«ԱՇԽԱՐՀԸ ԾՈՎ Է, ԵՎ ՄԱՐԴԻԿ ԱԼԵԿՈԾՎՈՒՄ ԵՆ ՆՐԱ ՄԵՋ»…
(ԿՐԿԻՆ «ԿՏՐԻՃՎՈՐԱՑ ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ) — ՄԱՍ Ա
Հազարամյակների պատմության ընթացքում Հայոց աշխարհի դիմագրաված քաղաքական և տնտեսական փոթորիկների արդյունքում Հայ ազգի մի ստվար հատված ստիպված բաժանվել է Հայրենիքից՝ բնակություն հաստատելով զանազան երկրներում:
Այդ նոր գաղթավայրերում սփռված Հայությունն իր ազգային նկարագիրը չկորցնելու մտահոգությամբ՝ ձգտել է իրենց ձևավորած համայնքներում հնարավորինս պահպանել հայրենի ավանդույթները:
Եվ «մայր ծառից» հեռացած, օտար ափերում ցրված «ճղակտոր» այդ բեկորները՝ գաղթականության կորստաբեր հետևանքները դիմագրավելու նպատակով, կազմակերպել են իրենց ներհամայնքային կյանքը:
Բազմաբնույթ միություններից են հնագույն ժամանակներից եկող՝ «Միհրականության եղբայրության» սկզբունքով գործած «Կտրիճվորաց եղբայրությունները», որոնց գործունեությանն առնչվող տարբեր նյութեր են պահպանվել զանազան դարերից, իհարկէ, ժամանակի թելադրանքով՝ քրիստոնեությանը հարմարեցված:
Անիում, Կարինում, Վանում, Երզնկայում և այլուր գործող «Կտրիճների եղբայրությունների» օրինակով հետագայում նման կազմակերպություններ ձևավորեցին և Ռումինիա, Մոլդովա, Ուկրաինա, Լեհաստան, Հունգարիա հասած Հայորդիք։
1280 թվականին Երզնկայում ստեղծված «Եղբարց միաբանութեան» համար Հովհաննես Երզնկացու կողմից գրված «Սահման և կանոնք»-ը, որը պահպանվել է Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի թիվ 2329, 652 ձեռագրերում, ուսումնասիրել և 1951 թվականին հրապարակել է պատմաբան Լ. Խաչիկյանը:
Փոխօգնության և օժանդակության հիմունքներով միավորված երիտասարդներին ղեկավարում էր «Մանկտավագը» («մանկտի»՝ «պատանի, երիտասարդ, զինվոր» իմաստով և «ավագ»՝ «ղեկավար անձ»): Հիշյալ բառը հանդիպում է նաև Ուկրաինայի պետական արխիվում պահվող նյութերում՝ ապացուցելով «Կտրիճների եղբայրության» գործունեությունն այդ շրջանում ևս:
Ըստ 16-17-րդ դարերում Կամենեց — Պոդոլսկ, Յազլովեց քաղաքների «Կտրիճվորաց եղբայրությունների» կանոնադրությունների՝ ամուրի երիտասարդների մասնակցությամբ նրանք կազմակերպում էին հասարակական կյանքն ու կենցաղը՝ պահպանելով բարիդրացիական հարաբերություններ հարևան ժողովուրդների հետ, անհրաժեշտության դեպքում զինված պայքարով պաշտպանում էին նաև իրենց բնակության քաղաքը:
«Կամենիցից բացի «Կտրիճվորաց եղբայրություններ» են եղել նաև ուկրաինական մի քանի այլ քաղաքների հայկական գաղութներում։ Լվովում հայերեն գրված եկեղեցական մի ժամանակագրությունից տեղեկանում ենք, որ 1690 թ. նոյեմբերի 10-ին Լեհաստանի Հայերի Վարդան արքեպիսկոպոսը հատուկ կոնդակով հաստատել է Ստանիսլավի «Կտրիճվորաց եղբայրություն»-ը, որը հիմնադրել էր Նիկոլ Թորոսովիչ տխրահռչակ արքեպիսկոպոսը»,- գրում է Վ. Ռ. Գրիգորյանը:
…«Աշխարհը ծով է, և մարդիկ ալեկոծվում են նրա մեջ, ամեն փորձանք հնարավոր է,- ասվում է Երզնկայի կանոններից մեկում,- և եթե «եղբայրներից» որևէ մեկն ընկնի դժբախտության մեջ, մյուսների պարտքն է օգնության շտապել նրան՝ թե՛ նյութապես և թե՛ բարոյապես»։
Նույն այս միտքը տարբեր բառերով կրկնվում է և մյուս կանոնադրությունների մեջ։
(՛Եւ թէ ոք ի տկարութիւն և ի ցաւ հիւանդութեան մարմնոյ անկանիցի,- կարդում ենք Երզնկայի կանոններում,- յամենայն աւր եղբայրութենէն ի տեսութիւն գնասցեն և զհիւանդացեալն մխիթարեսցեն, և դեղով և բժշկով ձեռնտու լիցին»):
«Աւագ եղբայրն քաղցրութեամբ խրատեսցէ և կրտսերն հնազանդութեամբ լուիցէ», — կարդում ենք Երզնկայի կանոնադրության մեջ: Նույնն է կրկնվում նաև Յազլովեցի կանոններում, բայց այլ բառերով…
Բնականաբար, պատմական տարբեր ժամանակներում և տարբեր երկրներում ստեղծված այդ կանոնադրությունները, որոնք նկատելի կերպով հարմարեցված են տեղական պայմաններին, միմյանց և Երզնկայի կանոնադրության հետ համեմատած ունեն առանձին տարբերություններ»…
«Յազլովեցի Հայ «Կտրիճվորաց եղբայրության» կանոնադրությունը, որը հրատարակվում է առաջին անգամ, արժեքավոր սկզբնաղբյուր է ոչ միայն այդ ուշագրավ կազմակերպության, նրա կառուցվածքի, այլև ողջ գաղութի ղեկավար մարմինների ու առանձին գործիչների վերաբերյալ։
Ինչպես Լվովում, այնպես էլ Յազլովեցում երիտասարդների կազմակերպությունը ենթարկված է եղել գաղութի ավագների խորհրդին: Նրա կանոնների մշակմանն ու հաստատմանը մասնակցել են գաղութի ղեկավարներն ու հոգևոր գործիչները»…(Վ. Ռ. Գրիգորյան, «Յազլովեց քաղաքի Հայկական գաղութի «Կտրիճվորաց եղբայրության» կանոնադրությունը»):
Շարունակությունը՝ հաջորդիվ…