«ԱՄԵՆԱՊԻՏԱՆԻ ԲԱՆԸ»
Երբ վերջին երեք տասնամյակներին մեր Երկիրը տգիտության ու խավարի մեջ մղածների պատճառով այսօր ողջ Հայ Ազգը բախտորոշ ժամանակաշրջանում ընտրության առջև է կանգնած՝ մեր Իմաստուն Մեծերը մեզ հուշում են տասնամյակների, հարյուրամյակների, հազարամյակների խորքից՝ հիշեցնելով կարևորագույն արժեքը՝ Գիտության Լույսը…
«Ամենապիտանի բանը»
(Ավետիք Իսահակյանի հեքիաթներից, գրված՝ 1904թ.)
Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել:
Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի՛ որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ո՛վ որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:
-Ապրա՛ծ կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը:
Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛, տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ:
Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի՛ բանով, որ ամենապիտանին լիներ աշախարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի՛ լինի գահին:
Առե՛ք գանձերիցս ինչքա՜ն որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարո՛վ եք եկել, անգի՛ն որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի՛ հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի՛ որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ Հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացո՛վ կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագի՛ն հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան Հացը, ո՞վ կարող է առանց Հացի ապրել:
Շա՛տ թափառեցի, շա՛տ բան տեսա,- բայց Հացից անհրաժեշտ՝ ոչի՛նչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի՛ որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ Հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողո՛վ կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագի՛ն հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան Հողը: Առանց Հողի՝ Հաց չկա, առանց Հողի ո՞վ կարող է ապրել:
Շա՜տ թափառեցի, շա՜տ բան տեսա, բայց Հողից անհրաժեշտ՝ ոչի՛նչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, Կայծ հանեց, վառեց աբեթը, հետո՝ մոմը:
Բոլորը կարծում էին, թե նա ուզում է Լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դե՛հ, ասա՛, որդի՛, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսո՛վ կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստու՛ն հայր, Լույսո՛վ միայն:
Շա՜տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց Լույսից անհրաժեշտ՝ ո՛չ մի բան չգտա:
Լու՛յսն է ամենապիտանի բանը աշխարհում:
Առանց Լույսի՝ Հողը Հաց չի՛ ծնի, առանց Լույսի՝ Հողի վրա Կյանք չէ՛ր լինի:
Շա՜տ թափառեցի, շալտ աշխարհներ տեսա և գտա, որ Գիտության Լու՛յսն է ամենապիտանի բանը, և միայն Գիտության Լույսո՛վ կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քե՛զ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ Լույսո՛վ ու Գիտությա՛մբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց Հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ Լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:🔥