ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐՈՎ ԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ…

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐՈՎ ԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ…

Ուղևորվենք քարտեզների ու, ընդհանրապես, պատմության սիրահարների համար նախընտրելի մի վայր՝ առեղծվածներով լի՝ միջնադարյան Իտալիա:

Անցյալ ժամանակների քարտեզների մասին խոսելիս Հռոմում՝ Վատիկանի թանգարանի քարտեզների նշանավոր Սրահն է հիշվում:
Սակայն նման մի հավաքածու կա նաև Իտալիայի մի այլ քաղաքում՝ Ֆլորենցիայում՝ «Հին Պալատում»՝ «Պալացցո Վեկիոյում» (Palazzo Vecchio, կառուցված՝ 1299-1314թվականներին ), որի պատմությունը սերտ կապված է միջնադարյան Իտալիայի տնտեսական ու մշակութային կյանքում կարևոր դեր կատարած՝ Մեդիչիների տոհմի ու Վերածննդի տաղանդավոր որոշ ստեղծագործողների հետ:
Հռչակավոր ճարտարապետ, արվեստի, ճարտարապետության պատմաբան ու նկարիչ Ջորջիո Վազարիի (1511-1574թթ.) կառուցած այս ամրոց-պալատի թանգարանային շենքում ներկայումս տեղակայված է և Ֆլորենցիայի քաղաքապետարանը:

Պալացցո Վեկիոյի սրահներից մեկում՝ հայտնի «Պահարան» կամ՝ «Կաբինետներ» անուններով, Մեդիչիների «Մեծ Դուքսերն» իրենց ամենաթանկարժեք ունեցվածքն էին պահում:

Այս սրահի՝ գիտական հետաքրքրություն ներկայացնող 53 քարտեզներով զարդարված՝ «կաբինետների» դռները, որոնք յուղաներկով նկարվել են 16-րդ դարում (նկարիչներ՝ E. Danti (1563-1575), S. Bonsignori (1575-1584)), մեծարժեք պատմական նշանակություն ունեն, քանզի պատկերացում են տալիս 16-րդ դարի աշխարհագրական գիտելիքների մասին:
Հիշյալ սրահի ստեղծման նպատակն էր ցուցադրել աշխարհը՝ տվյալ ժամանակահատվածում (Վազարիի հետ աշխատել է քարտեզագետ Ֆրա Մինիատո Պիտտին, Հայաստանի քարտեզը նկարել է Էրգանզո Դանտին՝ 1563 թվականին):,

Հնագույն շրջանից ի վեր հայտնի բազմաթիվ ամրոցների ու պալատների նման՝ հիշյալ շինությունը նույնպես անվտանգության ապահովման նպատակով կառուցված զանազան գաղտնուղիներ ու «անտեսանելի» սենյակներ ունի, որոնցից մեկի մուտքը Հայաստանի քարտեզի հետևում է թաքնված:

Ասվածի ակնարկն ենք գտնում ամերիկյան ժամանակակից գրող Դան Բրաունի՝ տարիներ առաջ մեծ հետաքրքրություն առաջացրած «Ինֆեռնո» վեպում ու նրա հիման վրա նկարահանված համանուն ֆիլմում, որից ահավասիկ մի փոքրիկ հատված՝ բարձրարվեստ ստեղծագործությունների այդ շտեմարանում գտնվող՝ Հայաստանի քարտեզով (ուր մեր Հայրենիքի սահմաններն անհամեմատ ավելի ընդարձակ են, քան հետագայում)…

Facebook Comments