«ԿՅԱՆՔԻՍ ՀՈՒՇԵՐԻՑ» (Հ. ԱՃԱՌՅԱՆ)
Մաս Գ

Թեև նյութական չափազանց սուղ միջոցներով՝ սակայն ամուր ոգով և հաստատակամությամբ, ստեղծագործական անսպառ եռանդով գիտնական էր Հրաչյա Աճառյանը: Իր ծննդավայրում՝ Կոստանդնուպոլսում նախնական կրթությունն ստանալուց հետո նա հասավ Փարիզ՝ համալսարանում հետևելով համեմատական քերականության, զենդերենի, արաբերենի, սանսկրիտի, պահլավերենի, սեպագրության դասընթացներին:

Հայ ազգի համար դժնդակ ժամանակաշրջանում՝ համիդյան ջարդերի մղձավանջային այդ տարիներին Հ. Աճառյանն օրըստօրէ խորացնում էր իր գիտելիքները: 1898-ին՝ ավարտելով Սորբոնի դասընթացները, Փարիզից մեկնում է Գերմանիա՝ Ստրասբուրգում Հյուբշմանի դասախոսություններն ունկնդրելու:
Վերադառնալով հայրենիք՝ նա անձնվիրաբար իր հայագիտական ծավալուն աշխատություններն է համալրում՝ Շուշիում, Թավրիզում, Կարինում՝ Սանասարյան վարժարանում, Նոր-Նախիջևանում, Երևանում մանկավարժական գործունեությանը զուգընթաց:

Հ. Աճառյանի «Կյանքիս հուշերից» գրքից կրկին փոքրիկ պատառիկներ՝ ստորև:

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1893 թվականի հունիս ամսին սկսեցին մեր ավարտական քննությունները:
Դա մեր պայքարի հաղթանակի օրն էր. մեզ ազատեցին գիտությունների քննությունից, որոնց դեմ պայքարել էինք։ Դժբախտաբար պայքարողներից երկուսը հեռացել էին՝ առանց վայելելու իրենց պայքարի դափնին: Մնացել էինք ես և ողորմելի Բառնաբասը: Վերջին ածականս արդարացնելու համար պատմեմ հետևյալը:
— Բառնաբասը ինձ հարցրեց. «Ի՞նչպես կզանազանես «որ» և «զոր» բառերը»:
Ես պատասխանեցի՝ «Որը ուղղական է, զորը՝ հայցական»: «Ի՞նչպես կհասկնաս, որ մեկը ուղղական է, մեկը՝ հայցական»:

Հ. Աճառյանն իր դասընկերների հետ՝ 1893 թվականին՝ Կեդրոնական վարժարանի մուտքի մոտ (լուսանկարը՝ համացանցից)

Քննությունները Կովկասի ձևով եղան. այսինքն՝ կազմված էր հարցերի ցուցակ, և մենք վիճակ էինք քաշում:

Քննությունները դռնբաց էին, և ամեն ոք կարող էր ներկա լինել և աշակերտներին ուզած հարցումը տալ:
Ես բոլոր քննություններս մի առ մի չեմ նկարագրելու, այլ մի քանի կարևորները:

Նախ՝ Հայոց լեզուն (գրաբար):
Ներկա էին, բացի Գարագաշից և Մոստիչյանից, մի խումբ օտար հյուրեր, որոնցից հիշում եմ Վինննայի միաբան Հայր Գաբրիել Մենևիշյանին, որ նստած էր Գարագաշի անմիջապես կողքին, և Միսաք Գոչունյանին (Քասիմ), որ հայտնի էր իբրև «Նարեկի» թարգմանիչ:

Երբ ես ներկայացա, առաջարկեցին վիճակ քաշել, իսկ ես հրաժարվեցի՝ ասելով.

— Հարցուցե՛ք ինչ որ կուզեք, ես պատրաստ եմ պատասխանելու:

Բոլորը ուրախացան այս հանդգնությանս վրա: Խոսք առավ Մենևիշյանը և ասաց.

— Խորենացվո մասին ի՞նչ կարծիք ունիս:

Այն ժամանակ սուր կերպով դրված էր Խորենացու ժամանակի հարցը: Վինննայի միաբանությունը ընդհանրապես հակառակ էր Խորենացուն, համարելով նրան խաբեբա պատմիչ: Այսպես էր դատում նաև, ինչպես գիտենք, Գարագաշը: Խորենացուն պաշտպանելը համարվում էր պահպանողականություն:

Ես կանգնեցի միջին դիրքի վրա, և ասացի, որ, թեև մեր ուսուցիչ Գարագաշը բոլորովին հակառակ է ավանդական պատմության, բայց մի անգամից ամեն ինչ մերժել և Խորենացուն խծբծանքի ենթարկել՝ վաղաժամ է:

— Ի՞նչ կըսե կոր,- հարցրեց Գարագաշը, որի ականջները ծերությունից բավական ծանրացել էին:

Մենևիշյանը ծիծաղով և բարձրաձայն հայտնեց Գարագաշին.

— Քու աշակերտդ քեզի հակառակ կխոսի:

— Թող խոսի, թող խոսի,- ասաց Գարագաշը,- Վարդանը աղեկ տղա է:

Խոսք առավ Գոչունյանը, որ իմ կողքին նստած էր: Հանեց գրպանից մի փոքրադիր «Նարեկ» և մի էջ բաց անելով առաջարկեց ինձ կարդալ և թարգմանել: Տեսնելով գիրքը Նարեկ է, ես հրաժարվեցի կարդալ, ասելով.
— Մեր ուսուցիչ Գարագաշ էֆենդին մեզի արգիլած է ոչ-ոսկեդարյան գիրք կարդալ, եթե կթույլատրե՝ կկարդամ:
— Ի՞նչ կըսե,- հարցրեց դարձյալ Գարագաշը:
Մենևիշյանը նորից հայտնեց իմ ասածը և ասաց, որ իր հրամանին կսպասեմ:
Գարագաշը արտոնեց:
Ես սկսեցի կարդալ Նարեկը մաքուր առոգանությամբ և զգայուն շեշտով, և երբ ուզում էի թարգմանել, Գոչունյանը առավ Նարեկը ձեռքիցս՝ ասելով.
— Այսքան գեղեցիկ առոգանությամբ կարդալը բավական է ցույց տալու համար, որ աղեկ հասկցած ես, թարգմանել պետք չէ:
Այսպես վերջացավ իմ հայերենի քննությունը. գուցե Գոչունյանն էլ դժվարանում էր հասկանալ Նարեկը և ուզեց պատվով դուրս գալ:

ԼԱԶԵՐԵՆ ԼԵԶՈՒ

Սարը յարի ծովափնյա մեր տան ներքևում մի մեծ սրահ (թուրքերեն՝ խովուշ) կար, ուր բնակվում էին մի խումբ ձկնորս լազեր: Սրանք տոն (փալամուտ ) կոչված ձուկը որսալով կտրատում էին հաստ-հաստ և փոքր տակառների մեջ աղում էին: Կոստանդնուպոլսի արտահանության նյութերից մեկն էր սա:

Լազերը կովկասյան ժողովուրդ են, վրացիներին մոտիկ ցեղակից: Ունեն առանձին լեզու՝ լազերենը: Երբ ռուսները գրավեցին Բաթումին, ամբողջ լազ ժողովուրդը գաղթեց դեպի Տաճկաստան։ Մի մասն էլ Կոստանդնուպոլիս էր եկել:

Երբ ես արմատների բառարանը կազմեցի, որոշեցի ամեն մի արմատի դեմ դնել իր մայր ձևը, եթե կա: Այսպես, «պատկեր» բառի դեմ՝ պարսկերեն pejker, «եպիսկոպոս» բառի դեմ՝ հունարեն episcopos և այյլն։ Բայց շատ բառեր մնացին առանց համեմատության: Որովհետև լազերը կովկասյան ժողովուրդ են, մտածեցի թե կարող են ինչ-ինչ համապատասխան բառեր ունենալ հայերենի հետ:

Բայց լազերը անպարկեշտ ժողովուրդ են. կարելի չէր նրանց հետ մոտիկություն հաստատել: Գտա մի ծերունի լազ, Մեհմեդ անունով: Բաթումիից գաղթած՝ ծովափին նստած միրգ էր ծախում: Գնացի նրա մոտ և բարևելով խոսակցել սկսեցի (թուրքերեն լեզվով)։ Առաջը դրած էր խաղող: Հարցրի, թե սրան լազերեն ի՞նչ են ասում: Պատասխանեց՝ «ղուրջենի»: Ես իսկույն մտածեցի, թե դա մեր «հաղարջ» բառն է (անշուշտ այսպիսի ստուգաբանություն ընդունելի չէ, բայց ես դեռ օրենքներին հմուտ չէի։ Այդպիսի համեմատություններ մինչև այժմ էլ անում են ոմանք, և անում էր միշտ Ն. Մառը): Խաղողի մոտ կար մի խակ ողկույզ. հարցրի, թե սրան ի՞նչ եք ասում:
— Ժուռի:
Այս բառի մասին այլևս կասկած չկար, որ մեր «ժուռ» բառն է:
— Ի՞նչ եք անում այդ ժուռը:
— Քամում ենք և դոլմայի վրա ենք ածում:
— Ինչպե՞ս եք կոչում այդ ջուրը:
— Քացա՛խուրի:

Երեք բառ էի հարցրել, երեքն էլ հայերեն դուրս եկան: Վճռեցի լազերեն սովորել, որպեսզի մնացյալ բառերն էլ հավաքեմ:

Վերցրի Առձեռն բառարանը և ամեն երեկո գնում էի նրա մոտ, սրճարանից մի աթոռ վերցնում, երկուսիս համար էլ մի-մի սուրճ պատվիրում և մի քանի ժամ բառեր հարցնելով, տետրակիս մեջ արձանագրում:

Բառարանից հետո, ախորժակս բացվեց և որոշեցի քերականությունն էլ սովորել:

Որքան դժվար էր անգրագետ մարդու հետ քերականություն պարապել։
Մի օրինակ եմ տալիս — հարցնում եմ, թե «մեռնել» ինչպե՜ս են ասում: Ես գիտեի, թե անգրագետ մարդիկ բառի գաղափարը չունեն, պետք է խոսել ամբողջ նախադասությամբ: Նա էլ հարցրեց. «Ո՞վ մեռավ»։ Մեկին հիշած լինելու համար, ասացի.
— «Ալին մեռավ»:
— «Ի՞նչ ես ասում, ես երեկ տեսա Ալուն. ե՞րբ մեռավ»:
— «Ես սուտ մի բան ասացի»:
— «Ի՞նչ կարիք կա սուտ խոսելու, սուտ խոսելը վատ բան է»:

Այդպես ամբողջ ժամանակ…

…Քերականությունը բառարանից դժվար էր. հոլով չիմացող մարդուց ի՞նչպես հոլով հարցնել:
Ես շարունակ օրեցօր գրած բառերս անգիր էի անում: …

…Մի երեկո լազին ասացի, թե վաղը ես քեզ հետ լազերեն պիտի խոսեմ: Իրոք որ՝ քերականական կանոններն էլ սովորեցի և մյուս օրը կարճ նախադասություններով սկսեցի խոսել ուսուցչիս հետ: Մարդը զարմացավ և ասաց.
«Դու հիմա ինձնից լավ լազերեն գիտես»:
Գիրքն ավելի կատարյալ դարձնելու համար մի քանի երգեր վերցրի, ինչպես նաև՝ դեմ առ դեմ խոսակցություն: Մի երեկո լազը դարձավ ինձ և ասաց. «Թուրք ոստիկանները հետապնդում են քեզ. ի՞նչ գործ ունի, ամեն երեկո նստում լազի հետ խոսակցում է: Մի՞թե հեղափոխական գաղափարներ է ներշնչում: Տե՜ս, ասաց, — երբ լազերը մեկի հետ բարեկամանան, մշտապես բարեկամ կմնան: Այլևս մոտս չգաս, փախի՜ր, եթե կարող ես, քեզ հետապնդում են»:
Հեռացա և այլևս չտեսա իմ լազ ուսուցչին:

Լազերենի օրինակը լավ ցույց է տալիս, թե պատահականությունը ինչքան մեծ դեր ունի մեր կյանքում: Եթե լազերը մեր տան ներքևում չբնակվեին, ո՞րտեղից գաղափար պիտի կազմեի լազերենի մասին: Եվ եթե Մեհմեդ աղան խաղող չծախեր և խնձոր ծախեր, ո՞րտեղից պետք է իմանայի «ղուրջենի, ժուռի և քացա՛խուրի» բառերը, որոնք գրգռիչ հանդիսացան այդ լեզուն սովորելու: Կարծում եք, թե էլ ուրիշ շատ բառեր գտա՞ հայերենի նման. ո՜չ երբեք, այդ առաջին երեք բառերը զարմանալի կերպով առաջինն ու վերջինը եղան: Այնքան հարյուրավոր բառեր հարցրի՝ հազիվ 10 բառ ճարեցի, որոնցից ամենագեղեցիկը՝ omisura = մսուր:


Շարունակենք պատահականության խաղը:
Երբ 1894 թվականին Կարին գնացի, Սանասարյան դպրոցի աշակերտներին ամառանոց տարինք Արտաձոր կոչված տեղը, ուր ամբողջ մի ամիս գիշերեցինք վրանների տակ: Այդտեղ էլ պահակը լազ էր և իմ «լազագիտության» վրա ուրախանալով, լավ բարեկամացավ հետս:

Սանասարյան վարժարանը Կարինում

Գեղեցիկ գիշերներին, լուսնի լույսի տակ մի քանի լազերեն երգեր սովորեցրեց ինձ, որոնք նույնպես իմ ժողովածուի մեջ մտցրի:
Երբ Փարիզ գնացի, ամբողջ նյութը ներկայացրի իմ ուսուցիչ Մեյեին:
Լազերեն լեզուն գրականություն չուներ. ուսումնասիրված էլ չէր, ուստի Մեյեն հաճույքով քննեց աշխատությունս և, իբրև նշանավոր գիտական նորություն, ներկայացրեց Փարիզի լեզվաբանական ժողովին:
Պատիվ ունեցա ես էլ նույն ժողովին անդամ ընտրվելու և գիրքս ամբողջությամբ հրատարակվեց Ընկերության ժողովածուի մեջ, ինձ էլ իբրև պարգև տալով 50 օրինակ նույն գրքից (արտատպություն):

Գրանցվեք մեր էլեկտրոնային լրատվական նամակներին, որպեսզի էլեկտրոնային փոստով տեղեկացված լինեք, երբ նոր հոդվածներ կհրապարակվեն: