ՍԵՎՐԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆ

Սեվրում, 1920 թվականին, Պայմանագիրը ստորագրելիս…

100 տարի առաջ, 1920 թ. օգոստոսի 10-ին, ժամը 16-ին, Փարիզի մի արվարձանում՝ Սեվրում Անտանտի տերությունների (Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի) և Օսմանյան կայսրության միջև ստորագրվեց հաշտության պայմանագիր, որի 88-93-րդ հոդվածների համաձայն Հայաստանին էին անցնում Օսմանյան կայսրության կազմում հայտնված՝ պատմական Հայաստանի տարածքի մի մասը՝ Էրզրումի, Տրապինզոնի, Վանի և Բիթլիսի նահանգներից, մոտ 90.000 քառակուսի կիլոմետր, դեպի Սև ծով ելքով:

Այդպիսով, Արևելյան Հայաստանի 70.000 քառակուսի կիլոմետր տարածքի հետ, ընդհանուր մոտ 160.000 քառակուսի կիլոմետր էր դառնում Հայաստանի տարածքը:

Հայ-թուրքական պետական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահը՝ Վ.Վիլսոնը , որն էլ նույն թվականի նոյեմբերին գծեց Միացյալ, Անկախ Հայաստանի քարտեզը։

«Կյանքիս երջանիկ օրն է այս: Երեսուն տարվա պայքարս, բողոքս, տառապանքս ու հույսերս պսակվեցին փառավոր հաջողությամբ: Թուրքական դաշնագիրն ստորագրվեց, և բոլոր դաշնակից պետությունների համաժողովն այսպիսով հռչակեց Միացյալ, Անկախ, Ազատ Հայաստանը Սեվրի սրահում», – գրել է Հայոց պատվիրակության կողմից պայմանագիրը ստորագրող՝ Հայ ականավոր գրող ու դիվանագետ՝ Ավետիս Ահարոնյանը:

1866 թվականին Իգդիրի գավառի Իգդիրմավա գյուղի բնակիչ՝ դարբին Առաքելի ընտանիքում ծնված զավակը հետագայում իր գրչով ու մտքով «Ազատության Ճանապարհն» էր հարթում դարերով մաքառած ազգակիցների համար՝ նվիրվելով Ազգային Ազատագրության սրբազան գործին:

«Մեր մշակոյթի մէջ արեւը տարբեր է: Մեր բառերն արեւահամ են մեր ժողովրդի բերնում. Արեւը հոտ էլ ունի: Երբ Հայ տանտիկինը հագուստներ է փռում չորացնելու, ասում է՝ «Արեւի հոտ ունի» (Ա.Ահարոնյան):

1934 թվականի փետրվարին, Փարիզում ելույթի իր վերջին խոսքում հնչում էր.«Ի՞նչ է մշակոյթը գաղթաշխարհի համար, եւ ի՞նչ է մշակոյթը Հայրենիքի համար: Մշակոյթը անսահման մի բան է կապուած մի երկրի արեւին, հողին, ջրին, օդին, ցեղին եւ մարդկութեան: Առանց Հողի մշակոյթ չկա՛յ»:

Հայրենիքում դարերի տառապանքի «մառախուղից խարխափող» իր ազգակիցների պայծառ ապագայի հավատով, նա գրում էր.
«Աշխատող ձեռները, մտածող գլուխները, զգացող ջերմ սրտերը, վերջ ի վերջոյ, հրաշքներ կը գործեն նաև մե՛ր Հայրենիքում: Հավատա՛նք, սիրելի՛ս, հավատա՛նք ու աշխատե՛նք»:
«Հայրենի աւերակների միջից Հայաստանը պիտի բարձրանայ լուսաճաճանչ ճակատով եւ լոյսի՛ համար, ազատութեա՛ն համար, սիրո՛յ համար։Դէ՜, էլի մի անգամ եւ, այսուհետեւ յաւիտենապէս, թող հնչուի՛ մեր աշխարհում աշխատանքի մեծ երգը»։
«…Ես հաւատու՛մ եմ, Հա՛յ ժողովուրդ, քո դարձին, ինչպէս հաւատում եմ, որ ամէն առաւօտ արշալոյսը կը բացուի։ Հաւատու՛մ եմ, վասնզի կամրջընկեց Արաքսի ափերին Մասիսի խորհրդաւոր հայեացքի տակ մեր Հայրենիքը կայ, որ մեր թրթռացող հոգին է բռնել իր մայրական քնքոյշ ձեռների մէջ եւ ակնդէտ ու խռովայոյզ՝ նայո՜ւմ, նայո՜ւմ է ճամբաներին։
«Եւ հեռու չէ այն օրը, երբ բազուկները տարածած, նա կընդունի հեռաւոր հորիզոնների տակ յածող ու հեծող իր զաւակների կարօտակէզ բազմութիւնները, եւ բիւրաւոր ձայներ կը թնդան Մայր Արաքսի ափերին։
«Արմենիա՜, Արմենիա՜, ո՜վ իմ հոգու յաւիտենական ապաստան, ո՜վ իմ պաշտելի՛ Հայրենիք»։
«Հաւատա՛, Հայրենի՛ք, վիրաւոր ու արիւնաքամ, Դուն դարձեա՛լ պիտի ապրիս, վասնզի անապատների՝ բոլո՛ր ոռնացող խուժաններն իսկ անզօր են սպաննել Լոյսը, որ մի բարի աստուած, մի գթոտ աստուած մի օր քո կարկառուն բազուկների մէջ դրեց, ո՜վ դու Յոյսի՛ Հայրենիք, Լոյսի՛ Հայրենիք…Եւ դու՛ք, ո՛վ մեր արիւնով ու վաստակով յղփացա՛ծ բարբարոսներ, ճամբա՛յ տուէք, հաւատացէ՛ք, որ ձեր իսկ ձեռքով նահատակուած Հայ ցեղի ճիգերով է, որ մի օր Լոյս պիտի տեսնէ։Հաւատացէ՛ք ու ճամբա՛յ տուէք»։
Հ.գ. Հայաստանին առնչվող՝ ստորագրված հոդվածների տեքստերը՝ ահավասիկ. https://www.aniarc.am/2017/08/10/sevre-treaty-armenian-part-armenian-text/

Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը Փարիզի հաշտության համաժողովում, 1919 թվական:
Կենտրոնում նստածը՝ պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանն է, կենտրոնում կանգնածը՝ վարչապետ Համո Օհանջանյանը, ձախից նստած վերջինը՝ մեծանուն գրող և խորհրդարանի պատգամավոր Լևոն Շանթ, աջից կողաշրջված կանգնածը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արմեն Գարո Փաստրմաճյան և ուրիշներ:

Լուսանկարը՝ պատմաբան Ռուբեն Շուխյանի հրապարակումից՝ շնորհակալությամբ…

1919 թվականին Փարիզում կայացած «Խաղաղության խորհրդաժողովում» Հայկական պատվիրակության ներկայացրած քարտեզը

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով