Փարիզի Հայ Կամավորականները

Հայկյան ազատատենչ ոգով տոգորված՝ բոցավառ հայացքով Հայկազուններին որպես քաջաբար կռվողներ են հիշում սերունդները՝ Մայր Հայրենիքում և նրա սահմաններից շատ հեռու…

«Աոաջին աշխարհամարտին, համաձայն պաշտոնական տվյալների, Ռուսական կայսրությունում բնակվող յուրաքանչյուր 100 հայից 13-ը զորակոչվեց բանակ: Կայսրությունում բնակվում էր 2 միլիոն 54 հազար հայ, նրանցից 250000-ը զինվորագրվեց ռուսական բանակ (Գ. Ղորղանյան «Հայերի մասնակցությունը համաշխարհային պատերազմին՝ Կովկասյան ռազմաճակատի վրա 1914-1917թթ.», «Հայրենիք», թիվ 11-12, Բոստոն, 1927, էջ 12, մեջբերված՝ Մուրադ Կարապետյանի՝ «Հայերի մասնակցությունը Առաջին աշխարհամարտին Կովկասյան ճակատում և կամավորական շարժումը» ուսումնասիրությունից, ուր հեղինակն անդրադառնում է Կովկասյան ռազմաճակատում թուրքական զորքերի դեմ մարտնչող Հայ զինվորականների ստեղծած կամավորական ջոկատների գործունեությանն ու ցուցաբերված ակտիվության հիմնավոր պատճառներին (Անդրանիկի, Դրոյի, Համազասպի, Քեռու, Վարդանի, Հովհաննես Ջամփոլադյանի, իշխան Հովսեփ Արղությանի գլխավորությամբ), հիշատակելով նաև նրանց ապահով ուղեկցությամբ հարյուր հազարավոր Հայերին կոտորածներից փրկելով Արևելյան Հայաստան հասցնելը.

«…Հայկական աոաջին կամավորական խումբն, Անդրանիկի հրամանատարությամբ, նահանջելով Դիլմանի շրջանից, 1914թ. դեկտեմբերին ապահովեց այդ շրջանի մեծաքանակ հայ ազգաբնակչության գաղթը’ Արևելյան Հայաստան, իսկ 2-րդ կամավորական խումբը, Դրոյի հրամանատարությամբ, նույն’ դեկտեմբեր ամսին դուրս բերեց հայ ազգաբնակչությունը Ալաշկերտի դաշտավայրից, որի շնորհիվ թուրքական կոտորածներից փրկվեցին հազարավոր հայ կյանքեր:

1915թ. հունիսի վերջին, ռուսական բանակի ընդհանուր նահանջի ժամանակ, նույն’ 2-րդ հայկական խումբն ապահովեց նաև Բերկրիի ճանապարհով դեպի Կովկաս անցնող 200 հազար հայ գաղթականության անվտանգությունը: Բերկրիից նահանջելուց մեկ օր անց Դրոն’ հեծյալ մի խմբով կրկին վերադարձավ Բերկրի և այստեղից Արևելյան Հայաստան հասցրեց մեծաքանակ հայ որբեր»:

Թուրքիայի դեմ պատերազմում ռուսաստանաբնակ Հայության կողքին համընդհանուր ոգևորությամբ մարտնչում էին ոչ միայն «կովկասաբնակ» և Թուրքիայում ապրող Հայերը, այլ նաև արտասահմանյան տարբեր երկրների Հայ համայնքների Հայությունը (Եգիպտոսում, Կիպրոսում, Ֆրանսիայում, ԱՍՆ-ում ավելի վաղ հաստատվածները…):

Հ. Երեմյանի խոսքերով՝ «Տուն, գործ, քոլեջ կամ համալսարան կլքեն, դեպի Հայաստանի ռազմաճակատ վազելու աճապարումով» (մեջբերումը՝ Մ.Կարապետյանի՝ վերոհիշյալ ուսումնասիրությունից):

Նկարագրելով առաջին իսկ օրերից պատրաստակամ պայքարին իրենց մասնակցությունը բերած Հայ երիտասարդությանը, Ֆրանսիայում բնակվող Հայորդիներից մեկը՝ Արամ Թյուրաբյանը հիշատակում է Ալեքսանդրապոլի մի դպրոցից մեկնած 7 ուսանողներից կրտսերին՝ 15 տարեկան, որին մերժել էին հավաքագրել տարիքի պատճառով…

«Կարսի գիմնազիայում ուսանող բազմաթիվ աղջիկներ նույնիսկ տղամարդկանց հագուստով «ծպտված» ներկայացել են «Կոմիտեի» (Զինվորագրող հանձնաժողովի, Կ.Ա.) առաջ՝ կամավորագրվելու, սակայն բացահայտվել է նրանց խորամանկությունն ու մերժվել են:

Էջմիածնի հայկական կրթարանում (սեմինարիայում) չլսված բաներ են կատարվում. օր չկա, որ աշակերտներից մեկը «չանհետանա», 7-րդ դասարանի բոլոր աշակերտները Անդրանիկի Խմբում են զինվորագրվել»,- կարդում ենք 1917 թվականին Մարսելում՝ Արամ Թյուրաբյանի հեղինակությամբ հրատարակված՝ Հայ Կամավորականները ֆրանսիական դրոշների ներքո» վերնագրված գրքում, ուր համախմբված են Հայ Կամավորների 105 լուսանկարներ, զինվորագրվածների անվանացանկեր, ժամանակի մտավորականների ճառերից հատվածներ)…

1914 թվականի օգոստոսի 5-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում ապրող Հայերի կողմից Արամ Թյուրաբյանի հնչեցրած կոչով՝ տպագրված ժամանակի տարբեր երկրների թերթերում, անմիջապես մոտ 400 Հայ կամավորականներ են զինվորագրվում Ֆրանսիական բանակում:

Անտանտի երկրների ներկայացուցիչների՝ Մ. Սայքսի, Ժ.Պիկոյի և Հայ Ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարի միջև Լոնդոնում կնքված համաձայնագրի հիման վրա՝ օսմանյան կայսրության դեմ Ֆրանսիական բանակում՝ Ֆրանսիայի սպաների հրամանատարությամբ գործող Հայկական Լեգեոնի (Գումարտակի) մասնակցության դիմաց, Ֆրանսիայի խոստումով, Կիլիկիայի Հայերին ինքնավարություն պիտի տրվեր:

Շուշիի գավառում ծնված Հայ քաղաքական գործիչ, պատմաբան Միքայել Վարանդյանին 1915 թվականին գրած իր նամակում, Պողոս Նուբարը հույս էր հայտնում, որ՝ «…Այս կամավորականները, որոնք մարտնչում են Անտանտի կողմում… մեզ իրավունք կարող են տալ մեր ձայնը լսելի դարձնելու, երբ ժամանակը կգայ՝ յայտնելու մեր իրաւացի և համեստ պահանջները»:

«Հայկական լեգեոնի» մարտիկներ, 1918 թ.(լուսանկարը՝ Գևորգ Նազարյանի էջից)

Հայերի կողմից պարզապես «ԿԱՄԱՎՈՐ» անվանվող այս մարտիկների շարքերը հետագայում համալրեցին նաև Մուսա Լեռան հերոսամարտի քաջարի մասնակիցներից շատերը, որոնք ապաստանել էին Եգիպտոսում՝ Պորտ-Սայիդում, ուր պաշտպաններից ընդհանուր թվով 4083 վերապրածներ էին տեղափոխվել:

Հիշյալ գումարտակը՝ «Հայկական լեգեոնը», հատկապես նշանակալից հաղթական գործողություններ է ծավալել Մերձավոր Արևելքի ճակատում՝ Ադանայում (Արևմտյան Հայաստան), Արարայում՝ Ռաֆատ գյուղի մոտ՝ «անառիկ» համարվող բլրաշղթայում (Պաղեստին)…

Արարայի խելահեղ, արյունալի ճակատամարտում ցուցաբերած խիզախության համար ֆրանսիական հրամանատարության կողմից 25 Հայ զինվորներ «Մարտական խաչ»-ով են պարգևատրվել…

1918 թվականին Բեյրութում ստեղծված 4-րդ գումարտակում 5.000 Հայ մարտիկներ կային…

Օսմանյան կայսրության մեջ՝ Արևմտյան Հայաստանում բնակվող ավելի քան 300.000 Հայ զինվորականներ աշխատանքային գումարտակներում ծառայությունից հետո սպանվել են…

Նշենք, որ որոշ ժամանակ «Արևելյան լեգիոն» (Légion d’Orient) կոչվելուց հետո, 1919 թվականի փետրվարի 1-ից այն կրկին վերանվանվել է «Հայկական լեգիոն» (Légion Arménienne)՝ մինչև լուծարումը՝ 1920 թվականի սեպտեմբերի 1-ը:

Հատուկ հրամանագրի հրապարակումից հետո այս ջոկատի անդամներն այնուհետև կարող էին մի նոր պայմանագրով ծառայության անցնել Ֆրանսիական բանակի՝ «Օտարազգիների լեգիոնում» (վերջինս ցայսօր գոյություն ունի):

Ֆրանսիայի, Անգլիայի և ԱՄՆ-ի բանակներում Առաջին Համաշխարհայինի ժամանակ զորակոչված ավելի քան 50.000 Հայորդիներն իրենց արիությամբ ու խիզախությամբ Պատմություն կերտեցին:

Ու նրանք, ինչպես և մյուս երկրների բանակների կազմում մարտնչած Հայկազուններն ու նրանց սերունդները նույնպես, դեռևս սպասում են Պատմության որոշ էջերի «շտկմանը»…

Առաջին աշխարհամարտի մասնակից՝ ԱՄՆ-ի բանակի հարյուրավոր ամերիկահայ զինվորներ՝ 1920 թ. ապրիլի 14-ին՝ Վաշինգտոնում, ԱՄՆ Կոնգրեսի շենքի դիմաց՝ իրենց շնորհակալությունն են հայտնում Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետությանն ու Հայությանը սատարելու համար (լուսանկարն ու մեկնաբանությունը՝ Գևորգ Նազարյանի էջից)

Հ.գ. Առաջին Համաշխարհային պատերազմին Հայերի մասնակցության մասին որոշ մանրամասներ՝ ստորև (Արամ Թյուրաբյանի գրքում մասնակիցների երկար անվանացանկերում նույնիսկ իմ մի ընկերոջ ազգականներից հայտնաբերվեց)…😊

https://hy.m.wikipedia.org/wiki/Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին

https://archives.webaram.com/old/AA-VOLONT-TURAB-17/mobile/index.html

Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատան հուշարձանը՝ նվիրված Ֆրանսիայի համար զոհված Հայորդիներին…

Համազասպի գնդի զորահանդեսը Էջմիածնում