«Որդեա՛կ, լավ է թափես գինին արդարների գերեզմանին, քան թե խմես այն չար մարդկանց հետ»:
Հազարամյակների խորքից լսվող այս խրատն արդիական է և այսօր:
Հին Արևելքում քաջ հայտնի՝ Խիկար Իմաստունին վերագրվող հիշյալ տողերը տասնամյակներ առաջ մեզ հիշեցնում էր ժամանակակից մի այլ Իմաստուն՝ Մատենադարանի հինավուրց ձեռագրերի անխոնջ մշակներից ու լավագույն գիտակներից մեկը՝ բանասեր և պատմաբան, բանասիրական գիտությունների դոկտոր Արտաշես Մարտիրոսյանը (1930-1998թթ.), ում անմոռանալի դասախոսություններն ունկնդրելու բախտն եմ ունեցել ուսանողական տարիներին (քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հայրն է)…
Որպես Ասորեստանի և Նինվեի տիրակալ Սենեքերիմ արքայի դպիր ներկայացվող Խիկար Իմաստունի (այլ աղբյուրներում՝ Ահիկար ձևով է անունը) զրույցների հայկական բազմաթիվ ընդօրինակություններ են պահպանվել՝ հնագույն շրջանից մինչև ուշ միջնադար:
Ա.Մարտիրոսյանն իր «Խրատք եւ իմաստութիւն Խիկարայ» զրույցի հայերեն թարգմանության շուրջ» աշխատության մեջ գրում է՝
«Հայ միջնադարյան ձեռագրերում հաճախ ենք հանդիպում «Խրատք և իմաստութիւնք Խիկարայ» զրույցի ընդօրինակությունների:
Նրա արժեքը դուրս է գալիս սոսկ հայագիտության սահմաններից:
Խիկարի զրույցը արևելյան ծագում ունի, գալիս է վաղեմի ժամանակներից և թափանցել է շատ ժողովուրդների գրականության և անգիր բանահյուսության մեջ:
Նրա ազդեցության հետքերը կարելի է տեսնել Եզովպոսից մինչև Շեքսպիր, Բիբլիայից մինչև Հազար ու մեկ գիշերներ:
Խիկարի առակավոր ասույթները օգտագործել են իրենց խոսքի մեջ հայ մատենագիրները, տեղ են գտել հայկական առակներում. նա ի պետս մանկանց, հարց և վարդապետաց անցել է գրչությունից գրչություն, նրա անունը դեռևս Շնորհալու ժամանակ ընդհանրացված է եղել իբրև հասարակ անուն, իմաստուն առումով:
Խիկարը սեմական արևելքի և հին հայոց Եզովպոսն է»:
Հնագույն շրջանից մնացած զանազան գրավոր աղբյուրներում, հույն պատմիչների թողած տեքստերում հիշվող, ն.թ.ա 2-րդ դարի պատմիչ Պոսեյդոնիոսի վկայությամբ՝ «Բաբելոնի Իմաստունների մեջ հռչակավոր Խիկարի» ծագման հետքերին հետևելով, 1909 թվականին Փարիզում հրատարակված « Ասորեստանցի Ահիկարի (Խիկարի,Կ.Ա.) պատմությունն ու իմաստնությունը» գրքում, (էջ 48), հեղինակը՝ François Nau-ն, հասնում է Հայաստանի հյուսիսային շրջանները:
Նկատենք, որ մեր էպոսում ևս հիշվում է Նինվեի արքա Սենեքերիմը (նաև՝ «Պղնձե քաղաքը») և Ծովինարի հետ մի քահանա (Քուրմ) էր գնացել (իր հետ տանելով նաև քրմական ուսմունքը)…
Բաբելոնի քրմական դասի՝ քաղդեացիների հետ կապվող Խիկարի հետքն ու միտքն են արտացոլված Աստվածաշնչում՝ Սողոմոնի և Հիսուսի իմաստնություններում, Եզովպոսի առակներում ու Ղուրանում, «Հազար ու մի գիշերներում» ու բազմաթիվ այլ ստեղծագործություններում:
«Պղնձե քաղաքի պատմության» և հարակից զրույցների մեջ հիշվող այս իմաստուն պատմություններից մեկը խրատում է՝
«Որդեա՛կ, թէ ընկերն քո հիւանդանայ մի ասեր, թե զինչ տարայց նմայ, այլ երթ ոտիւք և տես աչօք և բանս քաղցունս ասայ նմայ, զի լօ (լաւ) է, քանի թէ Ծ քանքար ոսկոյ տարցես նմայ»:
«Որդյա՛կ, եթե ընկերդ հիվանդանա, մի՛ ասա, թե ի՛նչ տանես նրան, այլ՝ գնա՛ ոտքովդ և աչքովդ տես ու մի քաղցր խո՛սք ասա նրան, քանզի դա ավելի լավ է, քան հիսուն քանքար ոսկի տանես նրան»:
Միտքը՝ «Հիվանդի համար այցելությունն ու քաղցր խոսքն ավելի են, քան հիսուն քանքար ոսկին»:
Մեջբերումը՝ Ա. Մարտիրոսյանի վերոհիշյալ աշխատությունից (էջ 82):
Քիչ ձևափոխմամբ՝
Մեր արդեն հիվանդ, կողոպտիչ հանքարդյունաբերությունից թունավորված Բնությունը (ողջ Հայրենիքը) հոգատարությամբ պարուրերով, անաղարտ պահելով սերունդներին փոխանցելն ավելին է, քան «50 քանքար ոսկին»…
Ի պաշտպանություն ԱՄՈՒԼՍԱՐԻ…