«ՀԱՅՐԱԿԱՆ ՍԱԶԸ»
Երաժշտությունն ուղեկցել է մարդուն վաղնջական ժամանակներից ի վեր:
Եվ, հազարամյակներ շարունակ, մեր նախնյաց կենցաղի անքակտելի մասն է դարձել՝ միշտ ներկա՝ ծիսական արարողությունների և տոնական խրախճանքների ժամանակ:
Հնագույն բարձրաքանդակները, պատմիչների թողած վկայությունները փաստում են զանազան՝ փողային, լարային, հարվածային նվագարանների կիրառումը (եղջերափող, բամբիռ, տավիղ, սազ ու թառ, դափ ու ծնծղա…):
«Սազը (նվագարանը) պատից կախելը» Հայերի համար զվարճություններից հրաժարումն էր՝ ծերության պատճառով՝ «Ծերացել է, սազը պատիցը կախել»…
Արևմտահայ նշանավոր գրող, թարգմանիչ, խմբագիր, հասարակական ու քաղաքական գործիչ Ռուբեն Զարդարյանը, որը մոտ 41 տարեկանում Հայոց ցեղասպանության զոհերից մեկը դարձավ, իր՝ «Հայրական սազը» պատմվածքում կարոտով հիշում է «ընտանեկան սեղանի գլուխը բազմած» իր հորը, որը, «պատից վար առնելով» զվարթաձայն սազը, գինի խմող իր ընտանիքին էր ուրախացնում:
Եվ, «Հայրենական սազի կարոտով» տոգորված, տարիների հեռվից գրում է.
«Գացի մառանը, հոն, ուր ատենօք, ինչպես եւ հիմա, խոշոր կարասները կը հանգչէին քով քովի, արտաբուրելով մշկահոտ բուրումը գինիին եւ օրհնութիւնը հայրենական տան ու լիութիւնը անոր սեղաններուն»:
Ու փորձում է ըմբռնել «մոմազօծ տոպրակի մեջ խնամքով փաթաթված հինօրեայ սազի անեղծ մնացած լարերի» և նրանց երգերի խորհուրդը…
«Այս դաշնակութեան գործիքին վրայ կան կեանքի բոլոր լարերը.- սիրոյ լարը, ողբական լարը, եւ ուրախութեան լարը, ու՝ բնութեան լարը»:
Եվ նրանք փորձում է հերթով:
«Եւ ես դպայ տրտմութեան լարին: Ի՞նչ անակնկալ. ո՛չ մէկ ձայն, ո՛չ մէկ թրթռում, ո՛չ մէկ հնչիւն…Տարօրինա՜կ բան, մտածեցի դարձեալ. մի՞թէ մեր հայրերը թախիծ ու վիշտ չունէին:
«Ըսէ՛, ո՜վ հայրերուս հոգիին թարգման գործիք, ինչպե՜ս էր արցունքի երգը այն մարդոց, որ ապրեցան այս աշխարհքին վրայ՝ ունենալով նոյն տանջանքն ու նոյն ցաւը իրենց ոտքերուն տակ, իրենց շուրջը, իրենց գլխուն վերեւ»…
«Բայց լարը մնաց անդրդուելի իր լռութեան մէջ, եւ չի տուաւ ոչ մէկ պատասխան:
Ես փորձեցի բոլոր լարերը հատիկ — հատիկ, իրարու ետեւէ, եւ ականջ դրի:
Փորձեցի սիրոյ լարը եւ գտայ կենսաթրթիռ ու շէն. փորձեցի հաւատքի լարը ու տեսայ զայն խոր ու անսասան. փորձեցի հովուական լարը՝ քնքուշ, աղուաձայն ու արփաշող:
Բայց այն լարը, որ գերազանցեց ամէնքը, իր կենդանութեամբ եւ իր ուժով, ուրախութեա՛ն լարն էր, հօգի՛ն հինօրեայ նուագարանին եւ կը թուէր նոյնինքն անմահական հոգին մեր հայրերուն, արձագանքելով դարերու հեռաւոր ափունքներէն եւ բերելով Արեգակին իմաստութիւնը իր հետ:
Ուրախութեան լարը երգեց.
«Գինի՛ խմենք, ո՜վ աղբրտի՛ք, որովհետեւ առանց գինի ո՛չ սէր կայ, ո՛չ երգ, եւ առանց սիրոյ ու առանց երգի՝ հացը լեղի է, ջուրը՝ քացախ, ու կեանքը՝ հարամ:
«Գինի՛ խմենք, տեսնալու համար աշխարհքն առանց դարտի, որովհետեւ դարտն որ չափես աշխարհքին համար՝ աւելի շատ է, քան ծովուն ջուրը՝ ծովին համար…
«Անխելք է, ով որ «վա՜խ» կ’ըսէ ու կ’երթայ, տգէտ է, ով «ա՜խ» կ’ըսէ ու կանցնի…
Անցաւորին համար ուրախութիւնն է պարգեւ եւ գինիին փարջը՝ մխիթարանք:
«Գինի՛ խմեցէք զուարթ մէճլիսի մէջ եւ յիշեցէք աշուղ Ակօն, որ իր գերեզմանի քարին վրայ՝ կենդանութեան ատեն, գինիի դոյլ մը նախշել տուաւ ու տակը այսպէս գրեց.
«Է՜յ աստուոր, վերջը սա չէ՞. թիզ մը սեւ հող ու հողին վրայ թիզ մը կանաչ խոտ:
Գինի՛ խմէ եւ խաղ կանչէ, ողորմիս հանելով աշուղ Ակօին, որ եօթանասուն տարի ապրեցաւ եւ մեռաւ գինիին թասը ձեռքին մէջ…»:
Ողորմի՜ հոգուդ, հազա՜ր ողորմի, է՜յ աշուղ եղբայր, որ մեռար գինիին թասը ձեռքիդ մէջ ու գերեզմանիդ քարին վրայ:
Ողորմի՜ ձեր հոգուն, հազա՜ր ողորմի, հէ՜յ մեր օրհնյալ պապերը, որ եղաք կենսուրախ եւ կրցաք գտնել խնդութեան աղբիւրը՝ որպէս բժըշկութիւն ցաւերուն եւ իմաստութիւն կեանքին:
Ձեր զաւակները մոռցան գինին եւ ուրախութիւնը, ու դարձան սրտով աղքատ եւ վշտով հարուստ:
Տօնն է այսօր Մեծ — Բարեկենդանին, եւ ես կը խմեմ գինին ձեր այգիներէն՝ զոր տնկեցիք ձեր ձեռքերով, եւ այն կարասներէն, որ թաղեցիք մեր մառաններուն մէջ:
Կը խմեմ՝ օրհնելով ձեր յիշատակը եւ երգելով ուրախութեան երգը, որ պարգեւն է ու միակ բարիքը կեանքին»:
«Վերքերն՝ ավազին գրած, ուրախությունը՝ քարին փորագրած» մեր նախնիների հուշերով այս հատվածները մեջբերեցինք Կ.Պոլսում հրատարակված՝ գրականության և արվեստի՝ «ՄԵՀԵԱՆ» ամսագրի 1914 թվականի մարտի 1-ի համարից (թիվ 3):
Հիշյալ հանդեսի խմբագրապետն էր Հայ անվանի գրող, արվեստաբան ու գրականագետ Կոստան Զարյանը: Ամսագրի «նշանաբանն» էր՝
«ՍՐԲԱՊԻՂԾՆԵ՛Ր, ԶԳՈ՜ՅՇ, ՋԱՀԵՐ ԿԱՆ ՀՈՍ»…
Հ.գ. Մեր նախնիների պատկերացումներում՝ երաժշտության հոգևոր խորհուրդի, նվագարանների լարերի իմաստի մասին՝ մի այլ առիթով…
Ո՛ղջ լերուք…