«ՈՒՇԱԴԻ՛Ր ԵՂԵՔ ՁԵԶ ՆԱՅՈՂ ԱՉՔԵՐԻՆ»…

Դիլդիլյան, Տեր Հարությունյան և Նակքաշյան ընտանիքների վերջին խմբակային դիմանկարը՝ Սամսունում, ցեղասպանությունից հետ վերապրածներով:
Արմեն Մարսուբյանի մայրը՝ Ալիս Մարսուբյանը (ծնված՝ Դիլդիլյան)՝ նստած է առջևում՝ հատակին:
1922 թվականի վերջին արված այս լուսանկարը նշանավորեց օսմանյան Թուրքիայում Դիլդիլյանների լուսանկարչական աշխատանքի ավարտը:

2015 թվականի նոյեմբերի 4-22-ին Անկարայի Չանքայա շրջանում բացվել էր Հայոց ցեղասպանության մասին պատմող լուսանկարների մի ցուցահանդես՝ «Վկայություններ մի Հայ ընտանիքի կորսված անցյալի մասին» խորագրով՝ հարուցելով ոմանց զայրույթն ու բողոքը:

Այդ հավաքածուի մի մասի՝ Երևանում ցուցադրության բացման առիթով Ջորջ Ջերջյանն այն անվանել էր «պատուհան, հայելի և արտացոլանք», հավելելով՝
«Եվ ես խնդրում եմ, որ լուսանկարներին նայելիս ուշադի՛ր լինեք դրանցում պատկերված մարդկանց՝ ձե՛զ նայող աչքերին»…

Լուսանկարչությունը, արվեստ լինելուց բացի, հուշերի պահպանման հիանալի միջոց է:
Լուսանկարների շնորհիվ ու, հատկապես, նկարի, պատկերի արտահայտչական ուժով ու ներգործությամբ, հառնում են հիշարժան դրվագներ անցյալից, մասնավորապես՝ կարևոր իրադարձություններից:
Եվ, քանի որ լավ է մեկ անգամ տեսնել, քան՝ հարյուր անգամ լսել, թերթենք մի Հայ ընտանիքի պատմության որոշ էջեր, որոնք, մեր ազգակիցներից շատերի ճակատագրի նման, ձգվում են մինչև Ֆրանսիա ու հեռավոր Ամերիկայի ափեր:

19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին՝ Հայ ազգի բազմահազարամյա պատմության ողբերգական շրջանը փաստող լուսանկարների շարքում նաև բազմաթիվ Հայորդիների կյանքի պատկերները կան՝ կենցաղային իրավիճակներում կամ տոնախմբությունների պահին:
Պատմական, ազգագրական ու վավերագրական արժեք ունեցող այդ «խոսուն» պատկերներն այսօր մեզ համար անգնահատելի դեր ունեն ու, միաժամանակ, հիանալի միջոց են՝ վերականգնելու, գնահատելու տվյալ ժամանակաշրջանում մեր ազգի կյանքը:

Դիլդիլյանների պատմությունն իրենց հուշերում հավերժացրած ընտանիքի երեք անդամները՝ Ցոլակ Դիլդիլյանը՝ ձախում, Արամը՝ հետևում կանգնած և իրենց քույրը՝ Հայկանուշ Տեր Հարությունյանը՝ աջում

Երևանում՝ Ցեղասպանության թանգարանին որոշ լուսանկարների նվիրատվության առիթով,
անդրադառնալով իր տոհմի ավագներից իրեն ժառանգված արժեքավոր ու հարուստ արխիվին, ուր իր Նախնիների լուսանկարչական հավաքածուից բացի նաև նրանց հուշերն են, հայերեն ու անգլերեն թղթակցությունները, ձայնագրություններն ու ընտանիքի անդամների բազմաթիվ լուսանկարները, Ցոլակ Դիլդիլյանի թոռը՝ Կոնեկտիկուտի համալսարանի պրոֆեսոր, ամերիկաբնակ Արմեն Մարսուբյանն ասել է.
«Պապս ու նրա եղբայրն իրենց կյանքի վերջում ինձ հանձնեցին այդ արխիվը, և ես նրանց խոստացա այդ ամենի մասին լսելի դարձնել ո՛չ միայն Հայերին, այլև՝ թուրքերին»:

Ահազանգելով մոտալուտ ոչնչացման վտանգի առաջ կանգնած Հայ մշակույթի խնդիրը, մտահոգված Հայ ազգի հավաքական հիշողության պահպանման անհրաժեշտությամբ, Դիլդիլյան տոհմի՝ մեր ժամանակակից ժառանգներից մեկը՝ ԱՄՆ-ում բնակվող Արմեն Ցոլակ Մարսուբյանը հավաքել ու հրատարակել է իր գերդաստանին ու Հայ իրականության կորսված պատառիկները ներկայացնող ավելի քան 600 լուսանկար, որոնք արվել են 1888-1922 թվականներին՝ Արևմտյան Հայաստանում և 1923-1980 թվականներին՝ Հունաստանում ու ԱՄՆ-ում, աշխարհին հիշեցնելով Հայերի հանդեպ գործած ցեղասպանության արհավիրքներն ու նրա հետևանքները:

Նրա ներկայացրած հավաքածուի հիման վրա վերջին տարիներին ցուցահանդեսներ են բացվել Հայաստանում, Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում:
2017 թվականին լույս է տեսել այդ լուսանկարներն ամփոփող գիրքը՝ «Վերստին կերպավորելով կորսված Հայ օջախը. Դիլդիլյանների լուսանկարների հավաքածու» վերնագրով:

Արմեն Ցոլակ Մարսուբյան

Եվ հեղինակը պատմում է.
«Պապս Մերսիվանի (Մարզվանի, Սեբաստիայի նահանգում, Կ.Ա.) Անադոլու քոլեջի նկարիչն էր: 1915-ի օգոստոսն էր, բոլոր Հայերը բռնագաղթեցվում էին: Մերսիվանի մի ոստիկանական ծառայող, գալով պապիս մոտ, առաջարկում է կրոնափոխ լինել:
Կրոնափոխության առաջարկը Մերսիվանի միայն 307 բնակչի է արվել, որոնք, բոլորն էլ, ճանաչված արհեստավորներ են եղել: Ինչպես, օրինակ, պապս Մերսիվանի միակ լուսանկարիչն էր:
Նա սկզբում մերժել էր կրոնափոխության առաջարկը, ինչպես մնացած 307 հոգուց շատերը, որոնք նախընտրել էին գաղթի ճանապարհը:
Երբ պարզ դարձավ, որ ամերիկացի միսիոներները այլևս չեն կարող պաշտպանել Անադոլու քոլեջի Հայերին ու փրկվելու համար հենց հաջորդ օրը պետք էր փախչել Մերսիվանից, պապս, հաշվի առնելով, որ իր և իր քրոջ ընտանիքում 5-ական երեխաներ կան, ու այդ պայմաններում փախուստը շատ վտանգավոր կլինի, հաջորդ առավոտյան գնաց կառավառական շենք ու հայտնեց իր ընտանիքի կրոնափոխ լինելու մասին և վերցրեց նրանց թուրքական անունները»…

«Ցոլակ Դիլդիլյանը գաղթից կարողացավ փրկել միայն Մերսիվանում գտնվող իր եղբորն ու քրոջը ` իրենց երեխաներով, իսկ Սվասում, Տրապիզոնում և Սամսունում գտնվող բոլոր Դիլդիլյանները գաղթի ճանապարհին մահացան»:

Ցոլակ Դիլդիլյանն իր ընտանիքով՝ լուսանկարված իրենց արվեստանոցում՝ 1912 թվականին

«Երբ Մերսիվան հասան Թուրքիան օկուպացրած անգլիական զորքերը, նրանք հայտարարեցին, որ ցանկացողները կարող են վերադառնալ իրենց հին ինքնությանը:
Պապս, լինելով կարդացած մարդ, խորությամբ էր զգում իր ինքնությունը: Սակայն պապիս ընտանիքի վերադարձը Հայկական ինքնությանը և կրոնին, Մերսիվանում որոշ մարդկանց զայրացրեց:
Նրա մի քանի թուրք մտերիմները նրան զգուշացրեցին վտանգի մասին և խորհուրդ տվեցին լքել Մերսիվանը:

Ցոլակ Դիլդիլյանի զարմիկ Սմբատը

1920 թվականին Ցոլակ Դիլդիլյանը մեկնեց Սամսուն:
Այնտեղ նրա զարմիկ Սմբատը, որը զոհվել էր գաղթի ճանապարհին, լուսանկարչական ստուդիա ուներ, և նա այդ ստուդիան աշխատեցնելով կարող էր նոր ապագա կառուցել Սամսունում:
Նրա ընտանիքը դեռ շարունակում էր մնալ Մերսիվանում, երբ այնտեղ է հասնում Թոփալ Օսմանը: Ցոլակի ընտանիքը ճամբարում պատսպարվելով է միայն կարողանում փրկվել Օսմանի ձեռքից: 1921թվականին ողջ ընտանիքը գաղթում է Սամսուն:

Մերզիվանի Անատոլիա վարժարանի սաները, 1904 թվականին:
Սմբատ Դիլդիլյանը՝ ներկապնակը ձեռքին, հետագայում ղեկավարել է Dildilian Brothers Art Photographers-ի մասնաճյուղը Սամսունում՝ Սև ծովի ափին:
Նա և իր ընտանիքը զոհվել են 1915 թվականին

Սակայն 1922 թվականի նոյեմբեր ամսին Սամսունի ղեկավարությունը նրանցից պահանջեց կարճ ժամանակում լքել երկիրը՝ պատճառաբանելով, որ եթե ուզում են բացահայտ Հայ մնալ՝ պետք է լքեն երկիրը:
Մինչ այդ, նրանք, չնայած դեռ ընթացող պատերազմին, փորձում էին կարգավորել իրենց կյանքը Սամսունում՝ զբաղվելով ոչ միայն վերոնշյալ լուսանկարչական ստուդիայով, այլև կոտորածներից ու գաղթից ողջ մնացած երեխաներին որբանոցում տեղավորելով:

Հունական կառավարությունը խոստացել էր երկու նավ ուղարկել քաղաքի երկու՝ հայկական և հունական որբանոցների երեխաներին տեղափոխելու համար: Սակայն հույները միայն մի նավ են կարողանում ուղարկել, և, որբերի հետ մի կերպ տեղավորվելով, Դիլդիլյան ընտանիքը ևս կարողանում է լքել Սամսունը: Գաղթյալ ընտանիքի անդամների ճանապարհները բաժանվում են Հունաստանում՝ Ցոլակը ընտանիքով մեկնում է Ֆրանսիա, իսկ ընտանիքի մնացած մասը՝ ԱՄՆ»:

1907 թվականին Սվազում (Սեբաստիայում) ծնված Արա Դիլդիլյանը՝ ցեղասպանությունից հետո հայտնվելով ԱՄՆ-ում՝ դարձավ 25 արտոնագրված գյուտի հեղինակ և հավաքեց հանքապարների (միներալների) բացառիկ հավաքածու, որը հետագայում նվիրեց Երևանի Երկրաբանական թանգարանին:


Արևմտյան Հայաստանում ու Փոքր Ասիայի տարբեր բնակավայրերում՝ Տրապիզոնից մինչև Կոնիայի նահանգում կատարված լուսանկարներում Դիլդիլյան ընտանիքը մեր ազգի պատմության մի էջն է հավերժացրել:

Հ.գ. Պատմական Փոքր Հայքում՝ Սեբաստիայի նահանգի Մարզվան քաղաքում (Մարզիֆոն), Հայերն զբաղվում էին պղնձագործությամբ ու մանածագործությամբ, տարածված էր բամբակեղեն գործվածքների առևտուրը…

Ստորև՝ մի խոսուն լուսանկար՝ Դիլդիլյան ընտանիքի անդամներով…

1910 թվականին Մարզվանում արված լուսանկար՝ Դիլդիլյան ընտանիքի անդամներով՝ մանածագործության տարբեր փուլերի տեսարաններով՝ հյուսքը, մանելը, ներկելը…
Facebook Comments