«…ԲԱՅՑ Ի՞ՆՉ ՎԵԳ Է, ՀԱ՜, ՀԻՇԵՑԻ՛»…
Հայկական Լեռնաշխարհի ու Հին Աշխարհի տարբեր երկրների հնավայրերից հայտնաբերված մեծաքանակ ու բազմատեսակ հմայիլներից են վեգերը՝ ճաները (ճանը՝ կոճը, կոռը՝ ոչխարի, այծի կամ այլ կենդանիների նախակճղակի հոդային ոսկորներից է, որով խաղում էին հնուց ի վեր):
Գտնված վեգերի մի զգալի մասը խաղավեգեր են՝ անմշակ կամ մշակված, գունավորված, երբեմն՝ մի քանի տասնյակի կամ հարյուրների հասնող կույտերով, պահված նաև կավե ամանների՝ փարչերի մեջ…
Ճանով խաղերն ամենատարածված խաղերից են, որոնք հազարամյակներ հարատևելով հասել են մեր օրերը (օրինակ՝ ուղիղ գծի վրա շարված ընկույզներին կամ վեգերին հարվածել են ավելի խոշոր ու ծանր վեգով, հետագայում նաև՝ փայտից կամ թաղիքից պատրաստած գնդակով, կամ խաղացել են «քարկտիկը» հիշեցնող խաղերով):
Խաղացողներն իրենց վեգերի՝ ճաների հավաքածուն ունեն. զանազան խաղերի կանոններով՝ պարտվողը հաղթողին է հանձնում իր բոլոր ճաները…
Ճանի կողմերն ըստ դիրքի, ունեն իրենց անվանումներն ու կարգավիճակները («արժեքը»):
Լճաշենից, Արթիկից, Գառնիից, Դվինից, Ամբերդից ու բազմաթիվ այլ վայրերից պեղված վեգերի մի մասը միջանցիկ անցքերով են, մեկ կամ մի քանի կողմը հարթեցված…
«Հարթեցված վեգերը օգտագործվել են նաև բախտագուշակության համար:
Մինչև այժմ ժողովրդական ասացվածքներում հանդիպում է «Վեգս ալչու կանգնեց», այսինքն՝ «Գործս հաջող գնաց», արտահայտությանը (Ս Ամատունի, «Հայոց բառ ու բան» Վաղարշապատ, 1912, «Հայ ժողովրդական խաղեր»…):
Բախտագուշակության համար Տ-աձև կողմը բարեհաջողության նշան էր, իսկ դրան հակառակ կողմը՝ անհաջողության: Բախտագուշակության համար, հավանաբար, օգտագործվել են խոշոր եղջերավոր կենդանիների վեգերը…»:
«Խաղավեգերի մեջ աոանձին խումբ են կազմում ներկված վեգերը. սրանք նույն անմշակ վեգերն են, միայն ներկված են կարմիր գույնով։ Նման վեգեր են հայտնաբերվել տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող հուշարձաններից՝ Արթիկից (ուշ բրոնզի դար), Գառնիից (անտիկ), Դվինից և Ամբերդից (միջնադար)»:
«Խաղավեգերի մեջ առանձնանում է անմշակ վեգերի մի խումբ, որոնց մեջ խուլ անցք է փորված և լցված մետաղով (անագ կամ կապար /արճիճ/)։ Հայաստանում նման վեգերի վաղ օրինակներ մեզ հայտնի չեն: Ոչխարի մի այդպիսի վեգ ունենք միայն միջնադարյան Դվինի պեղումներից:
Վեգի մեջ մետաղ լցնեյով այն ծանրացրել են՝ խաղերի համար ավելի հարմար դարձնելու նպատակով։ Այդ վեգերը ունեցել են հատուկ անուն՝ արճճոտան, անաքա (հանաքա, էնեքե, խամուկ, լոք)։
Հաճախ վեգը ծանրացնելու համար փաթաթել են բրոնզե կամ երկաթե լարով։ Վեգախաղերն այնքան տարածված են եղել, որ վեգեր պատրաստել են նաև մետաղից: Բրոնզից ձուլած վեգեր են հայտնաբերվել Արտաշատից:
Մետաղից վեգ պատրաստելը կամ մետաղով վեգը ծանրացնելու սովորությունը շատ էր տարածված նաև հյուսիս մերձսևծովյան շրջաններում»։
«…Վեգախաղերը զարգացրել են ճարպկություն և աչքաչափ։
Վեգ են խաղացել գարնանը, աշնանը, ձմոանը, հարթ գետնի, կտուրների, սառույցի վրա։ Խաղացել են տոնակատարությունների, հատկապես՝ Բարեկենդանի ժամանակ։ Դժվար է ասել ազգագրական հայտնի խաղերից ո՛րն է հնում օգտագործվել, սակայն, հնարավոր է, որ նմանատիպ խաղեր խաղացել են նաև հին շրշանում։ Հայտնի է, որ անտիկ շրշանում վեգի կողմերը ունեցել են իրենց արժեքը (գինը)՝ նեղ տափակ կողմը հավասար էր մեկ միավորի, դրան հակառակ կողմը՝ 6, լայն ներճկված կողմը՝ 3 միավորի, դրան հակառակ՝ լայն ուռուցիկ կողմը՝ 4 միավորի»:
«…Պեղածո վեգերի մեջ զգալի մաս են կազմում հմայիլ վեգերը, որոնք հանդիպում են մ. թ. ա. 3-րդ հազարամյակից։ Հնագույններից է Թագավորանիստից հայտնաբերված ոչխարի վեգը, որի կենտրոնում արված է միջանցիկ անցք, իսկ ուշ բրոնզի դարով թվագրվող՝ կենտրոնում միջանցիկ անցքով վեգեր մեզ հայտնի են Լճաշենից (ոչխարի և այծի) և Արթիկից (խոշոր եղջերավոր կենդանու վեգ)»։
«…Հմայիլ վեգեր են հանդիպում նաև ուրարտական հուշարձաններից՝ Արգիշտիխինիլիից և Կարմիր Բլուրից (ոչխարի վեգեր, երկուսի անցքն էլ ծայրից), Հայկաբերդից (Չաուշթեփե, միջանցիկ անցքը երկայնակի է, նեղ կողմերին զուգահեռ)։
Հմայիլ վեգերը լայն տարածում են ունեցել նաև անտիկ շրջանում։ Նման վեգեր հայտնի են Արտաշատից և Գառնիից։ Գառնիի՝ վերը հիշատակված դամբարանից հայտնաբերված վեգերի հավաքածուում կան նաև միջանցիկ անցքով վեգեր։ Այդ վեգերի որոշ մասի միջանցիկ անցքերի մեջ պահպանվել է բրոնզե կամ երկաթե մեկական օղակ:
Հմայիլ վեգերի օգտագործումը շարունակվել է նաև միջնադարում, ինչպես դա երևում է Դվինում հայտնաբերված օրինակներից:
Հմայիլ վեգերը տարածված էին ոչ միայն Հայաստանում…»:
«…Ըստ ազգագրական տվյալների, երկաթե օղով վեգերը եղել են մանկապաշտպան հմայիլներ և կախվել են երեխայի օրորոցից՝ միաժամանակ օգտագործվելով նաև որպես խաղալիք:
Խոշոր եղջերավոր կենդանիների վեգերը, որոնք կոչվել են «կոռա», պահել են պատերի խոռոչներում, դրանց փոշին դեղամիջոց էր համարվում («Հայկական ժողովրդական խաղեր», էջ 32):
Այսպիսով՝ հարուստ հնագիտական նյութի զուգորդումը ազգագրական նյութերի, ինչպես նաև մեզ հասած գրավոր աղբյուրների հետ, թույլ է տալիս ենթադրել, որ տարբեր կենդանիների վեգերը, իբրև հմայիլներ և խաղամիջոցներ, հանդես են գալիս վաղնջական ժամանակներից և հարատևում են մինչև մեր օրերը։ Դրանք հնարավորություն են տայիս ուսումնասիրելու և ամբողջացնելու մեր պատկերացումները մեզ հասած ժողովրդական սակավաթիվ խաղերի, հմայիլների ու հավատալիքների մասին»: (Մեջբերումները՝ Ն. Գ. Ենգիբարյանի՝ «Հին Հայաստանի վեգ-հմայիլները և վեգ-խաղալիքները» ուսումնասիրությունից):
Հին աշխարհում հույներին ու հռոմեացիներին ևս ծանոթ էր ճանը՝ «աստրագալը», որը նաև սիրային ոլորտում էր հայտնի խորհրդանիշ: Մոտ 2.000 տարի առաջ հռոմեացի ականավոր բանաստեղծ Օվիդիոսն իր՝ «Սիրո արվեստ»-ում նշում էր, որ կինը պետք է վեգերի խաղում հմուտ լինի՝ գիտակ ճաների նշանակությանն ու արժեքին (խաղը լատիներենով կոչվում էր «talus», հունարենով՝ «astragalos»)…
Ն.թ.ա. 6 — 5 -րդ դարերում ապրած հույն բանաստեղծը՝ Անակրեոնն իր երգերը գրում էր «Էրոսի՝ Սիրո դիցի աստրագալների (ճաների, Կ.Ա.) վրա» (ապրել է Թեոսում, Կոնակում՝ հետագայում՝ Իզմիրի մարզը):
Սիրված ու խիստ տարածված վեգախաղերի մասին բազմաթիվ հիշատակություններ կան ժողովրդական բանահյուսության մեջ, Հայ և օտարազգի գրողների՝ տարբեր դարաշրջանների ստեղծագործություններում:
Որոշ հատվածներ՝ ստորև…
«…Երբեմն ինձ հարցնում է իմ տեսած քաղաքների, իմ կարդացած գրքերի մասին: Ես նրան պատմում եմ գիտեցածիս ամենալավը, կարծես ընծայում եմ իմ վեգերի ամենագեղեցիկը, ինչպես երեխա ժամանակ: Նա շուռ ու մուռ է տալիս իմ ընծան, և կարծես դժգոհ է, որ ուզածը չեմ պատմում»… (Ակսել Բակունց)
Հայկ Խաչատրյանի՝ «Հայոց հնօրյա զվարճախոսները» պատումաշարից՝
«Արեգ աստծու մեհյանի քրմերն ինձ միայն ուրիշներին հայտնի գիտանք են տվել, բայց իրենց հայտնի շատ գաղտնիքներ ծածկել են ինձնից:
Իմ դաստիարակ քրմի դեմքը բացվում էր, հենց որ խոսք էր լինում վեգերի մասին:
Նա ինձ ստիպում էր, որ ես ամեն տեսակ վեգեր գտնեմ և բերեմ ու հանձնեմ իրեն:
«- Լսի՛ր ինձ, Խու՛րս, — ասում էր քուրմ դաստիարակս,- դու պետք է իմանաս, թե ի՛նչ է վեգը: Այն կճղակավորի ծնկահոդի ոսկոր է, ոտքի կոճ, կոռ, որ ունենում են եզը, ձին, ոչխարը, կովը, այծը: Ապա նայի՛ր, Խու՛րս, վեց կողմ ունի, իրար նման են այդ կողմերից չորսը և երկուսը: Խաղում են միագույն կամ տարբեր գույներով ներկված վեգերով, որը խաղացողներին դարձնում է ճարպիկ և պատշաճ աչքաչափ ունեցող:
Վեգերը շարում են նախանշված շրջագծի մեջ և հարվածում մի ուրիշ վեգով, կամ միայն մի վեգն են պտտեցնում ու գցում գետնին:
Խաղի ժամանակ հաղթում է նա, ում գցած վեգը կանգնում է վեգի երկու նույնանման կողմերից մեկի վրա: Ամենքը կարծում են, թե դա հաջողության նշան է: Թող կարծեն: Միևնույն է, ոչ ոք, նույնիսկ աստվածները նրանց տարհամոզել չեն կարող: Դա պատրա՛նք է, Խու՛րս, ինչքան էլ վեգդ ցից կանգնի՝ դրանից հաջողությունն ինքն իրեն քեզ հյուր չի գա:
Հայերիս համար վեգը նաև մանկապաշտպան հմայիլ է, որը կախում են օրորոցից, որպեսզի երեխային հեռու պահեն չար աչքից: Կան նաև հոտապաշտպան ու նախրապաշտպան վեգ-հմայիլներ և եզան կոճղից հղկված բախտագուշակ վեգեր:
Այս ամենից բացի, Խու՛րս, դու պիտի իմանաս, որ քրմերս պատերի խոռոչներում վեգեր ենք պահում, որոնց վրա նստած փոշին եզակի դեղ է»:
Իմ քուրմ-դաստիարակն այդպես էլ չասաց, թե այդ վեգերի փոշին ինչի՛ հետ են խառնում, որ դառնում է սքանչելի դեղ»:
Ստեփան Զորյանի «Ցանկապատ»-ից (1923 թ.).
«Սարսափն ավելի մեծացավ, երբ ժամհարն ու գզիրը միասին ահազանգ տվին. – Թշնամին գալի՜ս է, թշնամին մո՜տ է, ով կարող է թող հեռանա՛…
Բոլորը տներում գաղթի պատրաստություն տեսան, պղնձեղենն ու երկաթեղենը թաղեցին, հորթերը խառնեցին կովերին և բառաչոցով քշեցին գյուղից դուրս ու, վանդակավոր սայլերը լծելով, սկսեցին բարձել նրանց ինչ կարող էին…
Մինասն ու Թևոսը նույնպես պատրաստություն տեսան գաղթելու:
Նրանք էլ արին այն բոլորը, ինչ որ ուրիշներն էին անում, սայլերին բարձեցին անկողին, թխած հաց, տոպրակներով ալյուր և շորերի կապոցներ. հարսները վազեցին հավերը բռնելու, երեխաները պատերի ծակից հանեցին իրենց վեգերը…
Մի խոսքով՝ ամեն մեկն աշխատում էր փրկել իրեն համար թանկագին և կարևոր բաներ»…
«…Զանգերի տագնապահար ղողանջը ցինի կռավոցի էր նման: Փողոցներում ու բակերում անհոգ խաղացող երեխաներն անգամ լրջացան, հաշտվեցին մի կոտրած վեգի համար իրար մռութ ջարդողները…» (Սերո Խանզադյան «Մխիթար Սպարապետ»):
«…Նուրիկը ճիշտ քսան փարա փող ուներ իր գրպանում: Դասական պիտույքներ գնելու փողերից նա տնտեսել էր այդ փողը: Որոշել էր արճիճով լեցված վեգեր առնել, գուցե՝ հոլ…» (Գուրգեն Մահարի «Այրվող այգեստաններ»):
«…Վահանի ձեռքերը տաքանալով սկսեցին հրաշքներ գործել իր աչքում:
Նա շարում էր ճաները մի գծի վրա և մի քանի քայլի վրայից արճիճ լցրած ծանր ճանով նշան բռնելով հարվածում մեջտեղինին, ստիպելով նրան կողքի ճաներին առանց վրդովելու, դուրս թռչել շարքից: Սա մի հաջողություն էր, որով կարող էր պարծենալ ամեն մի վարպետ խաղացող: Վահանը ուզեց իր քաջագործությանը վկաներ ունենալ»… (Անահիտ Սահինյան «Ծարավ»):
«Մի կավե կունդիկ կար միայն այնտեղ: Նա կունդիկը հանեց, նայեց մեջը, և նրա տխուր աչքերը շողացին: Կունդիկը շուռ տվեց, շրխկոցով թափվեցին քսանից ավելի կարմիր, կանաչ ու դեղին վեգեր:
Մարութը դրանք խաղացրեց մատների մեջ և հիշեց, թե հայրն ինչպիսի՛ ջանասիրությամբ էր տաշում ու ներկում վեգերը» (Սերո Խանզադյանի պատմվածքներից):
«Այս պատմածս ժամանակները մեր քաղաքում ութ-ինը տարեկան մաքուր-կարգին երեխա շատ քիչ էր պատահում. ոտաբոբիկ, գրպանները վեգերով լիքը, վարտիքի փողքերը պատառոտած, գլուխները` բաց, երեսները փոշոտ, ճանկռոտած, բերանները հազար տեսակ հայհոյանք, այսպես էին երեխաները չորսից մինչև տասներեք տարեկանը: Մեր ժամանակը խելք, քաղաքավարություն, բարի վարք՝ խանութի մեջ էին սովորում. տանը — ուզում եմ ասել՝ թաղերում, փողոցներում- ամեն տեսակ այլանդակություն էր՝ հարստից սկսած մինչև վերջին աղքատի երեխան» (Ռաֆայել Պատկանյանի արձակ երկերից):
«…Անցավ երկու տարի, Ծաղիկը դարձավ երինջ: Գարնանը նրան սար պետք է ուղարկեին: Հաջորդ ձմռանը, հաջողություն լինելու դեպքում, նա հորթ կունենար: Ամեն առավոտ Վահանը մի լավաշ ծալած, ծոցը դրած, գրպաններն ուռցրած ճաներով ու ընկույզներով, Ծաղիկին առաջն արած, դուրս էր գալիս տանից: Իրենց տանից էլ, մեծ մասամբ մորից ծածուկ, դուրս էին գալիս Գևոն ու Համոն և Վահանի հետ գնում նույն Ծաղիկի ետևից» (Անահիտ Սահինյան «Ծարավ»):
ՍԻԱՄԱՆԹՈ ԵՎ ԽՋԵԶԱՐԵ (Հովհաննես Շիրազ)
«Բայց բեկերի խուլ աղմուկը վեր հորդեց,
Խջեզարեն աստված կանչեց, երբ տեգերն էլ նկատեց,
Սիրտը քամվեց յարի համար, յարի համար իր սիրուն,
Զգաց, որ այլ մի ելք չկա, յարի մահն է մոտենում,
Մի վայրկյանում իմաստնացավ ի սեր անզեն սիրածի,
Սիրածի մահն իր վիզն առավ՝ ընդդեմ իր հոր և օձի,
Ու երբ հանկարծ ուրուրի պես հայրն էլ հարբած ձայն տվեց,
Խջեն անզեն յարի համար վախից այնպես գունատվեց,
Որ շշնջաց.- Քնի՛ր, քնի՛ր, ո՞ր ջուրն ընկնեմ հիմա ես,
Դու անզեն ես, նրանք զինված՝ լիմա-լիմա կանեն քեզ,
Թող պառավ բեկն ինձ հարս տանի, բայց հենց գիշերն առաջին
Ինձ գերեզման կդարձնեմ, բայց կփրկեմ իմ քաջին,
Քնի’ր, քնի’ր… — Ու կռացավ իբր ծաղիկ մի քաղեց,
Այնինչ քնած յարին մոտիկ մի զույգ ոսկե ճան թողեց,
Ու ծովացած իր կարոտի կաթիլ համբույրն իսկ չառած,
Դեռ ցած կանչող հոր աչքերի սվինների տակ անցած,
Խջեզարեն մի բուռ դառած,
Սարից բանտված` իջավ ցած:
Արևն ելավ Ծովասարից, բռնեց կապույտ իր ճամփան,
Սիամանթոն աչքը բացեց, բայց չգտավ աղջկան.
Մի զույգ ոսկի վեգեր տեսավ ու վերցրեց նա իսկույն,
Իջավ սարից ու ձեռնունայն որսկանի պես հասավ տուն:
— Մամիկ, հեյ վա՛խ, Խջեզարեն չեկավ մթնով թե լույսով,
Քնել էի, զարթնա՝ չկար, ու մնացի քո հուսով,
Վայ թե խաբեց Խջեզարեն, վայ թե խաբեց, որ չեկավ,
Խաբված սերս՝ զարկված մի լոր, սրտիս բնում կուչ եկավ…
Այս վեգերը գտա, մամի՛կ, ընկած էին ծաղկանց մեջ.
Ա’ռ, քո բախտն է… — լռեց տղան, ու պառավը կռահեց.
— Նա եկել է, Սիամանթո՛, ետ գնացել խռոված,
Նա է ձգել այս վեգերը, երբ տեսել է քեզ քնած…
— Ո՞նց քնեցի… Թե՞ ուրիշն է ձգել վեգերն այս ոսկյա…
— Ո՞վ կձգի… Չէ՛, եկե՛լ է, նա՛ է ձգել կա-չկա,
Բայց ի՞նչ վեգ է, հա՜, հիշեցի՛, թեև յոթն օր չի անցել»…