«ՄԱՅՐ ԱՄԵՆԱՅՆ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ»ԿԱՄ՝«ՁԱՅՆ ԽՈՐԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹԵԱՆ…»

Մեր նախահայրերի հոգևոր և աշխարհիկ կյանքում, վաղնջական ժամանակներից ի վեր, երաժշտության իմաստի ու դերի կարևորությունն են փաստում Հայկական Լեռնաշխարհում և նրա հարակից տարածքներում հայտնաբերված հնագիտական նյութերը (Սևանա լճի շրջակայքի դամբարաններից մեկում գտնված, երկաթե դարին վերագրվող բարձրարվեստ մի եղեջերափող, Կարմիր Բլուրի հնավայրից՝ ն.թ.ա 7-րդ դարին վերագրվող մի զույգ բրոնզե ծնծղաներ, Գառնիից հայտնաբերված, ն.թ.ա 3-րդ դարով թվագրվող, 5 ձայնանցք ունեցող ոսկրե սրինգ (ժամանակակից սրինգն ունի 8 ձայնանցք…):
Պատմիչները հիշատակում են նաև ռազմական պղնձե փողեր, որսի փողեր, վին, քնար ու թմբուկ ու այլ նվագարաններ…

«Վիպասանք», «երգ վիպասանաց», «թուելեացն երգք» կոչված վիպերգերը (Սանատրուկի, Երվանդի, Արտաշես Ա-ի, Արտավազդ Ա-ի, Տիգրան Բ-ի, Արտավազդ Բ-ի և այլոց վերաբերող), որոնք մեջբերում կամ վերապատմում է Խորենացին, կատարվել են հնագույն արվեստի բոլոր միջոցներով՝ ասմունքելով, ընդմիջվող երգերով, պարով, լարային կսմիթավոր գործիքների նվագակցությամբ՝ «ի նուագս փանդռան և յերգս ցցոց եւ պարուց», ինչպես ակնարկում է հեղինակը (Խորենացի «Պատմություն Հայոց», էջ 27, 75, 84, 86…):

Միջնադարյան Հայաստանի մշակույթի կարևոր կենտրոններից մեկն էր Շիրակի դպրեվանքը, որի ներկայացուցիչներից հայտնի է 7-րդ դարի հռչակավոր մտածողը՝ մատենագիր, տոմարագետ, մանկավարժ Անանիա Շիրակացին:

Հին Աշխարհի իմաստասերներն ու մաթեմատիկոսները երաժշտությունն ընկալում էին նախ որպես մաթեմատիկական և աստղագիտական երևույթ:

Երաժշտության ու թվաբանության շատ երևույթներ ուղղակիորեն նույնացվել են:
Ինչպես, օրինակ, լարը մասերի բաժանելու միջոցով տարբեր հնչողություն ստանալը:

Հայաստանում երաժշտությունը «քառեակ գիտությունների» բաղկացուցիչ մասն էր՝ թվաբանության, երկրաչափության և աստղագիտության (աստղաբաշխության) հետ միասին, ի հակադրություն «եռեակ գիտությունների», որոնցում ընդգրկված էին քերականությունը, հռետորությունն ու տրամաբանությունը (կամ դիալեկտիկան):

Ի գիտություն նշենք, որ, քրիստոնեության տարածմամբ՝ հնագույն մշակույթի ոչնչացումից հետո, քրիստոնեական եկեղեցին, այնուամենայնիվ, իրեն անհրաժեշտ անտիկ գիտելիքների նվազագույնը կիրառեց 5-րդ դարի սկզբից սկսած, քանզի առանց այդ գիտելիքների անհնար էր պայքարել նախկինի դեմ:

Հնագույն շրջանի ուսուցման համակարգի՝ «Յոթն ազատ արվեստներից» առաջին երեքը՝ քերականություն, հռետորություն, դիալեկտիկա՝ դասավանդվում էին որպես «Եռուղի»՝ ուսուցման երեք բնագավառները՝ կամ՝ «ուղիները» (ճյուղերը), որոնցում լեզվի կարողության, հաղորդակցության իմացությունն էր՝ արտահայտչականությունը, տրամաբանությունը (դատողությունը), համոզչականությունը, գրավչությունը:

Իսկ մյուս չորսը՝ թվաբանություն, երկրաչափություն, երաժշտություն և աստղագիտություն՝ «Քառուղի» դասընթացները, համարողության արվեստի չորս ճյուղերն էին, «թվի ուժը», գիտության և համարողության զորությունը:

Ընդ որում՝ «եռյակը» համարվում էր ուսուցման առաջին աստիճանը, անհրաժեշտ հիմքը՝ ավելի բարձրի՝ «քառյակի» սերտման համար:

Դարեր շարունակ նրանց դերն արտահայտվում էր հետևյալ ձևակերպմամբ՝

«Քերականությունը՝ խոսում է, Դիալեկտիկան (Տրամաբանությունը, Վերլուծությունը)՝ ուսուցանում, Հռետորական արվեստը (Հռետորաբանությունը)՝ երանգավորում բառերը, Երաժշտությունը՝ երգում է, Թվաբանությունը՝ հաշվում, Երկրաչափությունը՝ կշռում, Աստղագիտությունը՝ զբաղվում աստղերով»:

Հետագայում, միջնադարյան բարձրագույն կրթօջախներում, համալսարաններում հիշյալ առարկաները պահպանվեցին՝ հավելվելով Իմաստասիրությամբ (Փիլիսոփայությամբ) և Բժշկագիտությամբ…

Հիշենք, որ Գլաձորի Համալսարանի հիմնադիրն ու ղեկավարը՝ քերական, մատենագիր Եսայի Նչեցին (12-13-րդ դդ.) «Եօթը ազատ արուեստներն» է դասավանդել…

«Երկնային Կամքն» ըմբռնելու նպատակով՝ Հին Աշխարհի իմաստուններն ուսումնասիրում էինԵրկրի, Տիեզերքի օրենքներն ու օրինաչափությունները ու փորձում բացահայտել Արարչագործչության ներդաշնակության գաղտնիքները:

Տիեզերքի յոթ ոլորտների, Երկնքի ու Աստղերի ներդաշնակ մեղեդուն ունկնդիր՝ մեր նախնիք՝ իրենց «առավել զարգացած զգայարաններով», այդ «Երաժշտության» տատանումներն էին «որսում»…

Եվ, այլաբանության քողով շղարշված, Տիեզերքի գաղտնիքներն» էին շարադրում…

Մինչ այսօրվա տեխնիկական զարգացման գերհզոր միջոցներով ապացուցվում է մոլորակներից յուրաքանչյուրին հատուկ «մեղեդայնությունը», Մատենադարանի պահոցների որոշ մատյաններ վկայում են հնագույն շրջանից ի վեր աննշմարելի տատանումներին տեղյակ մեր իմաստուն նախահայրերի գիտելիքները…

«Ուշագրավ է Անանիա Շիրակացու` որպես երաժշտության գեղագետի՝ երկնային ոլորտների ներդաշնակության (harmonia mundi) պլատոնական տեսությանը հարող հայտնի ասույթն այն մասին, թե՝ «զգայարանքն առաջնոցն սուր էին քան զայժմոց` զոր վկայեն բազումք. Վասն որոյ ոչ միայն զարեգականն գնացս կարացին նկատել, այլ եւ զբոլոր լուսաւորչացս կարացին դիտել եւ ճանաչել:
Եւ ոչ միայն զորպիսութիւն գնացիցն` այլեւ զհնչումն ձայնից նոցա. Եւ ի սոցանէ գտաւ արուեստ երաժշտականութեան աշխարհի» »(Ս.Արևշատյան՝ «Յաղագս գիտութեան ձայնից» մեկնութեան հեղինակի հարցի շուրջ. Անանիա Նարեկացի, թե՞ Անանիա Շիրակացի»):

Աշխարհաբարով՝
«Նախնիների զգայարաններն առավել սուր էին, քան այժմ՝ ինչը շատերն են վկայում. որի շնորհիվ ոչ միայն Արեգակի շարժումը կարողացան նկատել, այլև բոլոր լուսատուներինը կարողացան դիտել ու ճանաչել:
Եվ ոչ միայն նրանց ընթացքը, այլ նաև՝ նրանց ձայնի հնչումը: Եվ սրանից էլ սկիզբ առավ երաժշտության արվեստն աշխարհում»:

Այսինքն՝ երաժշտական արվեստի ծագումը լուսատուների հետ էր կապվում:

«Ձայն խորին գիտակցութեան» և նման այլ արտահայտություններով միջնադարյան գրավոր աղբյուրներում արծարծվում է Մարդու մարմնի ներքին թրթիռների («երաժշտության») ներդաշնակ կապը՝ իրենից դուրս գտնվող աշխարհի՝ Տիեզերքի տարբեր գոտիների տատանումների հետ: Այսպիսով, երաժշտությանը վերագրվում էր նաև մարդու ներքին ուժերը վերականգնելու հատկությունը:

Ուստի՝ ծիսական արարողությունների ժամանակ այն կիրառվում էր որպես Հոգու սպեղանի, Հոգու նախնական ներդաշնակությունն ու արտաքին աշխարհի, Տիեզերքի հետ կապը զորացնող-վերականգնող:
Համաձայն «Եօթնագրեանք»-ի ուսմունքի՝ հնչյունների արտաբերումն ազդում է մարդու մարմնի և հոգու թրթիռների վրա:

Կոմիտասագետ և կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանն իր՝ «Երաժշտությունը տիեզերակարգում» ուսումնասիրության մեջ ներկայացնում է հոգիներն ազնվացնող՝ հոգևոր երաժշտության և տոնախմբությունների ժամանակ հնչող՝ աշխարիկ զվարթ երաժշտությունը:

«Երաժշտութիւնը երկու տեսակ է՝ «աստուածային եւ մարդկային», առաջինը երգում են եկեղեցիներում՝ յանցաւոր հոգիները դէպի զղջումն ածելու եւ մեղաւոր մտքերը՝ դէպի ի բարին փոխարինելու, իսկ մարդկայինը՝ ուրախութեան ժողովներում ու հանդէսներում:

Եթէ երաժշտութիւնը այս կամ այն ձեւով կարող է եկեղեցիներում յանցաւոր հոգիներն ու մեղաւոր մտքերը զղջման բերել ու բարին անել տալ, կամ ժողովներում ու հանդէսներում սրտերը թունդ հանել ու զուարթութեամբ վառել, ինչո՛ւ չպէտք է կարողանար եւ վանել հիւանդութիւնները:
Հները փորձեցին եւ գտան «զի օգտակար է ի պէտս բժշկութեան», ուստի եւ որոշեցին ու գործադրեցին, որ «երգին եւ առ հիւանդս». որովհետեւ «որպէս ըմպելիք դեղւոյ ընդ ճաշակելիսըն» ազդում են հիւանդութեան վրա «եւ սա (երաժշտութիւնը) ընդ լսելիսն»:

Քանի որ «ձայնն անմարմին է եւ մեծ զօրութիւն ունի եւ ազգակցութիւն առ հոգին», ուրեմն եւ «ընդունելով հոգի զուարճական կիրք, ներգործէ առ մարմին եւ տրամադրեալ փոխ է զնա իւրմէ բնութենէն»:

Արդ, իմաստուն–երաժիշտները հնարում են պարագային յարմար գործիքներ ու եղանակներ, որոնցմէ, դժբախտաբար, չէ մնացել եւ ո՛չ մի օրինակ:

Հին ժամանակների ընդհանրացած նուագարանն էր քնարն իր բազմազան տեսակներով, «այլ չորք աղեանն քնար առաւել ցուցանէ զզօրութիւն արուեստիս»:

Քնարի լարերի անուններն են «բամբ, թաւ, սոսկ, զիլ»:

Քառալար քնարն այն պատճառով են յարմար դատել բժշկութեան համար, «զի ըստ նմանութեան բնութեան մարդոյս կերպարանի, որպէս մարդ ի չորից տարերց էացեալ է»:

Ըստ հնոց, «չորս տարերքն են՝ հող, ջուր, օդ եւ հուր»:

Հայ միջնադարյան «Ձայնից մեկնություններ»-ում պահպանվել է մարդու մարմինը նվագարանի հետ համեմատելու հնագույն տեսությունը (մանրամասները՝ Ա.Թամրազյանի՝ «Երաժշտության կիրառումը հոգևոր դպրոցներում. Եօթնագրեանք» ուսումնասիրության մեջ):

«Երաժշտությունը հոգի է տալիս մեր սրտերին և թևեր՝ մեր մտքերին»՝ Պլատոնի խոսքերով…

Ու, քանի որ մարմինը հոգուց անջատված չէր, ապաքինման դեպքում անհրաժեշտ էր սկսել Հոգո՛ւ բուժումից, որպեսզի այնուհետև կազդուրվեր նաև մարմինը …

Հաճախականության ալիքների բնականորեն առաջացրած տարբեր թրթիռները (վիբրացիան) գրավել էր նաև Պյութագորասին ու նրա դպրոցի հետևորդներին…

Պյութագորասի պատկերացումներում մոլորակները՝ Արևն ու Լուսինը ներառյալ, շրջանաձև կանոնավոր ու հաստատուն պտույտներ էին գործում Երկրի շուրջ (Երկիրն այդ ժամանակ Տիեզերքի կենտրոնն էր համարվում), և այդ պտույտներից ձայներ էին առաջանում…

Հետևաբար, աստղագիտությունը համադրվում էր երաժշտության հետ:

Եվ երաժշտությունն ընկալվում էր որպես Աշխարհի, Տիեզերքի (Արարման) ներդաշնակության արտացոլում:

Հին նվագարանների լարերը երկնային մարմինների շարժումներին էին նմանեցվում:
Երկրի շուրջ մոլորակների պտույտի արագությունը համապատասխանում է լարի տատանումներին՝ թրթիռներին (վիբրացիային):

Որքան արագ էր շրջապտույտը, այնքան զիլ էր ձայնը: Եվ, ընդհակառակը, որքան դանդաղ էր շրջապտույտը՝ այնքան բամբ (թավ) էր:

«Որքան փոքր է մոլորակը, այնքան արագ է շարժւում եւ ըստ այդմ համապատասխանում է համեմատաբար բարակ լարին ու բարձր ձայնին»:

Պյութագորասի գամմայում «սի»-ն Սատուրնին էր համադրվում, «դո»-ն՝ Յուպիտերին, «ռե»-ն՝ Մարսին, «մի»-ն՝ Արևին, «ֆա»-ն՝ Մերկուրին, «սոլ»-ը՝ Վեներային, «լա»-ն՝ Լուսնին:

Հատուկ երաժշտություն էր հնչեցվում գիշերը՝ քնելուց առաջ կամ առավոտյան՝ հոգու ճիշտ արթնացման համար:

Մարդու և երկնային ոլորտների միջև եղած տատանումների ներդաշնակության, երաժշտության մասին հնագույն գիտելիքների աղբյուր են «Եօթնագրեանք» կոչվող մատյանները, որոնցում 7 ձայնավորների միջոցով Արարչության խորհուրդի և Մարդու կազմության կապն է արծարծվում:

Իր ժամանակի գիտության լավագույն գիտակ Ա.Շիրակացին (7-րդ դար), անդրադառնալով «Եօթնագրեանք»-ին, այն համարում է «բոլոր իմաստությունների Մայրը», (ակունքը), բոլոր արհեստների թվերի աղբյուրը, Հայոց Երկրի (Թորգոմայ Տան) «Գանձը», որը հայտնաբերել են հույներն ու զարմացել:
Միայն այս գիտության գիտակը կիմանա նրանց գաղտնի իմաստը…

«Գանձ ծածկեալ էր յերկիրս Հայոց եւ ակն թագուցեալ ի տունն Թորքոմայ, զի մայր է ամենայն իմաստութեան: Այս է եւ թվոց աղբիւր ամենայն արհեստից, հանդերձ ամենայն բաժանմամբ եւ գրէ թէ տեսին ամենայն ճարտարքն յունաց մերում նահանգիս եւ զարմացան:
Եթէ ոք իմանա զսա, նա գիտէ, թէ ինչ իմաստք են ի սմա ծածկեալ եւ թէ չէ ոք մտեալ ի սա, չի կարէ իմանալ կամ գրով բովանդակն լսել, թէ զինչ առնէ, զի ամենայն մի գիր ԺՌԲ. ճառս խաւսի» (յուրաքանչյուր տառ՝ 12.000 իմաստ, խորհուրդ ուներ, Կ.Ա.):

«Բնությունը մեր Տաճարն է, և Բնության օրենքները՝ մեր Ուսմունքը»,- հավաստում է Հայոց Քրմական իմաստությունը (Հայկեան Սրբազան Ուսմունքից հիշեցումը՝ « «ՀայաԳի» Կենաց Տաճար» էջից)…

Հ.գ. «Հայոց Աշխարհը ծածկող Գանձի»՝ «Վեցհազարեակի» («Եօթնագրեանքի») մասին՝ հաջորդիվ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով