«… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ն)
Ի վերջո՝ վերջին դրվագը՝ Նշան Զօրայեանի «Հուշերից»՝ ահավասիկ:
Սկիզբը՝ նախորդ հրապարակումներում…
Մարզվանի 1921 թվականի հուլիսին իրականացված ջարդերից ու թալանից հետո՝ «բոլորովին կողոպտված», Նշան Զորայանը «զինվորության է կանչվում»՝ մեկի մատնության պատճառով, քանզի իր ծննդավայրում՝ Սեբաստիայում նրան «արտասահման գաղթած» էին համարում: Երեք հարյուր թուրքական ոսկի թղթադրամ պարտքով վերցնելով՝ վճարի դիմաց ազատվում է:
Ջարդից տասնհինգ ամիս հետո՝ թուրք-հունական պատերազմի ավարտին՝ 1922-ի դեկտեմբերի 1-ին Կ.Պոլիս է հասնում:
«…Աննկարագրելի նեղութիւններ՝ առաջին օրերու բնակարանի և ապրանքի հոգերու, ինչու որ՝ կողոպտուած էի, մինչև որ քիչ մը դրամ ունեցող հայրենակից մը գտայ»…
…«Համաձայնութեամբ գործի ընկեր եղանք և նպարավաճառի փոքրիկ խանութ մը բացինք՝ 9 ամիս տևողութեամբ, որը հազիվ-հազ երկու ընտանիքներուս ապրուստը կ’ապահովէր ծայրահեղ խնայողութեամբ:
1923 -ի ամռան, Համաձայնականներու՝ Պօլսոյ լքումով, հազարավոր Հայերու կարգին ե՛ս ալ ստիպուեցայ հեռանալ՝ Թուրքիայէն գալ Ֆրանսա: Այդ ալ՝ շնորհիվ ընկերօջս բարեսրտութեան, որը ճանապարհածախսիս գումարը փոխ տվավ, և որը մեկ տարի վերջ վճարեցի…
…1923 — սեպտեմբերի կէսերուն մտայ Ֆրանսա. առանց դրամի, հինգ հոգինոց ընտանիքով մը:
Ինծի պէս շատերուն ծանօթ են բոլոր հանգամանքները օտարականի մը, որ ո՛չ այդ երկրին, ո՛չ անոր ժողովուրդին և ո՛չ ալ կառավարական օրինական ձևակերպութեանց մասին նախապէս գաղափար կազմած ըլլայ:
Մարսեյլի մէջ այդ թվականներուն արդեն տասնեակ հազարաւոր Հայեր՝ ինձ նման նոր եկած Թուրքիոյ զանազան վայրերէն, ամիսներով գործարաններու դուռներու առջեւ «պոչ կը կապէին»՝ գործի ընդունվելու ակնկալութեամբ:
Իւրաքանչիւր օր՝ հազիվ մեկ կամ երկու բախտավորներու կը վիճակվեր ընդունվիլ, այն ալ՝ կ’ընտրէին առհասարակ աչքի զարնող՝ ֆիզիկական ուժ ունեցող մարդիկ: Շատ անգամ ալ՝ չէին ընդունվէր ինքնութեան թուղթ չունենալնուն և կամ՝ ֆրանսերեն լեզու չի գիտնալուն պատճառով:
Շատերս նավամատույց կ’երթայինք՝ նավերը պարպելու համար բեռնակրութիւն ընելու, որովհետեւ հոդ ինքնութեան թուղթ չէին պահանջէր: Միայն ֆիզիկական ույժ ունեցող մարդիկ կ’ընդունէին և ան ալ՝ մեկ օրուան համար: Միւս օրն ապահով չէիր, թէ նորէն պիտի կրնաս ընդունվիլ:
Թեև լավ կը վճարէին՝ օրական 22 ֆրանկ՝ ութ ժամվան համար, բայց ի՜նչ աշխատանք…
Արմտիք կը պարպէինք՝ ցորեն, լոբիու, կաղին և այլն…
Նաև՝ մթերանոցէն կը փոխադրէինք ապրանքները՝ քարափ, արիւն-քրտինք, փոշիներու մէջ և կոկորդնիս կը բռնըվէր՝ փոշիով շնչարգել ըլլալու աստիճան:
Այսպէս սահեցուցի քանի մը ամիսներ…
Գավառներէն իրարու ետևէ պահանջներ կուգային՝ արհեստավորներ փնտրող, մանաւանդ՝ երկաթի, փայտի ու հանքերու մէջ աշխատիլ ուզողներու և երկրագործութեամբ աշխատիլ ուզողներու համար:
Բայց ես այդ ճիւղերուն ո՛չ մեկին կը պատկանէի, ինչու որ՝ ես Երկիրը շաքարագործութիւն կընէի (confiseur) և այդ ճյուղին մէջ աշխատանք գտնելու համար շատ ապարդիւն դիմումներ ըրի և յուսալքվեցայ: Ընտանիքս ու զավակներս Մարսեյլը երեսի վրայ ձգելով՝ գավառները գործի փնտրելու ելայ»…
Ու ճանապարհները տարան Լիոնից ոչ հեռու գտնվող՝ Վիլֆրանշ (Villefranche sur Saône) քաղաք՝ «Երկաթգծի ընկերության» մեջ՝ գնացքի վագոնների վերանորոգման գործարանում աշխատելու որպես փայտագործ վարպետ-արհեստավոր: Մի ամիս հետո Մարսելից տեղափոխելով իր ընտանիքին նույնպես՝ 1924-ի վերջերից հաստատվում են այդ քաղաքում՝ 15 տարի «զգալիորեն հանդարտ» ապրելով մինչև 1939 թվականը:
1940-ին՝ Քիմիական համալսարանն իբրև ինժեներ ավարտած՝ 20-ամյա ավագ որդին՝ Վահանը, զինվորական ծառայության բերումով աշխատանքային խմբում էր՝ Ավստրիայում, երկրորդ որդին՝ Մարզվանում ջարդերից հետո ծնված 18-ամյա Գեղամը՝ նույն երկրում՝ Վիեննայի մետաղի գործարանում…
Այդ ժամանակ հիվանդանոցում գտնվող հորը՝ Նշան Զորայանին այցելության նպատակով 20 օրվա պայմանաժամով թույլտվություն ստացած ավագ որդին ճամփորդության ընթացքում հրաշքով փրկվում է օդային ռմբակոծությունից:
«…Երկրորդ զավակս չի կրցավ օգտվիլ սույն պատեհութենէն և մնաց մինչև 1945-ի հուլիս, և գերմանոց պարտութենէն 2 ամիս վերջ կրցավ վերադառնալ տուն:
Վիեննայի՝ ռուսական գրավումով ահագին խժդժութեանց ենթարկուած էր իր Ֆրանսիայի ընկերներուն հետ և քանիցս կենաց վտանգի ենթարկված տասը խառնիճաղանջ զինվորների կողմանէ, որոնք նույնիսկ գերման և կամ իրենց դաշնակից ազգութեանց անհատները զանազանելու կարողութիւն անգամ չ’ունէին: Մանավանդ՝ մոնգոլ ցեղերու զինվորներու նպատակակետն էր եղած միայն կողոպտիլ կա՛մ ֆրանսացի մը և կա՛մ իրենց այն ատենեաց դաշնակից որևէ ազգութեանց մեկ անհատը:
Այսպէս պատահեցաւ անգամ մը, որ նա իր ութը ֆրանսացի ընկերներով իրենց բոլոր պիտույքներէն կողոպտվելէն վերջութը մեկանց հրացանազարկ պիտի ըլլային, եթէ այդ վայրենի մոնգոլ ու ռուս զինվորներու մեջ Հայ ենթասպայ մը մեջերնին գտնված չ’ըլլար:
Մեր տղան՝ հուսահատական այդ վերջին վայրկեանին կը հիշէ, թէ, թերևս, այդ խառնիճաղանջին մեջ կը գտնվի իրեն ազգակից Հայ զինվոր ու կը սկսի բարձրաձայն աղաղակել՝ «Արմենիե՜ն, Արմա՛նսկա»…
Այս աղաղակին վրայ՝ ենթասպայ մը, որ Հայ է եղեր, հանկարծ խրոխտաբար կը կեցնէ իր շուրջը գտնված զինվորները, և մեր տղային մոտենալով՝ կը հարցունէ՝ «Դուք Հա՞յ եք»:
Մեր տղան Հայերենով կը պատասխանէ, Հայ ենթասպային կը բացատրէ, թէ ինչպէս ինքը և իր ֆրանսացի ընկերները բռնի Ավստրիա տարված էին՝ աշխատցունելու:
Եվ, որովհետեւ հաղթութենէն վերջ ռուսական զօնի մէջ էին աշխատցուցած, իրենց որոշված էր Օդեսայի ճամբով Ֆրանսայ վերադառնալ:
Ծովային ճամբով Ամերիկեան զօն անցնելու արտօնութիւնը չ’ունէին սկզբի օրերը, բայց վերջը համաձայնութիւն գոյացուցած էր ռուսական հպատակներու հետ՝ փոխանակութեան: Եվ ահա այդ օրերուն կը գտնվէին Սերբիական հողերու վրայ:
Հայ ենթասպան անմիջապէս կը հասկըցունէ այս հանգամանքները բոլորտիքը գտնվող ռուսական բանակի՝ այդ շատ մը ազգերու պատկանող և ռուսերենէ զատ որևէ լեզու չի հասկցող զինվորներուն, թէ ասոնք ո՛չ գերմանիացի են և ո՛չ ալ Գերմանիոյ զինակից ազգութեանց պատկանող անհատներ:
Այսպիսով կը փրկվին իրենց սպառնացող ստույգ մահվանէ, թեև կողոպույտը չի վերադարձվիր:
Ապահովութեան համար կայուն մը վայր կը փոխադրվին և, քանի մը օր հոն մնալէ վերջ, հրաման կը ստանան Վիեննա վերադառնալ, ինչու որ՝ Ռուսական հրամանով և Ամերիկեան և այլ զօներու մէջ մնացած գերիներու և կամ Գերմանիայ բռնի աշխատութեան գնացող անհատներու փոխանակութեան հարցը կարգադրուած էր: Մեկ ամիս վերջ՝ Վիեննա վերադառնալով, 1945 թ. հուլիսի 8-ին օդանավով վերդարձավ Ֆրանսա:
Հոս կարգին է դարձեալ անդրադառնալ մեծ զավակիս՝ 20 օրուայ արտոնութեամբ 1944 թվականի փետրվարին Ֆրանսա վերադարձը, որը պատճառ պիտի դառնար մեր ընտանեկան նիւթականին բոլորովին քայքայման»…
Մինչ Նշան Զօրայեանը զբաղված էր իր առողջական վիճակի հետ կապված հոգսերով, իրեն տեսակցության նպատակով եկած որդու արտոնության ժամանակամիջոցը լրացել ու երկու շաբաթ էլ անցել էր: (Գերմանացիների կողմից ֆրանսիական իշխանության զավթման շրջանն ավարտվեց այս դեպքերից ամիսներ անց՝ 1944-ի հուլիսին):
…«Ես հաստատ որոշած էի այլևս չի վերադարձունել, իսկ նա կը պնդեր վերադառնալ և կը պնդեր իր տված պատվոյ խոստումին մասին Աուստրիայի գործարանատիրոջ, թէ պիտի վերադառնար: Եվ թէ՝ հակառակ պարագային՝ հոն գտնվող ընկերները պիտի տուժէին՝ վերադարձի արտոնութիւնէն բոլորովին զրկվելով: (Արտոնութեան հարցը բոլորովին ջնջված էր արդեն):
Ես հակառակ էի իր համոզումին՝ պնդելով, թէ՝ պատերազմի պարագային թշնամիին տրված պատվոյ խոսքի կիրարկումին հակառակը ներելի է, քանի որ մահու և կենաց խնդիր կայ մէջտեղը և դժուարաւ ետ կեցուցի իր սկզբունքէն:
Ուրեմն, հարկ եղավ, օր առաջ մեր գտնված քաղաքէն հեռացնել տղան և թաքցունել:
Այդ նպատակով ալ ուղարկեցի Փարիզ՝ մեր մեկ ազգականին տունը՝ անսալով մոտալուտ վերջավորութեան մը:
Սակայն այդ կարգադրութիւնը իմ կողմանէ կը ներկայացնէր ուրիշ, ավելի ծանր վտանգ մը մեր ընտանեաց և, մանաւանդ, ի՛մ անձիս հանդէպ:
Արտօնութեան ժամանակամիջոցը լրանալէն ութ օր վերջ, տեղվույն ոստիկանատունէն հրամանագիր մը ստացայ, որ զիս ոստիկանատուն կը հրավիրեր:
Ներկայացայ…
Գօմիսէրը ինձ հարցուփորձեց, ըսավ, որ գերմանացիներու կողմէ իրեն հրահանգուած է հետապնդել զավակս, որ չէր վերադարձած իր աշխատավայրը և քանի մը շաբաթ ալ անցուցած էր տրված ժամանակամիջոցը: Ուստի, անմիջապես ներկայանար իրեն՝ ուշացման պատճառաբանութիւն մըն ալ՝ միասին՝ օրինական հետապնդումի մը անհաճոյ ձեռնարկէ մը խուսափելու համար:
Չէի կրնար ստել:
Բարեբախտաբար, շուտունց ի վեր ծանոթացած և ճանչցած էի գօմիսէրին՝ պատերազմէն տարիներ առաջ և՝ համակրանքը շահած: Ուստի, անվերապահորեն, համարձակեցայ յայտնել իրականութիւնը:
Բացատրեցի մեր ընտանեկան տխուր, դժնդակ դրութիւնը, մեջ բերի առողջական վիճակս, որ չէր թույլատրեր աշխատելու բժիշկն՝ իր տված սերթիֆիկատով, չափահաս զավակներս Գերմանիա ղրկելով՝ դեռ տանը կը մնայինք ես և տիկինս՝ երկու անչափահաս զավակներով: Եվ միայն կինս էր, որ կ’աշխատեր և անոր շահածով ալ ապրվիլ, իհարկէ, տարակույս չէր վերցուներ, որ անկարելի էր…
Սիրտս անվերապահորեն բանալով՝ յայտնեցի, թէ արդեն զավակներէս մեկը Ավստրիա կը գտնվի, որն ինծի համար գրեթէ կորսուած է…
Ուրեմն, ստիպված եմ պահել միւսը: Թէ արդեն մեկ տունէն մեկ հոգի կը բավէ՛ զոհել, այն ալ՝ ո՛չ թէ Ֆրանսական հայրենիքին պաշտպանութեան, այլ՝ թշնամիին հաղթանակին զօրացման համար՝ այլևս ինծի կը թվի, և այդ իսկ պատճառով ալ՝ փախցուցած եմ զավակս:
Այս խոսքերով վճռական ձևով մը արտահայտվեցայ գօմիսէրին, թէ այլևս նպատակ չունի՛մ զավակ մը ևս զոհելու թշնամիին, ի՛նչ որ ալ ըլլան հետևանքները…
Մինչ ես անվերապահորեն և համարձակ կը պարզէի իմ սրտիս զգացմունքները, գօմիսէրը՝ հանկարծակիի եկած նման արտահայտութիւնէ մը՝ պիշ-պիշ երեսս կը նայեր՝ զարմացած հանդգնութենէս:
Ես ալ՝ իմ կարգիս, կը հետազօտէի իր երեսին վրայ ձգած ազդեցութիւններ և կ’ենթադրէի, որ բարկութեան որևէ նշան մը ցույց չէր տալ ինձ հանդէպ:
Ընդհակառակը, մարդը կ’երևէր հանկարծ խորը մտածմունքներու մէջ ինկած մեկի մը երևույթը ստանալ: Եվ երբ ես խոսքս վերջացուցի՝ պահ մը լռութենէ վերջ, կարծէս քունէն նոր արթնցողի մը պէս, ոտքի ելավ ու, դառնալով, ըսավ ինծի.
«Պարո՛ն, արդեօք մտածա՞ծ եք, թէ նմանօրինակ արտահայտութիւն մը (ակնարկը գերմաններու), որուն ստիպման տակ մենք հարկադրված ենք գործադրել տիրող օրէնքը»:
«Պարո՛ն Գօմիսէր,- պատասխանեցի կարճ և կտրուկ, — հետևանքները շա՛տ լավ մտածած եմ, գիտե՛մ սպառնացող վտանգը՝ մինչև գնդակահարում:
Բայց ես իմ անձը կամօրէն որոշած եմ զոհել թէ՛ զավկիս ազատութեանը, և թէ՛ Ֆրանսական երկրորդ հայրենիքիս, վստահ ըլլալով, որ պարապ չի՛ պիտի անցնի զոհողութիւնս: Եվ օր մը, որը, կգուշակեմ թէ հեռու ան ալ ըլլալու չէ, պիտի ազատագրվի իմ ֆրանսական երկրորդ հայրենիքս: Եթէ նույնիսկ դուք ողջ մնաք, դուք և կամ որևէ ֆրանսացի՝ գերեզմանիս վրայ պիտի գրէ՝ «Pour la France» («Հանուն Ֆրանսիայի», Կ.Ա.):
Ատիկա այդպէս՝ իմ հոգիիս պարգև է և պատկանած ժողովուրդիս ու Հայրենիքիս ալ՝ փառք ու պատիվ:
Ահա՛, այսքա՛ն:
Եթէ հաճելի է տիրող օրէնքը գործադրել՝ ես ամեն վայրկեան պատրա՛ստ եմ իմ ճակատագրիս»:
Այս անսպասելի պատասխանիս վրայ՝ մարդը գինովի մը նման երերվելով, նորէն ինկավ իր բազկաթոռին վրայ ու, մեկ քանի վայրկեան, երկու ձեռքերով գլուխը բռնած կարծէս կը քարանար: Յետոյ, շտկվելով՝ դիմացի աթոռը ցույց տալով ըսավ, որ նստիմ (մինչ այդ ոտքի վրայ էի):
Հնազանդեցայ:
«Ուրախ եմ, որ այս պահուս մէջ մտիկ ընող մեկը չի կար սենեակիս մէջ, բարեբախտաբար: Եվ քո՝ Ֆրանսայի հանդեպ տածած զգացումները իմ սրտի խորը թափանցեց, մանաւանդ, որ ծագումով ալ՝ Հայ, թեև ներկայումս ֆրանսացի եք:
Բայց եթէ ամէն ֆրանսացի Ձեզ նման խորհէր»…
Չի կրցավ խոսքը շարունակել և արդեն հոգոց մը քաշեց:
Դարձեալ քանի մը վայրկեան լռութիւնէ վերջ նորէն հարցը ձեռքն առնելով՝ դարձավ ինծի ու ըսավ.
«Ուրեմն, հիմա ի՞նչ կրնանք ընիլ, որպէսզի կրնանք այս անելիէն դուրս ելլել ու կարելի ըլլայ ո՛չ ձեզի վնաս մը հասնի ու զավակնիտ ազատվի, և ո՛չ ալ իմ դիրքս վտանգվի՝ պաշտօնիս ստիպողական զանցառութեան պատասխանատվութեամբ»:
Հարցին լուծումն ու պատասխանը կարծէս ինձմէ կը’սպասէր:
Մարդն այնքա՜ն հուզված էր, որ տեսնող մեկը պիտի կարծեր, թէ իրական հանցանք գործողն ի՛նքն էր, որ զիս իր առջև կանչած ու նման պահանջ մը դրած էր:
Գլանակ մը վառելով, մեկ-երկու անգամ ծուխը քաշելէ վերջ, նորէն դարձավ ինծի:
«Կարծեմ՝ կերպով մը միայն կարելի կրնայ այս անհաճոյ կացութենէն դուրս ելլելու՝ թէ՛ ես, թէ՛ դուն:
Եթէ ձեզի միջոց մը առաջարկեմ, կրնա՞ք իրագործիլ, քանի որ ըսիք, թէ ամեն ինչի պատրաստ եք»:
Ըսի՝ «Ամենայն սիրով մտիկ պիտի ընեմ Ձեզի»:
«Այն ատեն,- ըսավ,- Պարո՛ն, պէ՛տք է, որ քանի օրուայ ընթացքին ամբողջ ընտանեօք հեռանա՛ք Վիլֆրանշէն ու, եթէ գերման էնափէքթէստնիդ գան ու մեզի հարցեն՝ կ՛ըսենք, թէ այդ մարդիկը այս տեղէն գացեր են՝ առանց մեզի իմաց տալու: Ստիպուած ենք զանոնք հետապնդել և, գտնելու պարագային՝ թէ՛ Ձեզ իմաց տալ և թէ՛ օրինական պատիժներուն ենթարկիլ:
Այսպիսով կրնանք բավական ժամանակ շահիլ և, թերևս, մոռացութեան ալ տրվի անոնց կողմանէ, ինչու որ՝ անկէ կարևոր ուրի՛շ հոգսեր ալ շատ ունին»…
Այս անցքը տեղի կ’ունենար 1944 -ի մարտ ամսու երկրորդ կէսին:
Այս տեսութեան ընթացքին էր, որ տնօրինուեցավ մեր փախուստը Վիլֆրանշէնէ Փարիզ, ինչը որ պատճառ դարձավ մեր տնտեսական բոլորովին քայքայման և քսան տարիներու ընթացքին մեր ապահոված, ինքնաբավ դարձած մեր ընտանեաց դժբախտութեան, որը տևեց մեկ տարի՝ մինչև 1945-ի կիսուն, որմէ վերջ սկսայ կամաց-կամաց ինքզինքս հավաքիլ՝ դարձեա՛լ բույն մը կազմելու համար՝ շնորհիվ Երկրէն սորված արհեստիս, որ արևելյան անուշեղէնով վաճառութիւնն է»…
1944 թվականի ապրիլի 3-ին Զօրայեան ընտանիքը մեկնում է Փարիզ՝ նախօրէին իրենց «ընտանեկան գույքերը բեռնատար շոգեկառքով» ուղարկելով:
…«Փարիզ եկանք անվնաս, այո՛, բարեբախտաբար, ճամբու ընթացքին աղետի չի ենթարկվեցինք, ինչ որ այդ թվականներուն կը պատահեր հաճախ:
Բայց ուրիշ անակնկալ արկածներ և խիստ նեղութիւններ վիճակված էր մեզի, քանի որ նախապէս բնակարան չունէինք և մեր մեկ ազգականին պզտիկ մեկ տնակին մեջ հիւրընկալված էինք հինգ հոգիով: Եվ դժնդակ օրերուն անոնց՝ մեզ հանդեպ ցույց տված հյուրասիրութեանց և ըրած զոհողութեան՝ երախտապարտ եմ մինչև կյանքիս վերջը:
Ապրիլի 12-ին շոգեկառքով ուղարկված «ընտանեկան բոլոր գույքերը« հասնում են Փարիզ՝ Լա Շապել կայարան, որոնք, նույն գիշերն իսկ, ռմբակոծության հետևանքով հրդեհվում են:
«… Լուրը ստացանք 2 օր վերջ:
Այս չարաչար գույժը ընտանիքէս պահեցի մեկ-երկու շաբաթ և սկսայ նախապէս բնակարան մը ճարիլ»…
Բարեբախտաբար, նույն տարվա օգոստոսի 25-ին Փարիզն ազատագրվում է գերմանացիներից և ավագ որդին՝ Վահանն իր իսկական անունով վերադառնում է Լիոն՝ իր գործը շարունակելու:
…«1945-ի մայիսի 8-ին Գերմանիան պարտվեցավ: Խումբ-խումբ գերիներ և բռնի տարված աշխատավորներ սկսան վերադառնալ, բայց Ավստրիա եղած երկրորդ զավակէս լուր մը չի կար:
Ո՛չ նամակ կը ստանայի և ո՛չ ալ ռադիօյի ծանուցումներուն մէջ կը գտնէի իր անունը…
Ռադիօյի ծանուցումներուն համար իզուր գիշերներ լուսցուցի՝ մինչև որ, բարեբախտ օր մը, հեռագիր մը ստացայ իրմէն, որ օդանավով Ֆրանսա եկած է»…
…«1950 թվականի սեպտեմբերի 8-ին մտայ հիվանդանոց»…
…«Հիվանդ մը, որ հիվանդանոց պառկած է, ընդհանրապես, կերպով բանտային կեանքի տպավորութիւնը կ’ըզգայ. մանավանդ՝ ինծի պեսները, ըստ որում՝ ստիպուած՝ ժամանակդ գործածելու միակ մխիթարիչ ժամանցդ է օգտակար գիրքեր ու թերթեր կարդալ և կամ՝ գրիլ:
Ահա՛, ա՛յս հանգամանքներու բերմամբ, իմ անձնական կարգ մը հուշերուն հետ միասին, շուտուցվանէ ի վեր միտքս չարչարող պարտականութիւն մը կատարելու առիթը ներկայացավ, որպէսզի գրի առնեմ՝ ըստ կատարելապես և գիտցածիս չափ, որքան կը վերհիշեմ՝ «Մարզուանի Հայութեան» այն սոսկալի ջարդը, որը տեղի ունեցավ 1921-ի ամռան՝ Վարդավառի շաբաթը՝ թրքօ-հունական պատերազմի ամենեն տաք ժամանակին՝ ձեռամբ Թօփալ Օսման կոչուած հրէշածին՝ ազգութեամբ լազ ոճրագործին, որը Քեմալի իսկ արտոնութեամբ, թրքական բանտերու դուռները բանալով, իր գրկում հավաքած էր մարդասպաններու ու գողերու հորդումը և թրքական ճակատ կ’երթար՝ Քեմալին օգնութեան»…
Եվ հիշեցնում է, որ Քեմալի դեմ դավադրության համար նույն Թոփալ Օսմանը «Քեմալի մարդոց կողմանէ սպանված և դիակն ալ կախված է Անգարային մէջ: Ահա այսպես վերջացված է այս մարդակերպ հրէշին եղեռնագործ կեանքը, որ գործադրիչն էր Մարզուանի Հայութեան՝ 1800-ի հասնող բնակչութեան բնաջնջումին՝ համախորհուրդ տեղաբնիկ թուրք ժողովուրդին և զայն հովանավորող թուրք մեծամեծներուն»…
Իրենց Բնօրրանից տեղահանված, ցեղասպանության սարսափները վերապրած միլիոնավոր Հայ ընտանիքների նման՝ Զօրայեան ընտանիքի պատմությունն իր «ղողանջներով» հիշեցնում է Անդրանիկի զգուշացումը՝ 1915-ից տարիներ առաջ.
«Դուք հաշտվեցաք թուրքերուն հետ, բայց ինձ թույլ տվեք անհա՛շտ մնալու, ես թուրքի հետ չե՛մ կրնար հաշտվիլ մինչեւ իմ մահը։
Բայց ես ձեզ գուշակություն մը կուզեմ ընել և կուզեմ, որ լսեք։
Եթե այս «հեղափոխական» կոչված թուրքերը օր մը ձեզ չի կախեցին, ես մարդ չեմ։
Օր պիտի գա, որ այս «հեղափոխականներն» ալ պիտի դառնան Սուլթան Համիտի պես գազան մը և բոլորիդ ալ պիտի ոչնչացնեն…»։
Հ.գ. Սեբաստիայից հեռավոր մի երկրում՝ Ֆրանսիայում հանգրվանած՝ Նշան Զօրայեանի «Հուշերից» հատվածների հրապարակման ավարտին խորին շնորհակալություն ենք հայտնում հեղինակի թոռանը՝ Աշոտ Սերոբյանին ու իր կնոջը՝ Մարինե Վարդազարյանին, հիշյալ հուշերի հրատարակման, ինչպես նաև՝ ընտանեկան լուսանկարների հավելմամբ՝ գիրքը սիրահոժար մեզ տրամադրելու համար…