ԱՆԻ-ԿԱՄԱԽ՝
«…ՔԱՂԱՔՆ ԱՆԻ, ՈՐ ԿՈՉԻ ԽՆԱՄՔ»…

Հայոց դիցապաշտական գլխավոր կենտրոնների մասին պահպանվել են գրավոր հիշատակություններ՝ Հայ ու այլազգի պատմիչների երկերում, ինչպես նաև՝ նյութական մշակույթի որոշ հետքեր, որոնք օրըստօրէ հարստանում են հնագիտական պեղումների շնորհիվ…

Պաշտամունքարանները՝ պաշտամունքի հնագույն վայրերը՝ Հայոց մեհենատեղիները քրիստոնեության տարածումից հետո էլ պահպանեցին իրենց կարևոր դերը՝ վերածվելով նոր կրոնի եկեղեցական ժողովների, հայրապետական աթոռանիստ վայրերի, եպիսկոպոսանիստ կենտրոնների (ինչպես՝ Աշտիշատը):

Հայ ժողովրդի օրրաններից էր Եկեղեաց գավառը՝ Մեծ Հայքի Բարձր Հայք Աշխարհում, Արևմտյան Եփրատի հովտում, որը տարածքով համապատասխանում է Երզնկայի սարահարթին:
Հնում գավառի մեծ մասը պատկանում էր Անահիտ Դիցամոր՝ Երիզայում գտնվող տաճարին, որտեղից էլ նրա մի այլ՝ «Անահտական գավառ» անվանումը:

Գր. Դարանաղցին Երզնկան «Եկեղեաց քաղաք» անվամբ է նաև հիշատակում:

Երզնկայի գավառում է հնագույն նշանավոր բերդաքաղաքներից մեկը՝ Կամախը՝ Անի-Կամախը՝ Դարանաղին՝ հնում՝ Մեծ Հայքի Բարձր Հայք Աշխարհի Դարանաղի գավառում, որը հիշատակվում է որպես բերդ, ամրոց՝ Անի անունով (5-րդ դարի Հայ պատմիչների խոսքով՝ «անմատույց ամրոց»):
«Վարդան աշխարհագիր վասն Կամախայ գրէ. «՚Ի Կամախ է անառիկ բերդն»…»,- գրում է Ղ. Ինճիճեանն իր՝ «Ստորագրութիւն հին Հայաստանեայց» ուսումնասիրության մեջ՝ «Դարանաղի՝ այժմ՝ Կամախ» գլխում, հավելելով՝ «Եւ յանուն սորա առհասարակ Դարանաղեաց գաւառն կոչեցաւ Կամախ՝ ըստ նորին աշխարհագրի»):

Հայաստանն ըստ «Աշխարհացոյցի»

Միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքն իր անունն ստացել է Բարձր Հայքի Դարանաղի գավառի՝ հիշյալ Անի բերդաքաղաքից, որը Հայոց պաշտամունքային գլխավոր կենտրոնն էր, և որի մասին Վարդան Բարձրբերդցի պատմիչը՝ Վարդան Կիլիկեցին (1260-1326թթ.), գրել է. «…զքաղաքն Անի, որ կոչի Խնամք…» (Պատմութիւն տիեզերական, Մ., 1861, էջ 117–18)։
Դարանաղին՝ ուշ ժամանակների Կամախը, հարուստ էր արգավանդ հողերով, սառնորակ աղբյուրներով ու հանքային ջրերով, նաև՝ աղահանքերով, որտեղից էլ՝ անվանումն է:

Ն.թ.ա 4-1-ին դարերում Անի-Կամախը հիմնականում Եփրատից արևմուտք տարածվող՝ Փոքր Հայքի կենտրոնն էր և Մեծ Հայքին էր միացվել Տիգրան Բ-ի օրոք:

Հետագայում այն Մեծ Հայքի Բարձր Հայք Աշխարհի Դարանաղի գավառի գլխավոր բերդն ու կենտրոնն էր:
Արտաշեսյան և Արշակունի թագավորների հայտնի ամրոցներից մեկն էր Կամախը, ուր պահվում էին արքունական գանձերի մեծ մասը:
Գանձատունը կողոպտվել է 369 թվականին՝ Շապուհ Բ-ի հրամանատարությամբ Հայաստան արշաված պարսկական զորքի կողմից: Այդ արշավանքի ընթացքում ավերվեց նաև Անի-Կամախում գտնվող՝ Արշակունիների գերեզմանը…

Անի-Կամախը վաղնջական ժամանակներից ի վեր պաշտամունքային հայտնի կենտրոն էր:
Այստեղ՝ Անի ամրոցում գտնվող՝ Հայր Արամազդի գլխավոր մեհյանը կործանվեց 4-րդ դարի սկզբին՝ քրիստոնեության տարածման ժամանակ (Անի-Կամախի Արամազդի տաճարի՝ ն.թ.ա. 2-րդ դարի Քրմապետ է հիշատակվում Մաժան քրմապետը՝ նշանակված իր հոր՝ Արտաշես Ա-ի կողմից):

Կամախի պատմական-հնագիտական հուշարձաններից ամենահայտնին աշտարակավոր հզոր պարիսպներով Բերդն է, որի առանձին կիսավեր հատվածներ պահպանվել են մինչ օրս՝ դեպի լեռնափոր բարձր աշտարակը տանող ոլորապտույտ ճանապարհներ, 3 դուռ ունեցող բերդի տարածքում՝ բազմաթիվ շինություններ, այդ թվում՝ մոտ 6 եկեղեցի: Քարաշեն այդ հոյակապ կառույցների հետքերը պարզորոշ նշմարելի էին 20-րդ դարի սկզբներին:

Կամախի բերդի համառոտ նկարագրությունը կա 17-րդ դարում մոտ 40 տարվա ճամփորդությունների ընթացքում հարուստ տեղեկատվություն թողած՝ Էվլիյա Չելեբիի «Գիրք ճամփորդության» 10 հատորանոց աշխատության գրառումներում:

«Քեմախ բերդի նկարագիրը:
Հնգանկյունաձև ամրակուռ բերդ է: Աշտարակներն ու պատվարները կառուցված են մեծ քարերով: Էրզրումի տարածքում նման բերդ չկա…
Երեք ամուր երկաթյա դարպասներ ունի:
Առաջին դարպասի մոտ և ձախ կողմում երկուական թնդանոթ կա, որոնց երկարությունը 27 թզաչափ է և 3 կանթար ծանրությամբ գնդակներ են արձակում:
Զարմանալին այն է, որ թե՛ վերցնելու, թե՛ իջեցնելու համար խիստ դժվար եղող այսպիսի սոսկալի ծանր թնդանոթներն ինչպե՞ս են բարձրացրել ու դրել այս անմատչելի ժայռի վրա…
Ներքին բերդում 600 հողածածկ տուն կա, որոնք ընկած են նեղ փողոցների վրա և այգիներ ու պարտեզներ չունեն: Բերդի մեջ անմշակ ու ազատ հողեր շատ կան: Այդ ազատ հողերում ցորենի հինգ ամբար կա, որոնք (սուլթան) Սելիմ խանի ժամանակից լիքն են բրնձով ու կորեկով: Տեսնողը կարծում է, թե հենց նոր են կալսել ու լցրել ամբարը:
Պաշարման ժամանակ զինվորները սնվում են այս հացահատիկով:
Դարպասից ցած, ժայռի մեջ փորված ջրի ճամփա կա, որն իջնում է մինչև գետը: Պաշարման ժամանակ այդտեղից ջուր են բերում ու խմում:
Ներքևում, իրար կողքի երեք ջրամբար կա»…

Եփրատի տակով անցնող ստորգետնյա ուղիով ստորերկրյա երկու թաղերն են միացել: Նրանցից առաջինում՝ Եփրատի ձախ կողմում, եղել են ժայռափոր զորանոցներ, դահլիճներ, ննջասենյակներ:
Աջ ափի թաղամասում ժայռափոր տաճար է:

Հայոց հնագույն պաշտամունքավայրը, ուր Արամազդ դիցի մեհյանն էր, Անի-Կամախը, վաղնջական ժամանակներից նաև մշակութային կենտրոն էր՝ մեհենական դպրության կենտրոն, որտեղի ձեռագրերը՝ «հեթանոսական մատյանները», վերացվել են տաճարի կործանման հետ միասին՝ 301 թվականին՝ քրիստոնեության տարածման ժամանակ. Բարդածան Եդեսացի մատենագիրն այստեղի մատյաններն է ուսումնասիրել 2-3-րդ դարերում (մոտ 154-222թթ.)…

Ուշ շրջանում՝ մինչև 1915 թվականը, Երզնկայի գավառի մեջ էր ընդգրկված և Մեծ Հայքի Բարձր Հայք Աշխարհի Դերջան գավառը, որի ավաններից էր Բագառիճը, ուր Միհր Դիցի տաճարն էր՝ մոտակայքում՝ հին բերդի ավերակներն են (Բագառիճում է 1896 թվականին ծնվել Սողոմոն Թեհլերյանը)…

Հ.գ. Երզնկայից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա՝ Կամախում պահպանված հնավայրից որոշ տեսարաններ՝ ստորև տեսանյութում…