«ՄՈԳԱՑ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՏՈՆԸ»՝ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԻՄԱՍՏՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՄՆԱՑԱՆՆԵՐԻ ՕՐԸ
Տիեզերքի, Բնության գաղտնիքները, օրինաչափությունները բացահայտելու, ըմբռնելու և այդ ոլորտում գիտելիքները զարգացնելու ճանապարհը մարդկությունն սկսել է իր գիտակից կյանքի արշալույսին: Եվ դա բնական է, քանզի մարդու համար կենսական անհրաժեշտություն էր դիմակայել, հարմարվել միջավայրի թելադրած զանազան պայմաններին՝ հանուն իր տեսակի գոյապահպանման:
Առաջին իմաստուններն իրենց դիտողականությամբ՝ շարունակական դիտումներով, փորձերով, հետևողական ուսումնասիրություններով, եզրահանգումներով զարգացնում էին սեփական միտքը, ձգտում էին հարափոփոխ աշխարհում գտնել գոյության սկզբնական տարրերը, որի վրա հիմնված է ողջ տիեզերքը, մեկնաբանել կյանքի իմաստը և իրականության, երևույթների բազմազան դրսևորումները:
Տքնաջան փորձերից ամբարված գիտելիքները՝ գիտական առաջին քայլերից ստացված պտուղները, ժամանակի գիտնականները՝ Մոգերը և Քրմերը, պահում էին գաղտնի՝ որպես սրբազան իմաստնություն՝ այն փոխանցելով սերնդէսերունդ՝ իբրև անգին պարգև՝ հասու միայն ընտրյալ գիտակներին: Նրանց ցանած իմացության սերմերը ծլարձակեցին հետագայում՝ հիմք հանդիսանալով գիտության առաջընթացին և զարգացմանը:
Հնագիտությունը լույս է սփռում անցյալի, հնագույն ժամանակների կենցաղի, գիտության վրա: Ճարտարագիտական երբեմնի մեծարժեք կոթողների, շինարարական բարձր նվաճումներով կառույցների փլատակներից բացի հայտնաբերված մետաղագործության նմուշները, բժշկական գործիքները, դեղագործական սարքավորումները վկայում են գիտության տարբեր ճյուղերի բազմահազարամյա ավանդույթների մասին:
Հայկեան Միաբանութեան Քրմերի՝ Քուրմ Հարութ Առաքելյանի և Քուրմ Միհր Հայկազունու հիշեցմամբ, ըստ Հայկյան տոմարի՝ այսօր՝ Տրէ ամսվա Մարգար օրը (սեպտեմբերի 20-ին) Մոգաց հիշատակման օրն է, մեր իմաստուն Նախնիների և նրանց հաջորդող գիտնականների մեծարման, փառաբանման տոնը:
«Դարերի ընթացքում Հայկազուն Արևորդիները հավատարիմ մնացին իրենց Նահապետների հորդորներին՝ կենտրոնացնելով Մոգաց դպրոցները, ստեղծելով այսօր հայտնի «ԱՐԱՄԱԳԻ» Մոգաց դպրոցը՝ այդպիսով նպաստելով Նախնյաց իմաստնության պահպանմանն ու հարատևմանը: Շնորհավորում ենք Մոգաց հիշատակման օրը, հատկապես «ԱՐԱՄԱԳԻ» Մոգաց դպրոցի ներկայիս հարյուրավոր ուսանողներին, որոնք վառ են պահում իրենց Նախահայրերի գիտությունը»,- գրում է Քուրմ Հարութ Առաքելյանը՝ Հայոց Ազգային հավատամքը ներկայացնող, մեկնաբանող իր հերթական գրառման մեջ:
Գիտությունն է Հայոց ինքնության, ինքնաճանաչման հիմքը, որը զորացնում է ազգին, նպաստում Հայրենիքի ծաղկմանն ու բարգավաճմանը, և Իմաստնությունն է աղբյուրն ամենայն բարիքի:
Շնորհավորում ենք Իմաստնության, Գիտության բոլոր սերմնացաններին՝ փառաբանելով Հայոց Նախնիներին…
«Հաստատում եմ Կամավորների հարցի կապակցությամբ հոկտեմբերի 6-ի նամակս, որից հետո պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ Դաշնակիցների հաղթանակից հետո մեր ազգային բաղձանքները պիտի գոհացվեն»,- 1916 թվականի հոկտեմբերի 27-ին իր որդուն՝ Առաքել Նուբարին գրում էր Պողոս Նուբարը։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայ կամավորականներով Հայկական Լեգիոնի կազմավորման նպատակներն էին’ մասնակցել Կիլիկիայի ազատագրմանը և Հայոց անկախ պետականությունը վերականգնել Հայոց պատմական այդ տարածքում’ դառնալով ապագա Հայկական բանակի միջուկը։
Կահիրեում առաջին օրերին արդեն շուրջ 600 Մուսալեռցիներ և Եգիպտոսում բնակվող 300 Հայեր էին զինվորագրվել:
1916 թվականի վերջերին նրանք մեկնեցին Կիպրոսի Մոնարկա բնակավայր՝ հարյուրավոր այլ Հայ կամավորականների հետ զինավարժությունների:
1917 թվականի սկզբներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող Հայերից ավելի քան 5000 երիտասարդներ ցուցակագրվեցին մի քանի օրում: Ամիսներ անց մոտ 10.000 էին արդեն կամավորները: Փոխադրամիջոցների պակասության պատճառով՝ հունիսից մինչև նոյեմբեր, նրանցից միայն 1200-ն անցան Ատլանտյան օվկիանոսը՝ հասնելով Ֆրանսիա, հիմնականում ապրանքատար նավերով՝ ահավոր անբարենպաստ պայմաններում, յուրաքանչյուրում շուրջ 70-90 մարդ: Մարսելից դեպի Պորտ-Սայիդ՝ ֆրանսիական փոխադրանավում գտնվող Հայորդիք գերմանական սուզանավի հարձակման հետևանքով խորտակված նավից լաստանավերով հաջողությամբ տեղափոխվեցին մի այլ նավի վրա, ի վերջո, 16-օրյա վտանգավոր՝ նեղ ու կեղտոտ նավախցիկներում ճամփորդությունից հետո հասնելով Եգիպտոս, այնտեղից էլ՝ Կիպրոս:
Լեգեոնական Հովհաննես Կարապետյանն իր ինքնակենսագրության մեջ վերհիշում է. «Սեպտեմբերի 18-ին մենք իջանք մեր ամրացված խրամատներն ու սպասեցինք գիշերվան: Առավոտյան ժամը 3:30-ին սկսվեց գրոհը»… «…Կրակահերթի սարսափելի բախման ձայն էր գալիս, ասես երկինքն ու երկիրն ընդհարվել էին գիշերվա մթության մեջ: Բայց մեզ (Հայ լեգեոնականների) համար սա ասես հարսանեկան խրախճանք լիներ: Թուրքերի դեմ վրեժխնդրության խոր զգացումներով լի՝ մեզնից յուրաքանչյուրը դարձել էր զոհին փնտրող վայրի առյուծ: Կատարյալ զինված, սվինները հրացաններին ամրացված՝ մեզ համար ասես վախ չկար: Մեր առաջնային նպատակը Հայերի ցեղասպանության համար թշնամու հետ հաշիվ մաքրելն էր և, որքան հնարավոր է, շատ թուրքերի նկատմամբ արդարադատություն իրականացնելը: Մինչ թշնամու գնդացրային կրակը թափվում էր մեզ վրա գարնանային կարկուտի պես, մենք անվարան և անվախ առաջ շարժվեցինք: Ծայրահեղ դժվար պայմաններում, հաճախ կյանքի ու մահվան միջև առկախ, վերջապես հասանք սարի գագաթը, և վերջնական «բլիցկրիգով» գրավեցինք թշնամու ամրությունները՝ անթիվ սպանվածներ թողնելով և 28.000 ռազմագերի վերցնելով: Երեսուն ժամ տևած գլխավոր ճակատամարտում մենք ունեցանք 24 զոհ և 75 վիրավոր»…
…«Հաջորդ առավոտյան կրկին բարձրացանք սարը և զննեցինք թշնամու խրամատները. դրանք լի էին դիակներով: Նրանք, ովքեր դեռ մահացած չէին, ամենադժբախտներն էին: Երեկվա Ցեղասպանության հիշողությունը (մեր ծնողների, երեխաների, քույրերի, եղբայրների կորուստը) այնքան թարմ էր մեր գլխում, վրեժի ծարավն այնքան խորն էր Հայ լեգեոնականների սրտերում, որ վիրավոր թուրքերը ողորմություն չտեսան: Նրանց վերջ տվեցինք իրենց խրամատներում: Այսպիսով, թուրքական կատաղի դիմադրությունն ամբողջովին ջախջախված էր, և թշնամին խառնաշփոթ հետ քաշվեց դեպի երկրի խորքը»…
«Հպարտ եմ, որ իմ հրամանատարության ներքո ունեի Հայկական զորամաս: Նրանք փայլուն կռվեցին և մեծ դեր խաղացին հաղթանակում»,- հոկտեմբերի 12 -ին գեներալ Ալենբին շնորհավորում էր Պողոս Նուբարին: (Մեջբերումները և լուսանկարները’ Սյուզան Փոլ Փաթիի «Հայ լեգեոնականները» գրքից):
«Համաշխարհային պատերազմի միջոցին Հայ կտրիճներու բոյլին ցոյց տուած դիւցազնական զոհաբերութեան ոգին ամենէն պանծալի դրուագներէն մինն է մեր ցեղին դարաւոր պատմութեան,- գրում է Արշակ Չօպանեանը՝ «Անթառամ դափնին» հոդվածում: «Փոքր ժողովուրդ մը, հարիւրաւոր տարիներէ ի վեր ծանր լուծերու ենթարկուած, հալածանքով ու ջարդերով կոտորակուած, իրարմէ անջատ ու հեռու բազմաթիւ հատուածներու բաժնուած կրցաւ իր մէջ վերզարթեցնել իր Նախահայրերուն արիութեան խիզախ կորովը և իր տուած հազարաւոր կամաւորներուն սխրալի քաջագործութիւններով իր պատուոյ բաժինն ունեցաւ Ազատութեան և Իրաւունքի անունով մղուած մեծ պայքարի մը մէջ: Շնորհիւ այդ քաջերու կատարած շքեղ դերին, մեր փոքրիկ ժողովուրդը ցոյց տուաւ անգամ մը ևս, թէ մեծ ազգի մը հոգին ունէր: Ան իր զինւորական կարևոր ճիգով, զոր յամառօրէն շարունակեց մինչև պատերազմին վախճանը, իրմէ թիւով և ուժով անհունապէս աւելի մեծ եղող ազգերու, որ պատերազմը վարող գլխաւոր զօրութիւններն էին՝ կրցաւ նշանակելի ծառայութիւններ մատուցանել և ատիկա խոստովանեցան ու դրուատիքներով հաստատեցին այդ հզօր պետութեանց մեծագոյն ներկայացուցիչները:
Արարայի Հայ կամաւորներուն առիւծասիրտ քաջագործութիւնը այդ Հայկական դիւցազներգութեան ամենէն գեղեցիկ էջերէն մին է: Վճռական յաղթանակին մէջ, զոր դաշնակիցները թուրք բանակին վրայ տարին Պաղեստինի այլևս պատմական դարձած այդ բլուրին շուրջ և որով ջարդարար ցեղին մռայլ ուժը զգետնեցին, մեր քաջերը փայլուն բաժին մը ունեցան իրենց սահմանուած յանդուգն ու դժուարին դերը հոյակապօրէն կատարելով: Անոնց վերապրող ընկերները իրաւունք ունին ընդ միշտ հպարտութեամբ ու խանդաղատանքով տօնել դիւցազնաբար ինկած այդ աղեւոր երիտասարդներուն լուսեղէն յիշատակը, որուն առջև ամբողջ Հայ ժողովուրդը կը խոնարհի երկիւղած յարգանքով:
Արարայի և բոլոր միւս ճակատներու մեր զինւորներուն ցոյց տուած քաջութիւնը անթառամ դափնի մըն է, որ մեր ազգին անունը անջնջելի փառքով մը կը պսակէ: Շնորհիւ մեր կտրիճներու նուիրական հոյլին՝ մեր ժողովուրդն ալ մասնակցած եղաւ Սուրիոյ, Պաղեստինի, Միջագետքի, Արաբիոյ, ինչպէս և Լեհաստանի, Չեխօսլովաքիայի, Ալզաս-Լօրէնի ազատման արդար գործին և ասիկա ազնիւ հպարտութեան յաւիտենական սրտապնդիչ աղբիւր մը պէտք է ըլլայ մեզի համար:
Ճիշդ է, որ մեծ պատերազմին վախճանէն յետոյ, Արդարութեան պահանջներուն իրականացման պահուն, մեր ժողովուրդը՝ զանազան դժբաղդ ներհակ հանգամանքներու բերմամբ, լքուեցաւ ու անիրաւուեցաւ իր յաղթական մեծ դաշնակիցներուն կողմէն, և ատիկա սև քող մը կը ձգէ փառքի դափնիին վրայ:
Բայց պատմութիւնը փակուած չէ. օրը պիտի գայ, ուր այդ սև քօղը պիտի հալի ու անհետանայ. ամբարիշտ պիտի ըլլար մտածել, թէ մեր քաջերուն զոհաբերութիւնը մեր ժողովրդին համար բացարձակապէս ամուլ մնացած է և կարծել, թէ ան իր լիալիր պտուղը օր մը պիտի չտայ»… (Հատված՝ Արշակ Չօպանեանի «Անթառամ դափնին» հոդվածից):
«ԱՄԵՆ ԻՆՉ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ՆՈՐ ՍԿՍՎԻ»…
Տարիների բերած իմաստնությամբ հասունացած — հարստացած յուրաքանչյուր անհատ խորհրդավոր մի բնազդով ձգվում է դեպի իր արմատները, դեպի իր ազգի ակունքները… Այն աշխարհը, որտեղ ձևավորվել է իր էությունը, իր անհատականությունը՝ գիտակցական և ենթագիտակցական շերտերով: Ինքնաճանաչման մղումն է դեպի Լույսը տանող ճանապարհը:
Ազգային ինքնագիտակցության խնդիրը կարևորել են Հայ մշակույթի բազմաթիվ մշակներ՝ տարբեր ժամանակներում: «Ամեն ինչ վերադառնում է իր նախնական ծագումին, որպեսզի նոր սկսվի»,- գրում է Սերո Խանզադյանը՝ շեշտելով, որ «Ամեն մարդ իր երգը պիտի ունենա»…
«Նզովքը, արտաքսումը եկեղեցուց, յոթնամյա ապաշխարհությունը և սահմանված այլ պատիժներն անգամ անզոր են եղել արմատախիլ անել հազարամյա հնությունից եկող հեթանոսական հավատալիքներն ու պատկերացումները ժողովրդի գիտակցությունից, և դրանք հարատևել են մինչև վերջին տասնամյակներն ու գրանցվել Հայաստանի մի շարք շրջաններում 19-20-րդ դարերի Հայ ազգագրագետների կողմից» (Լ. Խաչիկյան, Աշխատություններ, հ. Ա, Երևան, 2012, էջ 19)։
«Մոխրացած ժամանակների հեռավորությունից ահա տեսնում եմ Ձագեձորի՝ Բաբելոնի տարիքի ավերակ բերդի մեջ խորացած մեր տոհմատունը: Նաև սկսել եմ նշմարել կյանքիս ճանապարհի մշուշոտ վերջը: Անցած-գնացածները դարձել են առասպելներ: Նրանց հիշատակներն օր ու գիշեր կանչում են ինձ: Ես շտապում եմ վերջացնել իմ այս գործը, որ ինձնից հետո եկած իմ տոհմակիցները ճանաչեն իրենց դյուցազն Նախնիների ոգին: Մարդ չպիտի՜ կորցնի իր արմատը: Լույսը չգոյից չի ծագում»…
Եվ ինչպես «Թռչում է նժույգը սև կայծակի պես՝ դեպի իր սկիզբը, ինքն իրեն գտնելու…» (Ս. Խանզադյան), պարտադրված երկարատև թմբիրից արթնացածի նման՝ ա՜զգն է որոնում իր ակունքները՝ վերստին զորանալու իր Նախահայրերի ժառանգած՝ Հայկեան ուսմունքով, ճշմարիտ, ազգային արժեհամակարգով:
«Մեր ազգի փրկությունը մարտականության մեջ է միայն»,- պնդում է Ս. Խանզադյանը: «Ով չարին դիմադրել գիտի, նա կապրի»,- կարդում ենք նրա՝ «Հորս հետ և առանց հորս» ինքնակենսագրական վիպակում (էջ 310), ուր հեղինակը «եղելությունների թելերով» հյուսում է իր «կյանքի առասպելը», որ սկիզբ է առել այն գյուղում, ուր «քարն ավելի պիտանի է, քան Քրիստոսի նշխարը»:
Այստեղ՝ Գլխատան քարայրում գիշեր-ցերեկ վառ է Քուրմ Անձավ նախնու արած կրակը: Մեծ տատը երեկոյան խաչ է քաշում կրակի վրա, մի փշուր խունկ գցում մեջը, անթեղում՝ առավոտը բորբոքելու:
«Կուզեմ իմանաք, որ այս ձեր բերդավանը, որի մեջ ապրում եք, տունն էր Ձագ նահապետի» (էջ 8): «Հայրս ինձ համար հետզհետե դառնում էր առասպել: Երբեմն երեկոները նա մեզ հետ մնացած ազգատոհմի փոքր ու մեծ տղաներիս հավաքում էր Ատյան քարի մոտ ու երգում… Հայրս քաղցր ձայն ուներ, որ գնում մեղմացնում էր նաև մեր ժայռեղեն տիրույթի քարեղեն բնույթը» (էջ 32): «Մի էն տեսակ կանաչ-կտրիճ է եղել Ջառահ Սարգիս տոհմավագը, որ, ասում են, հավքը երկնքից վեր ա գցել» (էջ 22): «Մեր տոհմը, ինչպես ասում էր մայրս, ծագել է Սիսակ նահապետի թոռ Ձագից: Սրանից էլ մեր տոհմի բնակատեղի անունն է՝ Ձագեձոր»…
«Մեր բուխարի — օջախի մեջ եռում է մեր տոհմատան երկու հազար տարվա կրակը» (էջ 231)…