ԵՐԲ «ՀՐԱՑԱՆՆԵՐՈՒՆ ՁԱՅՆԸ ԹՆԴԱՆՕԹԻ ՁԱՅՆէՆ ՊԱԿԱՍ ՉԷՐ»…
Հայաստանի Պատմության թանգարանի լավագույն գանձերից է Մշո Առաքելոց վանքի (Տիրինկատարի վանքի) փայտե երկփեղկ դուռը, որի արձանագրությունը փաստում է նրա ստեղծման թվականը՝ ՇՁԳ (1134)՝ դռան քանդակագործ երեք Հայ վարպետների անուններով:
Մուշից մոտ 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս հայտնի վանքը՝ Հայկական Տավրոսի կենտրոնական մասում խոյացող Ծիրնկատար լեռան հյուսիսային կողմում, քրիստոնեության տարածումից հետո էր որպես կալվածք ստացել իր տեղանքը, ուր հնում Անահիտ Դիցամոր արձանն էր ու մեհյանը:
Մինչև 1915 թվականի ցեղասպանությունը կանգուն մնացած այս վանական համալիրը քանդվեց, թալանվեց եղերական իրադարձությունների հետևանքով:
Հայերի տեղահանության ժամանակ, գերմանացի հնագետները, թուրք կառավարության թույլտվությամբ, որպես արվեստի արժեքավոր նմուշ, պոկեցին այս վանքի դուռն ու տեղափոխեցին Բաղեշ՝ այնտեղից Բեռլինի Կայսերական թանգարան փոխադրման մտադրությամբ:
Սակայն, ռուսների առաջխաղացումից հետո (նաև՝ ռուսական բանակում կռվող Հայ կամավորականների ջանքերով), գիտական արշավախմբի անդամ հնագետ-պատմաբան Սմբատ Տեր-Ավետիսյանն, ի թիվս Հայերից թալանված այլ պատմական-ազգագրական մասունքների, թուրքերի նահանջից հետո որպես «մշակութային» ավար նրանց կուտակած գույքի մեջ հայտնաբերեց և հիշյալ Դուռը:
Գաղթականների միջոցով այն հասցվեց Թիֆլիս՝ հետագայում հանգրվանելով Երևանում՝ Պատմության թանգարանում…
Մշո Առաքելոց վանքի հետ է կապված պատմական մեծ կարևորություն ունեցող մի դեպք՝ Հայ ֆիդայական նշանավոր կռիվներից մեկը՝ Անդրանիկի և Գևորգ Չաուշի գլխավորությամբ:
1901 թվականի նոյեմբերի սկզբին, հայդուկների մի փոքր խումբ՝ 21 օր հերոսաբար դիմագրավեց և 6.000-անոց զորքով պաշարված վանքի շրջափակումից հաջողությամբ դուրս եկավ՝ սպիտակ սավաններով փաթաթված՝ համատարած ձյունապատ տեղանքում աննկատ առաջանալով…
Վանքի ամրակուռ պարիսպների հետևում դիրքավորված խիզախ Հայորդիները, որպես բողոք, իրենց ըմբոստությամբ ցանկանում էին սթափեցնել Հայ ազգին՝ ոգեշնչելով Հայդուկների մղած պայքարով, միաժամանակ, մերժելով կառավարության հարստահարիչ, հալածական հակահայ քաղաքականությունը և իրենց խնդրի վրա բևեռելով ժամանակի մյուս տերությունների հյուպատոսների ուշադրությունը:
Առաքելոց վանքի կռվին, նրա պատմական դերի կարևորությանն անդրադարձել են բազմաթիվ պատմաբաններ:
Իր դյուցազունների հետ մղած պայքարի մասին հետագայում պատմել է հենց Անդրանիկը՝ նշելով նաև վանքում ապստամբած 22 զինակիցների անունները: Այդ արժեքավոր հուշերը, որոնք գրառել է Լևոն Կ. Լյուլեճյանը, առաջին անգամ հրատարակվել են 1924 թվականին՝ Բոստոնում:
Անդրանիկի՝ «Առաքելոց վանքին կռիվը» գրքից որոշ դրվագներ՝ ահավասիկ.
«Առաքելոց Վանքը մօտաւորապէս 1600-1700 տարուան պատկառելի հաստատութիւն մըն էր։ Մեր Նախահայրերը իրենց տուներէն փառաւոր, իրենց ամրոցներէն աւելի ամրապինդ ու գեղեցիկ հոյակապ վանքեր կանգնած էին։ Առաքելոց Վանքը մի գուցէ Սբ. Աղբէրիկէն վերջ հաստատուած
առաջին վանքն է, ուր մեր Նախահայրերը իրենց յուսահատ եւ ուրախ օրերուն յառած են իրենց աչքերը հոն հաւատքի եւ յոյսի հետ։
Հոս, այդ նուիրական հաստատութեան մէջ, նո՛ր գոյամարտ մը պիտի մղէինք ցեղին բարօրութեան եւ խաղաղիկ կեանքին համար»։
«Երբ մեր աչքերը դէպի արեւելք յառենք՝ 120 քայլի վրայ կը տեսնենք Աստուածածնի աշտարակը, իսկ արեւմուտք՝ վանքի այգին, հարաւ՝ իր գոմը եւ մարագը։ Իր քովիկն է Իշխանաց եւ Թադէոս Առաքեալի աղբիւրները։ Դէպի հարաւ Սասուն տանող ճամբան եւ Ծիրին կատարն է Կուռթիկ Կորէկի աղբիւրին հետ։
Առաքելոց Վանքը շրջապատուած է մէկ քանի Հայկական գիւղերով»։
«Հաստատուն եւ բարձր պարիսպ մը կը շրջապատէ վանքը։
Երկու դռներ ունի, որոնցմէ մէկը՝ փոքր, իսկ միւսը՝ երկփեղկանի կամարաձեւ մեծ երկաթապատ գամերով ծածկուած դուռ մըն է, վեց մէթր բարձր, վեց մէթր երկայն եւ հինգ մէթր խորունկ։
Վանքը ունէր իր սեփական ջաղացքները, այգիները, հողերը, կովերը, եզները եւ ոչխարները։
Ուխտաւորներուն համար շինուած էին մօտաւորապէս քառասուն սենեակներ։
Վանքին հոգածութիւնը եւ հսկողութիւնը յանձնուած էր վանահայր Յովհաննէս Վարդապետին։ Յովհ. Վարդապետ բարի, ջերմեռանդ եւ առաքինի յատկութիւններով օժտուած կղերական մըն էր։
Իր հոգածութեան տակ էին 60-70 որբեր, որոնց կը դասաւանդէր ուսուցիչ-վարպետ մը Հայերէն լեզուն, կրօնը եւ կը սորվեցնէր արհեստներ։ Վանքը իր ուսուցիչներով, կղերներով, տնտեսներով, հովիւներով ընդամէնն 80 հոգի էին։
Մենք հոս՝ այս վանքին մէջ էր, որ պիտի ամրանայինք ու կռուէինք թուրք զինուորին դէմ։
Ժամանակ չկար, պէ՛տք էր այլեւս գործի սկսէինք կառավարութեան ուշադրութիւնը մեր վրայ հրաւիրելով»:
«Վանքը հին օրերէն մնացած երկու խոշոր չախմախլի հրացաններ ունէր:
Այդ հրացանները ներկայ մահկանացուներս չէինք կրնար գործածել, զանոնք մաքրել եւ իւղել տուի: Երբ ամէն օր իրիկուան ժամը մէկը կ’ըլլար՝ կրակել կուտայի՝ քաջալերելու համար թէ՛ տղայքը եւ թէ՛ Դաշտի Հայ ժողովուրդը:
Այս հրացաններուն ձայնը թնդանօթի ձայնէն պակաս չէր»…
Մի հատված էլ՝ մի քանի օր մղված պայքարից հետո կայացած բանակցություններից…
«Մուղտատ էֆէնտին դողդոջուն ձեռքով մատիտ մը բռնած սկսաւ նօթագրել կտոր մը թղթի վրայ՝ ինչ որ ըսի։ Մեր պահանջները հետեւեալներն էին։
1.- Պօլիսէն մինչեւ հոս քաղաքական բոլոր Հայ յանցաւորներու ներում։
2.- Իւրաքանչիւր գիւղէ հաւաքուելիք տասանորդը պէտք է գիւղացին ինք հաւաքէ եւ յանձնէ կառավարութեան՝ իրեն հետ ունենալով բարեխիղճ պաշտօնեայ մը միայն։
3.- Այն քիւրտերը որոնք միշտ յարձակում գործեր են հայ գիւղերուն վրայ, զինաթափ ընել ել կամ պաշտպանել այդ գիւղերը։
4.- Այն բոլոր հայ գիւղերը որոնք գրաւուած են քիւրտերէն, վերադարձուին Հայերուն։
5.- Այն բոլոր քիւրտ ցեղապետները, որոնք կառավարութեան հետ հայ գիւղերէն տուրք կ’առնեն, անոնց ջնջումը։ Կառավարութեան մէջ կառավարութիւն չ’ըլլա՛ր։
6.- Դուք յեղաբոխականներս աւազակներ կոչած էք։ Աւազակները պէտք է կառավարութիւնը ինք իր
մէջ փնտռէ, որոնք ահագին զեղծումներ կը գործեն եւ կաշառքներ կ’առնեն։ Երկար տարիներէ ի վեր է, որ ես հոս եմ իմ զինուորներուս հետ, գողութիւն մը ըրած չեմ։ Ձեր փօսթան ինծի հանդիպեցաւ, զայն տանող պաշտօնեաները ձգեցին ու փախան, մենք առանց կողոպտելու՝ թողուցինք եւ հեռացանք։
Յաջորդ օր ձեր զինուորները եկան եւ հոն գտան տոպրակները, ձիերն ու ջորիները։
Մենք խաղաղ ժողովուրդին ո՛չ մէկ օր կամ ո՛չ մէկ ատեն չարիք պատճառած ենք։
Դուք գիտէք, որ շատ անգամ մեզի քիւրտեր հանդիպած են, մենք զանոնք ո՛չ սպաննած եւ ո՛չ ալ անոնց չարիք հասցուցած ենք։
Բայց այն, որ մեզի կամ Հայ ժողովուրդին դէմ չարիք գործած է, մենք պատժած ենք զայն, ինչպիսին է Պըշարը Խէլիլը։ Պըշարը Խէլիլն էր, որ Սերոբ Փաշային գլուխը կտրեց եւ անոր ընկերները սպաննեց իր էշիրէթին եւ Ալի փաշային հետ Հայ դաւաճաններու մատնութեամբ։ Կոտորեց Թալւորիկի Սպաղանաց գիւղի 27 կին եւ երեխաներ Տէր Պետրոսի հետ։
Երբ անոնց դիակները Թաղուած էին հայ գիւղացիին կողմէն, 48 ժամ վերջը եկաւ հանեց եւ Ռէիս Մակարին տան մէջ լեցնելով քարիւղ ցանեց եւ վառեց զանոնք, անոնց հետքերը անհետացնելու համար։ Հէթինկ գիւղէն եօթը երիտասարդներ բռնելով կապեց զանոնք անոնց թեւերէն եւ գետը իջեցուց եւ հրացանազարկ ըրաւ բոլորն ալ։ Այս բոլորը կատարուեցան թուրք կառավարութեան թելադրութեամբ։
Թուրք. կառավարութիւնը՝ միացած Խէլիլի հետ, այս ոճիրները գործադրեց, եւ սուլթան Համիտ անոր կուրծքը զարդարեց՝ Ալվարիճ Հայ գիւղին տասանորդն ալ անոր ընծայելով։
Ահա՛, այսպիսի հրէշներն էին, որոնք պատժուելու տեղ կը վարձատրուէին շքանշաններով եւ ընծաներով։
Ես երեք տեղերու վրայ մարդիկ դրած Խէլիլի ճամբան կտրած էի, եկաւ ու ողջ ողջ ձեռքս անցաւ, հարցաքննութենէ մը վերջ այս խէնչէրովս եւ այս ձեռքովս անոր վիզը կտրեցի։ Ահա սուլթան Համիտի տուած պատուանշանն ալ։ Խէլիլին գլուխը կտրելէս մինչեւ այսօր անոր հետ գործակցող ընկերներէն տասնեւեօթը հոգին ալ սպաննեցինք։ Կառավարութիւնը, փոխանակ ուրախանալու՝ չարագործներուն պատժուիլը տեսնելով, բանտարկեց երեսուն եւ մէկ անմեղ Հայեր, ենթարկելով զանոնք անլուր չարչարանքներու։
7.- Մոկունք գիւղի Շէրիֆին սպանութեան համար տասնեւհինգ անմեղ Հայեր բանտարկեցիք եւ քանի մը օր վերջ ձեր օրհնուած աղը տուիք, եւ անոնք մեռան չարաչար մահերով։ Անոնց տրուած թոյնին սաստկութենէն գլուխներուն մազերն իսկ թափեցան։ Դուք առանց խղճահարուելու բանտերուն մէջ
լեցուցիք մօտաւորապէս հարիւր եօթանասուն անմեղ հոգիներ եւ տակաւին կ’ըսէք ինծի, թէ ի՞նչ է նպատակդ եւ ի՞նչ կ’ուզես։
8.- Սբ. Աղբերիկ վանքի վանահայր Ղազար վարդապետը դուք սպաննել տուիք երկու քիւրտերու ձեռքով, գիշեր ատեն վանքին դուռը բարեկամաբար ափ առնելով։ Այդ երկու քիւրտերն ալ ես սպաննել տուի։
9.- Տիգրանակերտէն մինչեւ Պարսից սահմանը զինուած 150,000 քիւրտեր կան, ի՞նչ են ասոնք, եւ որո՞ւ դէմ ուղղուած են անոնց զէնքերը։ Անոնք պահուած են մի՛միայն Հայուն պատուհաս դառնալու։ Եթէ կ’ըսէք, թէ արդարութիւն կայ, ո՞ւր է, եւ ինչո՞ւ կը բանտարկուին Հայերը։
Ինչո՞ւ չեն բանտարկուիր քիւրտերը իրենց հրացաններուն համար, ո՞ւր է այդ արդարութիւնը եւ «հայրական գութը»:
10.- Այս ի՞նչ տեսակ պաշտօնէութիւն է, որ ամէն տեսակ բռնութիւններ կը բանեցնէ Հայ ժողովուրդին վրայ տուրք հաւաքելու պատրուակին տակ, խլելով անոնցմէ իրենց վերջին հացի կտորը՝ Հայ պատիւին հէտ։ Այս վերջինը մեզի համար, անտանելի է։ Դուք երբե՛ք չէք խղճահարուիր ճնշելէ եւ հալածելէ տկար ժողովուրդները եւ թոյլ քիւրտ էշիրէթներն ալ։
11.-Մարգար վարժապետը կախեցիք, Մուրատն ու Տամատեանը բանտարկեցիք, Սերոբ Փաշան եւ Գուրգէնը սպաննեցիք, եւ հիմա ե՛ս եմ, որ հոս եմ։ Մենք հարիւրաւոր մղոններ կտրած հոս եկած ենք մեր պատանքները մեր տոպրակներուն մէջ դրած։ Եթէ այս համեստ առաջարկներուս բաւարարութիւն չտրուի, մենք ուժ ունինք վեց ամիս դիմադրելու (աչքերս դարձնելով դէպի մոմի դատարկ սնտուկներուն. քանզի թուրք ներկայացուցիչները չէին գիտեր, թէ մոմերուն սնտուկները դատարկ էին։ Անոնք այն տպաւորութիւնը ստացան, թէ այդ քառասուն սնտուկները լեցուն էին ռազմանիւթերով)։
Այս բոլորին բաւարարութիւն տալու համար պէտք է վաւերացուին Սուլթանէն եւ օտար դեսպաններուն կողմէ, այն ատեն ես իմ երկրորդ ըսելիքս կ’ըսեմ։ Եթէ իմ ըսածներս հեռագրէք, քսանեւչորս ժամէն Պոլիս կ’երթայ, երկու օր հոն խորհրդակցելէ վերջ՝ անոնց պատասխանը 13 օրէն փօսթով հոս կը հասնի, իսկ եթէ դուք շինուածք մը ընէք կտոր մը թուղթի վրայ, այդ պիտի մերժուի մեր կողմէն եւ պիտի վերադարձուի ձեզի։
Մեր խօսակցութիւնը տեւեց ժ. 7-10.30- ը, երբ մեր խօսքերը լմնցան, Մուղտատ էֆէնտին ըսաւ թէ.
«Փաշա՛, կարելի չէ՞ որ երկու կողմէն զինադադար մը կնքուի մինչեւ մեր պատասխան ստանալը»:
«Յայտնեցէ՛ք ձեր զինուորականներուն, եթէ իրենք յարգեն իրենց խոստումները, ե՛ս ալ կը յարգեմ, եթէ զարնեն, ե՛ս ալ կը զարնեմ»…