ՃԵՐՄԱԿ ՄԱՐՄԱՐԵ ՄԻ ԿՃՂԱԿ ՈՒ ՄԻ ՀԱՅԵԼԻ…

Ազգային խանդավառ տոներում լավագույնս են պահպանվել վաղնջական ժամանակներից եկող և ցայսօր էլ հարատևող սովորույթներն ու հավատալիքները՝ վաղորդյան շաղով պարուրված Ծաղկաքաղով (Համբարձման տոն), միմյանց վրա ջուր ցողելով (Վարդավառ)…

Ջրի՝ խորհրդանշական ու իսկական իմաստով մաքրագործող, «սրբագործող» դերը հայտնի էր հնագույն շրջանից՝ ամենուր: Ու դրսևորվում էր տարբեր ազգերի զանազան արարողակարգերում:

Արշալույսին, արևածագի առաջին շողերով պարուրված բնության մեջ ցողված շաղը կաթիլ առ կաթիլ հատուկ սրվակներում հավաքելու և «սրբազան հեղուկի» կիրառման հետագա դրսևորումներից է քրիստոնեության տարածման ժամանակ հին հավատքի մեհյանները, տաճարները «ջրով սրբագործելու» ծեսը:

Ջուրը, որպես սրբագործող, մաքրազերծող միջոց, լայն կիրառում ուներ հնագույն շրջանում ողջ Հայկական Լեռնաշխարհում ու հարակից տարածքներում:

Խեթական տեքստերում մանրամասն նկարագրված են «ջրով սրբագործման» տարբեր արարողությունները (ծեսի ժամանակ, «տնօրհնեքին», քարակոթողների վրա ցողելով, հատուկ արարողությամբ ձեռքերի խորհրդանշական լվացմամբ)…

Պահպանվել է Սբ.Գրիգորիս Պապի (590-604թթ.)՝ 601 թվականի հուլիսի 18-ի գրությունն ուղղված Անգլիայում գործող Սբ.Մելիտուսին, ուր հորդորում է՝
«Հեթանոսական տաճարները եկեղեցու վերածելու համար անհրաժեշտ է նրանք ցողել սրբազան հեղուկով ( eau lustrale), այնտեղ մի խորան կառուցել և մասունքներ դնել»:

Նույնը՝ գրվածից գրեթե 300 տարի առաջ, մեզանում էր իրականացվում՝ հազվագյուտ բացառությամբ չոչնչացված նախկին սրբավայրերում…

Ալեքսանդր Սահինյանն իր «Գառնիի անտիկ կառույցների ճարտարապետությունը» մենագրության մեջ, 301թվականին չկործանած (կամ մասնավորապես կործանած) և քրիստոնեական սրբավայրի վերածած կառույցներից է համարում Տեկորի, Քասախի, Երերույքի, Զովունու վերակառուցված (իմաստափոխված) տաճարները:

Նաիրիի ու Բիայնայի արքաներից՝ Արգիշտի Ա-ի (ն.թ.ա 786-764թթ.),1963 թվականին այստեղ հայտնաբերված արձանագրության մեջ հիշատակվող «Գիառնիանի Երկիրը»՝ այսօրվա Գառնին, ն.թ.ա 2-րդ հազարամյակով թվագրվող դամբարաններ, բրոնզեդարյան մշակույթի փայլուն նմուշներ՝ բրոնզե կացնի ձուլման կաղապար (Փայլակի, Շանթի դիցի՝ Թեշուբի խորհրդանիշն էր կացինը), բրոնզե մանգաղ ու բացառիկ այլ նյութեր է պահպանել իր ընդերքում ու մեզ հասցրել…

1909-ին Ն.Մառի և Յ. Սմիռնովի կողմից հայտնաբերված Վիշապ-քարակոթողները, հետագա արշավախմբերի պեղած վանակատե (օբսիդիանե) գործիքներն ու հետագայի կառույցները (մառանները, կենցաղային իրերը, սևափայլ խեցեղենի նմուշները (բիայնական (ուրարտական) ու երվանդյան շրջանների), վկայում են հազարամյակների ընթացքում տեղանքի կարևոր բնակավայր լինելը:

Գեղամա լեռնաշղթայի Գեղասար գագաթի հարավային ստորոտում, Ազատ գետի կիրճի հարևանությամբ փռված Գառնու ամրոցի ապահով աշխարհագրական դիրքը ռազմական գործողություններից զերծ չի պահել անմատույց այս վայրը, Փ.Բուզանդի հիշած՝ «խիստ ամրացված արքունի ամրոցը», ուր «Կայանք զօրացն էին»՝ ըստ Եղիշեի (Զորքերի կայանատեղին, Զորակայանը):

Գառնիի ամրոցի մուտքը

Գառնու ամրոցի պարիսպներից ներս, տաճարի, հարակից բազմաթիվ շինություններում (դեռևս բրոնզեդարից հայտնի բոլորաձև կացարանները, տաճարին կից՝ կլոր հատակագծով «եկեղեցու» մնացորդները, 50 մետր հեռավորության վրա գտնվող բաղնիքն իր հայտնի խճանկարով…), արճճապատ երկաթյա գամերով ամրացված պատի շարքի՝ հնագույն տեխնիկայով կառույցների կողքին կրաշաղախի ու առանց գամերի օգտագործմամբ պատերը վկայում են տարբեր շրջաններին բնորոշ կառուցողական աշխատանքների մասին, որոնք շարունակվել են ընդհուպ մինչև 13-րդ դարը՝ փաստելով բնակավայրի կարևորությունը:

Դեռևս ն.թ.ա 2-րդ հազարամյակով թվագրվող դամբարաններով ու հնագիտական հարուստ նյութերով բացառիկ այս համալիրը վաղուց է գրավել Հայ և այլազգի մասնագետների ուշադրությունը:

Նրա դերը կարևորվում է հատկապես հելլենիստական շրջանով՝ ն.թ.ա 3-1-ին դարերով («հելլենիզմ» տերմինով բնորոշվում է հունականի և Ալեքսանդր Մակեդոնացու կողմից նվաճված այլ երկրների մշակույթների փոխազդեցությունից ձևավորված մշակույթը):

Ա.Սահինյանն իր «Գառնիի անտիկ կառույցների ճարտարապետությունը» մենագրության մեջ, դեռևս տասնամյակներ առաջ, նշել է Գառնիի տաճարի հորինվածքային կապը նրանից շուրջ հազար տարի առաջ կառուցված Մուսասիրի հայտնի տաճարի և Էրեբունիի «Սուսի» կոչված տաճարի միջև («սուսի» տիպի բիայնական (ուրարտական) տաճարներ կային և այլուր՝ թագավորության մյուս շրջաններում):

Հիշյալ համալիրում առկա բաղնիքին համանման՝ հիպոկաուստիկ հատակով, մի քանի բաժանումներից բաղկացած բաղնիքները շատ տարածված էին ողջ Հին աշխարհում՝ ուշ հելլենիստական շրջանում:

Նման բաղնիքներ են կառուցվել Վաղարշապատում, Դվինում, Զվարթնոցում, Անիում, Ամբերդում՝ կազմելով պալատական հորինվածքների անբաժանելի մասը:

Զվարթնոցում, որն առաջվա Տիրի Երազամույն տաճարն էր, Գառնիի համալիրի նմանատիպ՝ հիպոկաուստ հատակով բաղնիքի առկայությունը վաղնջական ժամանակներից հայտնի՝ «սրբազան տարածքում մաքրագործող նշանակությամբ» լողավազանների հետագա զարգացումն է:

Հիշենք, որ Տիրի Երազամույն վայրերը երազների միջոցով հիվանդությունների ակունքը գուշակելու և բուժման նպատակով եկած ուխտավորների համար էին հատկապես:

Ուստի՝ շոգեբաղնիքները լավագույնս նպաստում էին զանազան բուժումներին՝ նրանց անհրաժեշտ մի մասը հանդիսանալով:

Տիրի (որը նույնացվում է և Ապոլոնի, Ասկլեպիոսի (Էսկուլապի) հետ), երբեմն նշվում է նաև՝ Միհրի անվան հետ), տաճարները հաճախ շրջանաձև էին (նախորդ գրառումներից մեկում ավելի հանգամանալից անդրադարձել էինք):

Եվ, ինչպես հայտնի է, նույն սրբավայրում երբեմն մի քանի դիցերին նվիրված մեհյաններն էին համախմբվում:

Կլոր հատակագծով էին նաև խնդրո առարկա ժամանակաշրջանի հունահռոմեական աշխարհում քաջ հայտնի՝ Անշեջ Հուրի՝ Օջախի պահապան դիցուհիների՝ հունական Հեստիայի և հռոմեական Վեստայի՝ որպես Ազգային օջախի պահապանների պաշտամունքին նվիրված տաճարները:
Հայոց դիցարանում Նանեին է վերագրվում այդ դերը:

«Մայր Զգաստութեանց» բնորոշումով քրմուհիների՝ «վեստալների» դերը տիեզերածին ուժի՝ կյանքի համար անհրաժեշտ Հուրը մշտավառ պահելն էր…
Անշեջ կրակի խորհուրդը, հարատևելով տարբեր երանգներով, մեզ է հասել:
(Դպրոցական տարիներին հերթապահում էինք «Անմար Կրակի» շուրջ…):

1909-1911 թվականներին Ն.Մառի արշավախումբը Գառնու տաճարի պեղումների ընթացքում բացահայտել էր նրան կից, բոլորակ մի շինության մնացորդները, որի «հազիվ նշմարելի հիմերի» մասին է խոսել և Թ.Թորամանյանը:

Մանրամասները՝ Տիրան Մարությանի՝ «Գառնիի բոլորակ տաճարի ճարտարապետության առանձնահատկությունները» ուսումնասիրության մեջ, ուր քննարկվում են տարբեր ճարտարապետների կողմից առաջարկված վերակազմության տարբերակները, նրա զուգահեռները հայկական ճարտարապետության մեջ:

Գառնիում տաճարին կից բոլորաձև հատակագծով շինությունը, հետագա կիրառումից առաջ, գուցե վերոհիշյալ նշանակությամբ է եղել՝ ըստ իս, նվիրված Հայոց դիցարանում Օջախի ու նրա Անշեջ Հուրի պահապան Նանեի պաշտամունքին…

2009 թվականին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արտաշատի հնագիտական արշավախմբի պեղումների արդյունքում, քաղաքի հյուսիս-արևմտյան տարածքում, եռանավ բազիլիկից ոչ հեռու Տիրի (Ապոլոն-Տիրի) տաճարի հիմնապատվանդանի պատերն են հայտնաբերվել:

Տիրին նվիրաբերվող ընծաների համար նախատեսված գանձարանից բացի, շոգեբաղնիքի սենյակի առկայությունն է նշում Ժորես Խաչատրյանն իր «Նորահայտ հեթանոսական տաճար Արտաշատ մայրաքաղաքում» հոդվածում, ուր մեջբերված են նաև հայ և օտար պատմիչների վկայությունները, որոնք ներկայացնում ենք՝ առիթից օգտվելով (թեև՝ թեմայից քիչ շեղվելով):

Պլուտարքոսի հավաստմամբ՝ «Տիգրանակերտը լի էր գանձերով և աստվածներին նվիրաբերված թանկարժեք ընծաներով, քանզի մասնավոր անձինք և մեծատունները, ցանկանալով հաճոյանալ թագավորին, միմյանց հետ մրցում էին քաղաքի շինության ու ընդարձակման համար»:

Ագաթանգեղոսը հիշատակում է Հայ Արշակունի թագավորների կատարած նվիրատվություններն ու զոհաբերությունները:

«Խոսրով թագավորը, պատերազմում հաղթելով պարսից թագավորին, վերադառնալով Հայաստան, հրաման տվեց բոլոր կողմերը պատվիրակ ուղարկել, հրովարտակներ հղել՝ հրամայելով յոթ մեհյանների բագիններին ուխտի գնալ, պաշտամունք կատարել Աստվածների կուռքերին:
Իր Արշակունի տոհմի հայրենական պաշտամունքի վայրերը մեծարեց՝ նվիրաբերելով սպիտակ ցուլեր ու նոխազներ, ճերմակ ձիեր ու ջորիների, ոսկեղեն ու արծաթեղեն զարդեր փողփողուն ծոպերով, պսակներով ու ճոպաններով զարդարուն մետաքսե զգեստներ, ոսկի պսակներ ու արծաթե զոհարաններ, թանկագին քարերով լի գեղեցիկ անոթներ, ոսկի ու արծաթ, պայծառագույն հանդերձներ և գեղեցիկ զարդեր» (Ագաթանգեղոս, Պատմություն Հայոց», պատմիչներից մեջբերումները՝ Ժ.Խաչատրյանի վերոհիշյալ հոդվածից):

Հայաստանում քրիստոնեության հռչակումից հետո կործանված մեհյանների կալվածքներն ու գանձերը եկեղեցիներին շնորհվեցին:

Արտաշատում հայտնաբերված՝ Տիրի մեհյանին կից գանձարանն այդ շրջանում թալանված ու քանդվածներից մեկն է…

Մինչև 1679 թվականի երկրաշարժը կանգուն մնացած, այսօրվա տեսքով 1969-74 թվականներին ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի նախագծով վերականգնված Գառնու տաճարի շուրջ կատարված պեղումների գտածոների ցանկում առկա է պղնձե մի հայելի և ցուլի՝ մարմարե քանդակից մնացած՝ կճղակի մի բեկոր՝ տաճարից 20 մետր հեռավորությամբ դեպի հյուսիս գտնվող տեղանքից:

Գառնու տաճարի մոտ հայտնաբերված պղնձե հայելին

Խորհրդանշական մեծ իմաստ կրող երկու հուշ, որոնցում պարփակված է անցյալի մի ողջ շրջանի հսկայական պատմությունը…

Բագինների մշտավառ հուրը հարկ եղած դեպքում բորբոքելու նպատակով մեհյաններում գործածվում էին վահանների տեսքով (կորնթարդ), յուրահատուկ «հայելիներ», որոնցով «եզան աչք» կոչվող բացվածքից (oculus) որսված արևի ճառագայթներով կրակն էին վառում:

«Եզան աչք» կոչվող բացվածքը

Ցուլի՝ մարմարե կճղակի առկայությունը, Ցուլի ու նրա հետ կապված խորհրդանիշի կիրառումն այստեղ այլ թեմաներ է հիշեցնում…

Կարծում եմ՝ արդեն ոչ անծանոթ…

Առավել ևս, որ օտար աղբյուրներում, 1-ին դարի Հայոց պատմությանը վերաբերող կարևոր տեղեկություններ թողած՝ հռոմեացի պատմիչ ու սենատոր Տակիտոսը (58-120թթ.), Գառնին հիշատակում է «Cornea» ձևով (Կորն՝ «Եղջյուրն» իմաստով նկատի ունեմ), որով Հայկի ժառանգներից Գառնիկի անվան հետ կապվող ստուգաբանության այլ տարբերակ է հուշվում…

Որպես փոքրիկ հավելում նշենք, որ Հ.Աճառյանի «Հայերէն արմատական բառարանում» «Ցուլ կենդանակերպը» «Եզն» բառով է ներկայացվում:

Բառի ժողովրդական ստուգաբանության մեջ հիշվում է Յ.Մ.Տուտուխեանի՝ 1838 թվականի ապրիլի 27-ի «Արևելք»-ում տպագրված մի հոդված, որի համաձայն՝
«Աստված իբր թե Ադամի անկումից հետո մի հրեշտակ ուղարկեց, որ նրան հողագործություն սովորեցնէ:
Երբ հրեշտակը հարցնում էր, թե կենդանիներից որի՛ն է լծելու արօրին, նրանցից մին «Ե՛ս, ե՛ս» աղաղակեց և անունը մնաց «Եզ»…

Այս պատմության մեջ «առաքված հրեշտակը» շումերական դիցաբանությունից հայտնի Իմաստունին՝ Օհանեսին է հիշեցնում, որն Էնկիի կողմից ուղարկվել էր մարդկությանը գիտությանն ու արհեստներին հաղորդակցելու նպատակով (պատումների՝ երանգափոխված հարատևության մի ապացույց) …

Նախաքրիստոնեական շրջանից քրիստոնեական եկեղեցու փոխակերպված ու իր նախնական տեսքը լավագույնս պահպանելով մեզ հասած հազվագյուտ հուշարձաններից է Հռոմի հնագույն կառույցներից մեկը՝ Հերկուլես Օլիվարիուսի (կամ Հերկուլես Վիկտորի) տաճարը:
Իր կլոր հատակագծի պատճառով՝ ճերմակ մարմարյա այս մեհյանը սկզբում վերագրվել է Օջախի պահապան Վեստային…

Քրիստոնեության տարածումից հետո Գառնու ամրոցը եղել է Տրդատ Գ արքայի քրոջ՝ Խոսրովիդուխտի «ամառային սենյակը»՝ ի հիշատակ (կամ՝ շնորհիվ), գուցե, Օջախի պահապան ու մայրության խորհրդանիշ դիցուհու՝ Նանեի (հետագայում՝ եպիսկոպոսանիստ բնակավայր էր):

Ժամանակի հետ ջնջվելով (կամ փոփոխվելով), անցյալում կարևորություն ունեցող խորհրդանիշներն այսօր էլ վերստին իրենց երբեմնի գոյությունն են հիշեցնում՝ Գառնիում հայտնաբերված մի մարմարյա կճղակով կամ, Հունաստանում՝ Դելփիքի սրբավայրից գտնված՝ իրական չափերով քանդակված ցուլի արծաթե քանդակով…

Դելփիքի սրբավայրից հայտնաբերված «Արծաթե ցուլի» քանդակը

Օջախի պահապան դիցուհին էլ՝ կոչվի նա վաղնջական ժամանակներից հայտնի՝ Մեծ Մոր, Նանեի, Հեստիայի, Վեստայի կամ Սիբիլի անունով, այսօր էլ մեզ հիշեցնում է իր հեռավոր գոյությունը՝ զանազան անուններով, Փարիզի բարձունքներում, Հայկական Լեռնաշխարհի տարբեր շրջաններում և այլուր…

Դրվագ Գառնու տաճարից
Գառնու բաղնիքի հատակի մի դրվագ
Վեստայի կամ Սիբիլի տաճարը Տիվոլիում

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով