«ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ»
(Ս. ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ)

«Ընտրությունների» ներկայիս եռուզեռի՝ զանազան կոչերով լի առօրյայում հնչում են նաև Հայոց տաղանդաշատ բանաստեղծուհու՝ Սիլվա Կապուտիկյանի հայտնի բանաստեղծության տողերը՝ գրված 2004 թվականի ապրիլի 13 -ի խաղաղ ցույցի մասնակիցներին՝ ժամանակի ղեկավարության կողմից աննախադեպ դաժանությամբ ցրելու առիթով, որից հետո, ի համերաշխություն երկրում իշխող բռնատիրության դեմ ընդվզող իր Ազգի արժանապատիվ զավակների, բանաստեղծուհին վերադարձրեց դրանից տարիներ առաջ իրեն շնորհված՝ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը՝ մեկնաբանելով՝

«Ինձ համար շատ ծանր մի ընտրություն էր դա՝ հետ վերադարձնել Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, որովհետեւ ես մինչեւ հիմա մտածում եմ, թե ինչու՞ այդպես պիտի լիներ, որ մեր անկախ հանրապետության իրավիճակն այնպես դասավորվեր, որ ես ստիպված լինեի վերադարձնել շքանշանը, որը կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը…
Նա իմ կյանքի, իմ հոգու շաղախի մեջ խառնված մի մեծություն է, մի սրբություն է, որին ես՝ այս իմ քայլով, մտածում եմ, որ հավատարիմ մնացի, քանի որ նրա ժողովուրդն այսօր ենթարկվում է հալածանքի ո՛չ միայն ֆիզիկական, ուժային մեթոդներով, այլև՝ մշակույթի ասպարեզում, որ անհրաժեշտ չափով չի՛ հարգվում Մեսրոպ Մաշտոցի լեզուն, Մեսրոպ Մաշտոցի հիմնած դպրոցը, Մեսրոպ Մաշտոցով շնչավորված մշակույթը»…

Կրկին հիշենք ու հիշեցնենք հանճարեղ Հայուհու՝ ցասումով լի տողերը.

ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ

Ես չե՛մ ապրում արդեն, ու ես չե՛մ էլ մեռնում,
Եվ իմ չմեռնելը տևելու է երկար,
Ո՛ւր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում,
Ես ձեր դատաստանին պետք է լինե՛մ ներկա:

Դու՛ք, փոքր ու մեծ տերեր, այրե՛ր դուք ապիկար,
Առաջնորդնե՛ր չնչին ու կեսկատար,
Ստոր ձեր տեսակին ստորոտն էր հարմար,
Դուք կեղծությամբ, ստով հասաք կատար:

Մտքի ընտրյալներին դուք դարձրիք ծառա
Ու դարձրիք պատանդ, հլու ընտրազանգված,
Մի պարկ փուտ ալյուրով մարդկանց խիղճը առաք,
Դուք՝ փչացած վաղուց, փչացրեցիք նրանց:

Ու լլկեցիք հոգին ու փշրեցիք նորից
88-ի հրաշք ժողովրդին.
Ստիպեցիք լքել Հայրենիքը, որին
Արյու՛ն էին տվել, Կյա՛նք ու Որդի՛:

Իսկ նա՛, որ ստրուկին ճզմեց իր մեջ, ելա՛վ,
Հանուն պատվի՛, պարտքի՝ եկավ հրապարակ,
Զորքով, փշալարով շուրջկալեցիք նրան
Ու ջանացիք ջարդել ոտքերի տակ…

Օ՜, խաղատու՛ն դարձած հայրենական մեր տուն,
Ցեխերի մեջ ընկած մագաղաթյա մատյա՛ն,
Կախաղանի սյունից կախված անկախություն,
Մեր Լույս երազների խավարակուռ պատյան:

Ես ի՞նչ, ի՞նչ խոսքերով նզովք կարդամ ու սաստ,
Ձե՛զ, որ խուժդուժ կարգերն այս երկնեցիք,
Ուր դուք դարձաք հեծյալ, ժողովուրդը` գրաստ,
Օտարի դուռն ընկած մի մուրացիկ:

Եվ ես՝ Հայ բանաստեղծ, ի՞նչ սև բախտի արժանացա,
Որ նզովքի խոսք եմ ասում… հային.
Հզոր ճախրից հետո այս անկումը տեսա
Եվ ապրեցի օրերն այս դիվային:

Ո՛չ, չեմ ապրում արդե՛ն, ու ես չե՛մ էլ մեռնում,
Իսկ թե – անեծք վերին – մնաք ինձնից երկար,
Մե՛կ է, ո՛ւր էլ հանգչեմ, ո՛ր մի գերեզմանում,
Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա՛…

Facebook Comments