«ՔՆՔՇԱԲՈՒՅՐ ԾԱՂԿԱՆՑ ՀՐԵՂԵՆ ԽԱՂՈՎ»

Բոլոր ժամանակներում մարդուն հետաքրքրել է Տիեզերքի, Կյանքի Արարումը, որոնց շուրջ բազմաթիվ պատմություններ են հյուսվել տարբեր ազգերի կողմից:
Այլաբանական զանազան պատումներ, որոնք հաճախ համանմանություններ ունեն ու լրացնում են միմյանց:

Վաղնջական ժամանակներից սկսած, գրավոր առաջին տեքստերում արդեն իրենց կարևոր դերով հիշատակվում են ծառերը, արքաների կողմից, բնակատեղիներին զուգահեռ հիմնած անտառները, սրբազան նշանակության անտառակները…

Կենսական բազմազանությունն ապահովող ամբողջական համակարգ են Երկրին թթվածին պարգևող անտառները՝ հողը, ջուրը պաշտպանող, ինչպես և՝ ապրուստի կարևոր միջոց՝ փայտի, սննդի, դեղամիջոցների հումքի աղբյուր:

Զանազան ծառատեսակներով՝ կաղնի, խնկենի, գիհի, մշտադալար մայրի, նոճի, սօս ու տօսախով անտառածածկ հարուստ շրջաններ կան սփռված Հայկական Լեռնաշխարհում, Տավրոսի համակարգում…

Ծառ տնկելը, անտառ հիմնելը Սրբազան գործ էր, Նվիրաբերություն և ընծա՝ Դիցերին:
Ուստի՝ նաև թագավորական պարտականություն էր Անտառի հիմնումը:

Հայոց արքաների նախաձեռնությամբ և հովանավորությամբ տնկված անտառները հիշատակվում են պատմիչների երկերում:

Խորենացին՝ Արմավիրի մոտ՝ Սոսեաց Անտառը (ն.թ.ա 1-ին հազարամյակի 1-ին կես), Երվանդ Դ արքան (ն.թ.ա 3-րդ դարի վերջ)՝ Շիրակի Անտառ Ծննդոցը, Խոսրով Բ-ի (332-338) օրոք՝ Խոսրովակերտ և «Տաճար Մայրի» կոչվող անտառները, որոնք պարսպապատվել են ու բնակեցվել կենդանիներով, թռչուններով…

Բիայնիի և Նաիրիի Երկրից՝ Կենաց Ծառի շուրջ ծիսական արարողության պատկերներով մի Սիտղ

«Կենաց Ծառի» գաղափարը մարմնավորող խորհրդանիշներն առկա են հնագույն բազմաթիվ քաղաքակրթություններում:Հազարամյակների խորքից եկող Հայոց մշակութային ժառանգությունը հարուստ է զանազան զարդամոտիվներում ոճավորված ծառերի կամ բուսանախշերի տեսքով պատկերված մոտիվներով:
Նրանք համադրվում էին աճի, պտղաբերության գաղափարի հետ, և սերմը, հատիկը ապագայի աճող պտուղի խորհուրդով էին ընկալվում…

Ծառերից բացի, վաղնջական ժամանակներից մինչ օրս Ծաղիկն էլ ի՛ր կարևորությունն ու խորհուրդն ունի:Վերոհիշյալ նույն իմաստով՝ ծաղկի վարսանդն ու առէջն էին համադրվում պտղաբերության գաղափարի հետ («Ջան գյուլումի» երգերում հարսները, աղջիկները «փունջ մանուշակի» հետ են համեմատվում)…

Հնագույն առասպելներում ու լեգենդներում՝ մարդկանց կյանքում կարևոր դերով, այսօր՝ «Ծաղիկների լեզուն» առավելապես մեկնաբանվում է լոկ զգացմունքային արտահայտչականությամբ:

Մեր հեռավոր նախնյաց համար Կյանքի Արարմանը նպաստող ամեն ինչն իր խորհրդանշական իմաստն ուներ՝ Տիեզերքը, Երկինքն ու Աստղերը, Կենսատու Արևը, Հողը, Ջուրը, Հուրը…

Ծառերը՝ որպես ուժի մարմնավորում (Կաղնին), ձիթենու ճյուղերը՝ խաղաղության գրավական, ցորենի հասկը՝ աշխատանքի պտուղը՝ բարօրության աղբյուր, դափնու տերևներից հյուսված պսակը՝ որպես փառաբանում (այսօր էլ կիրառում ենք «դափնեկիր», «դափնեպսակ» բառերը):

Հայերենում նաև «սարդի», «սարդենի» է կոչվում դափնին և սարդի, դափնու նման՝ տոսախի սաղարթաշատ ոստերով ևս պսակներ են հյուսվել:

Նարեկացու տաղերում հիշվում է «Փունջ սօսին սաղարթը», Խորենացին գրում՝ «Արու զաւակ զԱնուշաւանն, որ Սօս անուանիր (հին տպագրությամբ՝ «Սօսանուէր»), քանզի ձօնեալ էր ըստ պաշտմանց ի սօսիսն Արամենակայ՝ որ յԱրմաւիր»)…

Վանի թագավորության (Ուրարտական շրջանի) հնագիտական բազմաթիվ գտածոների վրա բուսական զարդամոտիվներ են, դիցուհու ձեռքին՝ ոստեր:

Միջնադարյան ձեռագիր մատյաններից՝ ծաղկի ոճավորված զարդամոտիվներ…

Սրբազան ծառերի մշտադալար ոստեր էին նվիրվում նաև Ոսկեմայր ու Ոսկեհատն Անահիտ Դիցուհուն:

Ոճավորված «Կենաց Ծառեր»

Ծաղիկը՝ Գարնան՝ Կյանքի Վերածնունդի ավետաբերն էր, հասունացող պտղի «ծնունդի» խորհրդանիշը:
Այդ գաղափարն է արտահայտված Դավիթ Սալաձորցու՝ «Գովասանք ծաղկանց» քերթվածքի տողերում.

«Յորժամ Մարտին ամիսըն գայ՝ Տէրըն հրաման կուտայ հողոյն,Հողն ի քընոյն հետ կու զարթի, ճամբայ կու տայ բոյս եւ տընկոյն.Բուսնին գետնէն ու վեր կու տայ՝ որ կու թափէ զցօղն ի յամպոյն.Ցօղով զաշխաչհս ցընծացունէ, դաստուր լինի ծաղկըներուն.Ուրախանայ երկինք, գետին, բուրէ հոտըն անմահութիւն.Ծաղկունք բացուին հարիւր հազար, ցեղ ցեղ ներկած եւ գոյնըզգոյն.Կերպիւ կերպիւ հոտեր ունին, մինըն քան ըզմիւսըն սիրուն:(Դաւիթ Սալաձորեցի «Գովասանք ծաղկանց»)

Ամպերից թափված ցողի, վաղորդյան շաղի պարգևած Կյանքի, Բեղունության խորհուրդին անդրադարձել էինք նախկին գրառումներում:

Ծաղկանց նյութերի օրհնությունից հետո, շարականների երգի ներքո եռօրյա եփումով պատրաստվող Յուղի՝ «Սրբալույս մյուռոնի» Լույսի խորհուրդը ևս արծարծվել է նախորդ գրառումներում… («Կյանքի Վերածնունդն ազդարարողի» իմաստից բացի՝ «Լույս պարգևող» էին ծաղիկները, քանզի Յուղի բաղադրիչներից էին):

Զարդարվեստում բազմազան ձևերով ոճավորված բուսական մոտիվներում հատկապես ընդգծված են հատիկի (սերմի), ծաղկի, բողբոջի, վարսանդի գաղափարապատկերները՝ Կյանքի, Պտղաբերության իմաստով:

Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի նկարազարդումներում հանդիպում է ոճավորված ծառի պատկեր, ուր հիմքի խոշոր շրջագիծը հատիկն է՝ վերևում բացվող ծաղիկով, կամ՝ ծաղկաթերթերի մեջտեղում՝ հատիկի գաղափարն ընգծող օղակով (ստորև՝ լուսանկարները՝ Ա. Մնացականյանի՝ «Հայկական զարդավեստը» գրքից):

Հնագույն շրջանից ի վեր զանազան բնագավառներում խորհրդանշական իմաստով լայնորեն կիրառվող, «հույժ անուշահոտ» ծաղիկներից է Շուշանը, որը բժշկության մեջ կիրառվում է որպես վերքերը բուժող, ընդհանուր կենսական ուժերը բարձրացնող միջոց:

«Ծաղիկ գեղեցիկ՝ սպիտակափառ կանթեղաշար՝ անուշահոտ յոյժ… այլ է և ջրային Շուշան, կամ Շուշան ի գետեզր. որ և Հարսնամատն կամ Նունուֆար:
Նմանութեամբ և զարդ՝ ի ձև շուշանի կամ ծաղկի»…(«նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանից):

Արևածագի հետ՝ երկնքում Արևի բարձրանալուն զուգընթաց՝ բացվում են Ջրային Շուշանի կապուտ ծաղկաթերթերը, արևամուտին, Արևի մայր մտնելուն զուգահեռ, աստիճանաբար փակվում ու ջրասույզ լինում, ընկղմվում ջրի տակ:

Աշխարհարարման ժամանակ Քաոսային ջրերից հառնող Կյանքի խորհրդանիշն էր եգիպտական դիցաբանության մեջ Ջրաշուշանը՝ Կապույտ լոտուսը, որը, բարձրանալով Ջրից, ծնունդ էր տվել Արևի հետ նույնացվող դիցերից մեկին՝ Նեֆերտումին (ըստ դիցաբանական տեքստի՝ Արեգակը ծնվել էր բացվող լոտուսից՝ մանկան տեսքով):

Եգիպտական դիցաբանությունից՝ Համաշխարհային Ջրերից հառնած Կապույտ լոտուսից ծնված՝ Արևին համադրվող դիցը՝ Նեֆերտում

Պատումը համանմանություններ ունի «Վահագնի ծնունդի» հետ, ուր «Արեգակունք» աչքերով «Պատանեկիկի» Ծնունդը երկնող Ծիրանի ծովից հառնող Կարմիր Եղեգնի՛ փողից ժայթքող բոցից է:

Որպես «անմահական ծաղիկ»՝ երիտասարդությունը, կենսատու ուժերը վերականգնող, բուժող դեր ուներ Շուշանը:
Պտղաբերությունը խթանող ու կենսական ուժերը հզորացնող համբավ ուներ նաև շուշանազգիներից մի այլ բույս՝ Ծնեբեկը:
Ըստ Պլինիոս Ավագի՝ այն խոյի՝ հողում թաղված եղջյուրներից էր առաջացել, ուստի և՝ մարդուն զորեղացնող հուժկու հատկություն ուներ:

Անհիշելի ժամանակներից ի վեր, զանազան նպատակներով, արվեստի տարբեր բնագավառներում, մարդը կիրառել է «զարդարվեստը»՝ ճարտարապետությունից, քարակոթողներից մինչև ձեռագրերի նկարազարդումներ:
Եվ այսօր էլ շարունակվում է:
Նույնիսկ նախնադարից եկող՝ մարմնի վրա «զարդեր» դաջելու սովորույթն է հարատևում (նաև՝ հարսանեկան արարողության ժամանակ ձեռքերի ծիսական նախշազարդումը հինայով)…

Ի վերջո, հիշենք նաև Հին Միջագետքում և այլ քաղաքակրթություններում հայտնի՝ «խորհրդավոր պայուսակներով» կերպարները (որոնց մասին արդեն խոսվել է նախորդ մի գրառման մեջ):

Կյանքի Արարումը խորհրդանշող՝ «Արհեստական փոշոտման» ծիսակատարության պահին պատկերված՝ ձեռքի՝ «վարսանդա-պտղային» զարդամոտիվներով Սիտղը (Դույլը) փաստում է արարողության վերոնշյալ բնույթը (Սրբազան Հեղուկի խորհրդանիշն է):

Միջնադարյան ձեռագիր մատյանների զարդամոտիվներից

Նման անոթներում «Կենաց հեղուկի» խորհրդանշական գոյությունն է ապացուցում Բեռլինի թանգարանում պահվող՝ Տիբեթի՝ 1779 թվականին մահացած Դալայ-Լամայի արձանը, որտեղ ձեռքի նմանատիպ անոթի մասին Վ.Ա.Գորոդցովը գրում է, որ «նրա պարունակությունը Սրբազան հեղուկն» է, թեև ենթադրում է նաև «լամպի» վարկածը:
Այդ պայուսակների վրա պատկերված «վարսանդա-պտղային» զարդամոտիվները փաստում են ասվածը (դրվագի հիշատակումը՝ Ա. Մնացականյանի նշված աշխատությունից):

Հատիկի, Ցորենի և Ցորենի դեզի ձևը՝ Հուրան, Ցուրան անվանվող, մնացած անթիվ այլ խորհրդանիշներն էլ՝ կբացահայտենք այլ առիթներով…

Մի «Սրբազան Կապույտ լոտուս»

Շնորհակալություն բոլորիդ…😊💥
Հ.գ. Ստորև որոշ պատկերներում՝ գլխի հարդարանքի վրայի գունդը Հատիկի խորհրդանիշն է…

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով