«ՈՒՐ ՈՐ ԳԸՆԱՆՔ ՄԵՐ ՎԱԹԱՆԻՑ՝
ՄԵԶ ԴԱՐՁԸՐՈՒ՛ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ»…
Աշխարհագրական դիրքով տարբեր մայրցամաքների, Արևելքի ու Արևմուտքի խաչմերուկում գտնվող Հայկական Լեռնաշխարհի բնակչության՝ Հայոց պատմությունից անբաժան է և զանազան երկրներում ճակատագրի բերումով հաստատված Հայության պատմությունը:
Բազմահազարամյա գոյության ընթացքում՝ քաղաքական իրադարձությունների հետևանքով նաև Հայերի բռնի տեղաշարժեր ու գաղթեր են եղել:
Եվ Հայրենիքից դուրս՝ օտար միջավայրում գաղթօջախներ են ստեղծվել՝ սեփական լեզվի ու մշակույթի՝ ազգային դեմքի պահպանման նպատակով՝ հնարավորինս դիմակայելով այլազգիների հետ ուծացման վտանգին:
Աշխատասիրությամբ ու աներևակայելի կենսունակությամբ՝ աշխարհասփյուռ Հայությունը նաև իր պատկառելի ներդրումն է ունեցել համաշխարհային՝ մշակութային ու գիտատնտեսական առաջընթացում՝ միաժամանակ առևտրի միջազգային շուկայում նշանակալի տեղ ունենալով:
Իրենց հսկայական տնտեսական միջոցների շնորհիվ Հայ վաճառականները հզոր քաղաքական ու ֆինանսական ազդեցություն ունեին տարբեր երկրներում, և նրանց շահութաբեր գործունեության արդյունքում ծաղկեցին, բարգավաճեցին նաև Հայ համայնքները (ինչպես Հնդկաստանում՝ 17-րդ դարում):
Րաֆֆին Սալմաստում 1867 թվականին իր «Սալբի» վեպի «Հառաջաբանում» գրում է.
«Հայոց ազգը կորստաբեր ժամանակների փոթորիկների բռնությանբ արմատախիլ լինելով յուր բնիկ երկրից, երկար ու ձիգ տարիներ անտեր, անտերունչ տարուբերվելով աշխարհի երեսին և որպես մի փշրված նավ կտոր-կտոր եղած՝ վերջապես դադար է առնում երկրագնդի զանազան մասերում: Եվրոպա, Ասիա, Ափրիկե, այդ անգութ հյուրընկալքը, ընդունելով խղճալի գաղթականքը յուրյանց ծոցում, փոխանակ հանգիստ տալու նորանց, փոխանակ սրբելու նոցա աչքերից արտասուքը, ինքյանք սկսան գազանաբար հոշոտել նոցա անդամները, ուտել նոցա միսը, ծծել սոցա արյունը և ծամել նոցա ոսկերքը․․․
Այդ ջարդուփշուր ազգից փոքրիկ մասունքներ միայն, որպես փշրանքներ մնացած այդ ճիվաղների քաղցը հարգելեն հետո, շատ ուշ, դարերի ընթացքում հազիվ սկսան մոտենալ միմյանց, միավորիլ և զգալ յուրյանց մարդկային կենդանությունը:
Տասնևիններորդ դարու առաջին կիսաբաժինը եղավ այդ եզեկիելյան ժամանակամիջոցը, երբ աստուծո հոգին փչեց այդ կիսամեռ ազգի վերա, և Հայերը զանազան երկրներում սկսան շարժվել, կերպարանագործվիլ և երևալ յուրյանց ազգային գոյությամբ:
Նոքա սկսան ոգևորվել բարոյական և իմացական զորություններով և, հետևելով Լուսավոր դարու ընթացքին, Լուսավոր ազգերի օրինակին, աշխատեցին հալածել Հայ հորիզոնից տգիտության թանձրամած խավարը:
Ռուսաստանում, Թուրքիայում, Եվրոպիո այլևայլ մասերում, Հնդկաստանում հիմնվեցան դպրոցներ, կազմվեցան տպարանք, լույս ընկան լրագրներ և օրագրներ և զանազան հեղինակությունք՝ նոր և կենդանի լեզվով սկսան արծարծել ազգային շիջած Լույսը»:
16-րդ դարում Սյունիքի լեռնաշղթայի և Արաքսի ձախափնյա տարածքի միջև սփռված գյուղերի ու ավանների Հայ առևտրականների հարստությունը Պարսից Շահ Աբասի բռնագաղթի արդյունքում «հոսեց» դեպի Սպահան, ուր ձևավորվեց Նոր Ջուղայի գաղութը (որին կանդրադառնանք հաջորդիվ):
«Արևելյան Հայաստանում, հատկապես Նախիջևանի և Ղարաբաղի շրջաններում 15-16-րդ դարերում, չնայած երկրի մշակութային, քաղաքական և տնտեսական ծանր պայմաններին, ձևավորվում են կամ սկսում են ակտիվորեն զարգանալ բազմաթիվ վաճառականական քաղաքներ և գյուղեր, որոնցից նշանավոր էին Արաքսի ձախ ափին գտնվող Ջուղան, Աստապատը, Վանանդը, Վիստը, Ագուլիսը, Շոռոթը, Նախիջևանը, Դաշտը, Մեղրին, Երնջակը, Շահ-կերտը, Օրդուբադը և այլն:
Աչքի էին ընկնում նաև Սյունիքը (Ղափան-Կապան), Արցախը, Արարատյան դաշտի քաղաքները (Երևան):
Բայց առավել նշանակալի էր Արաքսի ձախ ափին գտնվող Ջուղա գյուղաքաղաքը, որին առանձնահատուկ առևտրական նշանակություն էր տալիս Միջին Ասիան, Իրանը Սև ծովի արևելյան ավազանի և Կովկասի մեծ ճանապարհների հետ կապող աշխարհագրական դիրքը:
Ջուղայի առևտրականները գրավում էին պարսից Շահ-Աբաս Ա-ի ուշադրությունը դեռևս թագավորության առաջին տարիներից:
Եռանդուն և զորավոր, ինչպես նաև խոհեմ Շահ-Աբասը (1587-1628) լավ էր հասկանում, որ 15-16-րդ դարերի թուրք-իրանական անընդմեջ արյունալի պատերազմների հետևանքով երկրի դատարկված գանձարանը լցնելու և քայքայված տնտեսությունը վերականգնելու համար անհրաժեշտ է առևտուր «ներմուծել», մեծացնել դրամաշրջանառությունը և խթանել արտաքին աշխարհի հետ առևտրական հարաբերությունների հաստատումը:
Շահի նվիրական երազանքն էր միջազգային առևտրի կենտրոնը Արաքսի ձախ ափին գտնվող Ջուղայից տեղափոխել Իրան, իսկ մետաքսի քարավանային ուղիները տանել Սպահանի վրայով դեպի Պարսից ծոց` խթանելով Իրանի առևտրական աշխուժացումը եվրոպական և ասիական երկրների հետ:
Այս հեռահար նպատակի իրականացմանն էր ուղղված 1604 թվականին Շահ-Աբաս Ա-ի իրականացրած մեծ բռնագաղթը, երբ նրա հրամանով Ջուղայի և հարակից բնակավայրերի ժրաջան, արտադրող, բարձր մշակույթ ունեցող Հայությունը բռնի տեղափոխվեց Պարսկաստան» (մեջբերումը՝ Ք. Վ. Պապիկյանի՝ «Նոր Ջուղայի վաճառականները՝ որպես Իրանի և Արևմտյան Եվրոպայի միջև առևտրի միջնորդներ» ուսումնասիրությունից):
17-րդ դարի Թավրիզեցի Հայ պատմագիրը՝ Առաքել Դավրիժեցին իր «Պատմության» մեջ (Գլուխ ԺԷ), «Սբ. Աթոռ Էջմիածնի քարերը Սպահան քաղաք տանելու պատճառին» անդրադառնալով, գրում է.
«Պարսից մեծ թագավոր Շահ-Աբաս Առաջինը, որ Հայոց ազգը արտաքսեց Հայոց բնիկ երկրից և քշեց Պարսկաստան, արեց այն դիտավորությամբ, որպեսզի Հայաստանը ավերվի, և շենանա Պարսկաստանը, նվազի Հայ ազգը, բազմանա պարսիկ ազգը։
Եվ քանի որ Շահ-Աբասն ինքը զգուշավոր ու կանխահոգ մարդ էր և միշտ ու հարաժամ խորհում էր ու մտածում, թե ինչպիսի՛ միջոցներ հնարի Հայոց ազգի համար, որ չդառնա իր երկիրը, այլ մնա պարսից աշխարհում։
Որովհետև Հայերից նրանք, որ ծնվել էին Հայաստան աշխարհում, շատ էին բաղձում Հայաստան գնալ, այդ պատճառով հնարներ գտնելու համար Շահ-Աբասը խոնարհվում, իջնում էր իր վեհ փառավորությունից և խոսում էր ամեն Հայի հետ, ում որ հանդիպում էր՝ թե՛ նշանավոր երևելի մարդկանց, թե՛ հարուստների, թե՛ աղքատների հետ։ Խոսեցնում էր ժողովրդին, իսկ ինքը համակ ուշադրություն դարձած մտքով ականջ էր դնում նրանց խոսքերին, իր սրտում կուտակում էր անօրենություն և հղանում էր տառապանքներ։
Եվ, ինչպես նախօրոք ասացինք, շահը այլակերպվում էր և շրջում էր փողոցներն ու պողոտաները լսելու, թե ի՛նչ են ասում։
Տնետուն էր մտնում, ում էլ որ պատահում էր, խոսք էր գցում ու խոսում էր շահի և հպատակների մասին. (ասում էր), թե շահը խաղաղասեր ու արդարադատ է և չի թողնում, որ իշխանները հարստահարեն հպատակներին։
Եվ մանավանդ ավելի հոգատար է Հայ ազգի հանդեպ, որ նրանց բոլոր գործերն ու խոսքերը ըստ նրանց կամքի է անում։ Բայց ինչո՞ւ Հայերը ջերմ ու հոժար չեն մնալու Սպահանի երկրում, քանի որ շեն երկիր է և թիկունքային, իսկ Հայաստան աշխարհը սահման է ու թշնամու բերան, միշտ ավար ու գերություն։
Եվ բազմիցս պատասխան է լսել, թե Հայոց աշխարհում ամեն բարիքների լիություն է, առատություն ու էժանություն, իսկ այստեղ սուղ է ու թանկություն։
Այնտե՛ղ են իրենց Հայրերի ու Նախնիների գերեզմանատները, վանքերն ու ուխտատեղիները, որտեղ որբերի դամբարաններն են…
Հայոց պատմության հիշյալ դրվագին է անդրադարձել և Հովհաննես Թումանյանը՝ 1917 թվականին:
ԹԱԳԱՎՈՐՆ ՈՒ ՉԱՐՉԻՆ
(Ջուղայի գաղթից)
— Հե՜յ, լավ մանրո՜ւք,
Ասե՜ղ, հուլո՜ւնք,
Մատնի՜ք, մարջա՜ն,
Ապարանջա՜ն…
Հա՜վ, ձո՜ւ բերեք,
Առե՜ք, տարե՜ք,
Խունջիկ-մունջիկ
Հարսն ու աղջի՜կ,
Էժա՜ն կըտամ,
Լա՜վը կըտամ…
Էսպես կանչելով՝ փողոցից փողոց,
Իբրև թե չարչի մի թափառական,
Չարչու կերպ մըտած, ինչպես վիշապ օձ,
Անցնում էր ինքը՝ Շահ-Աբաս արքան։
— Հե՜յ, ո՞վ կուզի թել ու ասե՜ղ,
Դուրս եկե՛ք, դո՜ւրս, ինձ մո՜տ, էստե՜ղ…
— Չարչի՛ ախպեր, չարչի՛ ախպեր,
Ասեղ ունի՞ս, էս կողմը բեր։
Կանչեց մի կին՝ Հայ գաղթական,
Ու մոտ գընաց չարչին կընկան։
— Օ՜, ի՜նչ ասեղ, իսկն օձի քիստ…
Թոփը՝ մի հաց…
— Վո՜ւյ, թանկ է խիստ…
— Է՜, մի՜ խոսիր, քուրի՛կ, էդպես,
Շահի կյանքը թե կըսիրես։
— Ամա՜ն, հողեմ գլուխը Շահի,
Աստված Շահից հեռու պահի.
Արևդ ապրի, չարչի ախպեր,
Էդ անունը բերան մի՛ բեր։
— Վա՜հ, էսքան էլ չա՞ր լինի մա՜րդ.
Ի՞նչ է արել Շահը ձեզ վատ։
Գազան թուրքի սըրից փըրկել,
Չոր Ջուղայի քարից պոկել՝
Բերել է ձեզ առատ Փարիա,
Աչքն էլ քաղցըր միշտ ձեզ վըրա…
— Օ՜ֆ, հերիք է, չարչի ախպե՛ր,
Մի՜ խոսեցնիր ինձ դըրանից։
Երնեկ դըրա ոտը կոտրեր՝
Չըգար հաներ մեզ մեր տանից։
Եկավ վարար հեղեղի պես,
Զարկեց մեր շեն, մեր լի Ջուղան,
Ոչ աստըծուն նայեց, ոչ մեզ,
Սըրբեց բերավ ողջ տեղահան։
Թող արինք փակ մեր տուն ու ժամ,
Բանալիներն Արազն ածինք,
Սարի ուսից վերջին անգամ
Ետ նայեցինք ու կանչեցինք.
«Աստվածածի՜ն Վերին Կաթան,
Քեզ ամանաթ մեր սուրբ վաթան,
Ուր որ գընանք մեր վաթանից՝
Մեզ դարձըրու գերությունից»։
Աղաչեցինք աղերսելով,
Ետ շուռ եկանք ու անց կացանք.
Ծեծով, կոծով, հըրով, սըրով՝
Ծով Արազի ափը հասանք։
Արազը ծո՜վ, Արազն ելմա՜ն,
Դուրս է եկել իր ափերից.
«Անցե՜ք», եկավ մեզ հըրաման.
Շահն է հրաման տալիս վերից…
Ետևը սո՜ւր, առաջը ջո՜ւր,
Սո՜ւգ, վայնասո՜ւն, իրարանցո՜ւմ,
Բառաչում են մեծ ու պուճուր,
Իրար գըրկած՝ գետը լըցվում…
Էն սև օրը, որ մենք տեսանք,
Քո թըշնամին թող չըտեսնի…
Ա՜խ, ե՞րբ պիտի մին էլ տեսնենք`
Մեր անեծքը երկինք հասնի…
Ու գալիս են չարչու գըլխին
Կիտվում պանդուխտ, գերի հայեր.
«Անե՜ծք Շահին, իրեն գահին»,—
Անիծում են երկինքն ի վեր։
Շուռ են գալիս իրենց բընում
Չարչու աչքերն ըսպառնալի,
Ձեռն ու ոտը դող են լինում,
Ու սևակնած հարց է տալի.
— Շահի աոջև հապա էնօր
Գոռում էիք միաբերան,
Թե ապրում եք դուք բախտավոր
Ու օրհնում եք թախտն ու իրա՞ն…
— Սուտ էր, ախպե՛ր։ Դու մեզնից մեկն՝
Ի՞նչ թաքցընենք մենք քեզանից,
Բայց մեր սիրտը ո՞նց չըծածկենք
Էն մարդակեր չար գազանից։
Սուտ էր… Ու միշտ, քանի որ կա
Շահ ու գերի, ըստրուկ ու տեր,
Չի լինելու երկրի վըրա
Ո՛չ շիտակ խոսք, ո՛չ կյանք, ո՛չ սեր…
Մռընչաց չարչին, աբեն շըպըրտեց,
Դուրս ելավ տակից Շահ-Աբասն ահեղ,
Նաջաղը ցոլաց, իջավ շեշտակի,
Գերի ծերունին փըռվեց տեղնուտեղ։
Փըռվեց… Ու միշտ, քանի որ կա
Շահ ու գերի, ըստրուկ ու տեր,
Չի՛ լինելու երկրի վըրա
Ո՛չ շիտակ խոսք, ո՛չ կյանք, ո՛չ սեր։