«ՀԱՅՈՑ ԵՐԿԻՐԸ ԾԱԾԿՈՂ ԳԱՆՁԸ»՝ «ՎԵՑՀԱԶԱՐԵԱԿԸ»…

Երևանի՝ Հին ձեռագրերի պահոց-թանգարանում՝ Մատենադարանում կան 13-18-րդ դարերում գրված (հնից ընդօրինակված) մի շարք ձեռագրեր, որոնք նման բովանդակությամբ են, սակայն՝ տարբեր վերնագրերով՝ «Եօթնագրեանք», «Վեցհազարեակ», «Գիրք Մանուշակի», «Բանալի Քերականության», «Դուռն Վեցհազարեակի»…

«Այս է գիր արարածոց Երկնի և Երկրի»,- նշվում է միշտ «Յոթնագրերում»…

Տարբեր հեղինակների՝ Մ.Մաշտոցին, Դ.Անհաղթին, Ա.Շիրակացուն և այլոց վերագրվող հիշյալ ձեռագրերի ուսումնասիրությանն անդրադարձել են սակավաթիվ Հայ և օտարազգի ուսումնասիրողներ:

Եվ ցայսօր էլ չպարզաբանված ու չմեկնաբանված են մնում այդ մատյանների իսկական բովանդակությունն ու իմաստը:

Համաձայն ընդունված ընդհանուր կարծիքի՝ «Եօթնագրեանք»-ն աղթարք է, այսինքն՝ կախարդություն, հմայություն, բանդագուշանք, բժժանք, առեղծվածային բան, ինչպես նշում է Պ. Պողոսյանն իր՝ ««Եօթնագրեանք»-ի առեղծվածը և Դավիթ Անհաղթը» ուսումնասիրության մեջ (1980թ.):
«Վեցհազարեակ» կամ «Եօթնագրեանք» գրվածքների հազվադեպ ուսումնասիրողների արտահայտած կարծիքներին անդրադառնալով, Գ. Բ.Պետրոսյանը նշում է Գ. Զարբհանալյանի կարծիքը, համաձայն որի՝ «…այս գիրքը անչափ հեռու է Շիրակացվոյն ընծայվելու հավակնութենեն» և ավելացնում.

«Այս հարցին անդրադարձել է Ն. Ադոնցը. «Այս աշխատությունը ոչ թե քերականական, այլ ավելի շուտ հմայական բնույթի է,- գրում է նա»:
…«Ա.Գ. Աբրահամյանն իր՝ «Շիրակացու մատենագրությունը» մենագրության մեջ «Եօթնագրեանք»-ի և «Վեցհազարեակ»-ի վերաբերյալ այն համոզմունքն է հայտնում, որ առաջինն ախտարք է, երկրորդը՝ Շիրակացու թվաբանական աղյուսակը»:

1837 թվականին Վենետիկի Սուրբ Ղազար միաբանության տպարանում լույս տեսած՝ Մանուել Վարդապետ Ջախջախեանի՝ «Բառգիրք ի բարբառ Հայ եւ Իտալական» բառարանում «Եօթնագրեանք»-ը բացատրվում է որպես «մտացածին և չաղփաղփ («շաղփաղփ»՝ անհեթեթ, ունայնախոս, անհիմն,Կ.Ա.) արուեստ ինչ համարողական գուշակելոյ ի ձեռն եօթն ձայնաւորաց կամ թուոց. կոչի և Արուեստ Վեցհազարեակի. Sorta di Cabala, arte cabalistica»:
«Եօթնագրական»՝ թարգմանաբար՝ «cabalistica» (ընթերցվում է՝ «կաբալիստիկա»):

Որոշ ձեռագրերում «Վեցհազարեակի» գիտելիքները շարադրված են «Գիրք Մանուշակի» վերնագրի ներքո:
Միջնադարյան ձեռագրերում Մարդու և Երկնայինի միջև ընկած «շնչող դաշտի», մեկ առ մեկ շարադրվող տառերի խորհուրդի մասին ամփոփող գիտելիքների հիշյալ մատյանների ուսումնասիրությանն է անդրադարձել Ա. Թամրազյանն իր՝ «Երաժշտության կիրառումը հոգևոր դպրոցներում. Եօթնագրեանք» ուսումնասիրության մեջ, ուր կարդում ենք՝«Արեւելցու (պատմիչ Վարդան Արևելցու, Կ.Ա.) մոտ նշվում է, որ յոթ ձայնավորները համապատասխանում էին յոթ զգայարաններին (հինգ զգայարանին նա ավելացնում է հոգին եւ մարմինը, այսինքն` մարդն իր կառուցվածքի ամբողջությամբ)»:

1986 թվականին կայացած՝ Հայ միջնադարյան գրականության միջազգային գիտաժողովում հնչած՝ Ջ. Ռասսելի՝ « «Վեց Հազարյակ» մատյանը Հայոց մեջ» զեկույցի՝ Ա.Ս. Սահակյանի խմագրմամբ հրատարակված տեքստից՝ ահավասիկ հատվածներ:

«Վեց Հազարյակ» (այսուհետև՝ ԶՌ) կոչված գիրքը դարերե ի վեր Հայ ժողովրդին մեջ մեծ համբավ ու ակնածանք կը վայելե, ցայսօր աշխարհով մեկ ցիրուցան Հայոց գաղթօջախներուն մեջ ԶՌ-ին կը վերագրվին զարմանալի և երբեմն ահավոր զորություններ:

Գիրքը կը պահվի բազմաթիվ ընդօրինակումներով, ընդգրկելով մոտ յոթը դար՝ 13-20-րդ դդ.:
Իր բովանդակությամբ ԶՌ բազմազան է՝ մաթեմատիկական, բժշկական-բուսաբանական, ծիսական-աստվածաբանական ու աստղագիտական գիտություններե քաղված նյութերով:

Մատյանը կը կիրառվի թե՛ ուզածը ձեռք բերելու, թե՛ ապագան գուշակելու համար:

Կարճ ասած, հմայական-կախարդական գրականության Հայկական միջնադարի գլուխգործոցն է, իսկ անոր ուսումնասիրությունն ու վերլուծումը կարևորություն ունի միջնադարյան մտավորական կյանքի շուրջ ընդհանուր գաղափար կազմելու համար»:

Անանիա Շիրակացին, խոսելով Հայաստանում գտնվող իր հույն ուսուցչի՝ Տյուքիկոսի մեծ գրադարանի մասին, նշում է, որ «Ամենայն կայր առ նմա՝ յայտնիք և գաղտնիք» («Հայտնի և գաղտնի բոլոր գրքերը կային նրա մոտ», Կ.Ա.):

«Կարելի է ենթադրել, որ ԶՌ կը պատկաներ երկրորդ խմբին և Հայոց Աշխարհեն հասած էր Տյուքիկոսի հավաքածուին:

Շիրակացին կը գրե. «Գանձ է ծածկեալ ի յերկիրս Հայոց և ակն թագուցեալ ի Տունն Թորգոմայ, զի մայր է ամենայն արուեստից հանդերձ ամենայն բաժանմամբ… տեսին ամենայն ճարտարք Յունաց ի մերում նահանգիս և զարմացան, և թէ ոք իմանայ զսա, նա գիտէ, թէ ինչ իմաստք են ի սմա ծածկեալ, և թէ չէ ոք մտեալ ի սա, չի կարէ իմանալ կամ գրով բովանդակն լսել, թէ զինչ առնէ, զի ամենայն մի գիր ԺԲՌ (տասներկու հազար) ճառս խոսի» («Հայոց Երկիրը ծածկող Գանձն է, Թորգոմա Տան Գոհարը՝ Անգին քարը, քանզի բոլոր Արվեստների Մայրն է, որի իմացությամբ ամեն ինչ կիմանան, և որի յուրաքանչյուր գիրը (տառը) 12.000 իմաստ ունի»,- մոտավոր թարգմանմամբ):

Անդրադառնալով «Վեցհազարեակի» կիրառմանը, հեղինակը մեջբերում է Գ. Սրվանձտյանի գրառած հետևյալ պատմությունը՝ իրենց դրկից տնից մեկի մասին:

«Կասեն՝ «Վեց Խազարեկ» ունէր, ռամ կը թալեր («ռամ»-ը գուշակության մի ձև է՝ ավազով կամ քարով,Կ.Ա), աստղունք կիրիշկեր (կը նայեր), մարդու սրտէն ինչ որ ընցնէր՝ գիտէր, երկնուց իրէս, գետնի տակ ինչ որ ըլնէր, գիտէր:
Արեգական խաւարումն, ժաժք, սով, մահ. ո՞վ պիտի մեռնէր, ո՞վ պիտի ապրէր, ընելու ախտն ու բախտն կ’իմներ: Փակած դռներ կը բանէր, երդսից կը մտնէր տուներ, կ’ելնէր»…

Իսկ Ճանիկյանը կը գրէ. «Հին ատենները Ակնայ Հայք յաճախ կը խոսէին Վեց Հազարեակի վրայ, որ գրեթէ հիմն կը համարուէր կախարդական գիտութեանց»:

«Վեց Հազարեակը» երբեմն կը կոչվի նաև «Համարողականն»: Բուն 6.000-ից զատ, ուրիշ թվեր ալ նշանակություն ունեին, ինչպես ձեռագիր աղբյուրները կը վկայեն:

ԶՌ հաճախ կը կոչվի «Եօթնագրեանք»՝ ներկայացնելով Հայոց այբուբենի յոթը ձայնավորները, որոնք, ըստ երևույթին, արդեն հունաց քով բժշկական ուժեր ունեցող կը համարվեին:

Ամմիանոս Մարկելինոս (4-րդ դար) հետևյալ դեպքը կպատմե՝ «Երիտասարդ մը բաղնիքի մեջ երկու ձեռքի մատներովը մեկ ըստ միոջէ կը դիպչեր մարմարյա տախտակի մը, ուր փորված արձանագրված կային հունաց յոթը ձայնավորները (α, ε, η, ι, ο, υլ ω), հետո՝ իր կրծքին, հավատալով, որ գրերը ստամոքսի հիվանդությունը կը դարմանեին:

Ձերբակալեցին ու գլխատեցին անոր կախարդության համար: Քրիստոնեից քով 7-ը իր նախնական կարևորությունը կը պահեր, իբրև մոլորակներուն թիվը:
7-ը առկա է նաև Հայոց մեջ. ձայնավորները (ա, ե, է, ը, ի, ո, ւ (ու)), մոլորակները (Արեգակ, Լուսին, Հրատ, Փայլածու, Լուսնթագ, Լուսաբեր, Երևակ)»…

Եթե «Եօթնագրեանքը»՝ մեր այբուբենի 7 ձայնավորների հզոր ուժի հմայական կիրառման նպատակով էր, ախթարական գրականության մի նմուշ, ուստի անվիճելի է, որ քրիստոնեության շրջանում չի ստեղծվել, քանզի արգելված էր հետաքրքրությունը կախարդանքի, հմայության հանդեպ:

Մնում է փաստել, որ այն կար շատ ավելի վաղ շրջանից, ինչը որ ինքնին մեր այբուբենի գոյության ապացույցն է՝ Մաշտոցից շատ առաջ…

Հ.գ. «Եօթնագրեանք»-ներում և «Վեցհազարեակ»-ներում կա, այսպես կոչված, «մոգական քառակուսու» ամենապարզ տեսակը, որը գործածվում է իբրև հմայիլ:

Ինը վանդականոց այդ քառակուսին բաղկացած է երեքական հորիզոնական և ուղղահայաց շարքերից, և նրա վանդակներում 1-9 թվերն այնպես են դասավորված, որ ունեն միևնույն գումարը թե՛ հորիզոնական, թե՛ ուղղահայաց, թե՛ անկյունագծով:

(Լուսանկարը՝ Գ. Բ. Պետրոսյանի՝ «Դավիթ Անհաղթը «Եօթնագրեանք»-ի հեղինա՞կ» ուսումնասիրությունից:
3-րդ՝ «Ջրային» աղյուսակում վրիպակով է տպված՝ երկրորդ տողի առաջին «5»-ը պիտի «9»-ը լինի. փորձեցի ուղղել…😊):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով