ԱՆԻՈՒՄ…
Ուղևորություն դեպի «Սրբազան, սքանչելի ու շքեղ Անի»՝ Հայաստանի «հավերժորեն պերճախոս հուշարձանը»՝ դարձած մի «ըղձալի ուրվական»՝ իր ընդհատակյա խորհրդավոր քաղաքով, «զմայլելի ու արտասովոր վիթխարի պարիսպներով», որոնք պարփակում են հոյակերտ մի պատմություն՝ «ինչ որ եղել ու անցել է»…(Խ.Աբովյանի խոսքերով, «Ուղևորություն դեպի Անիի ավերակները»):
«Նախնյաց սրբություններին երկրպագելու» համար Անիում ճամփորդել են Հայազգի բազմաթիվ մտավորականներ՝ Խ.Աբովյանը, Հ. Թումանյանը, Ա. Իսահակյանը, Սիրանույշը, հնագիտական արշավախմբին մասնակցել՝ Թորոս Թորամանյանը, նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը, Հովսեփ Օրբելին, Աշխարհաբեկ Լոռու-Մելիք Քալանթարը, նկարիչ Պոլտորացկին, նաև՝ Ղափանցյանը, Լևոն Քալանթարը, ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանը, Տարագրոսը, Գ. Չուբինովը, ճարտարապետ Ն. Տոկարսկին և ուրիշներ:
Ավելի քան 2.000 Հայկական հնագույն հուշարձանների ջրաներկ ու մատիտանկար աշխատանքների հեղինակ՝ նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը (վերևում՝ խորշի մեջ կանգնած)՝ Մառի և արշավախմբի մյուս մասնակիցների հետ՝ Հոռոմոսի վանքի դիմաց
Պատմական հուշարձանների լուսանկարչությամբ՝ լուսագրմամբ զբաղվել է Հայ բեմի նշանավոր կատակերգակ Արամ Վրույրը, որին 1917 թվականին՝ Անիի պեղումների վերջին՝ 16-րդ գիտարշավին փոխարինել է իր որդին՝ Արտաշես Վրույրը:
Դեռևս 5-րդ դարի Հայ մատենագիրների հիշատակումներից որպես «անմատույց ամրոց» հայտնի Անին՝ հետագայում հռչակված որպես «Հազար ու մի եկեղեցիների և Քառասուն դարպասների քաղաք», միջնադարյան առևտրային ճանապարհների կարևոր հանգույցներից էր, ժամանակի ամենազարգացած, խոշոր քաղաքներից մեկը:
1319 թվականի երկրաշարժից հետո «Շարայի նահանգում շինված»՝ երբեմնի «արքայանիստ», «թագավորաբնակ» շքեղ այս քաղաքի Հայ բնակչությունը հեռացավ՝ գաղթավայրեր հիմնելով Հայրենիքի սահմաններից հեռու՝ Բալկանյան թերակղզում, Հյուսիսային Կովկասում, Ղրիմում, որտեղից էլ այնուհետև՝ Գալիցիա ու Լեհաստան, նաև՝ Դոն գետի ափերը՝ հիմնելով Նոր Նախիջևան քաղաքը (Դոնի Նախիջևանը)…
Լենկթեմուրի արշավանքներից ավերված, օտար նվաճողներին անցած՝ անցյալի ծաղկուն այս քաղաքի փլատակները նույնիսկ իրենց վեհությամբ առինքնող են ցայսօր (դեռևս 13-րդ դարից ի վեր օտարերկրյա ճանապարհորդների բուռն հետաքրքրությանն է արժանացել Անին)…
Անիի ընդհանուր տեսքի վերակազմություն
Հնագույն շրջանի Հայոց հոգևոր կենտրոնի՝ Բարձր Հայքի Դարանաղի գավառի Անի բերդաքաղաքից՝ գլխավոր Դիցի՝ Արամազդի մեհենատեղի՝ Անի-Կամախից իր անունն ստացած այս բնակավայրը, Մատթեոս պատմիչի խոսքերով՝ «որ կոչէ «Մեծ Տուն Շիրակայ» (Ղ.Ինճիճեան, «Ստորագրութիւն Հին Հահաստանեաց»), պատմիչ Վարդան Բարձրբերդցին հիշատակում է «զքաղքն Անի, որ կոչի Խնամք» ձևով («Պատմություն տիեզերական», 1861թ., էջ 117-118):
Միջնադարյան Հայաստանի վեհաշուք այս մայրաքաղաքը ժամանակի մշակութային խոշոր կենտրոններից էր՝ զարգացած գիտությամբ, կրթությամբ ու ճարտարապետությամբ:
Նաև՝ հարուստ՝ բնական ու արհեստական հարյուրավոր քարանձավներով, կրկնահարկ ու եռահարկ բնակարաններով, ընդարձակ սրահներով, պահեստներով ու գաղտնարաններով, որոնք հատկապես պաշտպանական նշանակություն ունեին:
Ստորգետնյա գաղտնուղիներն ու գետնուղիները կարևոր դեր ունեին պաշտպանական կառույցների ընդհանուր համակարգում՝ հնագույն շրջանից ի վեր:
Դեռևս խեթական շրջանից հայտնի բազմաթիվ քաղաքներ կան՝ գետնափոր բազմահարկ շինություններով (նախորդ որոշ գրառումներում անդրադարձել ենք):
Նույն ավանդույթները շարունակելով՝ Հայոց միջնադարյան գրեթե բոլոր քաղաքներն ու քաղաքային միջնաբերդերը (Կարին, Անի, Կարս, Լոռե, Բաբերդ, Խարբերդ, Բայազետ, Ամբերդ, Բջնի…) ունեին գաղտնուղիներ՝ պաշարման ընթացքում դրսի հետ կապ պահպանելու կամ ջրի մատակարարումն ապահովելու համար (ստորերկրյա երկար թունելներով Անին կապվում էր Կարսի ու կարևոր այլ քաղաքների հետ, ըստ «լուրերի»)…
Միջնադարյան ծաղկուն մայրաքաղաք Անիի տարածքը երեք կողմերից շրջափակող ձորերի զառիվեր կողերին առկա են հարյուրավոր քարանձավներ, ուր, բնակարաններից բացի, կային հոգևոր ու աշխարհիկ նշանակության կառույցներ (վանականների խցեր, ձիթհանք, եկեղեցի)…
Ընդարձակ տարածքի վրա ձգվող մոտ 823 ստորգետնյա կառույցների մի մասը (թունելների ցանց, ալրաղաց, ջրամբար, վանականների խցեր…) չափագրվել ու քարտեզագրվել է:
1893 թվականից ի վեր տարբեր տարիներին (1903-ին, շարունակվելով մինչև 1915-16 թվականները), Ն.Մառի և իր հնագիտական արշավախմբի կողմից (մասնակիցներից էին՝ Հ. Օրբելին, Թորամանյանը, Բունիաթյանը, Վրույրը, Տոկարսկին, Գ. Չուբինովը և ուրիշներ), մեծ հետաքրքրություն առաջացրեցին՝ ազգաբնակչության ու գիտական շրջանների ուշադրությունը բևեռելով այս հռչակավոր հնավայրի հետազոտության վրա:
Լուսանկարել է Ա.Վրույրը
Իր մանկության օրերի հուշերի շարադրանքում, լուսանկարիչ Արտաշես Վրույրը գրում է.
«Անիում եղել եմ համարյա ամեն ամառ՝ սկսած 1901 թվականից մինչև 1917-ը, մանկական հասակից մինչև պատանեկություն:
Երբ առիթ է լինում հիշել կամ խոսել Անի քաղաքի մասին, մեկիկ-մեկիկ արթնանում են հիշողությանս մեջ մանկական ու պատանեկան այն քաղցր օրերը, որոնք կապված են եղել ավերակների քաղաքի հետ, որը սնուցել է իմ մեջ ճաշակ, գեղեցիկի զգացողություն:
Անիի գիտարշավի աշխատակիցներն ու մշտաբնակները, որոնք այսպես թե այնպես կապված էին Անիի աշխատանքներին, համարվում էին անեցիներ:
Ինձ ևս վիճակվեց կրել կրտսեր անեցու պատվավոր անունը:
Եվ ահա կյանքի վերջին տարիներին կրտսեր անեցին գրում է իր վտիտ հուշերը ավերակների քաղաքի մասին, որը նվիրական է ամեն մի Հայի համար:
Ապրեցի ավերակների քաղաքում, տեսա մեր անցյալի մեծ վարպետների ու հմուտ քարագործների կերտած հազարամյա կյանք ունեցող ծանրանիստ պարիսպներն՝ իրենց խրոխտ բուրգերով ու հզոր դարպասներով, կիսակործան տաճարներն ու պալատները, իջևաններն ու կամուրջները և խորհրդավոր այրերը:
Տեսա մեր նախնիների մամռապատ գերեզմանները, գոռ ճակատամարտերի դաշտերն ու խոր ձորերը:
Անցա ստորերկրյա Անիի հավիտենական մթության մեջ խորասուզված նեղ ու լայն անցքերով, տեսա խորախորհուրդ վիշապակիր բուրգերը:
Տեսա բոլորը, բոլորը, որոնք դարերի խորքից եկել, հասել են մեզ իրենց բազմալեզու և բազմագիր հիշատակներով, որոնք ինչե՜ր տեսան ու լսեցին, ինչե՜ր ապրեցին խաղաղ մթնոլորտի, փոթորիկների և բռնությունների ներքո:
Անիում՝ ճարտարապետ, հնագետ, ճարտարապետության տեսաբան Թորոս Թորամանյանը՝ ծնված Փոքր Հայքի Շապին-Գարահիսար քաղաքում (որը նաև Զորավար Անդրանիկի ծննդավայրն էր)
Տեսա գիտուն մարդկանց, որոնք բազմահմուտ գիտնականի ղեկավարությամբ, արևի կիզիչ ճառագայթների տակ, պրպտում ու պեղում էին պատմական քաղաքի հողաթմբերն ու փլատակների շրջակայքը և դարավոր հողի շերտերի տակից դուրս հանում մեր նյութական մշակույթի մնացորդները. վերծանում հիշատակարանների արձանագրություններն ու պատմության էջերին հանձնում իրենց աշխատանքի արդյունքները:
Տեսա մեծ ճարտարապետին իր խորթափանց ու զննող աչքերով. նա չափագրում, գծագրում էր իր հմուտ ձեռքերով և պրպտումների ու որոնումների աշխարհն ընկած իր սուր մտքով վերլուծումներ անում և եզրակացություններ հանում հայ ճարտարապետության հոյակապ հուշարձանների մասին:
Տեսա ավերակների մեջ օրնիբուն քայլող խանդավառ արվեստագետին իր լուսանկարչական գործիքով և անխոնջ նկարչին՝ իր ներկերով ու վրձիններով:
Տեսա արևակեզ դեմքերով բանվորների, որոնք բահերով ու բրիչներով զինված՝ զգուշորեն աշխատում էին պեղումների վայրերում:
Տարիների ընթացքում ապրեցի այս գեղեցիկ շրջափակում, որն իբրև մի մեծ դպրոց պատվաստեց իմ մեջ ազնիվ զգացումներ ու վսեմ գաղափարներ»:
«Անիի սակավաթիվ բնակիչները խաղաղ ու համերաշխ կյանք էին վարում:
Ամեն ոք լծված էր իր առօրյա աշխատանքին, սկսած մեծ գիտնականից մինչև Իգաձորի այրերի բնակիչները:
Միայն փոքրահասակների մեջ մենք՝ Վոլոդյա, Վահրիճ, Արա և Արտաշես, թափառում էինք Անիի ավերակներում, ձորերում ու այրերում՝ զբաղմունք ընտրելով զանազան մանկական խաղեր:
Երբեմն խաղում էինք հնարված մի խաղ, որ իբրև թե «պեղում» ենք կատարում: Վոլոդյան «պեղման» ղեկավարն էր լինում, իսկ մենք երեքս՝ բանվորները:
Վոլոդյան իր հորից թույլտվություն էր խնդրում և նա նշում էր, թե Անիի որ վայրում կարող ենք զբաղվել «պեղումով»:
Մենք սկսում էինք թափված քարերից մաքրել այդ վայրը և երբ գտնում էինք քանդակազարդ որևէ բեկոր կամ կարնիզի կտոր, անմիջապես ցույց էինք տալիս «փոքրիկ գիտնականին», որն իր հերթին որևէ «եզրակացություն կամ դիտողություն» անելուց հետո՝ կարգադրում էր զգուշությամբ տեղավորել մի ապահով տեղ, թղթի կտորի վրա նշելով այդ քարը: Երբեմն վրդովվում էր և նկատողություն անում անզգույշ «բանվորին»:
Հաճախ կազմակերպում էինք շրջագայություններ՝ Ծաղկոցաձոր, Հոնենցի տոհմային դամբարան-այրերը, Միջնաբերդ, Գլիձոր, Ախուրյանի ձորը, Հովվի եկեղեցին, նույնիսկ ստորերկրյա Անին (գեդան-գյալմազ), Աղվեսի ձորը, որը Անի-Խոշավանք տանող ճանապարհի վրա էր և որտեղ կանգնած էր մի փոքրիկ խաչքար»:
Մեջբերումները՝ «Հայկական ուսումնասիրությունների «ԱՆԻ» կենտրոնի» ներկայացրած՝ Արտաշես Վրույրի՝ «Անիում» աշխատությունից, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979):
Անիի «Հազար ու մի եկեղեցիների» մասին շատ է գրվել…Առանձնահատուկ ուշադրության են արժանի հաճախ աննկատ մնացած՝ ստորգետնյա Անիի բնակելի տները, սրահները, ժայռափոր բազմաթիվ կառույցները, որոնց ստեղծման ժամանակը ցարդ ճշգրտված չէ:
Ստորգետնյա ուղիների վտանգավորության պատճառով 1915 թվականին հնարավոր է եղել մինչև 83 մետր խորությամբ կատարել որոշ ուսումնասիրություններ, 2004 թվականին՝ մինչև 93 մետր:
Կարսի Մշակութային կազմակերպության նախագահ Կ.Աքչայոզի հավաստմամբ, իրեն հաջողվել է սողոսկել մինչև 130 մետր, համարելով, որ գրեթե 1500 -ի հասնող ստորգետնյա կառույցներից մոտ 830 անձավի և 19 աղավնատան ծանոթ է ինքը (խորությունը մինչև 500 մետր է նշվում):
Ծաղկոցաձորի կողմի Քարանձավային Անիի երկհարկ ու եռահարկ՝ հարմարավետ ու շքեղ բնակելի ժայռափոր տարածքներից մեկն «Ապարանք» է անվանել Լեոն՝ իր բարձրադիր, սովորական այցելուների համար անմատչելի մուտքի, որմնանկարներով զարդարված պատերի, դարակների ու պատուհանների շնորհիվ…
Տպավորությունների ամբողջականացման համար հարկ է «գիշերել» նաև Անիի ժայռափոր՝ «բնության ու մարդու կերտած» հարմարավետ սենյակներում…
Լեոյի տպավորիչ նկարագրությամբ՝
«Բավական է, որ գյուղացիներն իրենց հետ շոր ու անկողին վերցնեն, և մի կարճ միջոցով, մի քանի շարաթների ընթացքում կենդանանում է Իգաձորը, որ մի ժամանակ եռուն ու աղմկալից է եղել իբրև առևտրական շուկա:
Իսկ թե այստել շուկա է եղել՝ ցույց են տալիս այրերը, որոնցից շատերը խանութներ են հին: Այժմ էլ մի հայացքով կարելի է ճանաչել այդ խանութները, նրանք փորված են մոխրագույն կակուղ ժայռերի մեջ, ունեն դարակներ՝ ապրանքների համար:
Մարդ մտքով մի րոպե տեղափոխվում է այն հին ժամանակները: Երևակայում է հենց այսպիսի մի պայծառ ու գեղեցիկ առավոտ՝ մեծ քաղաքի պատերի տակ ընկած այս ձորում:
Գյուղացի կանանց և երեխաների խմբերը կատարյալ են դարձնում իլյուզիան, և դու մի րոպե զգում ես քեզ առևտրական շուկայի մեծ ժխորի մեջ, տեսնում ես այս ձորը լցված ամեն դիրքի և կարողության մարդկանցով, որոնք առնում են, տալիս են կամ պարզապես նայում են։
Որքա՜ն խոսք ու զրույց, ի՜նչ շարժում, իրարանցում»…(Մեջբերումը Լեոյի՝ «Անհետացածների քաղաք»-ից):
2014 թվականին Կարսի՝ Կովկասի համալսարանում անցկացված միջազգային գիտաժողովում պատմաբան ու հնագետ Ս.Յազըչին ներկայացրել է «5.000-ամյա պատմություն ունեցող Հայկական քաղաքի՝ «Անիի ստորգետնյա գաղտնիքները» » ուսումնասիրությունը, նշելով, որ «հայտնաբերվել են ստորգետնյա ջրամատակարարման գաղտնի խողովակաշարեր, լայն միջանցքներ, խճճվող թունելներ, վանականների խցեր, աղոթասրահներ»:
Նա անդրադարձել է նաև Գ.Գյուրջիևին և նրա ընկեր Պողոսյանին, որոնք, 1880 թվականին, փորելով ստորգետնյա թունելը, քանդել են պատն ու հայտնվել կահույքի կտորներով, կոտրված սափորներով ու կենցաղային իրերի մնացորդներով լի մի սենյակում, ուր հայտնաբերել են մագաղաթի մի բեկոր, որի վերծանումից հայտնի է դառնում 6-7-րդ դարերում այստեղ գործած՝ Հին Միջագետքյան գաղտնի դպրոցի՝ «Սարմունգի եղբայրության» մասին (դա մի վանականի՝ մի ուրիշ վանականին ուղղված նամակն էր, որը փաստում էր այս վայրում հիշյալ դպրոցի գոյությունը):
«Մենք հատկապես հետաքրքրված էինք մի նամակով, որի հեղինակը հիշատակում էր իր ունեցած խորհրդավոր տեղեկությունների մասին:
Նամակի վերջին պարբերություններից մեկը հատկապես գրավեց մեր ուշադրությունը.
«Մեր թանկագին Հայր Թավլենտը հաջողել է Սարմունգի եղբայրության մասին իր հետազոտություններում: Նրանց կազմակերպությունը իրականում գոյություն է ունեցել Սիրանուշ քաղաքի մերձակայքում և հիսուն տարի առաջ, ժողովրդի գաղթից հետո, նրանք նույնպես գաղթել են և տեղավորվել Իզրումին գյուղի մոտակայքում, Նիվիսսի մոտից երեք օրվա ճամփորդության հեռավորության վրա»:
Ապա նամակը շարունակվում է այլ թեմաներով:
Ինչը մեզ ցնցեց ամենաշատը՝ «Սարմունգ» բառն էր, ինչին մի քանի անգամ հանդիպել էինք «Մերկհավատ» կոչվող գրքում:
Սարմունգը մոգերի հանրահայտ դպրոցի անունն է, որն, ավանդույթի համաձայն, հիմնադրվել է ն.թ.ա. 2500-ական թվականներին՝ Բաբելոնում:
Համարվում է, որ այն գոյություն է ունեցել մինչև 7-րդ դարը՝ ինչ-որ տեղ Միջագետքում:
Բայց նրա հետագա գոյության մասին որևէ մեկը որևէ տեղից որևէ տեղեկատվություն չուներ:
Ընդունված է կարծել, որ այս դպրոցը տիրապետում էր հսկայական գիտելիքների և ուներ բազմաթիվ առեղծվածների բանալիները»,- հետագայում պատմել է Գյուրջիևն իր հայտնագործության մասին մի ամսագրում:
Իր գործունեության ընթացքում Գյուրջիևն անդրադարձել է Սարմունգյան ուսմունքում՝ մարդու կատարելագործման համար գործածվող, հոգևոր Զարթոնքին նպաստելուն միտված՝ մարդկանց ինը տարբեր տեսակներին (առանձնահատուկ տիպերին) բնորոշող «Իննապատկերին» (Ennéagramme), ինչպես և՝ Սարմունգի դպրոցից նաև Սուֆիների «Նախշբանդներին» անցած՝ մարդու ինը «գաղտնի կարողությունների արթնացման բանալուն», որոնց կիրառումն, այնուամենայնիվ, արգելված է…
Մարդկանց ինը տարբեր անհատականությունները (Աստղաբանական ինը տիպերը) բնութագրող «Իննապատկերը» վերջին հինգ տասնամյակներում տարբեր հոգեբանների կողմից լայնորեն կիրառվում է մարդու հոգեբանական առանձնահատկությունների, յուրաքանչյուր անհատի հնարավորությունների բացահայտման և մյուսներին ավելի լավ ճանաչելու համար:
Գյուրջիևի ներկայացրած «Իննապատկերը» տարբերվում է Հայկեան Սրբազան ուսմունքի՝ Արամագի դպրոցում (հայտնի նաև «Սարմունգ» անվամբ) կիրառվող ձևից:
Ստորև՝ Քուրմ Յարութ Առաքելեանի տրամադրած պատկերները, հիշեցնելով, որ Իննաթև Աստղը Սանդարամետ Դիցուհու խորհրդանիշն է և, Հայկյան ուսմունքի համաձայն՝ «ԴԱՐԱՐԴ» է կոչվում:
Հավելենք, որ սերնդեսերունդ որպես «անգին ժառանգություն» փոխանցված «Սարմունգյան ուսմունքի» հազվագյուտ կրողների կողմից Գյուրջիևի գործունեությունը բարյացկամ վերաբերմունքի չի արժանացել՝ հնագույն ուսմունքն իր հայեցողությամբ հրապարակման պատճառով:
Նշենք, որ Անիի մերձակա Սիրանուշ քաղաքի Սարմունգյան դպրոցին, ինչպես նաև Թավրիզում, նրան նույնիսկ ծանոթության հնարավորություն չի ընձեռնվել Դպրոցի կողմից (հիշյալ մանրամասների, Հայկյան ուսմունքում կիրառվող Իննաթև Աստղի, լուսանկարի և մյուս տեղեկությունների տրամադրման համար՝ առանձնահատուկ շնորհակալություն՝ Քուրմ Յարութ Առաքելեանին) …
Խորախորհուրդ Անցյալից եկող անսպառ Իմաստության որոնումները շարունակվում են…
ՍԻՐԱՆՈՒՅՇԸ՝ Անիի Առաքելոց եկեղեցու գավթի առջև…
«1904 թվականին Անիին այցի եկավ հայ բեմի ոգին՝ տիկին Սիրանույշը:
Նա եկավ զվարթ և վերադարձավ դառնացած: Թե ինչո՞ւ էր դառնացած, չգիտեի, ես այն ժամանակ յոթ տարեկան էի միայն:
Իմ մանկական հոգու վրա նա թողոց մի անջնջելի հետք. ես լսեցի նրա սրտաճմլիկ ձայնը, որը հորդում էր նրա զգայուն սրտի խորքից. նա խոսում էր մորս հետ և տեսա մի զույգ արտասուքի դառը կաթիլ՝ քամված նրա բոցաշունչ աչքերից:
Տարիներ հետո, երբ ես հաճախ նայում էի Սիրանույշի նկարին, մտախոհ ու թախծոտ նստած, որպես սգակիր մի մայր, Անիի Առաքելոց եկեղեցու գավթի առջև (լուսանակարված 1904 թ.), իմ առջև, ինչպես մի տապանագիր, միշտ արձանանում էին մեծ գիտնականի հետևյալ տողերը:
«Արձանագրության վիճակը ցույց է տալիս ոչ միայն այն, թե ինչպես շենքի փլուզման հետևանքով փշրված ու այլանդակված են արձանագրությունները՝ …մշակութային կյանքի թանկարժեք փաստերը, նմանապես և այն, թե ինչպես կործանիչ ուժերի շնորհիվ փշրված ու այլանդակված է Հին Հայաստանի պատմական իրականությունը»:
…Նա հրաժեշտ տվեց սգավոր քաղաքին տխուր ու վշտակիր»…
Արտաշես Վրույրի՝ «Անիում» աշխատությունից
Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանն Անիում՝ 1901 թվականի պեղումների ժամանակ, լուսանկարել է իրենց ուղեկցող՝ Հովհաննես Կոստանյանը:
«Հովհ. Կոստանյանը նկարում է Հովհաննես Թումանյանին և Ավետիք Իսահակյանին Աշոտ Ողորմած թագավորի դամբարանի աջ ու ձախ կողմերում կանգնած:
Անին իր հոյակապ ճարտարապետությամբ մեծ տպավորություն է թողնում. «Օհաննեսը հիացմունքով և ուշով դիտում էր ամեն մի բեկոր` արվեստի կնիք կրող: Լուռ, մտասույզ թափառում էր` անցյալի հետ ներքին խոսակցությամբ տարված, կանգնում էր հրաշակերտ շենքերի առաջ, հայացքը լարած նայում էր սյուներին, կամարներին, քանդակներին, ապա աչքերը գոցում և ականջները լարում, կարծես մի երաժշտություն էր լսում ո՛չ սովորական, ո՛չ այս աշխարհից»,– վկայում է Ավ. Իսա-
հակյանը (ԹԺՀ, 14):
Մյուս ականատեսը` Հովհ. Կոստանյանը, ավելացնում է.
«Թումանյանը հաճախ այդ հուշարձանների առաջ կանգնած բացականչում էր.
«Ի՜նչ հոյակապ ճարտարապետություն, որքա՜ն բարձր մշակույթ է եղել, որքան
ճաշակ, եռանդ և աշխատանք, և դարերից հետո նայում են էնպես, կարծես երեկ են շինվել» (ԹԺՀ, 463)»:
(Ս. Հովհաննիսյանի՝ «Թումանյանի ճամփորդությունները 1901 թվականին» ուսումնասիրությունից)
Ստորգետնյա Անիի հնագույն՝ «Սարմունգյան Եղբայրության» (հայտնի նաև «Արամագի» անունով) ուսմունքից վերցված Ինը թևանի Աստղը՝ Դարարդը, Սանդարամետ Դիցուհու խորհրդանիշը, որը, ձևափոխելով, գործածել է Գյուրջիևը՝ որպես «Իննապատկեր»…
Լուսանկարը տրամադրել է Քուրմ Յարութ Առաքելեանը