ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ, ՀՈԳԵՊԱՐԱՐ…

Տաթևի վանական համալիրի՝ 17-րդ դարի ձիթհանքը

«…Եւ ձիթենին ասէր ընդ նռնենին, թէ ես պտղատու եմ և ձէթ շնորհեմ լուսատու մարդկան…»

Կիլիկիայում, Այնթապի մոտ, Հայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա հայաբնակ գյուղում ծնված՝ 12-13-րդ դարերի մատենագիր, առակագիր Վարդան Այգեկցու՝ այլաբանական լեզվով գրված հակիրճ խրատական զրույցներից ու առակներից մեկը Նռնենու և Ձիթենու «զրույցն» է, ուր Նռնենին հպարտությամբ ասում է Ձիթենուն.

«Ես կարմիր Նուռն ունեմ և քեզնից գեղեցիկ եմ: Իսկ Ձիթենին, ի պատասխան շեշտելով իր առավելությունը, նշում է, թե ինքը պտղատու է և Լուսատու Ձեթ է շնորհում մարդկանց»:

Նռնենին՝ թագավորն է (նռան գլխի հարդարանքն արքայական թագի է նման), Լուսատու Ձիթենին՝ «մարդկանց հոգուց խավարը ցրող» հոգևորականը (վաղնջական ժամանակներից ի վեր յուղն առանձնահատուկ դեր ուներ մեհյաններում, քրմական ծեսերում)…
Խավարը ցրող լույսի հետ նույնացվող յուղի խորհրդանիշն առկա է նաև Մխիթար Գոշի առակներից մեկում.

«Մշտական զվարճանքի և պտղավետության ձիթենին, մանավանդ, որ նրա պտուղը Լույսի ձեթի նյութ է, և Լույսը լուծիչն է խավարի». («…ձիթենի յարազուարճութիւն և ի պտղաւետութիւն, մանաւանդ զի պտուղ նորա նիւթ ձիթոյ է լուսոյ, և լոյս լուծիչ է խաւարի»):

Հնագույն շրջանից ի վեր ծիսական զանազան արարողությունների ժամանակ կիրառվում է «Սրբազան Յուղով» օծման ավանդույթը:

Յուղը գլխին լցնելով օծում էին քրմերին, մոգերին, թագավորներին՝ ի նշան ի վերուստ տրված իմաստնության, իշխանության ու հոգևոր զորության, որտեղից էլ՝ կարգվելուց հետո քրմերն ու մոգերն «Օծյալ» էին կոչվում:
Յուղով «մաքրագործում» էին և հատուկ կարևորության՝ նվիրական առարկաները…
Անուշաբույր յուղերի կիրառումը, որպես բուժելու, հոգին ու մարմինն ամրապնդող դարման, սնունդ ու լուսավորման միջոց՝ դարերի ընթացքում հարատևելով, հասել է մեր օրերը:

Հայկյան քրմական դասի՝ հազարամյակների ավանդույթները պահպանելով ու շարունակելով յուղերի արտադրության գիտությունը, Քուրմ Յարութ Առաքելեանն իր մի գրառմամբ հիշեցնում է Հին Հայաստանում (ինչպես և Եգիպտոսում, Հունաստանում, Հնդկաստանում…) որպես երիտասարդություն պարգևող, զանազան հիվանդություններից ապաքինող միջոց, հնուց ի վեր կիրառվող՝ խնկի յուղի բարերար հատկությունները, տեղեկացնելով, որ «Քրմական գրականության համաձայն, խնկից ստացված բժշկարար և զորավոր յուղը կոչվում էր Մերան» և որ՝ «Հնագույն շրջանից որպես Մյուռոն հենց խնկի յուղն է գործածվել»:

Հայկական Լեռնաշխարհի ողջ տարածքում սփռված ձիթհանները, որոնցից շատերը գործում էին մինչև նախորդ դարի սկիզբը, նաև՝ հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութերը փաստում են յուղի կարևորությունն ու մշտական կիրառումը:

Միջնադարյան ձիթհանների պահպանված մնացորդներ կան Անիում, ուր 20-րդ դարի սկզբի պեղումներից ի հայտ են եկել 19 ձիթհան, Գառնի գյուղի կենտրոնում, Դսեղում, Ամբերդում, Սևանի թերակղզում, Այրիվանքում, Ցաղաց Քարում…

«Հետաքրքրիր է, որ դեռևս Կարմիր բլուրի պեղումների ժամանակ` 1960-ականներին, հայտնաբերվել է մեծ քանակությամբ քնջութ, քնջութի քուսպ, ինչպես նաև` քնջութի ձիթհան: Քնջութի և դրանից ստացվող ձեթի մասին հիշատակությունները բազում են հայ մատենագրության մեջ ընդհանրապես և մասնավորապես` բժշկարաններում»: «Կիրակոս Գանձակեցին այն նաև «Շուշմա» է կոչում»:

(Հ.Բեգլարյան «Ձիթագործությունը միջնադարյան Հայաստանում»)

Հույն պատմիչ ու քաղաքական գործիչ Քսենոփոնը (մոտ ն.թ.ա 430 — 354 թթ.), իր «Անաբասիս» աշխատության մեջ, ուր շարադրել է 10 հազար հույների մասնակցությունը Կյուրոս Կրտսերի արշավանքին և նահանջը Հայաստանի վրայով դեպի Սև ծով, հիշատակում է, որ Հայաստանում «յուղի շատ տեսակներ կային, որ գործածում էին ձիթայուղի փոխարեն, խոզաճարպ և քունջութի և դառն նշի և բևեկնի յուղ» (Քսենոփոն. «Անաբասիս», թարգմանությունը Սիմոն Կրկյաշարյանի, Երևան, 1970, էջ 94):

«Բևեկնը» այսօրվա գեղանկարիչներին ծանոթ «Terebentine»-ն է, որի յուղը շատ են գործածում: Բևեկնին կոնաբեր ծառատեսակներից է, որի բնից ծորող խեժից՝ բևեկնից զանազան գործածության յուղեր են պատրաստում՝ բժշկության ու արվեստների մեջ կիրառվող, ինչպես և նրա թորումով ստացված ապակենման նյութը, որ գործածվում է լարային երաժշտական գործիքների կնտնտոցին քսելու համար՝ լարերի ձայնի մաքրության ու հնչեղության ապահովման նպատակով (կանիֆոլ) և արդյունաբերության մեջ:

«Հույները, սովորության համաձայն, մարզական վարժություններից մաշկը յուղով օծելու, մաշկը առաձգական դարձնելու համար յուղի պակասություն այստեղ չեն զգացել.
«Քանզի այստեղ [Արմենիայում. – Ռ. Ն.] յուղի շատ տեսակներ կային, որ գործածում էին ձիթայուղի փոխարեն՝ խոզաճարպ և քնջութի, դառը նշի և բևեկնի յուղ:

Կար նաև սրանցից պատրաստված մեռոն…» [«Անաբասիս», IV, 12–13, էջ 94]: Քսենոփոնի տեղեկություններից կարելի է հետևություն անել, որ որոշ բույսեր օգտագործվել են մի քանի նպատակով: Ճարպայուղատու բույսերը քամելով՝ ստացել են բուսական ճարպայուղեր՝ ձեթեր, որ օգտագործվել են ինչպես սննդի մեջ, այնպես էլ տեխնիկական նպատակներով: Քսենոփոնի հաղորդման համաձայն՝ Արածանիի հովտի բնակչությունը ձեթ էր պատրաստում քնջութի սերմերից:
Հայաստանի անտիկ բնակավայրերի պեղումների ժամանակ ամենից տարածված գտածոներից են սանդերը և աղորիքները, որոնք հանդիսացել են քնջութի ձեթի արտադրության ժամանակ կիրառվող հիմնական գործիքներ:

Նա հաղորդումներ ունի նաև Հայաստանում պատրաստվող օծանելիքների մասին:
Ըստ նրա՝ Ք.ա. V դարում Արածանիի հովտում Արևմտյան Արմենիայի կառավարիչ Տիրիբազոսի տիրույթներում բարձրորակ օծանելիքներ են արտադրվել, որոնք եղել են երկու տեսակի՝ քսուքներ, պատրաստված խոզի ճարպահիմքի վրա, և հեղուկ օծանելիքներ՝ պատրաստված քնջութի ձեթի հիմքի վրա:

Այդ օծանելիքներից Քսենոփոնը հատկապես առանձնացնում է դառը նշի և պիստակենու (խնկենու) եթերայուղեր պատրաստվածները [«Անաբասիս», IV, էջ 94]: Հնարավոր է, դրանք հանդիսացել են օծանելիքի տեղական հայտնի «բրենդներ»:
(Մեջբերումը՝ Ռաֆիկ Նահապետյանի՝ «Հունական և հռոմեական անտիկ սկզբնաղբյուրների ազգագրական տեղեկությունները Հայաստանի և Հայերի մասին», Երևան, 2018 թ.):

«Ձեթի և ձիթհանների մասին վկայությունները շատ են հատկապես միջնադարյան հայ վիմագիր ու մատենագիր աղբյուրներում: Ձիթհանի մասին մեզ հայտնի ամենահին վկայությանը հանդիպում ենք Սահակ Պարթևի կանոններում, որտեղ հիշատակվում են «կալք ցորենոյ եւ հնձանք գինոյ եւ իւղոյ»:
V դարի պատմիչ Ագաթանգեղոսը նույնպես հիշատակում է «հնձանք գինոյ եւ իւղոյ»,- գրել է Հրաչյա Բեգլարյանն իր «Ձիթագործությունը միջնադարյան Հայաստանում» ուսումնասիրության մեջ:

Յուղեր ստանում էին տարբեր բույսերից՝ կտավատից, քունջութից, կանեփից, ձիթապտղից…

Զանազան շրջաններից մեզ հասած բազմաթիվ գրավոր աղբյուրներում, միջնադարյան մատյաններում պահպանվել են պետությանը, եկեղեցուն կամ ավատատերերին վճարված հարկի՝ «Ձիթին հարկի» մասին տեղեկություններ…

«Կան վկայություններ, որ միջնադարյան Հայաստանում ձեթ են ստացել նաև ձիթապտղից: Ակներևաբար, ձիթենու մշակույթը Հայաստանի տաք գոտիներում հայտնի է եղել դեռևս հին ժամանակներից: Ստրաբոնը վկայում է. «Ամբողջ այս երկիրը լիքն է հացահատիկներով, պտղատու և մշտադալար ծառերով: Կա նաև ձիթենի»:
Մեկ այլ աղբյուր էլ հաղորդում է. «Այս ամբողջ երկիրը հարուստ է մրգերով, այգիներով և մշտադալար բուսականությամբ, որտեղ նույնիսկ ձիթենի է աճում»:
Ձիթենին հիշատակում է Ագաթանգեղոսը, իսկ «Աշխարհացույցը» հաղորդում է, որ «Ուտիքում կա ձիթենի, վարանդենի և յասմիկ և հաւոց կատակ»:

Մովսես Կաղանկատվացու հաղորդմամբ էլ Ուտիքում կար «անբավ ձիթենի»:

«Գիրք վաստակոցն» էլ հայտնում է, թե «Կիլիկիոյ երկիրն եւս առաւել Անարզաբայ թեմն լաւ գովելի պտուղ եւ անուշահամ ձեթ ունի, քան զայլ երկիր եւ կայսերացն ու մեծամեծաց` անտի բերեին վասն մարմնաւր պիտոյից իւրեանց»:
Ստեփանոս Օրբելյանը, խոսելով ջրանցքաշինության մասին, հայտնում է, թե տնկվել են ձիթենիներ, թզենիներ և նռնենիներ» (մեջբերումները՝ Հ. Բեգլարյանի վերոհիշյալ ուսումնասիրությունից):

Տարբեր դարաշրջաններից պահպանված ձիթհաններն իրենց կառուցվածքով նման են՝
հետևյալ հիմնական 3 բաժանմունքով և առանց էական փոփոխությունների գործել են մինչև 20-րդ դարի սկիզբը.

  1. Հիմնական սենյակ, որտեղ տեղավորված են եղել կալատունը, բովը, կտավատը և քնջութը մաղելու տեղը, ջուր տաքացնելու օջախը,
  2. Մամլիչի սենյակը` մամլման գերաններով ու դրքատնով,
  3. Ձիթհանում աշխատող անասունների բաժանմունքը:

2010 թվականին, Տաթևի համալիրի փլատակների մաքրման արդյունքում հայտնաբերված՝ 18-րդ դարի ձիթհանի առիթով, Տաթևի վերականգնման նախագծի հեղինակ, ճարտարապետ Ա. Դադիշյան ասել է, որ «Հայաստանում այդ ժամանակ (19-րդ դարում, Կ.Ա.), 3-4 անգամ ավելի ձեթ է արտադրվել, քան Ադրբեջանում եւ Վրաստանում միասին»:

Սյունիքի մարզում՝ Տաթևի վանական համալիրի՝ 17-րդ դարի ձիթհանքը:
Ներկայումս վերածվել է թանգարանի

Հայոց համար հնուց կարևորագույն նշանակություն ուներ մշտադալար (հարադալար), բրգաձև Մայրին՝ նոճին, սոսին, իր անուշաբույր յուղով…

Խորենացին հիշատակում է «Սոսեաց Անտառը»՝ Անուշավան Սոսանվերի առիթով, նաև՝ ն.թ.ա 3-րդ դարի վերջին, Երվանդունի վերջին արքայի՝ Երվանդ Դ-ի՝ Ախուրյան գետի երկայնքով տնկած մեծաթիվ մայրու ծառերը՝ «Անտառ ծննդոցը» («մայրին» «անտառ» իմաստն ուներ. «մայրեւոր», «մայրաւոր»՝ անտառ, յորում են մայրք»,- կարդում ենք «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում):
Վաղնջական ժամանակներից ի վեր ծիսական և այլ նպատակներով կիրառվող Մայրու յուղն այսօր էլ անմրցելի է իր՝ մարդու օրգանիզմն ամրապնդող, հզորացնող հատկություններով…

Մեր նախնյաց՝ հազարամյակների խորքից եկող ավանդույթներով, «Արեգակի կաթիլները խնկի և այլ յուղերում խտացված» մեզ պարգևելու համար՝ շնորհակալություն Քուրմ Յարութ Առաքելեանին: 1035 թվականի՝ ընտանեկան անտիպ բժշկական ձեռագրի համաձայն՝ իր պատրաստած Խնկի յուղի բուրմունքի ներշնչանքով էլ պատրաստվեց այս գրառումը…😊

Հ.գ. Ահավասիկ Վ.Այգեկցու վերոհիշյալ առակը՝ բնագրի հաճույքը վայելելու համար…😊

«Նռնենին ասէր ընդ ձիթենին, թէ ես կարմիր նուռն ունիմ եւ աղէկ եմ քան զքեզ. եւ ձիթենին ասէր ընդ նռնենին, թէ ես պտղատու եմ եւ ձէթ շնորհեմ լուսատու մարդկան։ Ցուցանէ նռնենին զթագաւորն եւ ձիթենին զքահանայն. քանզի թէպէտ եւ գեղեցիկ է թագաւորն, այլո՛չ աժէ ‘ի քահանայն. քահանայն աժէ ‘ի թագաւորն. զի քահանայն հալածիչ է խաւարի, որ հալածէ զխաւարն ‘իհոգւոց մարդկան»։

Նաև՝ հնում շատ սիրված առակներից մեկը՝

«Ինքն խոտ է գետնաբոյսԿոճակ ունի ի գլուխն ի յուս, Երբ չարչարեն, դընեն ի սոյզ,Արեգական նըման տա լոյս»:

(Պատասխանը՝ «Կտավատ») 😊

Ներսես Շնորհալու այս հանելուկի երրորդ տողում ձեթ պատրաստելու համար ջուրը հատիկներին խառնելով ստացված խյուսի՝ «գելասի» այլաբանությունն է՝ «Արեգակի նման լույս տվող» Յուղի ստացումից առաջ …😊💥

Ձիթաճրագ՝ նավակաձև (նշաձև՝ կրակի բոցի խորհրդանիշն է)
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Երկարություն (սմ)՝ 9.5
Տրամագիծ (սմ)՝ շուրթի՝ 2.5, նստ.՝ 3
Բարձրություն (սմ)՝ 4
Նյութը՝ կավ
Հայտնաբերման վայրը՝ Դվին,
Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ IX-XI դդ.
Նկարագրություն՝ Պեղումների ղեկավար՝ Կ. Ղաֆադարյան
Հայտնաբերման ժամանակը՝ 1958թ.

Դվինից հայտնաբերված՝ 12-13-րդ դարերին վերագրվող նավակաձև Ձիթաճրագ (պահպանվում է Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում

2-3-րդ դարերի՝ գաղիա-հռոմեական ճրագներ

Արաքսի ափին հայտնաբերված՝ ն.թ.ա 3-րդ հազարամյակով թվագրվող ձիթաճրագ:
Պահպանվում է Քաշաթաղի Թանգարանում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով