«ԻՄ ԱՂՈԹՔԸ» (Ա. ԻՍԱՀԱԿՅԱՆ)
Մարդկության հնագույն հիշատակարաններն ու մշակութային վաղնջական դրսևորումները զանազան հավատալիքների հետքերն են կրում:
Տիեզերքի Արարման ու Կյանքի Ծագման հարցադրումներից ու նրանցից բխող պատասխանների որոնումներից փիլիսոփայական առաջին խորհրդածություններն են ծնվում:
Մեր Նախնիների աշխարհայացքը ձևավորվել է Տիեզերածին ուժերի՝ Բնության Տարերքների փառաբանմամբ ու պաշտամունքով, ուր գերագույն տեղն ուներ Հուրը՝ Շանթը, Պայծառ ու Լուսավոր Արեգակը, նաև՝ Մարդու կեցությունն ապահովող՝ բերք ու բարիք պարգևող Հողը, Հողը սնուցող Ջուրը, Մայր Բնությունն՝ իր տեսանելի ու աներևույթ ուժերով…
Հատուկ առանձնացված Սրբազան տարածքներից՝ պաշտամունքարաններից՝ մեհյաններից, տաճարներից բացի, ծեսերն իրականացվում էին նաև Բնության գրկում, բարձրադիր վայրերում, Աղբյուրերի, գետերի ափին կամ՝ անտառակներում (Մայրիների պուրակում)…
Մեհյանների, Բագինների, Հաշտից տեղերի, Սեղանների՝ Խորանների, նվիրաբերությունների, ձոների (ընծաների), զոհաբերությունների, պաշտամունքային արարողությունների՝ օրհնանք, աղոթք-մաղթանքների մասին կցկտուր տեղեկություններ են պահպանվել պատմիչների երկերում:
«Եւ այսպէս մեհեանս շինեալ և առաջի մեհենիցն բագինս կանգնեալ՝ զոհս ամենայն նախարարացն հրամայէ մատուցանել, հանդերձ երկրպագութեամբ»,- գրում է Խորենացին՝ Հայոց Տիգրան Աշխարհակալ արքայի մասին:
Աշխարհաբարով՝
«Եվ այսպես մեհյաններ շինելով և մեհյանների առաջ բագիններ կանգնեցնելով՝ բոլոր նախարարներին հրամայում է զոհեր մատուցանել և երկրպագություն անել» (Խորենացի, «Պատմություն», Բ գիրք, գլ. ԺԴ):
Գերմարդկային Զորություններից (Տիեզերքը, Երկինքն իր Լուսատուներով) բացի, հնագույն դիցաբանությանն անքակտելիորեն կապված է Դյուցազներգությունը՝ Քաջ ու անվանի Նախնիների «աստվածացումը», Դիցերից սերված Դյուցազունների փառաբանումը:
Գեղասքանչ հրաշքներով Հավերժ Բնության ու այդ Բնության մի մասնիկի՝ Հայրենիքի սիրո Երգիչը՝ Ավետիք Իսահակյանը գրել է՝
«Հայաստանը ես միշտ և հանապազ կրել եմ իմ հոգում. ուր որ եղել եմ՝ Հայաստանը տարել եմ ինձ հետ:
Նայել եմ Մոնբլանին, բայց տեսել եմ Մասիսը, կանգնել եմ Աթենքի Պարթենոնի առաջ, բայց զգացել եմ Երերույքը և Հռիփսիմեի տաճարը:
Լսել եմ Նեապոլի ժողովրդական երգերը, բայց հուզվել եմ մեր ժողովրդի երգով» («Երկերի ժողովածու», հ. 4, էջ 169):
Ու, մեր Նախնիների ոգով, բարձրաձայնել է իր Աղոթքը.
Իմ աղոթքը
Սիրտըս՝ ահա՛ — դատարկ անոթ,
Լցրո՛ւ նրան, ո՛վ Բնություն,
Քո Ուժերո՛վ, քո Զորությա՛մբ,
Իմաստությա՛մբ ստեղծագործ:
Սրտիս խորքով հավատու՛մ եմ
Քո գերասքանչ Հրաշքներին,
Անհունությա՛ն, Հավերժությա՛ն,
Իմաստությա՛ն քո անսահման,
Ո՛վ Բնությո՛ւն Աստվածային: