«ԿՅԱՆՔԻՍ ՀՈՒՇԵՐԻՑ» (Հ. ԱՃԱՌՅԱՆ)
Մաս Դ

Երբ Զեյթունում 1895-ին ապստամբում էին ազատատենչ Հայորդիք և շրջափակված՝ ամիսներ շարունակ քաջաբար դիմադրում՝ առանց սննդի և զինամթերքի…

Հրաչյա Աճառյանի հուշերից կրկին մի քանի էջ՝ ստորև…

ԶԵՅԹՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Տաճկահայ կոտորածների ժամանակ Զեյթունը ապստամբեց տաճիկ կառավարության դեմ: Կռիվների լուրերը օրը օրին հեռագրական գործակալությունը հաղորդում և հրապարակում էր Փարիզում։ Սկզբում գործը լավ էր գնում, հանկարծ վատացավ և մի օր էլ գեռագիրը հաղորդեց, թե Զեյթունը պաշարված է տաճիկննրի կողմից, և թե զեյթունցիք կարոտ են դրսի օգնության:
Այս լուրը շատ հուզեց մեզ. մի խումբ երիտասարդներ պատրաստվեցին մեկնելու Զեյթուն: Ես էլ միացա նրանց հետ և ուզեցի ճանապարհ ընկնել դեպի Զեյթուն:

Միամի՜տ պատանիներ: Ո՞ւր պիտի գնայինք: Զեյթունը ծովափին չէ, որ նավից իջնելով իսկույն մտնեինք անտեղ: Ծովափից մինչև Զեյթուն, լեռների գլխին, ահագին և դժվարանցանելի ճանապարհ կա: Ինչպե՞ս պիտի անցնեինք այդ ճանապարճը, ո՞վ մեզ պիտի առաջնորդներ, ո՞ւր պիտի գտնեինք դրամական միջոցները: Տաճիկները մեզ, օտարերկրականներիս չպիտի՞ նկատեին: Այս բոլորը ոչ ոք չէր հարցնում: Մեկնելուց առաջ ես խոսեցի Մեյեի հետ և ասացի, որ գնալու եմ Զեյթուն կռվելու: Գովեց իմ միտքը, ասաց.

— Շատ լավ եք անում, ամեն մի մարդ պարտական է ծառայել իր ազգին և նեղ օրերին նրան օգնության հասնել։ Բայց արդյոք լավ չէ՞ր լինի մի քանի օր էլ սպասեիք, դեպքերի ընթացքը տեսնեիք և հետո մեկնեիք:

— Անմիջական օգնության կարիք կա,- ասացի ես:
— Իսկ եթե կառավարությունը նախքան ձեր հասնելը ճնշի ապստամբությու՞նը…
— Չի կարող ճնչել:
— Ինչո՞ւ չի կարող ճնշել:
— Որովհետև ամենից առաջ փող չունի իր բանակը կերակրելու համար:
— Կգտնի. կառավարության համար փող գտնելը շատ հեշտ է:

Մի երկու օր սպասեցինք և հանկարծ եկավ նոր հեռագիր.

«Զեյթունցիք գրավել են գայմագամությունը և մի օրվա ճանապարհ շուրջանակի իրենց իշխանության տակն են առել»:

Ուրախացանք և զգացինք, որ զեյթունցիք առ այժմ մեզ պետք չունեն:

Այդ միջոցին Հնչակյան կուսակցությունը պրոպագանդա էր վարում և փող հավաքում Զեյթունի օգտին:

Չգիտեմ ինքը՝ կառավարության պետ և «Հնչակ»-ի խմբագիր Ավետիս Նազարբեկյա՞նցն էր (թավրիզեցի) անձամբ եկավ Փարիզ, թե՞ նրա ներկայուցուցիչը: Ընդհանուր ժողով գումարեցին Փարիզում. բոլոր Հայերս ներկա էինք: Նախագահը ազդու ճառ խոսեց և առաջարկեց տեղնուտեղը հանգանակություն սկսել:
Ես, բոլորովին աղքատ դրության մեջ, պատառ հացի կարոտ, մի րոպե որսացի և մեր ուսանողների ավագին դրսում բռնելով հոգեպահուստ 20 ֆրանկս նվիրեցի, խնդրելով, որ իմ անունը երբեք չտան: Երբ կարճ դադարից հետո ժողովը շարունակվեց, ավագը վեր կացավ և հայտնեց.
«Մեր ուսանող ընկերներեն մեկը, որ ուտելու հաց չունի, 20 ֆրանկ նվիրեց պայմանով, որ իր անունը երբեք չհայտնվի. օրինա՛կ առեք իրմեն»: Բոլորը երեսս էին նայում, որովհետև ինձնից ավելի կարոտ ուսանող չկար:

Անցան ամիսներ: Զեյթունի ապստամբությունը հաջող կերպով վերջացավ: Պետությունների միջամտությամբ տաճիկ կառավարությունը հաշտվեց Զեյթունի հետ զանազան զիջումներ անելով։ Զիջումներից մեկն էլ այն էր, որ Զեյթունի ապստամբապետները (6 հոգի) ազատ մեկնեին Եվրոպա:

Իրոք որ, կարճ ժամանակ անց նրանք եկան Փարիզ: Գումարվեց մի մեծ ժողով, ուր խոսեց Զեյթունի ապստամբապետ Աղասին։ Նա հաջընցի էր, բուն անունն էր Կարապետ Թուր-Սարգիսյան (համար 35-ը), որի հետ ընկերակցել էի Բ դասարանից մինչև վերջ:

Կարապետ Թուր-Սարգիսյան (Աղասի)

Շատ աղքատ տղա էր. հայրը սուրճ եփող էր և Ֆինջանջըլար փողոցի ծայրում այնքան փոքրիկ մի խանութ ուներ, որ միայն ինքը կարող էր տեղավորվել. երբ ես գնում էի նրա մոտ, ստիպված էի մայթի վրա կանգնել:

Այնքան աղքատ էր Կարապետը, որ հագնելու շապիկ էլ չուներ, և մի օր ֆիզիկայի ուսուցիչ ֆրանսիացի Բլանշոնը չամաչեց նրա երեսին տալու նրա աղքատությունը և ասաց.
— Ամո՛թ քեզ, հագնելու շապիկ էլ չունես:

Եվ իրոք, մարմնի վրայից ուղղակի բաճկոնն էր հագած: Դ դասարանից նա մտավ հեղափոխական գործունեության մեջ: Եվրոպայից հրացան էին փոխադրում դեպի Հայրենիք: Մի օր Կարապետն ինձ ցույց տվեց այդ հրացաններից մեկը. արտաքուստ նա հովանոց էր, բայց շատ ծանր. կարելի էր բաց անել և արևի կամ անձրևի տակ բռնել, բայց նա միևնույն ժամանակ ներսից հրացան էր: Մի ուրիշ անգամ էլ ցույց տվեց մի ձեռնափայտ, որ սակայն կոթից քաշելով դառնում էր սվին կամ սուր: Կեդրոնականը ավարտելուց հետո նա մեկնել էր Կիլիկիա և Զեյթունի ապստամբության գլուխն էր անցել:

Երկարորեն պատմեց Զեյթունի դեպքերը, որի վերջին դրվագը հետևյալ սրտառուչ դեպքն էր:

Երկար պաշարումից և կռիվներից հետո Զեյթունն այլևս ո՜չ հաց ուներ ուտելու և ո՜չ վառոդ՝ կռվելու. իր մասին ոչ ոք ոչինչ չգիտեր: Պետք էր լուր հասցնել Իզմիրլյան պատրիարքին և իրերի ճիշտ դրությունը հայտնել: Բայց բոլոր ճանապարհները փակ էին, անհնարին էր տաճկական բանակի օղակից անցնել: Մի «անբարոյական կին» հանձն է առնում կատարել այդ գործը: Մտնում է տաճկական բանակը և երգելով, պարելով, զինվորների հետ զվարճանալով բանակը ճեղքում անցնում է, հասնում Մարաշ և այնտեղից հեռագրում Իզմիրլյանին: Պատրիարքը իսկույն դիմում է դեսպաններին և հաշտության գործը հաջողցնում:

Ժողովի նախագահն էր Չոպանյանը:

Արշակ Չոպանյան

Նա հարց տվեց Աղասիին. «Ի՞նչ էր այդ կնոջ անունը»: «Մարիամ»,— ասաց Աղասին: Չոպանյանն առաջարկեց ժողովին վեր կենալ և ծափահարել նրան։ Աղասին գրեց Զեյթունի ընդարձակ պատմությունը, որ Չոպանյանը ֆրանսերենի վերածեց և հրատարակեց Փարիզում:


Աղասին գնաց Ամերիկա: Ավելի ուշ լսեցի, որ նա դժգոհ մնալով հեղափոխական գործունեությունից, անցել է առևտրի և ձեռք է բերել թղթի մի գործարան։ Առանձին խոսակցության մեջ Աղասին ինձ հայտնեց, թե Զեյթունն իր ամբողջ ապստամբության միջոցին դրսից ոչ մի կոպեկ օգնություն չի ստացել. հանգանակված ամբողջ գումարը մտել է «Հնչակ»-ի խմբագրի անձնական հաշիվների մեջ: Նրա կինը (Մարո) այնքան «ազգասեր» էր, որ իր մի ծակ գուլպան անգամ չէր նվիրել ազգին:
Իմ նվիրած դժբախտ 20 ֆանկն էլ Մարոյի գրպանն էր մտել:

ՄԵԾ ՑՈՒՅՑ ՓԱՐԻԶՈՒՄ

Հայկական կոտորածները, Կրետեի ապստամբությունը և հունաց պատերազմը մեծ աղմուկ հանեցին Եվրոպայում:
Ֆրանսիական երեսփոխանական ժողովը ցնցող ճառեր արտասանեց, ազատական թերթերը շարունակ հոդվածներ էին գրում տաճիկ կառավարության դեմ: Ուսանողներն աղմկալի ելույթներ ունեցան և վերջապես կազմակերպվեց մի մեծ ցույց, որի նմանը ես ոչ տեսել էի և ոչ տեսա:
Ամեն տեղ հայտարարություններ էին կպցրած և բոլորին հրավիրում էին մասնակցել ցույցին այսինչ օրը: Ժամադրավայրն էր Պանթեոնի առաջ գտնված հրապարակը: 150.000 հոգի էին ցուցարարները:
Ես էլ առաջին շարքում էի: Ցուցարարների գլխավորը մի լեհացի ուսանող էր, որ գլխաբաց, հովանոցը ձեռքին, աջ ու ձախ հրամաններ արձակելով առաջնորդում էր ամբոխին: Ճիշտ նրա ձախ կողմին ես էի կանգնած: 150.000-անոց ամբոխը Բուլվար Սեն-Միշելից իջավ ցած: Բոլոր պատուհանների և պատշգամբների առաջ ժողովուրդը լցված խանդավառությամբ ողջունում էր:

Երգելով և բարձրաձայն աղաղակներով իջանք մինչև Սեն-Ժերմենի բուլվարը: Այստեղ, բուլվարի հատման կետում, կանգնած էին հեծյալ զինվորներ (մեծ քանակությամբ), որոնք ժպտալով մեզ էին դիտում:
Ոչ ոք մեզ ձեռք չտվեց: Առաջ անցանք: Հանկարծ մեր ետևում տեղի է ունեցել հարձակումը: Երբ մեր բանակի կեսն անցած է եղել, հեծելազորքի գունդը աջ կողմից հարձակվել է ամբոխի վրա, ճեղքել և իրարից բաժանել:

Այսպիսով 150.000 -ը վերածվել էր 75.000-ի: Նույն ձևը գործադրեցին մի քանի անգամ ևս, որով մեր խմբի քանակը շատ կրճատվեց: Բուլվար Սևաստոպոլի վրա ոստիկանները ձերբակալեցին առաջին շարքից 8 հոգի, որոնց համար թերթերը գրել էին. «parmi lesquels un Arménien — որոնց մեջ մի Հայ»:
Այդ Հայը ես էի:
Մեզ տարին ոստիկանատուն: Բավական ցուրտ էր, ոստիկանները կրակ էին վառած, և մենք էլ նրանց հետ կրակը շրջապատելով տաքանում էինք: Բոլոր ոստիկանները խոսում էին մեզ հետ վաղեմի ընկերների նման, ոչ մի դառն ակնարկ ցույցի մասին: Հարցրի, թե մեզ ի՞նչ են անելու: «Ի՞նչ պիտի անենք, պիտի սպասենք մինչև կես գիշեր, որից հետո բաց պիտի թողնենք»:
Նախքան ցույցը, պետությունը հայտարարել էր, թե ցուցարարներին խստիվ պիտի պատժի, և եթե նրանց մեջ օտարահպատակ գտնվի՝ երկրից պիտի արտաքսի:
Կես գիշեր եղավ. մեզ բարի ճանապարհ մաղթեցին: Հետո իմացա, որ ցուցարարների թիվը շարունակ կրճատվելով հասել է 30-ի, նրանք գնացել են տաճկական դեսպանատուն, երգել, բղավել, ապակիները քարկոծել և թողել հեռացել:

ԺՈՐԵՍԻ ՃԱՌԸ

Ուսանողները՝ մի մեծ սրահ վարձելով, այստեղ մի մեծ միտինգ էին կազմակերպել: Սկզբից երկար խոսեց մի տիկին ֆրանսերեն լեզվով…
…Տիկնոջից հետո բեմ բարձրացավ անվանի ազգային գործիչ Մինաս Չերազը, որ նույնպես խոսեց ֆրանսերեն և սկսեց պատմել այն կոտորածները, որոնց զոհ են գնացել Հայերը զանազան քաղաքներում:

Մինաս Չերազ

Սրահը, այն մեծածավալ սրահը ծայրից ծայր լիքն էր ընտիր բազմությամբ:
Ուսանողները հատկապես հրավիրել էին բոլոր երեսփոխաններին, գրական գործիչներին, նշանավոր գիտուններին և այլն: Ամենահետևում՝ ամֆիթատրոնի վրա նստած էինք մենք՝ ուսանողներս:
Ունկնդիրների առաջին շարքերից մեկը հանկարծ բարձր ձայնով ասաց.
«Այդ բոլորը սուտ է»:
Չերազը ցնցվեց, կմկմաց, վախեցած ասաց.
«Ես այդ բոլոր տեղեկությունները քաղել եմ անգլիական աղբյուրներից»:
Ուսանողներն աղմկեցին:
Հետևս կանգնած էր Արտաշես Նետուրյանը՝ Կեդրոնականի սաներից, ինձնից մի տարի ցածր դասարանից, գեղեցիկ, բարձրահասակ մի տղա էր:
Իսկույն թռավ տեղից և իր՝ արագիլի նման երկար սրունքները պարզած, մեր գլուխների վրայից թռնելով, հասավ առաջին շարքը:
Ներքևում այս տղայի կողքին նստած ուսանողները հեծել էին մեջքին, և նա պաշտպանվելու համար գլուխը ցած էր կախել:
Նետուրյանը հասավ և առաջի կողմից մի ուժեղ քացի տվեց նրա քիթ-բերնին:
Ֆրանսիական օրենքի համաձայն, դռան մոտ կանգնած ոստիկանին ներս կանչեցին և հայտնեցին, թե այդ տղան մեր ժողովը խանգարում է. ոստիկանները նրան առին տարին:

Ժ. Ժորեսը՝ ճառերից մեկի պահին

Երբ Չերազը սկսեց կմկմալ… առյուծի պես թռավ տեղից Ժորեսը և իր որոտալից ձայնով այնպիսի՜ մի ճառ սկսեց, որ ամբողջ հասարակությունը ցնծալի ծափերով ողջունեց:

Ժան Ժորես

Նա ասաց.

  • Այդ տեղեկությունները ոչ թե քաղված են միայն անգլիական հեռագրերից, այլ ամբողջ աշխարհին հայտնի են. տաճիկները միշտ կոտորել են քրիստոնյա ժողովուրդներին, այժմ էլ կոտորում են Հայերին:
    Մենք՝ բոլոր եվրոպացիներս, միաձայն բողոքե՜նք և պահանջե՜նք մեր կառավարություններից՝ սանձել վերջապես տաճիկների այդ բռնությունները:
    Որչա՜փ հոյակապ էր Ժորեսի ճառը…
    …Ժողովը վերջացավ և ցրվեցինք:
    Մի ժամանակ հետո համալսարանում տեսա մի տղայի, որի հետ ծանոթանալով խոսում էի: Հանկարծ նկատեցի, որ քիթը ծուռ էր:
  • Ի՞նչ է եղել Ձեր քիթը,- հարցրի:
  • Այս ձեր Հայերն են արել, — ասաց նա,- Չերազի ճառի ժամանակ, երբ ես նկատեցի, թե այդ տեղեկությունները ճիշտ չեն, ձեր Հայերը հարձակվեցին վրաս, և մեկն էլ քացիով կոտրեց քիթս:
  • Դուք ի՞նչ ազգ եք,- հարցրի:
  • Շվեդացի:
  • Ի՞նչ եք ասում, շվեդացիք ազնիվ ժողովուրդ են: Ի՞նչ պատճառ ունեիք վեր կենալու և Հայոց դեմ խոսելու:
  • Ես ոչնչից տեղյակ չէի: Այդ օրը գործով գնացել էի տաճկաց դեսպանատունը. այնտեղ ասացին, որ Չերազը և Ժորեսը պիտի խոսեն Հայոց մասին, բայց, ասացին, նրանց տեղեկությունները Հայոց կոտորածների մասին՝ ճիշտ չեն: Ես էլ ժողովի ժամանակ իմ կարծիքը հայտնեցի:
  • Լավ ես ստացել պատիժդ, ուրիշ անգամ այդպիսի հիմարություն չես անի:
Հրաչյա Աճառյան

Գրանցվեք մեր էլեկտրոնային լրատվական նամակներին, որպեսզի էլեկտրոնային փոստով տեղեկացված լինեք, երբ նոր հոդվածներ կհրապարակվեն: