«ՀԱՅՈՑ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԸ», (Մաս Բ)
Հ. ԱՃԱՌՅԱՆ

Սկիզբը՝ նախորդ հրապարակմամբ:
«Որեւէ լեռ, լիճ, ծով ու գետ մշտնջենական կեանք ունի. որեւէ քաղաք կամ գիւղ հարիւրաւոր ու հազարաւոր տարիների կեանք ունի. հետեւաբար և նրանց անունը ընդհանրապէս մնայուն և տեւական է: Բայց անձերի կեանքը առ առաւելն մի դարի տեւողութիւն ունի:
Անցնում է սերունդը, փոխւում են գաղափարները, փոխւում են ազդեցութիւնները և անուններն էլ նրանց հետ միասին անհետանում են՝ տեղի տալով նորանոր ձեւերի:
Անձնանունների տեւականութիւնը որոշ չափով կախուած է մի քանի հանգամանքներից, որոնք են.
- Բառի կարճութիւնը —
Չափազանց երկար անունները շուտ են մոռացւում կամ գոնէ այնքան են կրճատւում, որ այլեւս անճանաչելի են դառնում: Աբեդնագով, Ագաթանգեղոս իրենց երկարութեան պատճառով յաջողութիւն չեն գտել կամ շուտ, են մոռացւել: Առաջինի չափ երկար է Աստուածատուր, որ թէեւ շատ սովորական
անուն է, սակայն ո՛չ մի տեղ չի պահւած իր բուն ձեւով, այլ զանազան կրճատումներով դարձել է՝ Ասատուր, Աստուր, Աստիկ, Ասօ, Ծատուր, Ծատի:
Առհասարակ սիրելի են երկավանկ անունները. երկուսից աւելի վանկ ունեցող անունները կրճատւում են. սրա համար է, որ Մարտիրոսը դառնում է Մարտօ, Մրտօ, Մարտիկ.— Մկրտիչը դառնում է Մկըր, Մկօ, Միկիտ, Միկիչ, Մուկուչ.— Հռիփսիմէն դառնում է Հոռոփ, Հոռոմ, Հուռի: — Եղիսաբէթը դառնում է Եղիս, Եխսա, Եխսօ, Սաբէթ, իսկ եւրոպական լեզուների մէջ էլ՝ Էլիզ, Էլիզա, Լիզա, Իզաբելլա, Զաբել, Բելա և այլն: - Բառի ներդաշնակութիւնը —
Իւրաքանչիւր ազգի և ժողովրդի գեղարուեստական ճաշակի համաձայն՝ խժալուր և տգեղաձայն համարուած անունները բնականաբար շուտով ջնջւում են, իսկ ախորժելի հնչիւն ունեցող անունները միշտ աւելի են փնտռւում: - Նշանակութեան գեղեցկութիւնը —
Անիմաստ կամ տգեղ համարուած մի անուն աւելի շուտ է հնանում և քաշւում ասպարէզից, քան թէ նշանակութեամբ գեղեցիկ մի անուն… Վարդուհի շատ հին անուն է, գոյութիւն ունէր 5-րդ դարում, յիշւում է Յայսմաւուրքի մէջ և դեռ երկար պիտի ապրի: Այսպէս նաեւ՝ Շուշան կամ Շուշանիկ: Նոյնչափ ախորժելի են Մանիշակ, Սիրանոյշ, Հրանոյշ, Վարսենիկ և այլն, մինչդեռ Ագապի, Եվպրաքսիա, Հեղինէ, Կատարինէ մոռացուած ու անհետացող անուններ են արդէն: - Այն հանգամանքը, որ պատահաբար այն անունը կրող անձերը եղել են նշանաւոր և անմոռանալի մարդիկ, պատճառ է դարձել, որ այն անունները երկար ապրեն. այսպէս Աբգար, Վարդան, Հայկ, Ներսէս, Սահակ, Մեսրոպ անմոռանալի անուններ են, որովհետեւ մեր պատմութեան մէջ ունեցել ենք այս անուններով կոչուած նշանաւոր անձնաւորութիւններ: Իսկ Վասակ, Յուդա, Մերուժան՝ մեռած, անգործածելի անուններ են, որովհետեւ այս անուններով գտնուած են նշանաւոր մատնիչներ և դաւաճաններ: Անունը ինքնին այստեղ նշանակութիւն չունի. Վասակ բառը իրապէս աւելի գեղեցիկ է, քան Վարդան. բայց «ուրացող» Վասակի վատ յիշատակը մոռացնել է տուել այդ անուան գեղեցկութիւնն ու ներդաշնակութիւնը: (Երկպառակութեան պատճառով տեղի ունեցած այդ պատերազմում Վասակը՝ հաւատարիմ ազգային ակունքներին՝ Հայոց Նախնիների քաջագործութիւններով էր ոգևորում Հայորդիներին, Ղևոնդ երեցը՝ որպէս քրիստոնեայ, Հայ զինուորներին այլ ազգի նախնիներին էր հիշեցնում՝ Աբրահամին, Իսահակին… Կ. Ա.)
- Կրօնական կամ ազգային գաղափարները.— Սրանք ժամանակի բերմունքի համեմատ են: Կար ժամանակ, երբ կրօնական զգացմունքը կեանքի գլխաւոր վարիչն էր. այն ժամանակ անունները աւելի կրօնական էին, ինչպէս՝ Աստուածատուր, Թորոս, Կիրակոս, Մարկոս, Ղուկաս, Մատթէոս, Պետրոս, Պօղոս և այլն: Կրօնական զգացմունքը անցաւ գնաց և տեղի տուեց զուտ ազգային շրջանին: Դա էր անցեալ դարի կէսին: Այն ժամանակ կրօնական անունները այլեւս անախորժ դարձան և նրանց տեղ սկսեցին Հայ ազգային անունները — Վարդան, Երուանդ, Զարեհ, Գուրգէն, Արտաշէս, Հրաչեայ, Զարմայր, Պարոյր և այլն:
Եթէ ուզենանք հայ անձնանունները դասաւորել իրենց ուրոյն խմբերով և ներկայացնել այն ազդեցութիւնները, որոնց ենթարկուած են նրանք մեր հնագոյն շրջանից սկսած մինչեւ այսօր, կտեսնենք, որ նրանք կազմում են 15 խումբ, որ համապատասխանում են 15 շրջանի, որոնք հետեւեալներն են՝ ժամանակագրական կարգով.

- ՆԱԽԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ
Նախահայկական անունները պատկանում են այն ժողովրդին, որ գրաւում էր Հայաստանը: Հայոց լեզուն, անշուշտ, շատ բան վերցրեց նրանցից. այս կարգին են պատկանում մեր տեղանունները:
Գրեթէ ստոյգ է, որ Հայաստանի տեղանունները ամենամեծ մասամբ նախահայկական (խալդեան) փոխառութիւններ են. ինչպէս՝ Արարատ, Վան, Արճէշ, Կարին, Մասիս և այլն, և այլն, որոնք հայերէնով չեն կարող մեկնուել ամենեւին: Քիչ առաջ բերուած պատճառաբանութեամբ՝ շատ աւելի սակաւաթիւ են անձնանունները:
Սրանց մէջ կարող ենք յիշել Արամ և Մանավազ: Առաջինը, անշուշտ, ծագում է խալդեան Արամէ նշանաւոր թագաւորի անունից (Նրանց միջև գրեթե մեկ հազարամեակի տարբերութիւն կա, Կ. Ա.): Երկրորդը շատ նման է հնչում Մենվաս արքայական անուան, բայց դա պատահական է և Մանավազ իրանական անուն է: Մի կողմ ենք թողնում այն բազմաթիւ անստոյգ ձեւերը, մասնաւորապէս նախարարական տոհմանունները, որոնք զանազան հեղինակների կարծիքով՝ ծագում են նախահայկական խալդեան անուններից:

- ԱՆԾԱՆՕԹ ԱՆՈՒՆՆԵՐ
Խորենացին իր Պատմութեան Ա. գրքում տալիս է մեզ Հայ անունների մի խումբ, որոնց ծագումը բոլորովին անյայտ է: Այս կարգին են պատկանում Հայկ, Արմենակ, Արամայիս, Ամասիա, Հարմա, Արա, Դարդոս և այլն, և այլն, որոնք ապահովապէս հայերէն չեն, քանի որ չեն կարող մեկնուել հայերէնով: Թէ արդեօք սրա՞նք էլ պատկանում են խալդեան շրջանին և կամ հաթեան անունների մնացո՞րդ են և կամ փռիւգական որեւէ լեզուի՞ց են փոխ առնուած և կամ թէ վերջապէս Խորենացու հնարածնե՞րն են (գոնէ մի քանիսը), կարելի չէ գիտութեան այժմեան վիճակում ստուգապէս որոշել: Ստոյգ է ինձ համար, որ Մուշեղ, հայոց պատմութեան մէջ այնպէս սովորական մի անուն, փոխ է առնուած հաթեան Մուրշիլի անունից: Այս անունով են կոչւում հաթեան մի քանի թագաւորներ (տե՜ս իմ Հայոց Լեզուի Պատմութիւն, Ա. հատոր, էջ 149):

- ԲՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ
Բուն հայկական անունների առաջին շրջանը ընկնում է Արշակունեաց ժամանակ: Ագաթանգեղոս, Բիւզանդ, Կորիւն, Խորենացի, Փարպեցի և Եղիշէ աւանդում են մեզ այս կարգի բազմաթիւ անուններ, որոնք կրկնւում են նաև յաջորդ պատմիչների մօտ: Այս անունները զուտ հայկական են, որովհետեւ մեկնւում են հայերէն լեզուով. ինչպէս՝ Արձան, Տիրայր, Այրուկ, Աստղիկ, Գիւտ, Թաթիկ, Թաթուլ, Թոռնիկ, Իշխան, Եղբայր, Երանեակ, Զարմայր, Բազուկ, Գոռակ, Առնակ և այլն: Բուն հայկական անունների մէջ շատ սովորական են կենդանիների և թռչունների անունները, ինչպէս՝ Առիւծ, Այծեմնիկ, Կորիւն, Արտոյտ, Գառնիկ, Եզնիկ, Ցլիկ, Ընջուղ, Մրջիւնիկ և այլն:
Բուն հայկական անունները, ինչպէս ասացինք, պատկանում են Արշակունեաց շրջանին, աւելի որոշ խօսելով՝ նախաքրիստոնէական հայութեան: Քրիստոնէութիւնից յետոյ սրանք սկսում են կամաց-կամաց տեղի տալ. Մեծ Անիշխանութեան կէսից յետոյ, արաբական տիրապետութեան և Բագրատունեաց թագաւորութեան ժամանակ չափազանց սակաւաթիւ են դառնում և Ռուբինեանց ժամանակ բոլորովին անհետանում են: 19-րդ դարի կէսից յետոյ, երբ սկսեց հայկական զարթնումը, բուն հայկական անունները նորից կենդանացան և նրանցից լաւագոյնները, այսինքն իմաստով գեղեցիկները, պատմութեան էջերից դուրս բերուելով, նորից գործածուել սկսեցին՝ ոմանք կրօնական, ոմանք էլ աշխարհական շրջանակներում, ինչպէս՝ Տիրայր, Կորիւն, Եզնիկ, Գառնիկ, Զարմայր, Երանեակ, Իշխան, բայց ոչ Մրջիւնիկ, Ցլիկ, Արտոյտ և այլն:

- ՊԱՀԼԱՒԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ
Պարթեւական ազդեցութիւնը հայոց վրայ չափազանց մեծ է: Պահլաւերէնը Հայ ազնուականութեան լեզուն էր. պալատականները և նախարարները այդ լեզուով էին խօսում, դիւանական յարաբերութիւնները այդ լեզուով էին կատարւում: Զարմանալի չպիտի թուայ, ուրեմն, եթէ ասենք, թէ հին հայոց անունների որոշ մասը, որոնք մենք զուտ ազգային անուններ ենք համարում, պարզապէս պահլաւական փոխառութիւններ են. այսպէս, օրինակ, Վարդան, Վահան, Բագարատ, Ատրներսեհ,
Դրաստամատ, Զարեհ, Սեպուհ, Զոհրապ, Խոսրով, Խոսրովիդուխտ, Համազասպ, Արտաշէս, Գիսակ, Գուրգէն, Անոյշ, Աշխէն, Առաստոմ, Արշակ, Սանատրուկ, Արտաւազդ, Տրդատ, Վռամշապուհ և այլն, և այլն:
Պահլաւական անուններն էլ իրանեան տիրապետութեան անկումից յետոյ սկսեցին մոռացուել: Ռուբինեանց իշխանութեան ժամանակ ամենամեծ մասամբ ջնջուած են արդէն. մնում են միայն նրանք, որ ներկայացնում են մեր պատմութեան ամենամեծ դէմքերը, ինչպէս՝ Վահան, Վարդան, Տրդատ և այլն: Հայկական զարթնումին նորից կենդանացան նրանք և այսօրուան հայութեան ամենասիրելի անուններն են:

- ԱՍՈՐԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ
Քրիստոնէութիւնն ընդունելուց յետոյ, հայերը առաջին անգամ ընկան ասորական ազդեցութեան տակ: Յունաստանը հեռու էր, իսկ Միջագետքը շատ մօտիկ: Բազմաթիւ ասորի քարոզիչներ կային մեր երկրում, ուր նրանք իրենց լեզուն տարածում էին եկեղեցու բեմից: Եկեղեցական պաշտամունքի լեզուն ասորերէնն էր: Աւետարանը ասորերէն էր կարդացւում: Հայ երիտասարդները իրենց ուսումը Եդեսիայի դպրոցումն էին ստանում: Աստուածաշունչը առաջին անգամ ասորերէնից թարգմանուեց: Այս ժամանակաշրջանում մեր մէջ մտան մի խումբ ասորերէն անուններ, ինչպէս՝ Արշամ, Աբգար, Եղիշէ, Գադիշօ, Բարզափրան և այլն:
Ասորական ազդեցութիւնը կարճատեւ եղաւ. շուտով վրայ հասաւ յունական և յետոյ զուտ հայկական քաղաքակրթութիւնը, որոնք խեղդեցին ասորականը: Ասորական անուններն էլ ջնջուեցին և նրանցից հազիւ մէկ-երկուսը կեանք ունեն այսօր. այն է՝ Աբգար և Եղիշէ, որոնք ապրում են շնորհիւ այն հանգամանքի, որ ներկայացնում են մեր առաջին քրիստոնեայ թագաւորի (ըստ աւանդութեան) և մեր ամենից սիրելի բանաստեղծ պատմագրի անունը: - ԵԲՐԱՅԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ
Եբրայական քաղաքակրթութիւնից խորապէս ազդուած ազգերի մէջ գտնւում ենք նաեւ մենք: Ճշմարիտ է, թէ այս ազդեցութիւնը անմիջական յարաբերութեանց արդիւնք չէ և յոյների միջոցով հասել է մեզ, բայց այնքան սաստիկ է եղել այն, որ շատ տարբեր ձեւ չպիտի ունենար, եթէ անմիջական յարաբերութեան ծնունդը լինէր: Քրիստոնէութեան և Աստուածաշնչի միջոցով եբրայեցերէնից անցել է մեզ անձնանունների մի մեծ թիւ, որ 1600 տարուց ի վեր մեր ամբողջ կեանքն է լցնում:
Ադամ, Եւա, Աբէլ, Աբրահամ, Սեթ, Սահակ, Դանիէլ, Գաբրիէլ, Դաւիթ, Եսայի, Յակոբ, Զաքարիա, Սողոմոն և այլն, և այլն: Հայ ժողովրդի բոլոր խաւերի համար այնպէս ծանօթ, այնչափ սովորական, այնքան հայացած և այն աստիճան ընտանի անուններն են, որ դեռ դարեր ու դարեր պիտի ապրեն. և հազիւ թէ կարելի լինի ասել, որ երբեւիցէ պիտի կարենան ջնջուել հայութեան և աշխարհի միջից:
Եբրայական անունները անցել են մեզ Աստուածաշնչի թարգմանութեան միջոցով, և որովհետեւ մեր Աստուածաշունչը թարգմանուած է յունարէնից և ո՛չ թէ ուղղակի եբրայեցերէնից, ուստի այս անուններն էլ կրում են յունական կնիք: Այստեղ ամենացայտուն կէտը հետեւեալն է — յունարէն լեզուի մէջ չկայ «շ» ձայնը. ուստի ուր որ եբրայերէնը ունի «շ», յոյնը դնում է «ս»: Մենք էլ, թէեւ ունենք «շ» ձայնը, բայց հետեւելով յունարէնին՝ դնում ենք «ս»: Այսպէս, օրինակ՝ եբրայեցին ասում է «Երոշլիմ», իսկ մենք ասում ենք «Երուսաղէմ»: Այս երեւոյթը ընդհանուր է բոլոր եւրոպական ազգերին:

- ՅՈՒՆԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ
Յոյնը քրիստոնէութեան տարածիչ և համաշխարհային քաղաքակրթութեան
դայեակն է եղած. չկայ աշխարհիս մէջ մի ազգ, որ յունական քաղաքակրթութեանը որեւէ բանով պարտական չլինի:
Չինացիք անգամ յունարէնից փոխառեալ բառեր ունեն: Առանձնապէս մեր ազգը ամենամեծ չափով ազդուած է յոյներից: Եթէ մեր նախաքրիստոնէական քաղաքակրթութիւնն ամբողջապէս պարթեւական քաղաքակրթութիւնն էր, մեր յետքրիստոնէական քաղաքակրթութիւնն էլ լիովին յունական է: Մեր գրականութեան մի մասը յունականի ընդօրինակութիւնն է. մեր առաջին գրքերը յոյն հեղինակներից են թարգմանուած. և այս բանը շարունակուել է
մինչեւ Ռուբինեանց թագաւորութիւնը: Աստուածաշունչ, Աւետարան, Մաշտոց, Վարք Սրբոց, Յայսմաւուրք, Խորհրդատետր՝ յունարէնից են թարգմանուած կամ յունականի օրինակով խմբագրուած:
Այսպիսի խոշոր ազդեցութեան բնական արդիւնքն է նաեւ յատուկ անունների մի առատ թիւ, որ 4-րդ դարից սկսած մինչեւ այսօր տիրապետում է հայ կեանքի վրայ. օրինակ՝ Անաստաս (յարութիւն), Ղեւոնդ (առիւծ), Վասիլ (թագաւոր), Գէորգ (երկրագործ), Գրիգոր (արթուն), Թէոդորոս (աստուածատուր), Փիլիպոս (ձի սիրող), Կիրակոս (տէրունի), Հռիփսիմէ (անկեալ), Ագապի (սէր), Ստեփան (պսակ) և այլն»…

Շարունակությունը՝ հաջորդիվ…
