«ԱԶՆՎԱՑՐՈՒ՛ ՄՏԱՎՈՐ ԿՅԱՆՔԴ»…
Հայրենիքի նկատմամբ սերն անքակտելիորեն կապված է մայրենի լեզվի, պատմության ու մշակույթի իմացության հետ: Նաև՝ պայմանավորված՝ Հայրենիքի ծնած զավակների պատվիրաններին հաղորդակից լինելով, ու դրանք կյանքի կոչելով:
«Ազնվացրո՛ւ լեզուդ, խոսքդ, իսկ այդ անելու համար, նախ ազնվացրո՛ւ մտավոր կյանքդ»,- հորդորում է Նժդեհը՝ հիշեցնելով, որ «լեզուն մարդու բարոյական կերպարն է»:
Մեծ Հայորդու մտքի անհուն գանձարանից պեղված տողերն այսօր մեզ համար հնչում են որպես անհետաձգելի հրամայական, քանզի՝ «Երկաթը մաշվում է իր ծնած ժանգից» (Նժդեհ):
Եվ, սնամեջ ու անիմաստ հրապարակումներով ողողված՝ ներկայիս լրատվական դաշտում մեր ազգը վեհացնող, պայքարի մղող իր զորավոր Խոսքն է հղում հանճարեղ Զորավարը:
Ու իր անվեհեր Ոգու վճռականությամբ պատվիրում «Կյանքից ավելի ուժեղ սիրել մեր Հայրենի Հողը», նշելով, որ պատմական որոշ պահերի «Բռնավորից ավելի՝ ստրու՛կն է զզվելի», և որ՝ «Գիտակից ստրուկի և հանցագործի մեջ չկա տարբերություն»…
Հայաստանում գրեթե երեք տասնամյակ տևող իրադարձությունները՝ քաղաքական ասպարեզում հայտնված՝ ճարտասանական արվեստից հեռու և մեր ազգային արժեքներին անհաղորդ «գործիչներով», հիշեցնում են մարքսիստական բնորոշմամբ մեզ մատուցված «հեղափոխական իրադրությունը»՝ երբ բնակչությունն այլևս չի հանդուրժում նախկին ապրելակերպը և ղեկավարությունն էլ ընդունակ չէ հավուր պատշաճի կառավարելու:
Երրորդ պայմանը, որը շեշտվել էր հետագայում՝ «աշխատավորների բարձր քաղաքական ակտիվությունն է», նրանց պատրաստակամությունը՝ հեղափոխական գործողություններին իրենց վճռորոշ գործունեությամբ մասնակցելու և նրա հաղթանակին նպաստելու համար…
Փոփոխություններ են անհրաժեշտ՝ հանուն մեր ազգային մտածողության, հանուն հազարամյակներ շարունակ մեզ ավանդված արժեքների պահպանման:
Փոփոխություններից բխող «անորոշությունը» շատերին մղում է «անգործության»:
Կրավորական կեցվածքով հեռվից իրադարձություններին հետևողները՝ սպասողական դրության մեջ, հստակ չեն կողմնորոշվում ու չեն գործում:
Գիտակցաբար ընտրված փոփոխությունը յուրաքանչյուրի ներաշխարհի՛ց է սկիզբ առնում:
Հայորդիների ներաշխարհի փոփոխությամբ կփոխվի նաև մեր Հայրենիքին պարտադրված իրադարձությունների հանդեպ նրա վերաբերմունքը:
«Ավելի լավ է սկզբից փոփոխության ձեռքը բռնել, քան հետո՝ նա մեր կոկորդից բռնի»,- ժամանակին հիշեցնում էր Վ. Չերչիլը:
Սեփական պատմությանն անծանոթ, անհաղորդ լինելը մեծ հանցանք, ուրացում համարելով, Նժդեհն անհողդողդ կրկնում է.
«Ժողովուրդն առանց հայրենասիրության այն է, ինչ որ մի մարմինն առանց հոգու»:
«Փոքր ազգերը պարտադրորեն ավելի՛ հայրենասեր պիտ լինեն, քան՝ մեծերը, մենք՝ ավելի՛, քան՝ բոլորը»…