«ՀԱՅՈՑ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԸ», (Մաս Գ)
Հ. ԱՃԱՌՅԱՆ

Հ. Աճառյանի՝ «Հայոց անձնանունները» հոդվածի շարունակությունը՝ ստորև (սկիզբը նախորդ երկու հրապարակումներում)…

  1. ԱՐԱԲԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ
    Վերեւում ցոյց տուեցինք, թէ անձնանունները առհասարակ կրօնական բնոյթ ունեն և ըստ այնմ կրօնակից ազգերից առնուելով՝ նրանց կրօնի հետ էլ տարածուել են:
    Ի նկատի ունենալով այս տիեզերական երեւոյթը, տարօրինակ է, անշուշտ, այն հանգամանքը, որ Հայերը, նոյնիսկ քրիստոնէութեան ամէնից պայծառ տարիներում, ընդունել են կրօնապէս իրենց թշնամի ազգերի անձնանունները, ինչպէս արաբների և թիւրքերի: Չգիտեմ թէ ինչպէ՞ս պէտք է մեկնել այս երեւոյթը: Անշուշտ մահմետականները չստիպեցին մեզ, որ մենք բռնի կերպով ընդունենք իրենց անունները: Երեւի այս էլ գերիշխան տարրի բնական ազդեցութեան արդիւնք է, ազդեցութիւն, որ ամէն ձեւի ու ամէն հանգամանքի մէջ էլ իր գործը տեսնում է, և փոքր, նուաճուած ազգերը իրեն է քաշում, իրեն է միացնում:
    Մեր հին պատմութեան մէջ ծանօթ արաբական անուններ են Աբլխարիպ, Աբուսահլ, Համամ, Մլեհ և այլն: Ոմանք նաեւ գործածուած են հայ թարգմանութեամբ, ինչպէս Ճնճղուկ, որ արաբական Համամ համանիշի թարգմանութիւնն է:
  2. ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ
    Ռուբինեանց օրով, յարաբերութեանց աճման հետ, շատացաւ նաեւ լատինական անունների գործածութիւնը, ինչպէս՝ Անտոն, Լեւոն, Զապէլ, Ալիս, Հեթում, Օգոստինոս և այլն: Ռուբինեանց պետութեան անկումով լատին անունները ջնջուեցին և այսօր հազիւ մի քանիսը կենդանի են նրանցից:
  3. ՀԱՅ ԿՐՕՆԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ
    Քրիստոնէութեան տարածումից յետոյ, եբրայական և յունական անունների հեղեղման ժամանակ, ծագեց Հայոց մէջ մի նոր միտք, այն է՝ թարգմանել օտար քրիստոնէական անունները: Յունական Անաստաս անուան դէմ դրին Յարութիւն, Ապոստոլի դէմ՝ Առաքել, Թէոդորոսի դէմ՝ Աստուածատուր, Ստավրիի դէմ՝ Խաչիկ, եբրայական Սեթի դէմ՝ Մխիթար և այլն: Այս երեւոյթը, անշուշտ, յունագէտ հայրերի գործն էր և ազգային նախանձախնդրութեան մի ձեռնարկ հայոց մէջ: Ուշադրութիւն չեն դարձրել նրանք այն հանգամանքի վրայ, թէ արդեօք այդ թարգմանուած անունների բնաձեւը իրապէս գործածակա՞ն է հայոց մէջ, թէ ոչ: Օրինակի համար՝ Անաստաս, Թէոդորոս և այլն հայոց ծանօթ անուններ են եղած, բայց Ապոստոլ, Ստավրի և այլն գործածական չեն եղած մեր մէջ: Թարգմանութեան հետ զուգընթացաբար մտել են նաեւ նոր նմանակերտ անուններ, բոլորն էլ քրիստոնէական կեանքի բացատրութիւններ, Հայ ժողովրդի մտքին ու սրտին մօտիկ ու հասկանալի բառեր, որով մեր անձնանունների բառարանը կրկնապէս ընդարձակուել է: Այսպէս են՝ Համբարձում, Զատիկ, Գալուստ, Մարգար, Տիրատուր, Խաչատուր, Քրիստոստուր, Խաչերես, Ծերոն, Կարապետ, Մկրտիչ, Աւետիս, Աւագ, Մաքրուհի, Սրբուհի, Տիրուհի և այլն, և այլն, որոնք, սկսած այն օրից մինչեւ այժմ, աւելի կամ նուազ չափով գործածական են մեր մէջ:
    Մեր մտաւոր զարգացման պատմութեան տեսակէտով շատ հետաքրքիր էր որոշել, թէ ե՛րբ է այս անունների ծագման ժամանակը:

11. ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ
Հայ կրօնական անուններից դուրս կան բազմաթիւ ուրիշ անուններ, որոնք թէեւ հայերէնի մէջ կազմուած անուններ են, բայց քրիստոնէական հաւատալիքների շուրջը չեն պտտւում, այլ իրենց իմաստով ներկայացնում են աւելի իրական կեանքը և շատ անգամ ներկայացնում են աշխարհիկ բանաստեղծական սիրուն պատկերներ: Օրինակ՝ Թուխծամ — մազերը սեւ, Շաղոսկի — որ ոսկի է շաղում, Վարդիթեր — վարդի թերթ, Հերիքնազ — հերիք ինչքան նազ ես անում: Այս շարքի անուններից են՝ Զանազան, Վարդերես, Լոյսպարոն, Նորարեւ, Վարդըմպու, Անձրեվարդ, Նորվարդ, Նորտիկին, Վարդմանուկ, Քնարիկ և այլն:
Հայ հասարակ ժողովրդի, շինականի բնիկ, հարազատ, իւրակերտ անուններն են սրանք, որ եկեղեցական դասի պաշտած կրօնական անունների և ազնուական դասակարգի սիրած օտար անունների շրջանակում բացառիկ փայլով ցոլում են:

12. ՍԵԼՋՈՒԿ-ԹԱԹԱՐԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ
Հայ ժողովրդական անուններին գրեթէ ժամանակակից են այն բազմաթիւ անձնանունները, որ հայ ժողովուրդը փոխ է առել թաթար, սելջուկ և նորապարսիկ մահմետական ազգերից: Հայ ժողովուրդը ընդհանրապէս շատ լաւ գիտէր այդ լեզուները, որով շատ դիւրաւ թափանցում էր անձնանունների ներքին իմաստին և նրանց մէջ տեսած գեղեցիկ պատկերներից հրապուրուած՝ վերցնում ու որդեգրում էր նրանք: Օրինակ՝ Ասլան-առիւծ, Ջիվանշիր-մատաղ առիւծ, Բահալու — թանկագին, Բայրաք-դրօշակ, Դուլբահար-գարնանային վարդ, Գուլդաստա-վարդի փունջ, Գուլմելիք-վարդերի թագուհի, Գուլնիգար-վարդանկար, Հախբանդա-ծառայ Աստուծոյ, Հախնազար-Աստուածատես, Եթար — բաւական է, Թամամ — կատարեալ, Թանգրիղուլի-Աստուծոյ ծառայ, Թուրֆանտա — նորահաս նուբար, Խութլու-մելիք (թաթարերէն) երջանիկ կամ օրհնեալ թագաւոր:

13. ԵՒՐՈՊԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ
Բոլորովին նոր ժամանակի փոխառութիւններ են սրանք, որ առնուած են ֆրանսերէնից, իտալերէնից և անգլերէնից. գործածական էին բացառապէս արեւմտահայոց, յատկապէս կաթոլիկ հայոց մէջ, ինչպէս՝ Ժօզէֆ կամ Ճուզէփօ (Յովսէփ), Ճիւան (Յովհաննէս իտալական Ջիովաննի), Վալանդին, Ալբերդ, Եդուարդ, Վիքթօրիա, Էօժէն, Վէրժին, Ատոլֆ, Ռոտոլֆ և այլն, և այլն:
Սրանցից իտալական ձեւերը արդէն անհետացան արեւմտահայոց մէջ, իսկ միւսները շատ գործածական չեն այժմ, բացի իգական անուններից, որոնք արականներից աւելի սիրելի են դարձած այն պատճառով, որ իգական անձնանունների մի ճոխ մթերք պակասում է արեւմտահայոց մէջ: Վերջին ժամանակներս Կովկաս էլ մուտք գործեցին եւրոպական անունները, ինչպէս՝ Էմմա, Էլէոնորա (կրճատ՝ Նորա), Ջուլետա, Օֆելիա, Վալենդինա, Եդուարդ, մինչև իսկ՝ Նափոլէոն, Համլէդ, Հէնրի և այլն:

    14. ՌՈՒՍԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ
    Վերջին ժամանակներս զուտ ռռւսական անունները սկսել են բազմանալ ռուսահայ աշխարհում (Կովկաս և մանաւանդ Ռուսաստան): Ռուսահայերից ոմանք ռուսական համապատասխան մի անուն փնտռում գտնում են իրենց վաղեմի անուան տեղ և այս ձեւով էլ գործածում առհասարակ. այսպէս՝ Նիկողոսը դառնում է Նիկոլա, Գէորգը՝ Գէորգի կամ Եգոր, Յովհաննէսը՝ Իւան, Գրիգորը՝ Գրիգորիյ և այլն:
    Այս աշխատանքը այնքան է առաջ գնացած, որ բոլորովին անհամապատասխան անուններ էլ շատ անգամ լծորդւում են իրար պաշտօնապէս, բաւական է, որ երկու բառերի մէջ նմանահնչիւն մի տառ կամ մի ձայն գտնուի:
    Այսպէս՝ Մկրտիչը դառնում է Նիկիտ, Յարութիւնը՝ Արտէմ կամ Արտոմ, Սահակը՝ Սավա, Մարտիրոսը՝ Մարտին, Վաղարշակը՝ Վոլոդիա, Արշակը՝ Արկադի և այլն, որոնք իրար հետ ո՛չ մի առնչութիւն չունեն ամենեւին: Այս «արուեստի» մէջ նշանաւոր են յատկապէս Նոր-Նախիջեւանի հայերը:
    Առանձնապէս յարգի և սովորական են փաղաքշական անունները, ինչպէս՝ Միշա (Միքայէլ), Սաշա (Աղեքսանդր), Մաշա (Մարիամ), Թոդիա (Թէոդորոս), Լիզա (Եղիսաբէթ), Կոլիա (Նիկողայոս), Կատիա (Կատարինէ) և այլն:
    Նոր ռուսական անուններ են՝ Վլատիմիր, Օլգա, Օլիա, Օլինկա, Դուսիա, Դունիա, Մարուսիա և այլն:

    15. ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
    Այս անուան տակ դասաւորում եմ այն հայերէն անձնանունները, որոնք հայկական ազգային ինքնագիտակցութեան զարթնումից յետոյ սկսեցին գործածուել մեր մէջ, այն է վերջին 80-ամեակում: Այս ազգային ինքնագիտակցութիւնը, որ մերժելով զուտ կրօնական և օտար անունները, պատմութեան էջերից դուրս բերեց գրեթէ մոռացուած հայ պատմական անունները և նրանք ընդհանուր գործածութեան դրեց, չբաւականացաւ միայն դրանցով և սկսեց ստեղծել յատուկ անուններ, բոլորն էլ զուտ հայերէն լեզուով և հայ ազգային գաղափարների շրջանակում:
    Ահաւասիկ այսպիսի նոր անունների մի փոքր ցանկ — Հայաստան, Արաքսի, Մասիս, Արարատ, Արմենուհի, Հայկուհի, Ազատ, Սիրանոյշ, Վարսանոյշ, Հրանոյշ, Հրազդան, Հրայը, Հրաչուհի, Բերկրուհի, Վշտիկ, Մարտիկ (ո՛չ թէ Մարտիրոս բառից կրճատուած, այլ հայերէն մարտիկ՝ «կռուող»), Հայկազն, Հայկարամ, Աղաւնի, Արծուիկ, Յասմիկ, Քնարիկ, Արփենիկ, Ազնիւ, Սիրական, Լուսիկ, Լուսնթագ, Գեղուհի, Ազատուհի, Փայլակ և այլն:

      Անունները կախում ունեն նաև տեղից ու հանգամանքից: Հայութեան բոլոր հատուածները, թէ՛ Հայաստանում և թէ՛ գաղթավայրերում, միշտ մի միակ տիրապետութեան հպատակ չեն եղել և, հետեւաբար, մի ազդեցութեան չէին ենթարկուած: Պահլաւական անունները կարող էին Հայաստանի արեւելեան մասերում տարածուած լինել, մինչ յունական անունները՝ աւելի արեւմտեան մասերում, իսկ ասորական անունները հարաւային մասերում: Տեղական զանազանութիւնը աւելի որոշ է ներկայումս: Կովկասի հայերը գործ են ածում ռուսական անուններ, որոնցից ո՛չ մէկը չի մտած Արեւմտեան Հայաստան և գաղութները:
      Հունգարիայի, Լեհաստանի և Ռումինիայի Հայերը բնականաբար ունեն հունգարական, լեհական և ռումինական անուններ, որոնք մեր մէջ իսպառ մուտք չեն գործած:

      Հանգամանքներն էլ մեծ ազդեցութիւն ունեն անունների տարածման վրայ:
      Բարձր դասակարգը, իբրեւ նորութեան ու փայլի սիրահար, սովորաբար հինն ու բնիկը շուտ է մոռանում, օտար անունները աւելի է սիրում և նրանց առաջին փոխառուն է, մինչդեռ հասարակ ժողովուրդը իր ունեցածին աւելի հաւատարիմ է: Պահլաւական անունները առաջին անգամ ազնուական դասակարգի մէջ մտան. թագաւորները, իշխաններն ու նախարարները սիրում էին կոչուել Արշակունի ու Սասանեան արքայական տների անուններով: Ասորական, եբրայական և յունական անունները կրօնական դասակարգի մէջ մուտք գործեցին նախապէս և նրա միջոցով տարածուեցին ժողովրդի մէջ:
      Դրա համար է, որ երբ մէկը ընդունում է կրօնական կոչում, նրա աշխարհական անունը (մանաւանդ եթէ հեթանոսական է) հանում են և տեղը դնում կրօնական անուն, որ լինում է յունական, եբրայական կամ ասորական:
      Այսպէս՝ երբ Տրդատը թողեց արքայական գահը և ճգնաւոր դարձաւ, կոչուեց Յովհաննէս:
      Ռուբինեանց Հեթում սպարապետը երբ թողեց սուրը և վանք մտաւ, կոչուեց Անտոն: Այս սովորութիւնը շարունակւում է մինչեւ հիմա:
      Հայ ազգային անունները գլխաւորապէս Կոստանդնուպոլսում հնարուեցին և կամաց-կամաց դէպի Արեւելք տարածուեցին:
      Երբ ես ծնուեցի (Կոստանդնուպոլիս, 1876 թ.) կարծեմ երկրորդն էի, որ Հրաչեայ անունն ստացայ. մինչդեռ այժմ Հրաչեայ անունը սովորական է դարձել: Եթէ գնանք մի խուլ գիւղ, մեր լսած սովորական անունները պիտի լինեն եբրայական, յունական և թուրքական անունները, իսկ բուն հայկական, պահլաւական, եւրոպական, ռուսական և հայ ազգային անունները՝ հազիւ երբեք:
      Մինչդեռ Կոստանդնուպոլիս, Երեւան և ուրիշ կրթուած կենդրոններ (Թիֆլիս, Զմիւռնիա), առաջիններն արդէն անգործածական են դարձել, և աւելի այս վերջինները գոյութիւն ունեն:

      Նախորդ յօդուածում ես խօսեցի անունների ծագման մասին:
      Իմ ասածների ամփոփումը այս է.

      Անունը այն միջոցն է, որով հասարակութեան մի անդամը (անհատը) զանազանւում է մնացեալ անդամներից: Ամէն անուն մի բառ է, որ ունի իր որոշ նշանակութիւնը:

      Անունները յաճախ ազգից ազգ փոխ են առնւում և ընդհանրանում:
      Հայերը թէեւ ունեն իրենց բնիկ սեփական անունները, բայց դրանք շատ քիչ են:
      Մեր գործածած անունները մեծաւ մասամբ օտար են՝ պահլաւերէն, պարսկերէն, յունարէն, եբրայերէն, թուրքերէն և զանազան եւրոպական լեզուներով, որոնց մէջ դնում ենք նաեւ ռուսերէն անունները:

      Այժմ խօսում եմ ազգանունների մասին…

      Շարունակությունը՝ հաջորդիվ…

      Հ. Աճառյանի դիմանկարը (հեղինակ՝ Մարտիրոս Սարյան)

      Գրանցվեք մեր էլեկտրոնային լրատվական նամակներին, որպեսզի էլեկտրոնային փոստով տեղեկացված լինեք, երբ նոր հոդվածներ կհրապարակվեն: