«ԵԿԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԸ»…

«Պատահում է, որ մի երկրի պատմության մեջ նրա ներկայացուցիչները մերժում են հետաքրքրությունների (շահի, Կ.Ա.) և ուժի տրամաբանությունը՝ պատվի ու արդարության ուղին վերագտնելու համար:

Այդպիսիններից է Ժորեսը, երբ 1896 թվականի նոյեմբերի 3-ին ամբիոն է բարձրանում՝ «Հայաստանի իրադարձությունների շուրջ» խոսելու նպատակով»:

«Մենք հասել ենք այնպիսի ժամանակների, երբ մարդկությունն այլևս չի կարող ապրել իր նկուղում գտնվող խողխողված ժողովրդի դիակով» (Ժ. Ժորես, 1897թ., «Nous en sommes venus au temps où l’humanité ne peut plus vivre avec, dans sa cave, le cadavre d’un peuple assassiné»):

Այս նախադասությունն ամենևին չի կորցրել իր հրատապությունը»:
Մեջբերումները՝ Վենսան Դյուկլեր «Ժան Ժորեսը և Հայերի պաշտպանությունը: 1896 թվականի նոյեմբերի 3-ի ճառի շրջադարձը», Vincent Duclert «Jean Jaurès et la défense des Arméniens: Le tournant du discours du 3 novembre 1896», տպագրված՝ «Cahiers Jaurès», 2015 թ., հ. 3 (217):

1896 թվականին Ֆրանսիայի Պատգամավորների Պալատի՝ նոյեմբերի 3-ին գումարված նիստում երիտասարդ մի պատգամավորի՝ 37-ամյա Ժան Ժորեսի հայտնի մեղադրական ճառը պատմական նշանակություն ունի (ելույթի տեքստը տպագրվել է 1896 թվականի նոյեմբերի 4-ի «Պաշտոնական թերթում»՝ «Journal officiel»-ում):

Մեկ ու կես ժամվա իր ելույթում նա դատապարտում էր Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանում՝ Սասունում, Զեյթունում, Վանում, Տիգրանակերտում, Բաղեշում և կայսրության մյուս տարածքներում Հայ ազգաբնակչության դեմ գործած պետական ոճիրը՝ կանխամտածված ու մանրամասն ծրագրած համիդյան արյունալի ջարդերը, կիրառված ծայրահեղ վայրագությունները, նաև՝ ժխտողական քաղաքականությամբ՝ մեղքը Հայերի վրա բարդելու նրանց հանցավոր սկզբունքը:

Թուրքական կանոնավոր զորքի ու քրդական անկանոն հրոսակախմբերի դեմ ազատատենչ ու քաջազուն Հայորդիների խիզախ դիմադրության՝ 1894 թվականի Սասունի ապստամբության բարբարոսաբար ճնշումը համընդհանուր հասարակական բողոքի ալիք էր բարձրացրել որոշ երկրների առաջադեմ մտավորականության շրջանում:

Մեղադրելով «ոչ այնքան տեղեկացված կամ անտարբեր մնացած Եվրոպային՝ իր լռությամբ կատարվածին հանցակից լինելու մեջ», Ժան Ժորեսն իր գործունեությամբ, բազմաթիվ ելույթներով փորձում էր համախմբել առաջադեմ մտավորականությանը՝ ահազանգելով օսմանյան կայսրության կողմից իրականացվող ոճրագործությունները:

Անդրադառնալով Սասունի առաջին ջարդերի վերաբերյալ հետաքննության նպատակով էրզրում գործուղված եվրոպական հանձնաժողովի գործունեությանը, Ժ. Ժորեսն ընդգծում է նրա անարդյունավետությունը, հիշեցնելով, որ նշված հանձնաժողովի անդամների արձանագրություններում իսկ շեշտվում է, որ թուրքական կողմը մերժել է ու արգելել նրանց մուտքը կատարված հրեշավոր գործողությունների վայրեր՝ տեղում վկայություններ հավաքագրելու նպատակով…

Դեռևս 1896 թվականին, մեղադրելով Եվրոպային՝ իր դռան մոտ, իր աչքի առջև, իր հանցակից թողտվությամբ Հայկական կոտորածները, սպասվող արհավիրքները չկանխարգելելու մեջ, նա ընդգծում էր Հայերի կրած ողբերգության համամարդկային բնույթը:

Այդ հեղված արյան, մարդկանց իրավունքների խախտման դեմ իր ցասումն ուղղում էր նաև մյուս պետությունների՝ Անգլիայի, Ռուսաստանի դեմ:
Շեշտելով, որ զոհերի՝ պաշտոնապես ներկայացված թիվը՝ 30.000, իրականում ընդամենը կոտորվածների մեկ երրորդն է (հայկական աղբյուրների տվյալներով՝ մոտ 200.000 է նշվում, Կ.Ա), Ժան Ժորեսը, մեղադրելով Ռուսաստանին՝ հիշեցնում է իշխան Լոբանովի պատասխանը՝

«Ես չեմ ուզում, որ Հայաստանը դառնա մի նոր Բուլղարիա, և որ Ռուսաստանահպատակ Հայերը մեզնից պահանջեն նույն հաստատությունները, որոնք Հայաստանին կտրամադրվեին թուրքական գերիշխանության ներքո»…

1903 թվականի փետրվարին, Փարիզում արտասանած ճառում, Ժորեսը քննադատել է 1894-96-ի համիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը հայկական հարցում. նրա «լռելյայն ու պասիվ կարեկցանքը մեծ հանցագործություն» որակելով…

«Եկել է ժամանակը, որպեսզի Եվրոպայի հասարակական կարծիքը վերջապես շարժվի մեռյալ կետից…
Յոթ տարի առաջ Հայկական հարցում մեծ տերությունների բռնած դիրքի համար և՛ մենք, և՛ Եվրոպան ներկայումս հատուցում ենք այն դժվարություններով, որոնցով հղի է մակեդոնական հարցը։
Այս երկարաձգված անտարբերությունը, այս երկար անիրազեկությունը, հիրավի, դարձան մեծագույն հանցագործություն, որը սրբեց հրեշավոր սպանությունների հետքերը»…

Առաջին աշխարհամարտի նախօրեին, վերահաս պատերազմի աղետը կանխելու իր գործունեության օրերին, 1914 թվականի հուլիսի 31-ին Ժ.Ժորեսը սպանվում է Փարիզյան «Café du croissant» սրճարանում՝ երեկոյան ընթրիքի պահին…

19-րդ դարի վերջին քաղաքական պայքարում գաղափարների քարոզչության մեջ մեծ դեր ուներ մամուլը:
Զանազան թերթերը, շաբաթաթերթերն ու պարբերականները գաղափարակիցների համախմբման յուրօրինակ հարթակ էին, նաև՝ միջազգային-քաղաքական կյանքը, ժամանակի խնդիրները բարձրաձայնելու, հասարակությանը ներկայացնելու միջոց…

Հայաստանի սահմաններից հեռու հրատարակվող բազմաթիվ պարբերականներից ու լրագրերից էր Փարիզում լույս տեսնող՝ «Pro Armenia» երկշաբաթաթերթը (1900-1914թթ.), որի խմբագրակազմում էին ժամանակի հայտնի մի խումբ քաղաքական գործիչներ՝ Ժան Ժորեսը, Անատոլ Ֆրանսը, Ժորժ Կլեմանսոն…

Դարավոր պայքարի ներկայիս փուլում գրեթե նույն իրավիճակն է:
Առաջադեմ մարտիկները շարունակում են կերտել մի նոր Աշխարհ՝ առավել Արդար ու Պայծառ…

Մեր Ազգային պայքարն այս վճռորոշ օրերին յուրաքանչյուրիս Կյանքի՛ պայքարն է:
Անմասն չմնա՛նք ու անձեռնմխելի՛ պահենք մեր Սրբազան Հայրենիքը…🇦🇲🇦🇲🇦🇲

«Արարատի ծեր կատարին
Դա՛ր է եկել, վայրկյանի պես,
Ու՝ անցել:

Անհուն թվով կայծակների
Սու՛րն է բեկվել ադամանդին,
Ու՝ անցել»…

(Ա. Իսահակյան)