկրի արեւին, հողին, ջրին, ցեղին եւ մարդկութեան:
Առանց հողի մշակոյթ չկա՛յ:
Գաղութային մշակոյթը ջրի քամք է։ Ով որ գիւղացի է ինձ պէս, լաւ գիտէ, թէ ինչ է քամքը։ Գիւղացին, իր արտը ջրելուց յետոյ կտրում է ջուրը, որպէսզի ուրիշի արտն էլ ջրուի: Չէ՞ որ կարգով է։ Կտրուած ջուրը, սակայն, դեռ հոսում է դէպի արտը, եւ տեսնողը կարող է կարծել, թէ ջուրը դեռ կտրուած չի։ Բայց իրականին մէջ մնացորդ ջուրն՝ այդ քամքը, որ ուժ չունի, հոսանք չունի իր ետեւը։
Եւ այսպէս է մշակոյթը հայկական գաղութների համար. նա քամք է։
Մշակոյթը հողից է ծնւում, հողն է կերպարանք, բնութիւն եւ դրոշմ տալիս նրան։
Մշակոյթը ժողովրդին տալիս է լեզու, գեղեցկութիւն, ճշմարտութիւն: Դարերի ընթացքին մեր ժողովուրդը երկնեց եւ լոյս աշխարհ բերեց անմատչելի գեղեցկութիւններ, սրբազան եւ տիտան արժէքներ: Իր ուրախութեան եւ վշտի երգերով սահմռկեցուցիչ եւ անասելի փոթորիկների միջից բերեց եւ մինչեւ այստեղ հասցրեց մեր մշակոյթը: Բայց մենք, ցան ու ցրիւ եղած, ո՞ր երկրի մէջ պիտի դնենք այդ աւանդը՝ Հայ մշակոյթը: Բալկանների՞ մէջ, թէ՞ Սիւրիա կամ Ամերիկա:
Ո՛չ, միայն ու միայն հայրենիքի՜ մէջ ։

Մեր ազգային մշակոյթը խորապէս կապուած է Արեւի հետ, որ իր ճառագայթներով մեր ժողովրդի հոգու խորքն է մտել։ Արեւը մեր հոգու եւ լեզուի մէջ է ներմուծւում։
Հայաստանի երիտասարդ բանաստեղծներից մէկը, յանկարծակի մի բռնկումով մի սքանչելի բան է ասել. «Ես իմ անուշ Հայաստանի արեւահա՜մ բառն եմ սիրում»…

Դարերի իմաստութիւնը, խորքն ու տարողութիւնն է ամփոփուած այդ բառի մէջ:
Արեւահա՜մ…
Ասացե՛ք խնդրեմ, կա՞յ ճիշդ այդ բառի թարգմանութիւնը եղող մի բառ ուրիշ ազգերի լեզուների մէջ:
Ո՛չ: «Արեւահամ» բառը ուրիշ լեզուով իմաստ չունի, սակայն հայերէնով ունի՛:
Մեր մշակոյթի մէջ Արեւը տարբեր է:
Մեր բառերն արեւահամ են մեր ժողովրդի բերնում, Արեւը հոտ էլ ունի: Երբ Հայ տանտիկինը հագուստներ է փռում չորացնելու, ասում է՝ «Արեւի հոտ ունի»:

Ու մեր բնութի՞ւնը…
Հսկայ լեռներ, մթին ձորեր, աննման դաշտեր, ջինջ ու վճիտ ջրեր:
Մեր լեռների ոգիներից յոյս, գեղեցկութիւն, զարհուրանք ու ապշանք է թափւում մարդկանց հոգիների մէջ: Հայոց աշխարհի լեռնախմբերը ինքնին օրրան են բանաստեղծութեան:
Իսկ մեր դաշտե՞րը…
Ա՜հ, Արարատեան Դաշտ, օրհնաբեր ու արգասաբեր, որի անծայրածիր տարածութեան վրայ հողն ու հորիզոնը նոյնանում են: Հարիւր կիլոմետր երկայնք եւ վաթսուն կիլոմետր լայնք, որի վրայ քարի կտոր իսկ չես կարող գտնել:
Մեր ժողովուրդն ասում է. «Արարատեան Դաշտի մէկ ծայրը հաւկիթ դիր, եւ միւս ծայրից կը տեսնես»:
Մեր աշխարհի գետերը, բաշերը ցցած առիւծների պէս, կատաղութիւն են, պայքար են ու մեր մշակոյթի ոգին:
Եւ գիշերը մեր… ի՜նչ մռունչ, ի՜նչ գալարում ալիքների եւ ի՜նչ փոթորիկ…
Մեր մշակոյթը կշի՛ռն է նաեւ մեր կամքի ու թափի, մեր ուժի եւ ճիգի:
Ահա այդպէ՛ս է կազմաւորուել մեր ցեղի նկարագիրը:
Ա՛յս է մեր մշակոյթը… Այսպէ՛ս է կազմաւորուել մեր ցեղի ոգին, բնութիւնը»…




