ԿՈՆԴԻՑ՝ ԿԻԼԻԿԻԱ՝ ՏԱՎՐՈՍԻ ԼԵՌՆԱՇՂԹԱՅՈՎ…

Հազարամյակների պատմության ականատես մեր մայրաքաղաքում հնամյա Կոնդն իր բաձրադիր տեսքով առանձնահատուկ շունչ է հաղորդում Երևանին: Բոլորակ բլրի բարձունքին «թառած», նեղլիկ ու խորդուբորդ փողոցներով՝ Երևանյան այս թաղամասն իր սանդուղքաձև դասավորված տներով պատմական մեծ արժեք ունի:

Նմանատիպ դասավորվածությամբ տներ կան քաղաքաշինության հնագույն հետքերը կրող մի հնավայրում՝ հեռավոր Կիլիկիայում, Ադանայից հյուսիս-արևմուտքում գտնվող Չաթալ-Հույուկ (թարգմանաբար՝ «Երկճյուղ Բլուր») վայրում՝ Կոնիայում, որը, ինչպես կարդում ենք «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանում», 18-րդ դարի թուրք պատմաբան Իզզիի հաղորդմամբ, եղել է «Մեծ Արմենիայի մայրաքաղաք» (Կիլիկիայի Գարաման գավառն էր՝ Կարամանի նահանգը):

1951 թվականից ի վեր իրականացվող հնագիտական պեղումների շնորհիվ այստեղ բացահայտվել են երկճյուղ բլրի վրա կառուցված բազմաթիվ բնակելի շինություններ՝ մեկը մյուսին կպած, կից պատերով (նույն պատն էր միմյանցից բաժանում բնակելի տարածքները):

Պատմության մեջ հայտնի առաջին քաղաքներից մեկն է հիշյալ հնավայրը (ն.թ.ա 8-րդ հազարամյակին վերագրվող շերտով), ուր, փողոցների բացակայության պատճառով, տնից-տուն անցումը շինության՝ «խոհանոցի» մի անկյունում դրված փայտե աստիճաններով էր կատարվում:

Պեղումներից հայտնաբերված հարուստ նյութերից է այստեղ գտնված որմնանկարը՝ ժայթքող հրաբխով լեռան շուրջ 80 կացարանների պատկերով:

Ըստ մասնագետների՝ այդտեղից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հասան լեռն է «քարտեզում»:

Կիլիկիայի Կարաման նահանգի Նիկտե գավառում, Ադանայից 120 կիլոմետր հյուսիս-արևմուտք, մրգատու այգիների ու պարտեզների մեջ, անհիշելի ժամանակների յուրօրինակ մի վկա է Անահիտ Դիցուհու անվան հնչյունափոխված ձևով պահպանված՝ Նահիտա կամ Նախիտա անունը կրող քաղաքը, որը 14 -րդ դարում արաբական գրությամբ հնչունափոխվեց ու վերածվեց Նիկտեի (Նիգդե)…

Հայոց մեջ Դիցուհու անվան «Նահիտ» ձևով կիրառումը պահպանվել է Ղ. Ալիշանի հիշեցրած՝ Հայոց մայրաքաղաք Անիին նվիրված մի քերթվածում՝ վերնագրված՝ «Անդորրանք Անւոյ», ուր Անիի քաջարի պաշտպան Այծեմնիկը ներկայացվում է որպես մի «նոր Արծաթաղեղն Անահիտ»՝ «Արծաթաղեղն Նահիտ նոր»…

Նիկդե քաղաքի ամենահին բնակիչները Հայերն էին (տեղեկացնում է «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանը»), որոնք մինչև 1915 թվականն այստեղ ապրում էին հույների և այլ ազգերի հետ:

Նիկտեի «Պատմության թանգարանի» մուտքի առջև Թեշուբի՝ Փայլակի, Շանթի, Կայծակի Դիցի քանդակն է՝ ուշ խեթական շրջանից (ն.թ.ա 8-7-րդ դարերից)՝ «Անահիտի թագավորությանը» պատկանող հուշարձաններից է (սեպագիր արձանագրություններում՝ Տիանա, Տուվանուվա):

Նշենք, որ Նիգդեում է ծնվել Հայ ճարտարապետ, հատկապես Հայ ժողովրդի ծագման խնդիրների շուրջ քննական ուշագրավ ուսումնասիրություններով հայտնի՝ Մարտիրոս Գավուկչյանը (1908-1988):

Ազգային խորհրդակցական ժողովի «Փաստաթղթերի հանձնաժողովի» թույլտվությամբ Կոնստանդնուպոլսում 1919 թվականին հրատարակված՝

«Հայաստան: Աշխարհագրական, պատմական, ցեղագրական, վիճակագրական եւ մշակութային տեսակէտներով»: Իւրացուած ազգ. խորհրդակց. ժողովի «Փաստաթուղթերու յանձնախումբ»-էն» գրքում խոսվում է Կիլիկիայի հնագույն շրջանի բնակչության՝ Խեթերի, Խաթերի (Հաթերի) մասին, նշելով, որ համաձայն օտարազգի մասնագետների՝ լեզվաբանների (Ենսենի և այլոց), մարդաբանների ուսումնասիրության, Խեթերը Հայերի նախնիներն են, ունեն ցեղային, լեզվական, կրոնական և այլ ընդհանրություններ (նույնը փաստում էի վերջին տարիներին՝ նշված խնդրին առնչվող իմ բազմաթիվ գրառումներում, հատկապես, որ խեթերի մայրաքաղաքից հայտնաբերված սեպագիր տեքստերում մեր՝ ցարդ գրեթե նույնությամբ պահպանված տոներն ու ծիսակատարություններն են նկարագրված)…

Վերոհիշյալ ուսումնասիրության հեղինակն է Հայ պատմաբան, բանասեր ու մանկավարժ Գևորգ Մեսրոպը (1881-1948), որը Կ.Պոլսում դասավանդել է Հայոց լեզու, Հայ ժողովրդի պատմություն, Հայ մատենագրության պատմություն, աշխարհագրություն, Հայ քաղաքակրթության և դիվանագիտական մտքի պատմություն։

Նա գլխավորել է նաև Կոնստանդնուպոլի Հայկական պատրիարքարանի գաղտնի դիվանի գործունեությունը։

ներում):Մասնակցել է բազմաթիվ վիճակագրական և պատմական վավերաթղթերի կազմմանը։ Նրա գրած «Հայոց պատմության» դասագրքերով են ուսուցանել մեր ազգի պատմությունը սփյուռքի Հայ կրթօջախներում (տարրական և միջին 4 դասարաններում):

Կիլիկյան Տավրոսի լեռնաշղթայի տարբեր շրջաններում, ինչպես և Հայկական ողջ Լեռնաշխարհում ու հարակից տարածքներում, անհիշելի ժամանակներից եկող պատմություններ են հյուսել մեր Նախնիները: