…«ԱՇԽԱՐՀՆ ԵՂԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՊԻՏ ՄՆԱ ՀԱՅԱՍՏԱՆ …»

(մեջբերված Ավետիք Իսահակյանի՝ 1917-ի հունվարին Ժնևում ավարտած՝ «ՄԵՐ ՆԱԽԱՀԱՅՐԵՐԸ» ստեղծագործությունից)

Անմահ Իսահակյանի քնարին պատկանող խորիմաստ մի քանի տող, ուր ամփոփվում ու սերունդներին է կտակվում մի ողջ դարաշրջանի պատմությունը:

Բառերի հանճարեղ ընտրությամբ ակնարկվում են հնագույն հավատալիքները, լայնածավալ Երկիրն ու մշակույթի համայնապատկերը:

Ուրարտական թագավորության (ինչպես ժամանակի արձանագրություններում է՝ Բիայնայի և Նաիրիի Երկրի) անկման շրջանից մի պատկեր, որը, «միայն երկնի մաքուր հովերով գգված չքնաղ կույսերի» գերեվարումից «սրտախոց» քնարերգուի գրչի ուժով, վերարտադրում է Նաիրյան գետերից՝ Միջագետքից մինչև Գամիրք, Մոսոք ու Թաբալ ձգվող հայրենիքի երանգները:

«Մրրիկը կամ ամպերի Արծիվը» սանձելը փոխաբերական իմաստով ակնարկում է հնագույն մի հավատալիք, համաձայն որի, պատերազմից առաջ, ապագա հաղթանակն ապահովելու համար, հատուկ արարողությամբ «սանձվում էին» հակառակորդի հովանավոր Դիցերը (ամիսներ առաջ մի գրառման մեջ անդրադարձել էինք սեպագիր տեքստերից հայտնի նման մի ծեսի նկարագրությանը):

«Մրրիկը» հայտնի Թեշուբն էր՝ Փայլակը, Շանթը, Կայծակի (Հուրի), Ամպրոպի դիցը, որը գլխավորում էր մեր նախնիների դիցարանը:

Ազգի պահպանման հիմքում դնելով ժառանգաբար փոխանցված մշակույթն ու կարևորելով պատմական հիշողությունը, Ավետիք Իսահակյանը դեռևս 1916 թվականին գրում է «Մեր նախահայրերը», այն համոզմամբ, որ թշնամին կարող է նվաճել երկիրը, կողոպտել ու կեղեքել, բայց Հայրենիքի նկատմամբ ունեցած անկոտրում, ազատասեր ոգու շնորհիվ Ազգը կհարատևի՝ ներշնչվելով իր անցյալի հերոսների անձնուրաց խիզախությամբ…

Փռյուգիական գդակներ (Միհրի գդակն է), երկաթե գոտիներ, ուսերին՝ վագրների վառ մորթի, էտրուրական սափորներ…

Ավագ Մասսից մինչև Կավկավ (Տարոն, Տուրուբերան…)՝ գունագեղ ճամփորդություն, ի հեճուկս տարածության ու ժամանակի…

Իմաստուն վայելում բոլորիդ…

ՄԵՐ ՆԱԽԱՀԱՅՐԵՐԸ

I

Եկավ հապճեպ սուրհանդակ՝ փոշիների մեջ թաթավ,

Ուրարտուի արքայի առջև խոնարհ ծունր իջավ.

— Որդի՜ հզոր Խալդիի, տեր գետերին Նաիրի,

Ինձ առաքեց բդեշխը քո այն հեռու աշխարհի,

Ուր արևն է մայր մտնում։

Հաղթ՛ ղ գոռոզ Ասուրի,

Մի թշնամի, որ նման մթնում փայլող մի սուրի,

Մխրճվել է մեր կողը, և քանդելով բուրգ-պատվար՝

Ներս է խուժում մեր հողը, հեղեղների պես վարար։

Չենք իմանում, չգիտենք նրանց տոհմը, ովքե՞ր են,

Ո՞վ է նրանց աստվածը, նրանց լեզուն, ուսկի՞ց են։

Եվ մըրրի՞կն են սանձել, թե՞ արծիվը ամպերի,

Նրանց ձիերը թռչում են պատնեշներով բերդերի…

Սարդուրիսի ճակատին մռայլ վիհեր բացվեցին,

Եվ արձակեց հրաման ուրարտական թագերին.

Կազմեց ամուր այրուձի, կազմեց բանակ մեծաուժ,

Եվ մեկնեցին ռազմադաշտ թշնամու դեմ խուժադուժ…

II

Գամիրք, Մոսոք ու Թափալ ծունկ են իջել գլխահակ՝

Հաղթողներին բերելով հարկ ու ընծա անքանակ.—

Ցորեն, մեղըր ու երկաթ, իրենց չքնաղ կույսերը,

Որոնց միայն գգվել են երկնի մաքուր հովերը։

Նետեր ունին սայրասուր և աղեղներ լայնալիճ,

Որ արծիվին սրտախոց վայր են բերում երկնքից,

Պարսեր ունին ամեհի, սուրեր ունին կուռ-կոփված,

Կայծակների ամպեղեն դարբնոցում ջրդեղված։

Փռյուգիական գդակներ և գոտիներ երկաթի,

Եվ վիթխարի ուսերին վագրների վառ մորթի,

Որոնց բռնել են շտապ իրենց անցած վայրերում,

Եվ ճակատներն արևվառ՝ ինչպես կավը քուրայում։

Վաչեների մեջ կորյուն՝ ժիր մանուկներ ոսկեհեր,

Բազուկները ջլապինդ, աչիկները՝ արևներ։

Եվ նրանց հետ ալեհեր և իմաստուն ծեր պապեր՝

Պիրկ ձեռներին գինով լի էտրուրական սափորներ։

Վիթի նման աղջիկներ՝ գարունքվա պես բռնկված՝

Զրահի տակ ստինքներ՝ սերն ու կարոտ անթեղած.

Եվ մայրերը սիրաշատ ու նրանց սուրբ արգանդում

Կյանքն է աճում, ինչպես որ վիշապաձագն անդնդում։

III

Ինչպես ծովը դուրս պոռթկա իր վիհերից անպարփակ,

Հորձանքներ տա և հորդի, որոնելով նոր հատակ,

Այնպես հորդում է առաջ նրանց արշավն ահավոր,

Որոնելու նոր աշխարհ, իրենց երդի համար նոր։

Եվ հորդում են, և նրանց խոլ բարբառից սարսափուն

Վարազներն են թաքթաքում շամբուտների գաբերում։

Եվ հորդում են, և  հարթում նժույգների ոտքի տակ

Խոչեր-խութեր ու լեռներ, ազգեր-ցեղեր ու բանակ.

Եվ նրանց վերև հածում է սաղավարտով պղնձի՝

Նահապետը, քաջ Գեստրաս, ինչպես արև քաջաձի։

IV

Եկավ արքան Սարդուրիս, և արքաներ Նաիրի

Ոսոխի դեմ ամեհի, հեռո՜ւ, անհայտ աշխարհի.

Երկաթեղեն պատերով պատվար կեցան դարեդար,

Եվ սուր սրի զարկեցին, ճակատ ճակտի անդադար.

Սերունդ իջավ գերեզման, սերունդ ելավ օրրանից,

Եվ կռեցին նոր սուսեր, պայքարեցին նոր-նորից։

Ճակատ ճակտի բախեցին և սուր սրի զարկեցին,

Ճակատ ճակտի բախեցին և սուր սրի զարկեցին։

Փշրվեցին նետ ու սուր, Ուրարտուի այրուձին,

Եվ նորեկներն հաղթապանծ՝ կուռ պատերը ճեղքեցին։

Ռազմիկները Խալդերի փախան պարտված ու նվաստ՝

Թողած բալիշ ու ավար իրենց հողը հացաշատ,

Ոստանները ոսկեդուռ, իրենց կիներն սևաչվի,

Փախան մինչև ծովածեծ կողալանջերն Կավկավի։

V

Եվ վաչերը շառաչուն՝ հաղթողների կանգ առան

Այրարատյան դաշտի մեջ, Մասիսների հանդիման.

Գեստրասները կախեցին վահանն իրենց պողպատի

Ադամանդից լուսեղեն Ավագ ֊Մասսա ճակատի։

Հիմ դրեցին, վառեցին իրենց երդը սրբազան,

Եվ ծուխն ելավ ու փռվեց գետերն ի վար Նաիրյան.

Եվ բագինը կանգնեցին իրենց արև-աստծու՝

Քաջ Վահագնի, բաշխիչը հաղթանակի և գինու.

Եվ Աստղիկի, բամբիշը Վիշապաքաղ Վահագնի,

Աստվածուհին գեղեցկի, հզոր սիրո և կյանքի։

Եղան նրանք քաջ պետեր՝ հայեր սեպուհ, հաղթական,

Աշխարհն եղավ Հայաստան և պիտ մնա Հայաստան՝

Մինչև արևը հանգչի և ցուրտ աճյունը նրա

Ձյունե համայն ազգերի հայրենիքների վրա…

Հունվար, ժնև

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով