«ԽՈՋԱՅԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ»
ՄԱՍ Գ

ՀԱՅ ԿՂԵՐԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Արցախում՝ Շուշիի ուղղահայաց ժայռերի ներքո՝ Քարին տակ գյուղի մի բազմանդամ ընտանիքում 1860 թվականին ծնված Առաքել Բաբախանյանը՝ Լեոն, հսկայական ավանդ ունեցավ Հայ մշակույթում իր պատմագիտական ուսումնասիրություններով, արժեքավոր աշխատություններով, հրապարակախոսական հոդվածներով…

Շարունակելով նախորդ հրապարակումները՝ մի հատված ևս Լեոյից՝ ստորև…

«…Եվ չէին իմանում Հայ խակամիտ քաղաքագետները, թե ինչու եղավ այսպես։ Նրանք կարծեցին, թե կայսրի խորհրդականներն էին վատ մարդիկ, ուստի այսպիսի տխուր վախճան ունեցավ իրենց քրիստոսասիրական մուրացկանությունը։
Եվ դարձյալ մնաց այն հավատը, թե կրոնակցությունն Արևմուտքի հետ այն միակ փրկությունն է, որին կարող է ակնկալել Հայ ժողովուրդը։

Նկատենք այստեղ Հայ կղերական դիվանագիտության մի առանձնահատկությունն էլ՝ ամբողջ Հայության անունից նշանաբաններ ձևակերպելը։
«Մահ աստուածպաշտութեամբ, քան զկեանս ուրացութեամբ» — այս նշանակում էր՝ մի ամբողջ աշխարհը պիտի մեռնե՝ քրիստոնեության կամ, ավելի ճիշտ, լուսավորչականության համար։
Եվ դուրս էր գալիս, որ մի բուռն մարդիկ մի ամբողջ ժողովրդի ֆիզիկական գոյության տեր և տնօրեն էին դարձնում իրանց և մատնում էին նրան կոտորածի և բնաջնջման՝ հանդեպ սրանից շատ ուժեղ հակառակորդ կողմի։

Հայ կղերական դիվանագիտության ներկայացուցիչները չգիտեին և երբեք չեն իմացել համրել Հայ ժողովրդից իրանց խլած բոլոր զոհերը։
Հախուռն, անշրջահայաց, անպատասխանատու են եղել և այս պատճառով մի փոքրիկ և տկար ժողովրդի ողջակիզումը կատարել են խղճի հանգստությամբ։

Եղիշեն՝ իր փառաբանած Վարդանանց դժբախտ և աղետալի ապստամբությունն արդարացնելու և հիմնավորելու համար, հավատացնում է, թե ​ամբողջ աշխարհն ուզում էր մեռնել իր կրոնի համար, և ամենքը վազում էին դեպի պատերազմի դաշտը, ինչպես ոչխարները՝ դեպի աղը։
Այս բանաստեղծություն է, որ երբեք չի պակասել կղերական դիվանագիտության՝ թե՛ իրան և թե՛ ուրիշներին խաբելու համար։

Ղազար Փարպեցին տալիս է նույն Վարդանանց պատերազմի նկարագրությունը, և մենք այդտեղ տեսնում ենք ավատական իշխանների հրամանով Ավարայրի դաշտը քշված ճորտ գյուղացիների ամբողջ զանգվածներ, որոնք փախչում են դաշտից պատերազմը դեռ չսկսած։ (Ղ. Փարպեցի, էջ 153):
Ավատական Հայաստանը քարուքանդ եղավ այդ ապստամբությունից, որը պարսիկները ճնշեցին ամենայն անգթությամբ։ Բայց կղերական դիվանագիտությունը ո՛չ սարսափեց այդքան զոհերից, ո՛չ խրատական դասեր առավ ժողովրդական մեծ աղետից։
Եկեղեցու մեջ կար մի գիրք, որ կղերի մեծագույն նեցուկներից մեկն էր կազմում, և որի անունն էր «Տոնացույց»: Այդ գրքի մեջ մտցվեց այսպիսի հիշատակություն.
«Սրբոց Վարդանանց զորավորացն մերոց հազար երեսուն և վեց վկայից, որք կատարեցան ի մեծի պատերազմին»: (Էջմիածնի օրացույց, 1927, էջ 35):
Կղերական դիվանագիտությունն այս շնորհն էր անում կոտորված ժողովրդին և այնուհետև կարող էր հանգիստ շարունակել իր վարքագիծը: (Ծնթ. Միևնույն Օրացույցը Վարդանանց պատերազմից 1464 տարի հետո՝ 1915-ին տեղի ունեցած կոտորածներին վերաբերվում էր այսպես. «Տօն ազգային: Յիշատակ բիւրաւոր նահատակաց յընթացս համաշխարհային պատերազմի. յեկեղեցիս Հայաստանեայց կատարել հոգեհանգիստ»)…

…«Ինչ որ տեսանք մինչև այժմ, նույնը կրկնվում է և այսուհետև երկար և երկար դարերի ընթացքում։ Եվ չի էլ կարելի ասել, թե հոգևորականությունն այսպիսի ղեկավարող դեր երկրի ​քաղաքական ճակատագրի վերաբերմամբ խաղացել է շնորհիվ այն հանգամանքի, որ նա՝ քաղաքական իշխանության անկման և ոչնչացման շրջաններում եղել է Հայ ժողովորդի պաշտոնական ներկայացուցիչը։
Նախ՝ այս հանգամանքը բացասում են մեր 4-րդ և 11-րդ դարերը, վերջինս Անիի թագավորության մեջ, երբ գոյություն ուներ թագավոր (Գագիկ), բայց խաղալիք էր Պետրոս կաթողիկոսի ձեռքում, մի շահամոլ և զզվելիորեն ագահ կղերականի, որ միացած մի քանի ավատական տերերի հետ՝ վաճառեց Հայաստանի այդ գավառային անկախությունը բյուզանդացիներին, բայց և այնպես, կղերական գրականության մեջ ոչ միայն չէ ստացել որևէ կշտամբանք այդ պժգալի գործի համար, այլ դեռ զարդարվել է հրաշագործ սուրբի («Գետադարձ») լուսապսակով։

Երկրորդ՝ խնդիրը ներկայացուցիչ լինելը կամ չլինելը չէ։
Խնդիրը սկզբունքն է, բովանդակությունը, ընբռնումն է, աշխարհայացքը։
19-րդ և 20-րդ դարերում մենք ունենք մի շարք փաստեր, երբ կղերական դիվանագիտության վարիչները հոգևորականներ էլ չեն, այլ աշխարհականներ, անգամ այնպիսիները, որոնք համարում էին իրենց «սոցիալիստ»:

Մեզ մնում է՝ երևույթի ամբողջ տևողականության վերաբերմամբ պատմական ճշտությունը պահպանած լինելու համար, վերցնել «բյուզանդականություն» տերմինը և նրա տեղ դնել «քրիստոնյա Եվրոպա»։ Էությունն, այս փոփոխումից, մազի չափ չի վնասվի երկու կողմերի համար, և դրությունը կմնա հավերժական – մի կողմը, այն է՝ Հայ կղերական դիվանագիտությունը, լացող մուրացկան՝ «Քրիստոսի սերին», իսկ մյուս կողմը, քրիստոնեական դիպլոմատիան՝ ստախոս, խաբեբա, դավաճան, ազգերի արյունը առևտուր դարձնող, ինքն էլ վաճառվող մի բոզ։

Թե որքան չարաղանդ մի մոլություն էր Հայ կղերական դիվանագիտության պաշտամունքը, – այս հանգամանքն էլ Հայոց պատմությունն ընդգծել է մի շարք խոշոր փաստերով։
Առաջին փաստը մենք տեսանք – Պապ թագավորը՝ զոհ։ Նրանից հետո էլ Հայ իրականության մեջ երևացել են գործիչներ, որոնք հասկացել են, թե երկրի քաղաքական շահերը բարձրաբարբառ հրամայում են ձեռք վերցնել կրոնակցության թշվառ հենարանից և փոխադարձության լեզու գտնել հարևան ուժեղ, տիրապետող, բայց ոչ քրիստոնյա պետությունների հետ։

Պապից հետո երկրորդ տեղը պատկանում է Թեոդորոս Ռշտունուն (7-րդ դար), որը՝ զզվելով Բյուզանդիայի խարդախ քադաքականությունից, ​դաշնակցեց արաբների հետ՝ Հայաստանի համար շատ ձեռնտու պայմաններով՝ ընդդեմ Բյուզանդիայի, բայց դրա համար նրա դեմ թշնամություն բարձրացրեց ժամանակի հունամոլ կաթողիկոսը՝ Ներսես Շինողը։

Ավելի փառավոր օրինակ ներկայացնում է Կիլիկիայի Մլեհ իշխանը (12֊րդ դար), մի շատ բացառիկ երևույթ Հայոց պատմության մեջ։ Նա դաշնակցում է հարևան մահմեդական պետությունների հետ, նրանց օգնությամբ հաղթական պատերազմ է մղում տեղական լատինական իշխանությունների դեմ։ Այս միակ մարդն էր, որ մի կողմ նետելով կրոնական նախապաշարմունքները, հենց այդ միջոցով ուժեղացավ այնքան, որ պատերազմերը մղեց մինչև իսկ Բյուզանդիայի դեմ և երբեք չհաղթվեց, մինչև որ Մանվել կայսրն ստիպված եղավ հաշտություն կնքել նրա հետ։

Բայց այսպիսի մի երևույթ չէր կարող տանել Հայ կղերական դիվանագիտությունը, և Մլեհն սպանվեց յուրայինների ձեռքով, հազիվ կարողանալով վարել իր իշխանությունը հինգ տարի։

Մի ուրիշ օրինակ էլ ավելի ևս զարմանալի․ նույն Կիլիկիայի Հեթում թագավորը (13-րդ դար,) որ մոնղոլական աշխարհավեր արշավանքներից իր երկիրն ազատելու համար՝ դաշնակցություն կնքեց մոնղոլների մեծ խանի հետ և դրա համար մի տաժանելի և անսովոր ճանապարհորդություն կատարեց Միջերկրական ծովի ափից մինչև Մոնղոլիայի Կարակորում մայրաքաղաքը։ Հեթումը պարտավորվեց իր զորքերով օգնել մոնղոլական բանակներին, բայց դրա փոխարեն պահպանեց իր պետության խաղաղությունն ու անկախությունը։

Հայ ժողովուրդն, ուրեմն, միանգամայն զրկված չէր իրերն իրենց իսկական արժեքով և նշանակությամբ տեսնելու և կշռադատելու ընդունակությունից։ Բայց մեր բերած այս վկայությունները մնում են կղզիացած ու առանձնացած, իբրև անհասկանալի, հալածվող բացառություններ Հայ կղերական դիվանագիտության կատարյալ և անսահմանափակ տիրապետության ներքո»։

Գրանցվեք մեր էլեկտրոնային լրատվական նամակներին, որպեսզի էլեկտրոնային փոստով տեղեկացված լինեք, երբ նոր հոդվածներ կհրապարակվեն: