ՎԱՐԴԱՎԱՌ
ԿԱՄ՝
«ՎԱՐԴՆ Ի ԲԱՑՎԵ ՎԱՐԴԵՎՈՐՎԱՆ ԿԻՐԱԿԻՆ»

Մնձուրյան տեսարաններ

Մեծ Հայքի Տուրուբերան Աշխարհի Տարոն գավառում, որը նոր ժամանակներում՝ Բիթլիսի նահանգի Մուշ գավառն էր, Հայոց Դիցերի՝ Անահիտի, Վահագնի, Աստղիկի մեհյաններն էին, ուր հետագայում՝ Իննակնյա վանքն էր, Հացեաց Դրախտը (վերափոխված՝ Գլակա վանքը, հայտնի՝ Մշո Սուրբ Կարապետ անվամբ):

Մուշ քաղաքից 35 կիլոմետր հյուսիս-արևմուտք, Արածանիի աջ կողմում, Քարքե լեռան հարավ-արևմտյան լանջին՝ բարձրաբերձ լեռնաստանների գրկում գտնվող այս Սրբավայրում հազարամյակներ շարունակ չեն դադարել Հայոց ազգային նվագարաններով, երգ ու պարով, լարախաղացների, ձիարշավի զանազան խաղերով ու խրախճանքով ուղեկցվող ծիսական տոնախմբությունները, որոնցից առանձնահատուկ է կենսախինդ ու զվարճալից Վարդավառը:

Խըտըր պէկցի թմբուկահար Կիրակոս Խօշեան տօնակատարութեան մը ընթացքին, 1920-1930-ական թուականներ, վայրը անծանօթ (Աղբիւր՝ Վահրամ Շէմմասեանի հաւաքածոյ, Լոս Անճելըս)։

Լուսանկարը՝ «Յուշամատեանից»՝ շնորհակալությամբ

Բյուրակն-Մնձուրյան լեռնաշղթայի՝ «Քարքեա լեռան» նկարագրությամբ է սկսել իր հայտնի վեպը Րաֆֆին՝
«Լուսնի եղջյուրը ծածկվեցավ Քարքե լեռան հետևում և Տարոնը ընկղմվեցավ գիշերային խավարի մեջ»:
«Այս լեռան դիցանվեր անտառներում էին Հայոց Հաշտից տաճարները»…

Քարքիի ստորոտում էին Աշտիշատ ավանն ու Աշտիշատի հռչակավոր վանքը:
Քարքիից 4-5 կիլոմետր հեռավորության վրա է Սբ. Կարապետ վանքը (Քարքի լեռը նաև Արձան (Արզան) է կոչվել՝ Քրմապետի անվան հետ առնչվելով. «Արծ-Արզ»-ը «Ջուր» իմաստն ուներ հնագույն շրջանում):

Հայոց պաշտամունքային գլխավոր կենտրոններից մեկն է հրաշագեղ բնության գրկում, իր առատ Աղբյուրներով հայտնի Իննակնյան սրբավայրը, որի շուրջ հարուստ ավանդույթներ են հյուսվել հազարամյակներ շարունակ:

Ջուրը՝ «պաղ կամ ջերմուկ», հատկապես հրաբխային ծագմամբ Հանքային Հրաշագործ Աղբյուրները, որոնցով այնքա՜ն հարուստ է Հայկական Լեռնաշխարհը, ապաքինող-բուժիչ հատկություններ ունեին: Դեպի Լեռները, Սրբավայրերն ու Աղբյուրները կատարված ուխտագնացությունները «չարը վանող, չարը խափանող», Դիցերի հովանավորությունն ակնկալող նպատակով էին նաև իրականացվում:

Կյանքի համար անհրաժեշտ Տարրերից մեկը՝ Ջուրը փառաբանող տոնին Հայկական Լեռնաշխարհի ու հարակից հեռու ու մոտ շրջանների Հայ ազգաբնակչության մի ստվար զանգված ուղևորվում էր դեպի «Իննակնեան Վայր»՝ որտեղ Ջրի ինը Ակը՝ Աղբյուրը կա՝ ինն Աղբյուր բխող տեղում նշելու Կենսատու Ջրի, նաև՝ Սիրո և Գեղեցկության փառաբանման՝ Վարդավառի հինավուրց ծեսը, որը, համաձայն Քուրմ Հարութ Առաքելյանի ներկայացրած՝ Հայկյան Սրբազան տոմարի, նշվում էր Հոռի ամսվա Վահագն օրը (օգոստոսի 14 -ին):

«Վարդն ի բացվե Վարդեվորվան կիրակին,
Քո սերն ինկե մեջ իմ սրտի պուրակին»…(Վարդավառի ժողովրդական խաղիկներից):

«Արևաշող Աղբյուր՝ հույզերի,
Աստղաբույլ կերոն՝ սրտերի,
Լուսաշող Սիրո Թագուհի,
Գեղասքանչ Աստղիկ Դիցուհի» (Հ.Թումամյանի՝ «Հիմն Աստղիկին»):

Հավաքվում էին «Իննակնեան՝ «Բարեբաղդ, Բարեբուխ» Վայրում»՝ Մեծ Հայքի Տուրուբերան Աշխարհի Տարոն գավառում, Քարքե լեռան վրա, որտեղի հնագույն մեհյաններն ավերվեցին 301 թվականին՝ քրիստոնեության տարածման ժամանակ, սակայն Հայ ազգը հազարամյակների ընթացքում իր Սրբավայրերին ու իր ավանդույթներին կառչած մնաց՝ շարունակելով իր հնամյա ծեսերն ու տոները (թեև՝ այլ կրոնով շղարշված ու մեհյանների փոխարեն՝ Գլակա վանք, հետագայում՝ Սուրբ Կարապետ դարձած ուխտավայրում)…

Վանքից քիչ հյուսիս բխում է հորդառատ Իննակնյան Աղբյուրը, որտեղից էլ՝ Աղբյուրի անվանումը (ուշ շրջանում գործում էին դրանցից յոթը միայն)…

«Վանքի ներքին բակին մէջ երկու աչքով աղբիւր մը կը վազէ հիւսիսային կողմը, եւ մէկ աչքէ աղբիւր մը՝ արեւմտեան կողմը։ Գեղեցկութիւն մի է բակին…», կամ՝ …«Անտի յառաջ ի հիւսիս երթալով իբրեւ հինգ վայրկեան հեռաւորութեամբ, Ավետեաց բլուրն է. եւ այսպէս ուղւոյն հետ բարձրանալով «մէկ կողմդ կը մնան Բարեհամ Աղբիւրն, Պաղ Աղբիւրն, Սպիտակ Աղբիւր, շէիտներ, եւ միւս կողմդ` Առաքելոց Աղբիւր, եւ այլ աննման ջրեր, մինչեւ կը հասնինք Իննակներ կամ Աւագ Ակներ, որոնց անունով վանքս կոչուած է» (Գարեգին Սրվանձտյանի նկարագրությունը՝ Հայկ Ավագյանի՝ «Մշոյ Ս.Կարապետ վանքի մշակութային ժառանգությունը…» գրքից, Կահիրե, 2019 թ.):

Բյուրակնից մի անկյուն

Աղբյուրների կողքին կամ բարձունքներում կառուցված սրբավայրերում անհիշելի ժամանակներից ի վեր չեն դադարել Հայ ուխտավորների հոծ խմբերի ամենամյա երթն ու տոնակատարությունները:
Եվ, վաղնջական ժամանակների շնչով, դեռևս մեկ դար առաջ գովերգում էին գուսաններն այս սրբավայրը:

«Բոլորտիքը ծառ ու ճիւղեր.
Անոր պտուղը հոգու դեղ էր»…

«Ինն Աչերու (Իննակեայ) Լուսաղբիւրներ
Կաթ կու կաթեն՝ Լոյս — Լոյս ջըրեր,
Ուռին, Բարտին շուք են եղեր,
Սիրականիս շնորհք են տըւեր»։

Իրենց իղձերի իրականացման ակնկալիքով հեռավոր վայրերից ոլոր-մոլոր ճամբաներով դեպի սրբավայր մեկնող «ձիավորներն ու ոտավորները» հովանավորություն էին խնդրում և՝

«Զիմ սրտի սիրա՛ծը տուր.
Տու՛ր Աշխարհիս խաղաղութիւն,
Ազգի՛ս Հայոց՝ Սէր, Միութիւն»…

Արգասավորությունն ու Պտղաբերությունը պայմանավորող Ջրի պաշտամունքի սրբատեղիները, բնականաբար, գլխավորապես լեռները, ջրերի ակունքներն էին։

Զանգեզուրում Վարդավառի ամենասիրված ուխտավայրը Խուստուփն էր, չնայած շատ էին գնում նաև Մեծ Իշխանասար, Մռավ, Մեծ Քիրս, Դիզափայտ և այլ լեռնագագաթներին գտնվող սրբավայրերը։

«Վարդավառը ընդհանրապէս կը հանդիսանար ժողովուրդի ամենահարազատ եւ ամենապաշտելի տօներէն մէկը, ինչպէս կը համառօտագրէ Յասմիկ Աբրահամեան.
Հայ ժողովրդական տօնաշարում Վարդավառը ժողովրդին հոգեհարազատ, թերեւս ամենասիրուած եւ սպասուած տօներից է։ Մատենագրական նիւթերի հաւաստմամբ Վարդավառը պտղաբերութեան, արգասաւորութեան, լիութեան եւ այս ամէնն ապահովող Ջրի, անձրեւի տօն է։ Ըստ ժողովրդական պատկերացումների` Վարդավառը ոչ միայն բերքի առատութեան եւ անձրեւաբերութեան, այլեւ զուարճանքների, ընտանեկան խնջոյքի, ուրախութեան եւ մատաղի տօն է:
Արդարեւ, Վարդավառի ուխտագնացութիւնը դէպի Ս. Կարապետ կը հանդիսանար դէպի այդ վանքը կատարուող ամենէն աւելի զանգուածայինը եւ տօնականը։

Մշո Սուրբ Կարապետ ( Լուսանկարը՝ Bodil BIØRN-ի հավաքածուից)


«Ամէն կողմ ուրախութիւն եւ ցնծութիւն» է, ուր անպակաս են մատաղն ու տօնավաճառութիւնը, կը հաստատէ Հ. Սուքիաս Էփրիկեան»…(մեջբերումը՝ Հայկ Ավագյանի՝ «Մշոյ Ս.Կարապետ վանքի մշակութային ժառանգությունը…» ուսումնասիրությունից, Կահիրե, 2019 թ.):

Ուխտագնացության ուղիներով՝ ուխտավորների հետ, մյուս գրառումներում…🔥

Մաղզանեան եւ Պալապանեան ընտանիքի անդամներ վերջին անգամ ըլլալով կը լողան Պույուք Քարաչայ (Մեծ սեւ գետ) գետին մէջ, Յունիս 1939, Պիթիասի մօտ (Աղբիւր՝ Վահրամ Շէմմասեանի հաւաքածոյ, Լոս Անճելըս)։ Լուսանկարը՝ մեկնաբանությամբ՝ «Յուշամատեան»ից՝ շնորհակալությամբ

Facebook Comments