ԻՆՉՊԵ՞Ս ԵԼՆԵԼ ԱՅՍ «ԱՆՏԱՌԻՑ»…

Ռուբեն Հախվերդյանի հայտնի երգում հնչող հարցի առջև է կարծես մեր ազգը հայտնվել.
«Ինչպե՞ս ելնեմ այս անտառից, երբ կորցրել եմ ուղղությունս»…

Թեև թվում էր, որ վերջին երեք տասնամյակներին Հայաստանում ու նրա սահմաններից դուրս ապրած Հայորդիները՝ քաղաքական բազմատեսակ «հնարքների» ականատեսը լինելուց հետո, այլևս երկընտրանքի առջև չէին լինելու ներկա ու նախկին կեղեքող համակարգն ու նրա ակնառու գործիչներին մերժելու համար:

1989 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհրդի կողմից՝ Ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա հիմնվելով՝ Հայ ժողովրդի` բռնությամբ տարանջատված երկու հատվածների վերամիավորման հռչակումից ու 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունված՝ Հայաստանի Անկախության մասին Հռչակագրի 7-րդ կետով Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները որպես ժողովրդի սեփականություն հռչակելուց հետո Հայաստանի ներկայիս օրհասական իրավիճակը վերջին երեք տասնամյակներին գործող իշխանությունների գործունեության խոսուն ապացույցն է:

Հայաստանի առջև ծառացած խնդիրներն արդի դիվանագիտությամբ լուծելու ուղիներն ենք գտնում Վիեննայի կոնվենցիայի 52-րդ հոդվածում, որին անդրադարձել է Սաբինա Մադոյանն իր՝ «Հարկադրանքի միջոցով պարտադրված միջազգային պայմանագրերը և դրանց իրավական ուժի վիճարկումը» հոդվածում:
Ահավասիկ որոշ մեջբերումներ.

«Ժամանակակից միջազգային իրավունքն արգելում է ուժի գործադրումը կամ դրա գործադրման սպառնալիքը միջազգային հարաբերություններում:
Խնդրո առարկա արգելքն իր հետևանքներն ունի նաև տարածքի նկատմամբ տիտղոսի հիմնահարցը կանոնակարգող իրավունքի նորմերի վրա:
Ժամանակակից միջազգային իրավունքը, մասնավորապես, արգելում է ուժի գործադրումը կամ դրա գործադրման սպառնալիքը նաև տարածքային խնդիրների կարգավորման ընթացքում:
Այս սկզբունքն իր հստակ ամրագրումն է գտել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված՝ Միջազգային հարաբերություններում ուժի սպառնալիքից կամ ուժի գործադրումից հրաժարվելու վերաբերյալ սկզբունքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ հռչակագրում, որի համաձայն.
«Ո՛չ ուժի սպառնալիքի կամ՝ դրա կիրառման արդյունքում տարածքային ձեռքբերումները, և ո՛չ էլ տարածքի բռնազավթումն ուժի սպառնալիքի կամ՝ գործադրման արդյունքում, որ տեղի է ունենում ի խախտում միջազգային իրավունքի, չեն ճանաչվի որպես օրինական ձեռքբերումներ»:
Ուժի գործադրման արգելքն ընդհանրապես ժամանակակից միջազգային իրավակարգի կենտրոնական և ելակետային սկզբունքներից է»:

«Այն, որ ժամանակակից միջազգային իրավունքը առոչինչ է ճանաչում հարկադրանքի միջոցով կնքված միջազգային պայմանագրերը, միանշանակ արձանագրված է պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 52-րդ հոդվածում, որի համաձայն.
«Պայմանագիրն առոչինչ է, եթե այն կնքվել է ուժի սպառնալիքի կամ գործադրման արդյունքում՝ ի խախտում Միավորված Ազգերի կազմակերպության կանոնադրությունում ամրագրված սկզբունքների»:
Այս դրույթը միանշանակ արտացոլում է նաև սովորութային միջազգային իրավունքը և տարածվում է նաև այն միջազգային պայմանագրերի վրա, որոնք կնքվել են նախքան Վիեննայի կոնվենցիայի ընդունումը՝ 1945թ.-ից (ՄԱԿ-ի կանոնադրության ընդունման պահից) մինչև 1969 թ. (Վիեննայի կոնվենցիայի ընդունումը):
Այստեղ, իհարկե, հարց է առաջանում, թե ինչպե՛ս վարվել նախքան 1945 թ. ընդունված միջազգային պայմանագրերի հետ»:

Հայաստանի համար անբարենպաստ պայմանների թելադրանքով կնքված պայմանագրերի չեղարկման հնարավորությանն անդրադառնալով՝ հեղինակն ավարտում է հետևյալ եզրահանգմամբ.

«Հատկանշական է նաև, որ Մոսկվայի պայմանագիրը (մարտի 16, 1921 թ.) և Կարսի պայմանագիրը (հոկտեմբերի 13, 1921 թ.), որոնք ակնհայտորեն կնքվել են ուժի սպառնալիքի ազդեցության ներքո, և որոնք արձանագրել են էական տարածքային զիջումներ Հայաստանի կողմից, վերաբերում են հենց քննարկվող արգելքի բյուրեղացման ժամանակաշրջանին:
Եվ այս հանգամանքը կարող է տեսականորեն հիմք ծառայել՝ տվյալ փաստաթղթերն առոչինչ ճանաչելու համար»:

Ուժի կիրառմամբ թելադրված՝ 2020 թվականի նոյեմբերյան «եռակողմ հայտարարությունը» չեղարկելու՝ առոչինչ հայտարարելու հիմքերն ակնհայտ են:

Ամիսներ առաջ Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից Հայ և օտարազգի բազմաթիվ գործիչներ են բարձրաձայնել Ադրբեջանի կողմից կիրառված հանցագործությունները՝ ապացույցներով (վարձկան ահաբեկիչների, արգելված զենքի կիրառում, պատերազմական ոճիր՝ գերիների ու քաղաքացիական բնակչության խոշտանգում, սպանություն…):

Այսօրվա ընտրարշավում, բարեբախտաբար, հնչում է նաև ներկա ու նախկին իշխանությունների կողմից «մոռացված» կամ չկիրառված՝ դիվանագիտական ճանապարհով՝ Հայաստանի Առաջին Հանրապետության իրավահաջորդությունն ստանձնելու միջոցով Ազգային խնդիրների լուծման քաղաքակիրթ առաջարկ-ծրագիր…

Facebook Comments