«ՄԱՆԻ՜Ր, ՄԱՆԻ՜Ր, Ի՛Մ ՃԱԽԱՐԱԿ»…
Մարդկության հիմնական ու հնագույն արհեստներից է ոստայնանկությունը՝ ոստայն գործելը՝ ջուլհակությունը՝ թելերից կտորեղեն պատրաստելը, այլ խոսքով՝ կտավագործությունը, կտավամանությունը:
Ոստայնը՝ ջուլհակի բանվածքը, կտավեղենը, նաև՝ գործվածք ստանալու գործընթացը՝ իր նախապատրաստական փուլով, մշակման զանազան եղանակներով, վաղնջական ժամանակներից ի վեր, առանձնահատուկ կարևորություն ունեին:
Ոստայնանկելը՝ կտավ մանելը (գործելը)՝ ոստայնագործությունը բազմիցս հիշատակվում է տարբեր ժամանակների գրավոր աղբյուրներում, բանաստեղծություններում, հեքիաթներում, Ժողովրդական երգերում…
«Մի ջուլհակի տուր դու զիս,
Նետէ մըգուգ, պագնէ զիս»…
Այլ բարբառով՝
«Ջուլհակ մարդու տուր զիս.
Թալէ մագուգ, պագնէ զիս»…
Մագուգը՝ մակույկը (մագոգը, մաքոքը)՝ ոստայնանկի մակուկաձև փոքրիկ սարածն է՝ սարքը, որի մեջ զետեղում են թելով մասուրան, և որը հենքի միջով աջ ու ձախ շրջեցնելով գործում են կտավը:
«Մասուրան» բարակ եղեգի փողանման կտոր է, որի վրա փաթաթում են թելը և հագցնում մագոգի մեջ:
Մասուրան անցկացնում են իլիկի վրա ու վրան թել փաթաթում…
Բնական՝ բուսական ու կենդանական մանրաթելերից ստացվող թելից կամ մանվածքից (կտավից՝ վուշից, նաև՝ մորթուց, բրդից…) մշակման եղանակով պատրաստվում էին զանազան հանդերձներ:
Ցողունային հարուստ մանրաթելերով կտավի (վուշի) ցողունն արմատով հավաքվում էր դաշտերից, մշակվում՝ թրջվում, փխրեցվում, ճմլվում, չորացվում, «ցողունը ծեծելով թել-թել սարքվում» (ի տարբերություն բրդի, բամբակի՝ վուշը փոքր-ինչ կոշտ է ու սառը)…
Կտավատը՝ «կտաւահատը»՝ կտավի հատն է, ունդը, որից յուղ է քամվում…
«Երբ խօսք կ՝ըլլայ Բալուի գիւղերուն մէջ հայերու հագուստ-կապուստին մասին, տեղական առած մը լաւագոյնս կը բացատրէ զայն. «մօր մանած, հօր գործած»։
Այլ խօսքով՝ գիւղացիին վրայի զգեստներն ու արդուզարդը ամբողջութեամբ տնայագործութիւններ են, շինականը ոտքէն գլուխ տունի գործեր կը հագուի»:
«Տնայագործութեան մաս կազմող ամէնէն կարեւոր աշխատանքներէն մէկը, անկասկած որ, ոստայնանկութիւնն է։
Գիւղական գրեթէ ամէն տուն իր հորը (տէզկեահ) ունի, որ կը ծառայէ հիւսուածքներ գործելու»։
«Խարբերդի գիւղերուն մէջ այս արհեստը տնայնագործութիւն մըն է, այնպէս որ գրեթէ ամէն տուն իր հորը ունի։
Կարգ մը գիւղեր կը յատկանշուին վարպետ ոստայնանկներու արտադրած հիւսուածքներու գեղեցկութեամբ ու բարձր որակով»։
«Յուշամատեան»-ից մեջբերված վերոհիշյալ հատվածները, ինչպես և մեր գրողների ստեղծագործությունները, ժողովրդական երգերը, վկայում են մինչև 20-րդ դարը մարդկանց կենցաղում անչափ էական այս արհեստի դերը:
ՃԱԽԱՐԱԿ
Մանի՛, մանի՛, ճախարա՛կ,
Նըստենք բանի, ճախարա՛կ,
Անտերին՝ տեր, ճախարա՛կ,
Որբերին՝ հեր, ճախարա՛կ։
Լուսնյակը դուրս է եկել,
Աչքերիս լուս է եկել։
Լուսնի լուսով մանեմ ես,
Սիպտակ ոստեր անեմ ես,
Աղքատ օրով ու լացով
Որբեր պահեմ մանածով։
Մանի՛, մանի՛, ճախարա՛կ,
Նըստենք բանի, ճախարա՛կ,
Անտերին՝ տեր, ճախարա՛կ,
Որբերին՝ հեր, ճախարա՛կ։
Հ. Թումանյան
1908 թ.
Վաղնջական ժամանակներից չափազանց կարևորվող ծիսական արարողությունների անբաժան մասնակիցն էր կտավը՝ մանածագործությունը («Պատմուճան կտաւի», շապիկ, գոտի, խույր, ձորձ, նույնիսկ՝ «Խորան կտաւեայ՝ ի ձև եկեղեցւոյ շրջեցուցանէին»՝ ինչպես այսօր էլ շարունակվում են հատուկ պատկերով պաստառի մի կտոր բռնած ծիսական երթերը)…
Վուշը՝ բեհեզը, «ազնիվ ու բարակ կտավը», նաև արքունական գավիթը կամ պաշտամունքարանն էր զարդարում («հանդերձս բեհեզեայ», «գահույք և անկողինք բեհեզեայ», «Քահանայք բեհեզազգեստ», «Բեհեզ և ծիրանի», «Խույր բեհեզեայ»,- վկայում են պատմիչները)…
Թելը, կծիկը կարևոր դեր ու խորհուրդ ուներ նաև Հին Աշխարհի դիցաբանական զանազան պատումներում:
Այսօր տարբեր լեզուներում խոսակցության մեջ կիրառվող «Արիադնեի թել», «Արիադնեի կծիկ» արտահայտությունը՝ որպես «խնդրի լուծման ուղի», առնչվում է հունական դիցաբանության մի դրվագին՝ Աթենացիների կողմից Կրետե կղզու ցլագլուխ հսկային՝ Մինոտավրոսին ինը տարին մեկ 7 երիտասարդների ու 7 օրիորդների նվիրաբերման ավանդույթին վերջ դնելու նպատակով Լաբիրինթոս մտած Թեսևսի պատմությանը:
Նա հաջողեց սպանել Մինոտավրոսին ու Լաբիրինթոսից ելքը՝ վերադարձի ճանապարհը գտավ նրա մուտքի դռանն իր ամրացրած թելի հետագծով ուղղորդվելով՝ շնորհիվ Արիադնեի տված կծիկի…
Մարդու Կյանքն ու Ճակատագիրը նույնպես «Թելից էին կախված»…
Համաձայն հունական դիցաբանության՝ երեք դիցուհիներից՝ «մոյրաներից» առաջինը մանում էր Կյանքի Թելը, երկրորդն ընտրում էր Կյանքի Ուղին՝ Հետագիծը, երրորդն՝ անողոքաբար ընդհատում այն:
Մինչ օրս կիրառվում է «Կյանքի թելն ընդհատվեց» արտահայտությունը՝ մարդու վախճանի իմաստով («Ճակատագրի պտտվող անիվը»՝ նույնպես)…
Հայոց դիցաբանության մեջ «Ժամանակի Մանողն ու Հյուսողը, Առեղծվածների Ուսուցիչը», «Ճանապարհորդության վերջին իր մոտ կանչողը», «Բոլոր վերքերը բուժողը» Սանդարամետ Դիցուհին է:
«Ես մանում եմ այն թելերը, որոնք իմ մանուկներին տուն են բերում՝ ինձ մոտ»,
«Օրն ավարտվելուց հետո իմ մանուկները կգտնեն իրենց օրհնված հանգիստն իմ գրկում»,
«Ես արգանդն եմ, որից ծնվում են բոլորը», — կարդում ենք «Արամագի» («Սարմագ») Մոգաց Միաբանության՝ 1770 թվականի ծիսական Մայր մատյանից մեջբերված դրվագում, որը հրապարակել է Քուրմ Յարութ Առաքելեանն իր էջում:
Նշված և թվարկվող այլ բնորոշումները լույս են սփռում պեղումներից հայտնաբերված բազմաթիվ իրերի իմաստի, պատկերագրության վրա:
Հայկական Լեռնաշխարհի տարբեր շրջանների՝ քարեդարյան ու վաղբրոնզեդարյան գրեթե բոլոր բնակավայրերի ու դամբարանների պեղումներից (Շենգավիթ, Մոխրաբլուր, Լճաշեն, Ագարակ, Ծաղկահովիտ, Արևիկ, Գառնի, Շիրակի մարզում՝ Մեծ Սեպասար, Արթիկ և այլն, ն.թ.ա 3-րդ հազարամյակից սկսած՝ ն.թ.ա 29-26-րդ դարերից), հայտնաբերվել են մեծաթիվ իլիկներ՝ ոսկրից ու քարից պատրաստված՝ հատկապես՝ ծիսական նշանակության:
Խոշոր եղջերավոր անասունի ծնկոսկրից պատրաստված՝ տարբեր չափերի իլիկների՝ տափակ, մի կողմը փոքր-ինչ ուռուցիկ գլուխները մշակված են, հարթեցված, միջանցիկ անցքով:
Պահպանվում է Հայաստանի Պատմության թանգարանում
«Մայր Հողի» գաղափարը մարմնավորող Դիցուհու՝ «Մեծ Մոր» խորհրդանիշի առկայությունը դամբարաններում նրա հովանավորության գրավականն էր (հնագույն շրջանից ի վեր Դիցի խորհրդանիշն է հաճախ կիրառվել՝ որպես նրա ներկայության փոխարինող: Իսկ «Մայր Հողի» «գիրկը գնալու» գաղափարը համանման է մինչ օրս Արևի ու Լուսնի համար կիրառվող՝ «հերթով «Մոր գիրկը» գնալուն ու այնտեղից կրկին ծագելուն»):
Իլիկը, որպես պահպանակ, չարխափան այլ իրերի՝ դաշույնի, սուսերի կամ սուր պողպատե այլ առարկաների հետ, երկունքի ժամանակ ևս դրվում էր ծննդկանի բարձի տակ (ինչպես նկարագրվում է Ստեփան Լիսիցյանի՝ Արցախահայությանը նվիրված ուսումնասիրության մեջ. Ստ. Լիսիցյան՝ «Լեռնային Ղարաբաղի Հայերը. (Ազգագրական ակնարկ)», Երևան, էջ 50, 1981թ.):
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։
Ձեթ եմ ածել ականջներըդ,
Նոր շինել եմ շրտըվիկ,
Դե՜հ, շու՛տ շարժիր լայն թևերդ,
Ոստեր շինիր սըրուլիկ։
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Լիսեռնիկդ պտըտիր,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Իլիկիդ վըրա փաթաթիր։
Ղ. Աղայան
Սևանի ավազանում, Լանջաղբյուր գյուղի մոտ եղել է Իլիկի վանք՝ Իլկավանք գյուղ, որը հիշատակում է Սիմեոն Երևանցին (18-րդ դար), ավելի վաղ շրջանից՝ 1415 թվականի մի Հայսմավուրք է պահպանվել՝ գրված Իլկավանքում (Իլկեվանից անապատ, Իլովանք, Պառավի վանք. բարձրադիր սարալանջի վրա հնագույն գմբեթավոր շինությունը նշված է «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանում»):
Հավելենք նաև, որ Հայ մշակույթի ականավոր գործիչ՝ Արշակ Ֆեթվաճյանի հեղինակությամբ՝ Հայաստանի Առաջին Հանրապետության՝ 1919 թվականին ստեղծված՝ թղթադրամների շարքում առանձնահատուկ է 250 ռուբլի արժողության դրամը, որի վրա Թել մանող Հայուհին է՝ իր մեծ խորհրդով…
Խորհրդանշական ձևով՝ որպես ոստայնանկության կատարելագույն դրսևորում էր դիտվում նաև սարդը՝ իր հյուսած սարդոստայնով, որի մասին՝ այլ առիթով…
Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակի ոտ փըշատ էր,
Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակ մանող շիմշատ էր:
(«Շիշմատ» նշանակում է՝ «Սլացիկ ու ճկուն»)
Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակի ոտ բարդի էր,
Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Մանողի հոտ վարդի էր: