ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ՝ ԲՐՈՆԶԵ ԱՐՁԱՆԻԿՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՄԲ

«Ահա եկան Հայոց ազգի օրերը, Հանեցե՛ք հիները, հագե՛ք նորերը»,
երգում էին շուրջպար բռնած Հայերը հնագույն ժամանակներից ի վեր՝ խանդավառությամբ ու կենսուրախ զվարճությամբ տոնելով Բարեկենդանը (կամ՝ Բարիկենդանը):

«Բարեկենդան օրեր է,
Խելքը՝ գլխես կորեր է»…

Ահավասիկ պարզ ու խոսուն բնութագիրը՝ բերկրալից այդ տոնի, որի արձագանքներն այսօր էլ հնչում են մեր ականջներում (թեև՝ ոչ նույնչափ անզուսպ ու անկաշկանդ զվարճանքով):

Խոսելով խորհրդային շրջանում ազգային տոների արգելքների մասին, արձակագիր Հովհաննես Երանյանը գրում է.

«Տոնը հիշողություն է, ուրեմն նաև ավանդույթները, այդ թվում՝ ազգային, պահպանող գործոն: Վերազգային պետական կառույցները մշտապես փորձել ու փորձելու են վերացնել այդ տոները՝ սնանկացնելու համար ազգային հիշողությունը:

Սովետական բազմազգ պետությունը բացառություն չէր, և քանի որ նպատակ էր դրված մարդկային հոմոսովետիկուս տեսակի ստեղծումը, երկրի գաղափարախոսներն անմիջապես արգելեցին ոչ միայն եկեղեցական տոները, այլև՝ աշխարհիկները:

Դրանցից ամենավտանգավորը Բարեկենդանի տոնն էր:
Զարգացած սոցիալիզմի դպրոցականների մեր սերունդը ոչ մի կերպ չէր կարողանում ընկալել Թումանյանի ՙ «Բարեկենդանը» հեքիաթի իմաստը, որովհետև չգիտեինք, թե դա ինչ է:
Մա՞րդ էր այդ բարեկենդանը, բարի՞, թե՞ չար կենդանի:

Լեռ Կամսարի՝ դեռևս 1925 թվականին լույս տեսած «Մահապուրծ օրագիր» գրքում կարդում ենք.

«Բարեկենդանի տոները կմոտենան: Սազանդարները կլարեն սազերնին, բայց շվարած՝ չեն գիտեր ինչ պիտի երգեն: Հին, ազգային երգերը արգելված են, կառավարությունն ալ նոր, ապազգային երգեր չի հորիներ» (երգիծաբանի՝ իրեն հատուկ սարկազմով, Կ.Ա.😊):

«Բարեկանդանի սազանդարները» չգիտեին ինչ երգել, քանի որ պիտի երգեին այն, ինչը կար: Այսինքն, կյանքը պիտի դարձնեին տեղեկություն ու մի քիչ էլ ավելին:

Տոնն ինչքան կրոնական խորհուրդ, բազմապատիկ ավելի աշխարհիկ տարածում ուներ: Բարեկենդանի տոնը մեր ժողովուրդն ու հարևան ազգերը կոչում էին Հայոց տոն, որովհետև ոչ մի ուրիշ տեղ այնքան երկար ու շուքով չէին նշում, որքան հայկական միջավայրում:
Հայ ժողովրդի համար այն եղել է ամենասպասված ու ուրախալի տոնը»:

Մոտ երկու հազարամյակ առաջ ևս, քրիստոնեության տարածմամբ, մերժվեց նախկին գաղափարախոսությունը:
Այդպիսով՝ մերժվեցին նաև ծիսական արարողություններն ու ազգային տոներն ուղեկցող նվագարանները, ինչպես և՝ գուսանական խրախճանքները, համարվելով «չարի արգասիք»:

Վաղնջական ժամանակներից մեզ հասած հնագիտական նյութերի և, հետագայում, պատմիչների թողած բազմաթիվ վկայությունների հիման վրա, նաև՝ սերնդեսերունդ փոխանցված ավանդույթների շնորհիվ, պատկերացում ենք կազմում հնագույն հավատալիքների հետ կապված ծիսական արարողությունների, տոների ու զվարճալի տոնախմբությունների մասին:

Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1917 թվականին, հետաքրքրասիրության ու գանձեր հայտնաբերելու ցանկության մղումով, Կարսի ամրոցից ոչ հեռու՝ Սարիղամիշից, հին բլուրից գանձեր հայտնաբերելու միտումով՝ երկու ռուս զինվոր հնագույն կառույցի մի անկյունում տեղադրված խորանում, կիսաշրջանաձև «ներկայացված» բրոնզե 15 արձանիկներ են «պեղում»:

Անցայի խրախճանքները հավաստող անգնահատելի այդ գտածոները մեծ հետաքրքրություն են ներկայացնում ուսումնասիրողների համար, քանզի, ըստ իս, Բարեկենդանի «բեմականացումն» է՝ գործող անձանց դիմակավորված կերպարներով, ազատ, առանց սահմանափակումների կատակներով զվարճացնող խեղկատակներով, ձայնարկու-գուսաններով, Հայոց ծեսերին ու տոներին անքակտելիորեն շաղկապված Ծիսական պարով (լուսանկարը՝ ստորև. հարթակին ամրացնելու նպատակով՝ ոտքերի ներքևի մասը հարթեցված է):

Այս քանդակները հիշատակել է Գ. Լևոնյանն իր՝ «Պարարվեստը հին Հայաստանում» ուսումնասիրության մեջ՝ ուշագրավ պարող խմբի մասին Ս.Վ. Բեզսոնովի հոդվածից մեջբերմամբ՝
«Հազվադեպ է, որ այդքան հեռավոր դարաշրջանի մի արվեստագետի հաջողվել է այդքան պարզորոշ արտահայտել պարի պպզած ձևը»…

Վերջինս ողջ քանդակախումբը ներկայացրել է որպես «կրոնական ծիսակատարություն») …
Նմանատիպ արձանիկներ հայտնաբերվել են նաև Սևանի ավազանից, Արծվանիկից (Զանգեզուր), Վանի շրջանից…

Մեր նախնյաց համար Կյանքը ցնծություն էր, յուրաքանչյուր պահ՝ վարուցանք, թե՝ բերքահավաք, հորովելներով ու կենսախինդ երգերով էին ուղեկցվում:

Զանազան առիթներով երգվող կատակերգերի հեռավոր արձագանքներից է, օրինակ, մեզ հասած՝ հարսանեկան՝ «Թագվորի՛ մեր, դու՛րս արի» երգը, որը հնչում էր փեսայի տան շեմին՝ «Դռնբացեքի» ծեսի ժամանակ, «Շեմի ծեսերին» զուգահեռ, որոնցում կատակով հարսնացուի և՛ դրականն է ներկայացվում, և՛ հնարավոր բացասական գծերը՝ իրարամերժ, զվարճալի երանգներով…

Բարեկենդանի խրախճալից օրերին ողջ բնակչությունը՝ մեծերն ու փոքրերը, հնարավորինս ծիծաղելի տեսքով դիմակավորված, կերպարանափոխված, պարերով, խաղերով, թատերական ներկայացումներով ուղեկցվող տոնախմբություններով Կյանքն էին փառաբանում՝ «Բարի կենդանություն» մաղթում:Ազատության գովքի այդ օրերին (մոտ 10 օր էր տևում), նույնիսկ հոգևորականներն էին ազատվում իրենց «խստաբարո» օրենքներից՝ «Աբեղաթող» էր…

Վեգը, լախտախաղը, ծառերի հաստ ճյուղերով ճոճախաղերը, ընկուզախաղերը, դեմքերին զավեշտալի դիմակներով կամ՝ ալյուր, ածուխ, մուր քսած ծիծաղաշարժ կերպարներով հարուստ, թմբուկով ու երգ-երաժշտությամբ ուղեկցվող զվարճահանդեսներն անենասիրած ու սպասված այս տոնի՝ Բարեկենդանի անբաժան մասն էին:

Հնագույն շրջանից ի վեր, Գարնան գալուստն ու Բնության վերազարթոնքի փառաբանումն էր՝ ուտեստներով հարուստ (և, հատկապես, յուղալի, մսեղենով ու կաթնեղենով լի) ճոխ սեղանների առաջ, գաթայով ու հալվայով, խաղերով ու դիմակավորված խրախճանքով՝ իրենց ի վերուստ տրված բարօրության գովաբանմամբ՝ հետագայում «Նավասարդյան խաղերին» փոխանցված կենսախնդությամբ…

«Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում «Բարեկենդան» բառի՝ «Բարի կենդանության, բարեկեցության և ուրախության» իմաստին զուգահեռ ներկայացված են «Bacchanalia» («Վակխանալիա») և «Carnavale» («Կարնավալ») բառերը:

«Վակխանալիան» անտիկ աշխարհում գինու և զվարճության դից Բաքոսին նվիրված խրախճանքն ու տոնախմբությունն էր, «Կառնավալը»՝ թատերականացված խաղերով, երթերով ուղեկցվող բազմամարդ հանդեսները, հայտնի հատկապես 14 -րդ դարի Իտալիայից, հետագայում՝ նաև այլ երկրներում, Լատինական Ամերիկայում…

Գրեթե 3.500 ամյա վաղեմության խեթական սեպագիր տեքստերի վերծանումներում շարադրված ծեսերի ու տոների շարքում կա և Բարեկենդանի նկարագրությունը՝ հար և նման Հայոց մեջ հազարամյակներով տոնվող խրախճանքին (մի ավելորդ ապացույց ևս)…

Բարեկենդանություն՝ Քաջառողջություն և Բարօրություն ամենեցուն…😊💥

Արծվանիկից (Զանգեզուրի շրջանում) հայտնաբերված բրոնզե արձանիկներ (պահվում են Մոսկվայի «Պատմական թանգարանում»)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով