«ԿՅԱՆՔԻՍ ՀՈՒՇԵՐԻՑ» (Հ. ԱՃԱՌՅԱՆ)
Մաս Ա

Մոտ կեսդարյա իր գիտական գործունեությամբ Հայ լեզվաբան, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը պեղեց Հայոց լեզվի գանձարանը և գրաբարի, լեզվաբանության, համեմատական քերականության, բարբառագիտության, ստուգաբանության և այլ բնագավառներում կատարած իր բեղուն աշխատանքի պտուղները թողեց սերունդներին:
1876 թվականին Կ.Պոլսի Սամաթիա թաղամասում, արհեստավորի ընտանիքում ծնված Հ. Աճառյանն իր նախնական կրթությունն ստացավ ծննդավայրում՝ Կեդրոնական վարժարանում: Բարձրագույն կրթության ճանապարհները 1895-ին նրան հասցրեցին Ֆրանսիա՝ Փարիզի Սորբոնի համալսարան, որտեղից վերադարձավ հայրենիք՝ շարունակելու իր գիտական, մանկավարժական արգասավոր գործունեությունը տարբեր քաղաքներում…
Կյանքի մայրամուտին թողած իր հուշագրության մեջ վաստակաշատ հայագետն արժեքավոր տեղեկություններ է տալիս Հայ և օտարազգի բազմաթիվ մտավորականների, հասարակական գործիչների մասին։
«Իբրեւ գլուխ եւ իբրեւ սիրտ՝ մեծ ապագայ կը գուշակէի Կեդրոնականին այդ կոչէցեալ աշակերտին համար․․․ ամէն բան ունի յառաջանալու, մեծանալու համար․․․ քանզի բանաստեղծ ալ է։ Եւ հակառակ ասածին՝ խօսքին տեղ գի՛րն է, որ պիտի թռչի ու գայ մեզի»։ (Եղիա Տեմիրճիպաշյանը՝ Հ. Աճառյանի մասին)
Հ. Աճառյանի «Կյանքիս հուշերից» գրքից որոշ հատվածներ՝ ստորև…

ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ
Շատ անգամ մտածել եմ, թե ի՞նչը պատճառ եղավ, որ ես մտնեի այս մասնագիտության մեջ: Այդ միևնույն է, թե հարց տայինք, թե ինչո՞ւ ոմանք այս և ոմանք այն մասնագիտությունն են ընտրում: Արդյոք հակումը բնատո՞ւր է, թե առաջանում է զանազան պայմաններից:
Ես կարծում եմ, թե պայմանները շատ մեծ ազդեցություն ունեն, ինչպես պիտի երևա հաջորդ տողերից:
Մայրս բոլորովին անգրագետ էր: Այսպես եղավ նաև մեծ քույրս, որ մինչև իր մահը Ա տառն անգամ չէր ճանաչում: Հայրս կիսագրագետ էր, բայց շատ աշխատասեր և ուսումնասեր: Երկու փոքրիկ անեկդոտ ցույց կտան իր գրագիտության աստիճանը:
Մի օր գալով դպրոց, հարցնում է հայրս հոգաբարձուներին, թե՝ «Տղաս ի՞նչպես է սովորելու մեջ»։ Պատասխանում են. «Տղադ շատ աշխատասեր է»։ Հայրս ասում է՝ «Ափսո՛ս, աշխատասեր ըլլալու տեղ, աշխատող ըլլար՝ ավելի լավ էր»։
Մի ուրիշ անգամ տուն եմ բերում իմ ստացած դպրոցական թվանշանները: Մեզ մոտ այն ժամանակ աշակերտի թվանշանը բառով էին գրում և ոչ թե թվով: Իմ թերթի վրա առարկաների դեմ դրված էին մի քանի հատ «քաջալավ», «լավագույն» և մի հատ էլ «լավ»: Հայրս՝ կարդալով այդ թերթը, նկատեց ինձ. «Ինչո՞ւ միայն մի հատ «լավ» ունիս, մյուսները «լավագույն» են»:
Ես վախենում էի ճիշտ հակառակից, որովհետև «լավը» ավելի ցածր էր, քան «լավագույնը», իսկ նա, զարմանալի էր, որ հակառակն էր կարծում:
Ես ասացի. «Հայրիկ, «լավագույնը» «լավից» բարձր է»:
—«Որի՞ն կուզես խաբել, «լավագույն»՝ այսինքն՝ լավի գույն ունեցող»։
Ես երկար բացատրեցի, բայց նա չհամոզվեց և դուրսը միայն, սրճարանում հարցնելով իմացավ զարմանքով, թե «լավագույնը» «լավից» բարձր է»:

«… Մայրս ունեցել էր մի հորեղբոր որդի, որ քահանա էր և այն ժամանակի համար ուսյալ մարդ էր համարվում: Նա մեռել էր, և նրա գրքերից մեկը ժառանգություն էր ընկել մորս: Դա մի փոքրադիր «Հայոց պատմություն» էր, տպված Վենետիկ: Հեղինակի անունը և տպագրության թվականը չեմ հիշում, բայց գրքի արտաքինը լավ եմ հիշում:
Հայրս՝ չափազանց սիրելով Հայոց պատմությունը, ինձ շարունակ կարդալ էր տալիս ոչ միայն հանգստի, այլև աշխատանքի ժամանակ:
Նա իր խանութում, որ մի ժամանակ գտնվում էր մեր պարտեզում կամ, երբ սենյակում սեղանի առաջ նստած աշխատում էր, ես էլ դիմացը նստած կարդում էի այդ գիրքը: Երբ գիրքը վերջանում էր, նորից էր կարդալ տալիս։ Այդպես շարունակ:
Այնպես որ, կարող եմ ասել, որ այդ գիրքը մի քանի տասնյակ անգամ կարդացել եմ: Գրքի վերջում դրված էր Հայոց բոլոր նահապետների և թագավորների անունների ցանկը` Հայկից մինչև Լևոն Զ: Այնքան շատ էի կարդացել, որ մինչև այսօր անգիր գիտեմ այդ ամբողջ ցանկը և մեքենայի նման կարող եմ կրկնել:
Այսպիսով ծնվեց իմ մեջ անշիջանելի սեր Հայոց պատմության, որ հետո անցավ ընդհանուր պատմության:
Կարդացել էի ամեն ազգի պատմություն, որ կարողացել էի ձեռք բերել։ Ամեն մի գիրք, որի խորագրում գրված էր լինում «Պատմություն», ձգող հրապույր ուներ միշտ ինձ համար, և մեծ սիրով կարդում էի՝ նույնիսկ եթե լիներ «Պատմություն թոչնոց»:

Հայրս ինձ համար առել էր Larousse -ի ֆրանսերեն բառարանը:
Այդ գրքի երկրորդ մասում, ինչպես հայտնի է, գտնում ենք անունների մեծ ցանկ. այնտեղ նշանակված են զանազան երկրների թագավորների անունը, թվականը և կյանքը, բառարանի այբուբենական կարգով: Ես, ողորմելի միամիտ մանուկ, այդ բոլոր անունները ըստ երկրների և ըստ ժամանակագրության կանոնավոր ցանկի վերածելով՝ մի աշխատություն էի կազմել: Եվ ինձ համար ամենամեծ հաճույքն էր կարդալ, օրինակ՝ Ֆրանսիայի թագավորների ժամանակագրական շարքը. այսպես և՝ ուրիշ երկրների: Կարծես, թե այդ երկրները իրենց համար սեփական պատմության գիրք կամ ձեռնարկ չունենային:
Այսպես, ուրեմն, մանուկ հասակիս ինձ առաջնորդ ունենալով այն Հայոց պատմության հատորիկը, սեր էի ստեղծել իմ մեջ դեպի Հայոց և ընդհանուր պատմությունը։ Այդ սերն էր, որ պատմությունից թեքվեց դեպի ազգերի լեզուները, ուրիշ խոսքով՝ պատմությունից անցա լեզվաբանության:
Լեզվի համար էլ ոչ մի ուղեցույց չունեի։ Մեր փողոցի ծայրին մի հույն նպարավաճառ կար. խնդրեցի նրանից, որ տա ինձ հունարեն այբուբենը. սովորեցի բոլոր տառերը և այդ փոքր հասակիս ազատ կարդում էի հունարենը:
Մի քանի փողոց այն կողմ մի հրեա փերեզակ կար, որից երբեմն գնումներ էինք անում: Փերեզակը սպիտակ մորուքով պատկառելի և բարի ծերունի էր: Ակնոցը աչքերին, գլուխը կախած գրքերի վրա, և ըստ իրենց տովորության՝ միշտ օրորվելով կարդում էր: Նրանից էլ խնդրեցի. որ տա ինձ եբրայական այբուբենը, իրենց անուններով և արժեքով: 22 տառերը գրեց մի թերթի վրա, և ես արագությամբ սովորելով, եբրայերեն էլ էի կարդում:
Մեր դպրոցում իբրև օտար լեզու, բացի թուրքերենից, սովորում էինք ֆրանսերեն: Բայց կային դպրոցներ, ուր ֆրանսերենի փոխարեն անգլերեն էին սովորեցնում։ Այդպես էր Սամաթիայի Նոր թաղի դպրոցը, ուր աշակերտում էր մեր հարևանի որդին՝ Երվանդը: Կիրակի օրերը գալիս էր նա մեր տունը և դռան շեմքի վրա նստած պարապում էր ինձ հետ անգլերեն»…
«Դեռ գերմաներենի և ուրիշ լեզուների չէի անցել: Գրաբար շատ լավ էի սովորում և զարմանում էի, ինչպես որ մինչև հիմա էլ զարմանում եմ, թե ինչու ուրիշները այնքան դժվարություն են կրում սովորելու գրաբարը»…
Շարունակությունը՝ հաջորդիվ…

Լուսանկարում՝ Հրաչյա Աճառյանի ծնողները