«ԿՈՉԵՑԱՒ ԱՅՍՊԷՍ ՅԱՆՈՒՆ…»
Հայոց պատմության ու մշակույթի ուսումնասիրության ուշագրավ էջերից է տեղանունների ծագումնաբանությունը:
Տեղանուններում ազգի հիշողությունն է՝ տվյալ տարածքի հետ կապված՝ դարեդար փոխանցվող պատմությունը…
Հնագույն շրջանից ի վեր դիցաբանական պատումներն արտացոլվել են և տեղանուններում (ինչպես՝ Տուրուբերանը՝ Տավրուբերանը, Տավրոսի լեռնաշղթայի, Սրմանց լեռների անունները… Լեռան ու Դիցի կապի, Ժայռածին Դիցերի խորհուրդի մասին հիշատակել ենք նախորդ որոշ գրառումներում):
Հետագայում, քրիստոնեության տարածումից հետո, բնականաբար, նոր կրոնի գաղափարախոսության ազդեցությամբ, փոփոխվեցին տեղանունները, պաշտամունքային վայրերի անվանումները՝ տոների, ծեսերի իմաստի, բնույթի հետ միասին:
Տեղանուններից բացի, ամսվա օրանունները ևս փոխարինվեցին-համապատասխանեցվեցին նոր կրոնին և, տվյալ օրը ծնվածին տալով այդ օրվա «սրբի» անունը, անձնանուններում էլ զգալի փոփոխություններ եղան:
Բարձր Հայքի Դարանաղի գավառի Անի բնակավայրում (Անի-Կամախում) գտնվող՝ Արամազդի գլխավոր մեհյանն է հիշատակում Ագաթանգեղոսը՝ քրիստոնեության տարածման ժամանակվա իրադարձությունների նկարագրության առիթով.
«Ապա երթեալ հասանէր յամուր տեղին յանուանեալ Անի, ի թագաւորաբնակ կայեանսն հանգստոցաց գերեզմանաց թագաւորացն Հայոց, եւ անդ կործանեցին զբագինսն Զեւս դիցն Արամազդայ Հօրն անուանեալ դիցն ամենայնի»:
Այնուհետև Տրդատն այս հիշյալ Անի վայրն՝ իր մերձակա տարածքներով, նվիրում է եկեղեցուն…
Հետևաբար՝ տեղանունը փոխվում է…
Մատենագիրները վկայում են Աշտիշատում գտնվող՝ Վահագնի՝ ոսկով ու արծաթով հարուստ գլխավոր մեհյանի՝ Գ. Լուսավորչի կողմից դժվարությամբ կործանման պատմությունը (սիրված Դիցերի մեհյանները հերոսությամբ պաշտպանվում էին նաև. կործանման նպատակով Տիրի ուսման ճարտարության մեհյանի վրա հարձակումից հետո՝ պաշտպանվող զինված Քրմական հետևակն ապաստանել էր մերձակա Անահիտի մեհյանում՝ Ագաթանգեղոսի նկարագրությամբ):…
Նույն պատմիչի հաղորդմամբ՝ Աշտիշատում էր նաև Աստղիկի գլխավոր մեհյանը՝ «Եւ երրորդ մեհեանն անուանեալ Աստղկան դից, Սենեակ Վահագնի»…
Աստղիկի պաշտամունքը մեծ տարածում ուներ Տարոնում:
Գ. Սրվանձտյանի դիտարկմամբ՝ Տարոնում չկար մի գավառ, ուր բլուր կամ բարձր սար Աստղկան նվիրված չլիներ. այսպես, Վարագա լեռան մի մասը, ինչպես նաև Մշո Ս. Հովհանու մոտ Տորոսի (Տավրոսի) գոտու մի կտորը կոչվում էր Աստղիկի անունով (նաև՝ Աստղկանբերդ լեռնագագաթը՝ Վանա լճի ավազանում: Նշենք, որ բազմաթիվ լեռների վրա Դիցերի անվամբ «Գահեր»՝ «Աթոռներ» ու «Սենյակներ» կային)…
Թովմա Արծրունու հավաստմամբ՝ Արտաշես արքան Աստղիկին նվիրված տաճար ու նրա մոտ՝ գանձատուն է կառուցել Արտաշատում:
«Իսկ ի մէջ երեքարմատեան գոգաձև հովտին փոքու որ յերիցն բլրոցն խոնարհի՝ շինէ աշտարակ բարձրաբերձ փորուածոյ միջոցաւ, և ի վերայ նորա կանգնէ զԱստղկան պատկերն, ի մօտ նորա զտուն գանձու պաշտպանութեան կռոցն»…
Մեծ Հայքի Բարձր Հայք Աշխարհում ողջ գավառն էր Անահիտ Դիցամոր անունով՝ «Անահտի Երկիրը» (Եկեղեաց գավառը):
Երզնկա քաղաքից մոտ 20 կիլոմետր հյուսիս-արևելքում՝ Անահտա Աթոռ լեռնագագաթն էր (3557 մետր բարձրությամբ):
Ստեփանոս Օրբելյանն իր՝ «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատության մեջ հիշում է «Անահտայ Ձոր» կոչված վայրը՝ հավանաբար՝ տեղանքում Անահիտ Դիցամորը նվիրված մեհյանի ներկայությամբ պայմանավորված…
Մեր Նախնիք Հայոց Աշխարհին Լիություն ու Առատություն պարգևող՝ «Երկնքի ու Երկրի Արարիչ՝ Մեծն Այր Արամազդից» հովանավորություն էին խնդրում, Մայրության, Պտղաբերության, Արգասավորության հովանավոր՝ «Մեր ազգի Փառք ու Կեցուցիչ, Մեծ Անահիտ Տիկնոջից»՝ խնամակալություն հայցում և Քաջություն, Խիզախություն՝ Քաջն Վահագնից (Տրդատի հրովարտակից հիշվող խոսքերը՝ Ագաթանգեղոսի մեջբերմամբ՝ «Քաջութիւն հասցէ ձեզ ի քաջէն Վահագնէ»)…
Հովանավոր՝ Ամենակարող Դիցերին փոխարինած զանազան «սրբերի» անուններով կոչվեցին հնագույն ուխտավայրերն ու սրբատեղիները (Դիցամոր փոխարեն՝ Աստվածամայր, ռազմիկին Ուժ ու Զորություն պարգևող Վահագնի, Միհրի փոխարեն՝ Սբ. Կարապետ…):
7-8-րդ դարերից՝ Հովհան Մամիկոնյանին վերագրվող «Տարոնի պատմության» մեջ նկարագրվում է, թե ինչպես է Գ. Լուսավորիչը Հայաստան բերում Սբ. Կարապետի ու Սբ. Աթանագինես վկայի նշխարները՝ Իննակնյան վայրերում՝ իր կործանած տաճարների փոխարեն, «նույն այդ մատուռի տեղում» (7, 44) հիմնում Սբ. Կարապետի վանքը, («Գլակա վանքը»):
Ի հեճուկս հազարամյակների ընթացքում պարտադրված փոփոխությունների՝ Հայ ժողովուրդն իր Դիցանվեր վայրերում պահպանեց անցյալի հիշողությունը՝ հին ավանդույթներին երբեմն այլ երանգ հաղորդելով:
Հնագույն հավատալիքների հետքերն են «Անգղ»-ի հետ առնչվող տեղանուններում (Անգղա Սբ. Աստվածածին վանքի տեղում էլ հնագույն պաշտամունքավայր էր):
Վանա լիճը թափվող գետերից մեկի՝ քաղցրահամ ջրի պատճառով Խոշաբ կոչված գետի ստորին հոսանքը ևս Անգղ էր կոչվում, իսկ գետի անունով նաև նրա աջ ափին գտնվող բարձր ու անմատչելի քարաժայռի վրա կառուցված ամրոցն ու ողջ բերդաքաղաքն էր Խոշաբ կոչվում («խոշաբը» քաղցր մրգաջուրն է…):
Հայկական Լեռնաշխարհում ու նրա մերձակայքում Հայոց հնագույն՝ Հուրի, Արևի, Լույսի պաշտամունքին աղերսվող բազմաթիվ տեղանուններում, սրբավայրերում, ուխտատեղիների ու աղբյուրների անուններում վաղնջական ժամանակների հուշն է՝ անմիջականորեն կամ՝ սքողված, որոնցում պահպանվել են Դիցերի խորհրդանիշները նույնպես:
Միհրապաշտության հիշողությունների աղերսն է «Ագռավի» հետ կապված տեղանուններում:
Միհրականության մեջ (ինչպես և որոշ մշակույթներում), Արեգակի (Լույսի) հետ առնչվող խորհուրդ ուներ Ագռավը, որը հիշատակվում է որպես Արևի կողմից ուղարկված (Երկնային կամքի) Պատգամաբեր:
Ի տարբերություն բազմաթիվ կրոնների, ուր ամեն ինչ բոլորին ուսուցանելու հնարավորություն կա, Միհրականությունը փոխանցվում է փակ շրջանում, անդամների խիստ ընտրությամբ՝ հոգևոր զարգացման տարբեր աստիճաններով:
Ուստի, խորհրդանիշներն այստեղ չափազանց սեղմ բնորոշումներով են մեկնաբանվում…
Ագռավախաչ՝ «Քար»՝ լեռ կա Մեծ Հայքի Սյունիք Աշխարհի Աղահեջք գավառում՝ Ծիծեռնակաբերդ վանքի մոտ (այժմ՝ Ծիծեռնավանք՝ Քաշաթաղի շրջանում. «Քաշ»-ը՝ «Ագռավ» իմաստն էլ ունի):
Ագռավաց Քար անունով վանք ու ամրոց կար Մեծ Հայքի Վասպուրական Աշխարհի Անձևացեաց գավառում (Կանգվար), ուր «Աթոռ Անահտայ» վայրն էր՝ հետագայում Հոգվոց վանքը՝ Սբ. Աստվածածինը, ըստ ավանդության հիմնված Բարդուղիմեոս առաքյալի կարգադրությամբ քանդված Անահիտ Դիցամոր տաճարի տեղում (նոր ժամանակներում՝ Վանի նահանգի Վանի գավառի Խոշաբի գավառակում):
Նաև՝ մեր էպոսում Փոքր Մհերի «ապաստարանը»՝ «Ագռավի Քարը»՝ «Մհերի Դուռը»…
Վան (Մհերի Դուռը՝ Ագռավաքարը)
«Միհրի Դուռ» բառակապակցությունը՝ Քուրմ Միհր Հայկազունու մեկնաբանությամբ՝ այլ խորհուրդ ունի…
Հավելենք, որ որոշ ավանդապատումներում Ագռավը մարդկային կյանքեր փրկողի դերում է ներկայացվում՝ հիմնավորելով տեղանվան ծագումը՝ ինչպես Տաթևից Շինուհայր տանող ճանապարհին՝ «Ագռավի աղբյուրի» հետ կապված ավանդազրույցը, համաձայն որի Գրիգոր Տաթևացուն մանկության տարիներին աղբյուրից ջուր խմելիս նրան մոտեցող օձի խայթոցից փրկել է Ագռավը՝ նետվելով օձի առաջ:
Համանման մի այլ պատմություն՝ Եղվարդի մոտ, Արայի լեռան լանջին Ագռավավանքի առնչությամբ:
Ըստ ավանության՝ ուխտավորների կերակուրը թունավորած օձից զգուշացնելու նպատակով Ագռավն իրեն նետում է կաթսայի մեջ՝ այդպիսով կանխելով թունավորված կերակուրի գործածումն ուխտավորների կողմից (նույն զրույցը սերնդեսերունդ փոխանցվում է նաև Դսեղից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա՝ ձորում գտնվող Ագռավախաչ (Ագռավավանք) մատուռի առիթով, ինչպես նաև՝ Իջևանի շրջանում՝ Աչաջուր գյուղի մոտ գտնվող՝ Մակարավանքի անվան շուրջ հյուսված պատումներում, որի համար վանքը նաև Ագռավավանք է կոչվում)…
«Կոչեցաւ այսպէս յանուն…», «…Եւ անուանեցաւ այսպէս յանուն…»,- կարդում ենք հաճախ դարեր առաջ գրված ուսումնասիրություններում:
Սասունցիներին նաև կոչում էին «Բնակիչս Տօրոս Լերին» (Տավրոս լեռան բնակիչներ),- հիշեցնում է Ղ. Ինճիճեանն իր՝ «Ստորագրութիւն հին Հայաստանեաց»-ի էջերում…
«Բարձր Հայք»՝ «Ըստ անուանդ՝ բարձր է, քան զամենայն երկիր»,- գրում է Խորենացին:
Աշխարհագրական բարձր դիրքի շնորհիվ իր անունն ստացած Բարձր Հայքի ու Հայոց մյուս «Աշխարհների» բազմաթիվ տեղանունների շուրջ անթիվ էջեր կան գրելիք…