«…ԺԱՅՌԻՑ ՄԱՍՈՒՐ Է ԿԱԹՈՒՄ…» (Հ.Սահյան)Կամ՝ «…Շաղոտվեց ծաղկունքը ողջ. Շաղն՝ ամպից, ամպն՝ արեգակից…» ( արևելահայերենով հատված՝ Գ.Նարեկացու «Տաղ Վարդավառից»)

«Մասրենին իմ երկրի կերպարն է:
…Ոչինչ չի ուզում, երաշտ տարին էլ լավ պտուղ է տալիս, մի քանի անգամ ծաղկում՝ կանաչում է, սպիտակում, դեղնում, կարմրում…:
Խեղճ, բաշխող, բայց և փշեր ունի:
Օտարն ինձ պիտի ճանաչի մասրենու թփով՝ ժայռի մեջ խրված:
Ամենալավ բույրն ունի, գույնն ունի, պտուղն ունի:
Արմատը խոր, պիրկ, ամուր, հապա փորձիր պոկել…
Մասրենին ինքը չգիտե, որ այդքան բուժիչ է, այդքան գեղեցիկ, այդքան պիտանի:
Մասրենին չգիտե և չէր էլ կարող իմանալ, որ ինքը հայ է, հայի բնավորություն, որ այնքան բնորոշ է մեր ազգին:
Դա մե՛նք պիտի իմանանք և ներկայացնենք այլոց էլ»:

Հ.Սահյանի՝ վերոհիշյալ հանճարեղ բնութագրած՝ հնագույն շրջանից իր օգտակար ու բուժիչ հատկություններով հայտնի Մասրենին փառաբանվում էր և իր հրաշալի վարդ-ծաղիկով:

Հունական մի ավանդազրույցի համաձայն՝ Աֆրոդիտեի՝ այս բույսի փշով ծակված մատից հոսած արյան կաթիլներն էին երանգավորել նրա ծաղկաթերթերը…

Հետագայում, Միջնադարում, Վերածննդի ու նրան հաջորդած շրջանում ևս Վարդն իր մեծ խորհուրդն ուներ՝ կյանքի վերածննդի, հավերժության և այլ իմաստավորմամբ (եվրոպական ճարտարապետության մեջ, հայկական խաչքարներին՝ Վարդյակներն անբաժան են…):

Վաղնջական ժամանակներից հայերի, եգիպտացիների մոտ ընդունված՝ վաղորդյան ցողի կաթիլները որպես սրբազան հեղուկ հատուկ սրվակում հավաքելու ավանդույթի նմանությամբ, քրիստոնեության մեջ, Հովսեփ Արիմաթացու կողմից՝ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Քրիստոսի ճաշակած գավաթում, խաչելությունից հետո, նրա արյան կաթիլները հավաքվեցին («Սուրբ Գրաալը»):

Հունաստանում վարդը նվիրաբերվում էր նաև Լռության, գաղտնիքի ու անմեղության դիցին՝ Հարպոկրատին (Harpocrate):
Ի դեպ, Հայաստանի Ազգային Պատկերասրահում (որի քանդակի բաժնի գիտաշխատողներից էի տասնամյակներ առաջ), Հարպոկրատի՝ ն.թ.ա 1-ին հազարամյակին վերագրվող մի արձանիկ է ցուցադրվում…

Վարդն, այնուհետև, որոշ խիստ գաղտնի ժողովներում մասնակիցների կողմից գաղտնիության պահպանման յուրահատուկ խորհրդանիշը դարձավ՝ հավաքույթում հնչածի առիթով այլուր մասնակիցների կողմից լռություն պահպանելու իմաստով (վարդի՝ փակված թերթիկներով իր «սիրտը» թաքցնելու կարողության ակնարկով):
Այստեղից էլ՝ « Sub rosa» — «Վարդի ներքո» արտահայտությունը՝ խոսակցությունը չբացահայտելու պայմանը՝ հռոմեացիների ժողովների ժամանակ սեղանի վերևում վարդ կախելու ավանդույթից …

Հազարամյակների ընթացքում բազմաթիվ պոետների գովերգած ծաղիկների թագուհին՝ բուրավետ վարդը, Կույս Մարիամի խորհրդանիշը դառնալուց բավականին առաջ, մայրության ու սիրո խորհուրդը մարմնավորող դիցուհիերի՝ Անահիտի ու Աստղիկի խորհրդանիշն էր, ինչպես նաև նրանց համարժեք՝ հունական Աֆրոդիտեի և Ավրորայի (Արշալույսի, Հերայի) խորհրդանիշը, որոնք գլխի, պարանոցի շուրջ ու ոտքերին փռված վարդերով էին պատկերվում: Հերան Արշալույսն էր՝ «առ քերթողս»:

Հայոց դիցուհիների նման, Արշալույսի դիցուհին նույնպես «Վարդամատն» մակդիրով էր բնորոշվում…
Համաձայն Մկրտիչ Ավգերյանի «Առձեռն բառարան Հայկազեան լեզուի» (հրատարակված 1846-ին՝ Սբ.Ղազարում), «Վարդամատնը» Հերան ու Անահիտն էին՝ ըստ քերթողաց:

Կյանքի հավերժական վերանորոգման իմաստով, իր հնգաթև թերթիկների բազմախորհուրդ մեկնաբանություններով վարդի պատկերները դեռևս ն.թ.ա 1600 թվականից Կրետեի մշակույթում ենք հանդիպում, նաև՝ Եգիպտոսում (Թութանհամոնի սարկոֆագում վարդի մի փունջ է եղել):

Թերթիկների 5 թիվը ևս իր իմաստն ուներ՝ որպես իմաստնության ու ներդաշնակության խորհրդանիշ
(Լեոնարդո Դա Վինչիի հայտնի նկարը՝ շրջանում ձեռքերն ու ոտքերը տարածած մարդը (չորս կողմն ու գլուխը՝ հինգ անկյուն), Վերածնության շրջանի մտածողության արգասիքն է՝ Մարդը՝ Տիեզերքի կենտրոնում…

Վերոհիշյալ պատմական թռուցիկ ակնարկից հետո մտաբերենք մեր նախնյաց իմաստնության դրսևորումներից մեկը պարփակած, այսօր էլ մեր շուրթերին հնչող հինավուրց շարականը՝ Նարեկացու թողած «Տաղ Վարդավառին»: Մի հատված՝ գրաբարով և արևելահայերենով.

Շուշանն շաղով լցեալ,
շող-շաղով և շար մարգարտով:
Ծաղկունքդ ամէն շաղ առին,
շաղն յամպէն, ամպն յարեգակնէն…

Շուշանն էր շաղով լցված,
շող շաղով և շար մարգարտով,

Շաղոտվեց ծաղկունքը ողջ.
շաղն՝ ամպից, ամպն՝ արեգակից…

Երկնքից շաղված ցողը՝ բույսերի, հետևաբար նաև կյանքի համար անհրաժեշտ այդ «Շաղը», Կյանքի Աղբյուրն էր:

Ի վերուստ ցողված այդ պարգևը Երկրի, Հողի պարարտության՝ բերք ու բարիքի, ցորենի ու գինու առատությունն էր պայմանավորում նաև (Աստվածաշնչում՝ Ծննդոց, 27:28 և բազմաթիվ այլ հատվածներում՝ ասվածի հավաստումն է):

Այսպիսով, նախորդ գրառման մեջ արծարծված՝ «Համբարձման տոնի» առիթով Լուսնի շողալույսից հետո վաղորդյան շաղով պարուրված ավանդական Ծաղկաքաղն իր իմաստն է ստանում:

Տարբեր առիթներով, հնագույն շրջանից սկսած մինչև մեր օրերը, մարդկանց վրա և այլուր «սրբազան հեղուկի» տեսքով ցողումը՝ նույնպես…

Հ. Սահյանի խորիմաստ տողերը վերհիշելով՝ այս «երաշտ տարիների մի լավ պտուղն» էլ մե՛նք լինենք՝ ծաղկելով-ծաղկեցնելով՝ հանուն գալիք ծաղկուն սերունդների…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով