ՋՈՒՂԱ.
ՀԱՅ ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ՓԱՅԼԸ՝ 17-ՐԴ ԴԱՐՈՒՄ (ՄԱՍ Ա)
Պատմական ոչ բարենպաստ պայմանների բերմամբ՝ թուրք-պարսկական պատերազմի արդյունքում Հայրենիքից բռնի տեղահանված Հայության մի ստվար հատված՝ 17-րդ դարի սկզբին հայտնվեց Պարսկաստանում՝ օտար ափերում՝ այլազգիների միջավայրում սեփական ազգային դեմքն ու հոգեկերտվածքը պահպանելու խնդիրներին դիմակայելով ու հավելելով դարերի ընթացքում աշխարհի զանազան առևտրական ճանապարհների հանգուցակետերում բնակություն հաստատած Հայ վաճառականների հիմնած գաղթօջախների թիվը:
Նախիջևանի Ջուղա քաղաքից Շահ Աբաս Ա-ի (1587-1629 թթ.) տեղահանած Հայության մի մասը, որի ձեռքում կուտակված էր «Խոջայական հարուստ կապիտալը», վերաբնակեցվեց Սպահանի մերձակայքում, ու հիմնվեց Նոր Ջուղան, որի Հայ վաճառականությունը կարճ ժամանակում դարձավ Արևելքի ու Արևմուտքի միջև կարևոր միջնորդ:
«16-րդ դարում Արաքսյան առևտրական կապիտալը բացառապես գյուղերում և ավաններում էր պարփակված։ Այս կապիտալին է, որ մենք տալիս ենք «խոջայական» հատուկ անունը։
Խոջա, սովորաբար, նշանակում է «վաճառական»՝ ամեն կարգի, սկսած գյուղական մանր փերեզակից, մինչև խոշոր առևտրի ներկայացուցիչները։
Բոլոր աստիճանավորումների վրա էլ խոջայությունն ունի իր պատվավոր նշանակությունը, որ չափվում է խոջայի գործերի դիրքերով. կային մեծ խոջաներ, կային և փոքրերը։
Փոքրերը մեծերից են կախված և կազմում են մանր, ընդարձակ տարածված խանութպանությունը, որ վաճառելի ապրանքներ ստանում է մեծ խոջաներից և այդպիսով կազմում է նրանց գործակատարությունը, ասել է՝ նրանց անձնվեր զինվորությունը, նրանց ուժն ու շահը»,- գրում է Լեոն («Խոջայական կապիտալ», Երևան, 1934):
Պարսկաստանի արտաքին առևտրական և քաղաքական կապերն ընդլայնելու, այդ երկրի հետամնաց տնտեսությունը զարգացնելու նպատակով տեղահանված Հայ վաճառականներն ու արհեստավորները, նրանց հետ նաև բնակչության մյուս հատվածները՝ հաստատվելով այն ժամանակվա Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանին կից, Զայանդերուն գետի մոտ, Հայ խոջաների հովանավորությամբ արագ ծաղկեցրեցին Հայկական Նոր Ջուղա թաղամասը։
Այս տեղահանմամբ Հայկական կապիտալը նույնպես «տեղահանվեց»՝ Սպահանը դարձնելով խոջայական հարստության կարևորագույն կենտրոններից մեկը։
Խոջաները, որոնք առևտուր էին անում, գործարքներ կապում Եվրոպայի տարբեր երկրներում, Չինաստանում, Հնդկաստանուն ու բազմաթիվ այլ երկրներում, տնտեսական գործունեությունից բացի նաև դիվանագիտական հարցեր էին կարգավորում:
«Ջուղայեցի խոջան ոտի տակ էր տալիս համարյա ամբողջ աշխարհը, և մենք ունենք մի երկար ցանկ այն տեղերի, ուր նա երևան էր գալիս գնողի և վաճառողի դերում»…
…«Թեև այսքան շատ են և խճճված Ջուղայի առևտրական ճանապարհները, բայց և այնպես, խոջայական կապիտալի ամենագլխավոր ձգողական ուղղությունները երկուսն էին — դեպի հարավ՝ դեպի Հնդկաստան և դեպի հյուսիս՝ դեպի Ռուսաստան։
Ավելի շատ սիրվածը, ավելի շատ բանուկը հարավային ուղղությունն էր, և այս այն բնական պատճառով, որ կարելի էր շատ հարստություններ արտահանել, մինչդեռ Ռուսաստանը գրեթե բացառապես ներմուծման և սպառողության երկիր էր:
Խոջայական կապիտալը ճանաչել էր Հնդկաստանի ճանապարհը Նոր Ջուղայի կառուցումից շատ առաջ էլ, դեռ նույնիսկ 16-րդ դարում:
Մենք գիտենք արդեն, որ խոջայական առևտրի գլխավոր ճյուղերից մեկը գոհարավաճառությունն էր, իսկ ամեն տեսակ թանկագին քարերի հայրենիքը Հնդկաստանն էր։
Թեթև ու փոքր, հեշտ ու աննկատելի տանելու, միաժամանակ նաև մեծ շահ բերող ապրանքը, բնականաբար, պիտի Հնդկաստան տաներ Հայ վաճառականին ոչ միայն Արաքսի հովտից, այլև Լեհաստանից և այլ տեղերից»:
…«Մենք արդեն տեսանք, որ նոր Ջուղայում խոջայական կապիտալը կենտրոնանում և ուռճանում էր, ցանցերի մեջ առնելով և Արևմուտքի բոլոր շուկաները, որոնցից ամենաուժեղը հանդիսանում էր Հնդկաստանը։
Տեսանք նույնպես, թե ինչպես խոջայական կապիտալը հոսում է Ջուղայից դեպի այդ հարուստ, միջազգային կռվախնձոր դարձած երկիրը։
Այս հոսանքը գնալով հորդանում էր, նախանշան դառնալով՝ որ Ջուղայի գերակշռությունը թուլանում է և Հնդկաստանը վերջվիվերջո պիտի խլեր նրան՝ եթե Ջուղային մինչև անգամ տրված լիներ խաղաղ մրցակցի ճակատագիր ավելի երկար ժամանակով, քան որքան տրված էր նրան։
17-րդ դարի կեսում այդ հոսանքն այնքան մեծացել էր, որ Հայերին մենք տեսնում ենք մի փոքրիկ գաղութ հիմնած՝ Գանգեսի գետաբերանքում, ուր հետո, 1690-ին, անգլիական կումպանին հիմնեց Կալկաթա քաղաքը, որի համար Բենալի թագավորից գնվեցին երեք գյուղեր և այդ գնումն աջողեցնողն էր խոջա Սահրատ Ջուղայեցին։
Այնպես որ՝ Հայե՛րն են համարվում Կալկաթայի իսկական հիմնադիրները» (հատվածաբար մեջբերումները՝ Լեոյի նշված աշխատությունից):
«Ասիայում, Վենետիկի, Ֆրանսիայի և Գերմանիայի այլ և այլ ապրանքների մանրավաճառությամբ Հայերն են զբաղվում։
Փոքրիկ հայելիները, մատանիները, մանյակները, կիտվածանկարները, փոքրիկ դանակները, մկրատները, գնդասեղները և ասեղները դրամից ավելի հարգի են քաղաքներում»,- գրել է ֆրանսիացի ճանապարհորդ Տուրնֆորը՝ մատնանշելով Հայ վաճառականների՝ ճանապարհներին հանդիպած դժվարությունները տոկունությամբ հաղթահարելու հմուտ կարողությունները:
«Գետակներից անցնելիս Հայերն իրենց ձիանների կողքով են քայլում և ամբողջ ճանապարհորդության ժամանակ օգնում են ոչ միայն իրենց ազգակիցներին, այլև՝ այլազգիներին։ Այս բարեմիտ մարդիկ իրենց սովորություններից բնավ չեն շեղվում. միշտ նույնն են՝ չափազանց խռովարար օտարներից խույս են տալիս և հարգում են խաղաղասերներին, որոնց հյուրընկալում են ամենայն սիրով ու կերակրում:
Երբ խնամում էինք նրանց մի հիվանդին, ամբողջ քարավանն իր շնորհակալությունն էր հայտնում մեզ» (Pitlon de Tournefort «Relations d՛un vogage de Levant», Lyon, 1717, t. 2):
…«Եվ հարստանում էր Նոր Ջուղան օրերով, ժամերով հեքիաթական չափերով»,- նկարագրում է Լեոն:
«Օտար աղբյուրներից ավելի ճոխ, գրեթե հրաշապատում են Հայ աղբյուրները։
Նոր Ջուղայի պատմության հեղինակն ասում է, թե հարստությունը գետի պես էր թափվում Ջուղա։
Եվ իրավ, միայն այդպիսի առատության մեջ են հասկանալի դառնում այն օրինակները, որ բերում է նա։
Հենց միայն խոջա Սարֆրազի մասին ժողովրդական ավանդությունը պատմում էր երկու բան: Մեկն այն էր, որ նա, ճաշի հրավիրելով Շահ Աբբաս Երկրորդին, նրա բոլոր նախարարներին, պալատական ավագանու և անթիվ ծառաների հետ, ամենաճոխ սեղան սարքեց և՝
«Յետ ամենայն վայելչությամբ վերջանալոյ հացկերութեանն, ասում է պատմիչը, զամենայն արծաթի կարասիս և պարագայս նույն հանդիսի ի պատիւ երեսոց արքային ընձայեալ է զօրացն նորա» (այսինքն՝ «ճաշի հանդիսության ավարտին ողջ արծաթե կարասիքն ու մյուս պարագաները նվիրվել են արքային ու նրա զինվորներին», Կ.Ա.):
Մի ուրիշ անգամ, շահի հետ գնալով այն տեղը, ուր կամուրջ էր շինվում գետի վրա, նույն Սարֆրազը, դարձյալ ի պատիվ թագավորի, կանգնեցնում է գետի ընթացքը՝ թափելով նրա մեջ «ճերմակ շահի» կոչվող մանր արծաթի դրամներով լիքը քսակներ, և այդ գումարն ընձայում է շահի՝ այդտեղ գտնված ծառաներին։
Այս երկու դեպքում Հայ խոջայի ծախսած գումարը հաշվում են մոտ քսան հազար թուման, որ անում է մոտ ութ հարյուր հազար ֆրանկ» (մեջբերումը՝ Լեոյի «Խոջայական կապիտալ» ուսումնասիրությունից):
«Միջազգային շուկաներում Հայ խոջան, բացի լեզուներից, պիտի ունենար և մի ամբողջ առևտրական հանրագիտակ՝ զանազան երկիրների առևտրական պայմաններն իմանալու համար: Այդ գործը դյուրացնելու համար Ջուղայեցի խոջա Պետրոսի հաշվով 1699-ին մի գրքույկ էր տպվում Ամստերդամում այսպիսի վերտառությամբ.
«ԳԱՆՁ ՉԱՓՈՅ՝ ԿՇՌՈՅ, ԹՈՒՈՅ ԵՎ ԳՐԱՄԻՑ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՐՀԻ, որ է գիտութիւն ամեն այն տեսակ կշռոց՝ չափուց և դրամից, որով բոլոր աշխարհի վաճառականութիւնն վարի, ժողովեալ ու ի մի վայր հավաքեալ, աշխատությամբ ՂՈԻԿԱՍՈՒ, ապաշնորհ Ջահընկալի ՎԱՆԱՆԴԵՑԻՈՅ ծախիւք և ի խնդրոյ հայցման Ջուղայեցի Խաչատուրի որդի պարոն Պետրոսի»:
Այս էլ խոջայական գրականության մի շատ հետաքրքրական հիշատակարանն է։
Թեև վերնագիրը գրաբար լեզվով է, բայց ամբողջ գրքույկը գրված է պարզ Ջուղայական աշխարհաբարով։
Այդ ամենքին մատչելի մի ուղեցույց էր, որ մատակարարում էր բազմադիմի տեղեկություններ՝ համաշխարհային շուկայում գործածվող չափերի, կշիռների, դրամների, ապրանքների մասին, թե ի՛նչ, ու՛ր կարելի է ձեռք բերել:
Թե ի՛նչ երկրներում ի՛նչ լեզուներ են գործ ածվում, թե ի՛նչ ճանապարհներով կարելի է գնալ Եվրոպայի այս կամ այն վաճառանոցը և այլն, և այլն։
Առանձին մի գլխի մեջ բացատրված են թվաբանության (ռազամի) չորս գործողությունները և առաջարկվում են խնդիրներ վաճառականական գործունեությունից։ Հայ խոշոր խոջան շատ լավ ըմբռնում էր, թե միջազգային շուկան իր երկրի մանրավաճառի անշարժ խանութը չէ, այլ փոփոխվում է անդադար, և այդ փոփոխություններին հետևել չկարեցողը պետք է դուրս շպրտվի շահի ասպարեզից»,- գրում է Լեոն:
Շարունակությունը՝ հաջորդիվ…