«… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Յ)

Հայկական Բարձրավանդակի տարբեր շրջաններում՝ Արևմտյան Հայաստանի գավառներում, Կիլիկիայում ու Հայերով բնակեցված այլ տարածքներում Հայերի հանդեպ իրականացված ցեղասպանությունից հրաշքով փրկված ականատեսների ու այլ անձանց բազմաթիվ վկայություններ հավաքվել են դեպքերից անմիջապես հետո և, այլ փաստաթղթերի, քարտեզների համադրմամբ, հատորներով ուսումնասիրություններ հրատարակվել հետագայում:

Հայրենազրկված Հայորդիներից ոմանք՝ տեղահանություններից ու կոտորածների արհավիրքներից չսպիացած վերքերով, տասնամյակներ անց նույնպես շարադրեցին իրենց անպատմելի տառապանքների չնչին բեկորները՝ որպես «Անլռելի զանգակատան» ղողանջներ՝ ի հիշեցումն գալիք սերունդների…

Նրանցից մեկի՝ ծնունդով Սեբաստացի Նշան Զօրայեանի՝ 1921 թվականի ամռանն իրականացված Մարզվանի ջարդերի հուշերից որոշ հատվածներ ևս՝ ստորև…

Սկիզբը՝ նախորդ հրապարակումներում…

«… Երևակայեցե՛ք, ուրեմն, ժողովուրդի մը հոգեբանութիւնը, թէ՝ ուրիշ ազգի մը, այսինքն՝ Հայերուն ու ժողովուրդին կէս առ կէս բնաջնջումը ծրագրող ու գործադրող կարգ մը յանցապարտ ոճրագործներ մատնանշելն ալ ոճիր գործել է եղեր, և այդ յանցանքը պէտք է եղեր պատժել: Անգամ ընդհանուր բնաջնջումով մը, որպէսզի ուրիշ առիթ մը ներկայացնելուն այլևս զոհերէս իրենց դէմ բողոքող մը և կամ մատնանշող մը չի գտնուի:
Թրքական քաղաքակրթութիւնն է այս և անկէ ավելին չի պահանջուեր մոնգոլներին ցեղին պատկանող և իրենց պապերու յաջորդներ՝ թուրք ժողովուրդէն:
Քանի մը տարի առաջ իրենց «սխրագործութիւններով» ու ոճրագործութիւններով պատմութեան մէջ անուն ձգած իրենց պապերը՝ Չինգիզ, Լենկ Թիմուր, Տուղրիլ, Ալփարսլան ու դեռ շատեր քսաներորդ դարուն իրենց սերմերէն հասցուցած էին իրենց նմանները՝ միայն անունի փոփոխութեամբ, սկսելով Կարմիր սուլթան Համիտէն՝ անվերջանալի շարք մը կը կազմեն իրենց նմանները՝ Թալեաթ, Էնվեր, Ճեմալ, Պէհաէտտին Շաքիր, Մուհամետ դահիճներով, որոնց ճշմարիտ թիվը կարելի չէ ճշտել, ինչու որ իրենք և իրենց հետևորդներու թիվը միլիոններու կը հասնի:
«Իթթիհատ» թուրք ամենամեծ կուսակցութիւնը այս տարրերէն կը բաղկանար, որոնք շնաբար լակեցին Հայ ազգի ընտրանի դասակարգին արիւնը՝ մեկ ու կէս միլիոն զոհեր խլելով: Դարերով արդեն կուտակված ու հազիվ երեք միլիոնի հասնող մեր ազգի կէսը բնաջնջուած ու կէսն ալ հարիւրին՝ իննսունով ցան ու ցրիվ աշխարհի չորս հովերուն ցրուեցին, որպէսզի այս բեկորներն ալ ճերմակ ջարդով սպառին ու անհետանան, և իրենք՝ այդ բորենիները տերը դառնային վերջնականապէս Հայոց Աշխարհին:

Այս ծրագիրը գործադրեցին ու սրբեցին Թրքահայաստանի Հայութիւնը և յաջողեցան: Ինչու որ՝ մինչև այսօր ալ թուրքը չի պատժվեցավ ու, ընդհակառակը, այսպէս կոչուած «քաղաքակիրթ ազգերու» հոգածութեան առարկան դարձավ՝ ի խնդիր իրենց աշխարհագրական ձգտումներուն ու ազգային շահերուն»…

Տեսարաններ Մարզվանից

…«Խանութիս մէջ այս մտածումներով գլուխս իզուր չարչարելէ յետոյ ձգեցի — ելայ ու, շուկայէն քիչ մը հաց ու մանր-մունր բաներ մը առնելով՝ տուն վերադարձայ մտահոգ ու փակուեցայ տան մէջ՝ խորասուզված իմ խոկումներուս մէջ…
Մինչև ես թաղված էի այս անփոխարինելի կորուստներու հոգերով ու մեր անստույգ կացութեան մինչև ուր հասնիլը կը մտածէի՝ կինս մօտեցաւ ինծի ու կարգ մը հարցումներ ուղղեց, թէ ի՞նչ տեսած էի՝ դուրս ելայ, և ինչու՞ յուսահատածի ձևով այդպէս մտածմունքների մէջ թաղված եմ՝ առանց որևէ բացատրութեան ու խոսիլ անգամ չեմ ուզեր:
Պատասխանեցի, թէ ամեն ինչ կորսուած է մեզի համար, ինչու որ՝ հիմա ես միայն աղքատ Ղազարոս մըն եմ ու չեմ գիտեր, թէ մեր ընտանեկան նավուն ղեկը ինչպէ՞ս պիտի կրնամ կառավարիլ:

-«Խելքդ թռցուցի՞ր, մա՛րդ,- ըսավ խնդալով իմ վրաս,- առաջին անգա՞մն է, որ կողոպտուած ենք այսպէս: Մոռցա՞ր անցեալի կորուստները, որոնք նույնքան անփոխարինելի էին…
Ո՞ր ատեն Հայուն շահածը իրեն ձգած են այս վայրենի թուրքերը:
Մենք անբախտ եղանք այն օրը, երբ չի կրցինք մենք մեզ արտասահման նետել այս դժոխայ երկրէն: Ես արդեն կանուխէն համոզուած էի, որ այս երկրին մէջ որևէ իրավունք մեզի չի պատկանիր: Միայն հիմա դուն ինծի այն ըսէ, թէ հոգինիս ո՞ղջ է ու խելքդ ալ՝ գլուխդ:
Մենք պէտք է աշխատենք մեր գոյութի՛ւնը միայն պաշտպանել, մինչև այն օրը, երբ բախտավոր օր մը արժանի կ’ըլլանք այս հրէշներուն ձեռքէն վերջնականապէս ազատիլ՝ կա՛մ Հայաստան և կա՛մ եվրոպական ազատ երկիր մը երթալ-հաստատուելով: Այն ատեն է, որ մենք կրնանք միայն հանգստութիւն տեսնել ու մեր ընտանեկան բույնը շենցնելու միջոցները խորհիլ:
Մոռցա՞ր միթէ անցեալ շաբթուան գուշակած ու արտասանած խոսքերդ, երբ չէթաները դեռ նոր եկած էին, ու խժդժութիւնները չէին սկսած՝ այն իրիկունը՝ առաջին իրիկունը, երբ ամենքով նստած էինք բակը՝ լուսնի լույսի տակ, և դուք՝ էրիկմարդիկը կարծիքներ կը փոխանակէիք օրուան հարցերէն…
Դուն չէի՞ր, որ կը պնդէիր, թէ կացութիւնը շատ գէշ կը տեսնէիր, մօրեղբօրդ կ’ըսէիր.
«Մօրեղբա՛յր, եթէ միայն հագած շապիկովնուս հոգինիս ողջ ազատինք այս փորձանքէն՝ ես Աստուծոյ փառք պիտի տամ»:
Հիմա փա՛ռք Աստուծոյ, ըսածիդ պէս ալ՝ հոգինիս ազատուեցավ…
Հոգ չէ, թէ բոլորովին կողոպտված…
Ինչու՞ կը մոռնաս ուխտդ և փառք չես տար այն Աստծուն, որ լսեց ձայնդ ու խնայեց մեր հոգիները:
Դուն հոգալու պէտք մը երբեք չ’ունի՛ս հիմա, որ հոգինիս ողջ է: Տե՛ս ամբողջ շուրջդ այն անբախտ հազարավոր ընտանիքները, որոնք կորսնցուցին անդառնալի կերպով իրենց ամուսիններն ու սիրելիները:
Անոնք իրավունք ունին թէ՛ ողբալու և թէ՛ հոգալու: Մենք, ինչպէս ըլլայ, օրական չոր հաց մը գէթ կ’ըրնանք ճարել՝ մեր գոյութիւնը քաշքռտնելու, մինչև մեր վերջնական ազատութիւնը այս մարդակերներու երկրէն»…

Իրավունք ունէր կինս:
Ես իր այդ քաջալերական խոսքերէն բավական սրտապնդվեցայ:
Սակայն իմ շուրջս տեղի ունեցող զուլումներն ալ մի՞թէ մերը չէին և կամ եթէ այս փորձանքէն մենք ազատեցանք հրաշքով մը միայն, ո՞վ կրնար երաշխավորել, թէ այս վերջի՛նը կրնայ եղած ըլլալ…

Ասոնք տակաւին մտածելիք հարցեր էին, սակայն, միւս կողմանէ, վերջապէս, մեր ապրուստը՝ քանի դեռ ողջ էինք… Եվ, ո՞վ գիտէ, թերևս ազատութեան ժամ մը կրնար հնչել անակնկալ կերպով մը…
Չէ՞որ ամեն անակնկալ գոյութիւն ունի աշխարհի վրայ…

Հետևյալ օրը կրկին շուկայ իջայ՝ կերպով մը վերսկսելու առևտրական գործս, բայց ինչո՞վ՝ այդ ես լավ չէի գիտեր:
Սա միայն հայտնի էր, որ վաճառատանս մեկ տարեկան վարձքը վճարած էի դեռ ամիս մը առաջ. խանութը ինծի կը պատկաներ գրեթէ տարուան մը համար:
Մտածեցի՝ խանութը լավ մը մաքրիլ, ու խանութիս փականքներն անմիջապէս նորոգել տալ: Անկէ յետոյ պիտի սկսէի «այբ»-էն առևտրական ասպարեզս:
Ուստի՝ նույն օրն իսկ սկսայ աշխատիլ:

Բոլոր փայտեղէնները վերաշինեցի, ու այդ աշխատանքը լման օր տևեց:
Հետևյալ օրն ալ կողպեքներն առի ու ամրացուցի: Այսպէս՝ կազմ ու պատրաստ վիճակի մէջ արի խանութը:
Երբ ապրանքներու համար թուրք վաճառականի մը մոտ գացի՝ նախկին հարստութենէս հազիվ տասը թրքական թղթադրամ ոսկի գրպանս մնացած էր: Այդ չնչին գումարով ի՞նչ կրնայի առնել՝ մի քանի տուփ լուցկի, մի քանի տուփ ալ սիգարի թուղթի հազիվ կը բավեր…
Ասոր հետ մէկտեղ՝ պէտք էր այսպէս սկսիլ, ուրիշ ճար մը չ’ունէի:

Այս մտածումով մտայ թուրք վաճառականի մը վաճառատունը:
Այս մարդը Բաբերդէն գաղթական եղած էր երեք եղբայրներով միասին՝ երբ Մեծ պատերազմին ռուսները գրաված էին այդ կողմերը, և՝ Մարզուան հաստատված:
Նախապէս, ջարդէն առաջ, առևտրական փորձեր ըրած էի հետերնին, և իրարու ծանօթ էինք…

Այս մարդը զիս քաղաքավարի ընդունեց. երբ զինքը բարևեցի ու սկսավ որպիսութիւնս հարցնել և իր ուրախութիւնը յայտնել, որ ողջ էի մնացել:
Արդեօք իրա՞վ էր, թե՞ կեղծ: Ատիկա քիչ մը տարակուսելի է…
Աթոռ մը հրամցուց և խնդրեց, որ նստիմ ու գլանակ մըն ալ տալով՝ սկսավ կարգ մը հարցումներ ուղղել՝ թէ ինչպէ՞ս այսպէս բարեբախտաբար կրցէր էի ազատուել նմանօրինակ սպանդէ մը և ի՞նչ եղած էին խանութներս:
Ես, իհարկէ, ստիպուած էի հատ ու կտոր պատասխաններ մը տալ, որքան որ կրնայի՝ կարճ կապել, որովհետեւ չէի ուզէր այսպէս նիւթերու վրայ երկար-բարակ խոսակցութիւններու մէջ մտնել իրենց հետ:
Փորձով գիտէի, որ թուրքերէն շատեր, որոնք ինքզինքնին բարեկամ կը ներկայացնեն, օր մըն ալ, երբ առիթը կը ներկայանայ՝ ամենէն ոխերիմ թշնամի կը դառնան (իհարկէ, բացառութիւններ կազմողներ ալ կը գտնուէին մէջերնուն):
Ըսի իրեն, թէ՝ «Իմ ազատուիլս հրաշք մը եղավ պարզապէս, ինչու որ Աստուած չէ ուզէր, որ ես մեռնիմ՝ ո՞վ գիտէ, ո՞ր մեղքիս համար, որպէսզի տակաւին ժամանակ մը ևս տառապիմ՝ քավելու համար իմ գործած մեղքերս և չեմ ալ գիտէր, դեռ ինչե՜ր պիտի տեսնիմ ու ի՞նչ վախճան պիտի ունենամ այս անցավոր աշխարհէն բաժնվելես առաջ: Երանի թէ ես ալ մեռած ըլլայի ամենուն նման, գէթ այլևս վերջացած կ’ըլլար կրած տառապանքներս: Չէ՞որ օր մը ամեն մարդ ստիպուած է մեռնիլ ու թողալ այս աշխարհը:
Հոս՝ երկրի զուարճութիւններէն որքան ալ վայելենք, չենք կարալ հետերնիս բան մը տանիլ: Ուրեմն, կեանքն ի՞նչ է, որ ավելորդ քաշած տառապանքներնիս ալ մեզի գան:
Գալով խանութներուս մասին ուղղած հարցումիդ, ըսեմ, որ մին վառած և մոխրակույտի վերածուած է, իսկ միւսն ալ՝ բոլորովին կողոպտված…
Բարեբախտաբար, խորհեր էին միայն մոմ մը ձգել աղբերուն մէջ, որպէսզի գտած միջոցիս օգտագործեմ զայն: Իրավ ալ, այդ մոմին պէտքը ունէի, ինչու որ զայն անմիջապէս վառելով՝ փակցուցի խանութիս շեմքին՝ սնանկութիւնս յայտարարելու հրապարակավ: Ճիշտ է, որ հիմա սնանկ մըն եմ ես, ու, որպէսզի անօթի չի մնան ընտանիքս ու զավակս, պէտք է սկսիմ նորէն նոր աշխատիլ և ջանալ ապրանք մը հայթայթելու:
Այդ իսկ պատճառով է, որ եկայ ձեր մոտ՝ պզտիկ գնումներ մը ընելու և հազար ղրոշէ ավելի դրամ չունիմ:
Ուստի, դրամիս համեմատ, հաճեցե՛ք ինծի թիթեղ մը, քանի մը տուփ լուցկի և քանի մը տուփ ալ սիգարի թուղթ տալ, որպէսզի խանութ տանիմ:
Թերեւս չոր հացի մը դրամ Աստուած կը պարգևէ»:

«Այդքան մի՛ աճապարեր, բարեկա՛մս,- ըսավ մարդը,- այդ քանի մը մանր-մունր բաներով ի՞նչ առեւտուր կը հուսաս ընել, ուրկէ ալ հացի դրամ ճարես: Հոգ մի՛ ըներ, քանի վիճակին հասցնողներուն աչքերը քէօր ըլլայ: Ձեր ազգը փչանալիք ազգ մը չէր, բայց մենք չի գիտցանք օգտագործել ձեզ այս երկիր՝ աշխատասէր, գործունեայ, արհեստավոր ու վաճառական:
Թուրքիոյ կառավարական գանձը եղողները Հայե՛րդ էիք: Մինչդեռ մեր անմիտ ղեկավարները, փոխանակ օգտվելու այդ Մշտահոս աղբիւրէն՝ զայն ցամաքեցուցին և կամ ըսենք՝ առածը մեղք չի համարվիր:
Փոխանակ մեր տան կովը կթելով՝ անոր տեսակ — տեսակ բարիքներէն օգտվելու, անմտօրեն զայն մորթեցինք ու միսը կերանք:
Թուրք ազգը վերջը պիտի հասկնայ իր գործած անդարմանելի վնասը, սակայն՝ ի՞նչ օգուտ, շատ ուշ է այլևս: Վերջի զղջալը բան մը չ’արժէր: Ինչ որ է, այլևս եղածը եղավ…
Հիմա դառնանք քու խնդրանքիդ:
Ես քեզ առաջուց գիտեմ, որ դուն պարկեշտ և գործունեայ առևտրական մըն ես, ուստի՝ մեծ վստահութիւն ունիմ վրադ»…

Եվ զանազան տեսակների ու տարբեր քանակությամբ՝ պարկերով ու սնդուկներով նպարեղեն է ապառիկ վաճառում՝ վարկով, տրված ապրանքի ցանկը նշելով թղթի վրա՝ երկու օրինակով…

…«Նույն օրն ապրանքները խանութ փոխադրեցի և սկսայ զանոնք կարգի դնել: Իւրաքանչիւր ապրանք շարեցի իրենց տեղերը և նույն օրը կշիռ մը ճարելով՝ հետևյալ օրը սկսայ առևտուրը:
Առաջին օրուան ըրած առևտուրիս արդիւնքը երեկոյին հաշուելով տեսայ, որ հինգ հազարն անցած էր, ինչ որ երբեք չէի յուսար մեկ օրուան մէջ:
Սակայն սա ալ ըսեմ, որ այդ օրը յաճախորդներս միայն Հայե՛րն էին, ինչու որ՝ թէ՛ թալանուած ըլլալով՝ ամեն բանի պէտքը ունէին, և թէ՛ ինձմէ զատ Հայ առևտրական խանութպան մը չի կար:
Թեև խոշոր քանակութեամբ չէին գնէր, սակայն և այնպէս, յաճախորդներս իրարու ետևէ անպակաս էին մինչև երեկոյ»…

…«Մեկ-երկու շաբաթ այսպէս շարունակեցի գործս: Արդիւնքը շատ նպաստաւոր էր. կամաց-կամաց սկսայ տնական ամենակարևոր պիտույքները հոգալ և կահ-կարասիէ մերկացած տուներնիս քիչ մը կարգի դնել:
Սակայն կար մեծ խոչընդոտ մը, որը ինծի վախի կը մատնէր ու ստիպուած էի նկատի առնել այդ պարագան:
Տեղացի թուրքեր, մանաւանդ՝ խանութպաններ, մեծ նախանձով մը կը դիտէին իմ գործունեութիւնս և շատ ակներև կերպով մը կը շեշտէին, թէ ինչպէ՛ս ես կերպով մը ողջ մնացեր եմ այդքան ահռելի կոտորածէ մը վերջ, որպէսզի իրենց շահամոլութեանը արգելք ելլեմ իրենց կողքին:
Չէին հանդուրժէր, որ Հայ մը՝ շնորհիվ իր հայրենակիցներու առևտուրովը, մինակը օգտվի, ինչու որ՝ այն բանը, որ իմ քովս կար՝ Հայերը թուրք խանութներէ գրեթէ բնավ բան մը չէին առներ…
Եվ այս էր բուն իրենց նախանձին շարժառիթը»…

Ստիպված լինելով մի «թուրք ընկերակից» ընտրելու՝ ապահովության նպատակով՝ «իբրև պաշտպան», Նշան Զօրայեանն առաջարկում է իր նախկին ծանոթներից՝ պատկառազդու մեկին, որից Մարզվանի թուրքերը վախենում էին և որը, սակայն, «իսլամի կրոնի խիստ հետևող» լինելով՝ իր խղճին դեմ գնալով հարստության չէր տիրացել, ինչպես մյուս թուրքերը…
«…Հոգ չէ՛, թէ շահելիքիս կեսն ալ անիկա վայելեր:
Օրուան կացութիւնը ա՛յդ կը պահանջէր»…

Իր կենդանության վերջին օրերին՝ 1952 թվականին գրված այս անավարտ Հուշերը թերևս շատ կշարունակվեին, եթե չընդհատվեր Նշան Զօրայեանի կյանքը՝ հիվանդության պատճառով:

Իր հուշագրության սկզբում նա հիշատակել է այդ դժնդակ ու տառապալից տարիներից հետո՝ թուրք-հունական պատերազմի ավարտով ընձեռնված հնարավորության միջոցով բազմահազար Հայերի նման, իր ընտանիքով Ֆրանսիա մեկնելը, ուր, շատ չանցած, իր երկու զավակները հայտնվեցին Երկրորդ Համաշխարհային պատերազմի հորձանուտում՝ իրենց կյանքը վտանգելով…

Վերջին այդ հատվածից մի դրվագով էլ կավարտենք այս Հուշերը՝ հաջորդ գրառմամբ…

Facebook Comments